Tuesday, August 28, 2012

91 սանտիմետր

Ամենաէմոցիոնալ կարճամետրաժ ֆիլմերից մեկը, որ վերջերս տեսել եմ: Դիզայնը, մինիմալիզմն ու ընդհանուր էսթետիկան էլ շատ հաճելի են:

«Skhizein»-ը կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է մի մարդու (Անրիի) մասին, որը հայտնվել է ուղիղ 91 սանտիմետր հեռավորության վրա այն տեղից, որտեղ պետք է լիներ:

Հավատացեք, չնայած հումորային տոնին, սա լուրջ ֆիլմ է ու ցնցող մոտեցում թեմային՝ եթե ուշադիր լինեք, դուք էլ դա կնկատեք:

Ես զուգահեռներ տարա Անրիի՝ ֆիլմի հերոսի, ու ինձ տարիներ շարունակ ոգեշնչած մարդու՝ Ուոլտեր Ինգլիս Անդերսոնի միջև: Ես չգիտեմ, արդյոք այդ նմանությունները պատահական էին, թե նպատակային: Երևի մի օր կհարցնեմ պարոն Կլապենին:


Ահա և մուլտֆիլմի կոմպոզիտոր Նիկոլյա Մարտենի աշխատանքների շարք (հույս ունեմ՝ ուշադիր էիք երաժշտության նկատմամբ).


Օգոստոսի 28

Ինչո՞վ է այս օրը կարևոր մեզ՝ մարդու իրավունքների ակտիվիստներիս համար: 1963 թվականի օգոստոսի 28-ին 200,000 մարդ մասնակցեց խաղաղ երթին ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում, որտեղ, Լինկոլնի հուշահամալիրի դիմաց, դոկտոր Մարտին Լյութեր Քինգ Կրտսերը կարդաց իր հանրահայտ «Ես երազանք ունեմ...» ճառը:

1955 թվականին այս նույն օրը երկու սպիտակամորթ տղամարդիկ աֆրոամերիկացի դեռահաս Էմմետ Տիլլին հափշտակեցին Չիկագոյում իր քեռու տնից: Երեք օրից գտան Էմմետի խոշտանգված դիակը: Տղամարդկանց խոսքերով, «տղան սուլել էր սպիտակամորթ կնոջ հետևից»:


Լինենք պինդ: Լինենք աչալուրջ: Լինենք արդար: Այսօր ես ողջունում եմ մարդու իրավունքների համար երբևէ պայքարած բոլոր մարդկանց:

Saturday, August 25, 2012

Շումերների, հայերի ու հայ ռազմահայրենասիրական թերարժեքության կոմպլեքսի մասին

Դժբախտություն ունեցա մտնել ոմն Լիլիթ Աբգարյանի բլոգ, ինչպես հասկացա, մեր պահպանողականներից է (...Մենք ընդամենը հաստատում ենք, որ հայուհին պարտավոր է պահպանել և իր սերունդներին նույնպես ԱՎԱՆԴԵԼ այն, ինչ ինքը ստացել է իր նախորդներից. սա է հայ տեսակի հազարամյա գոյատևման ծրագիրը): Ինձ հաճախ են մեղադրում, որ ես չափազանց շատ ժամանակ եմ վատնում նման մարդկանց հետ տրամաբանական բանավեճի անհաջող փորձերի վրա: Ես համաձայն եմ այդ մեղադրանքների հետ, ինչի պատճառով իմ դիտարկումները կտեղադրեմ իմ բլոգում, համ էլ շումերների թեմային անդրադարձած կլինեմ:
«Եվրոպական մայր լեզուն սկսել է տրոհվել 10000 տարի առաջ, իսկ հայոց լեզուն մոտավորապես 8000 տարեկան է, այսինքն շումերերնից հին է մոտ 4000 տարի»:
Մայր եվրոպական լեզու հասկացությունն ինձ, իհարկե բացեց: Հաշվի առնելով, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, գնում է պրոտո-հնդևրոպական լեզվի մասին, որից առաջացել են հնդևրոպական լեզվաընտանիքի մնացած լեզուները, ներառյալ հայերենը (լեզվախմբերի լրիվ ցանկը հետևյալն է. կելտական, գերմանական, իտալական, բալթիկ-սլավոնական, բալկանյան (բացառություններով), հելլենիստական, անատոլիական, հայկական, հնդ-իրանական («արիական»), տոչարիական լեզուներ. ընդհանուր առմամբ, 2005 թվականի տվյալներով, հնդևրոպական լեզվաընտանիքի մեջ մտնում են 449 լեզուներ, որոնցից 219-ը պատկանում են հնդ-իրանական խմբին):

Պրոտո-հնդևրոպական լեզվի տրոհումը, Օստինում Տեխասի համալսարանի լեզվաբանական կենտրոնի տվյյալներով (պրուֆլինկ) սկսել է տրոհվել մ.թ.ա. 2500-2000 թթ. միջակայքում, այսինքն՝ մոտ չորս-չորսուկես հազարամյակ առաջ: Նման չի հարգարժան հայուհու խոսքում նշված տաս հազարամյակ ժամկետին ու երկու անգամ ավելի քիչ է, քան հայերեն լեզվի տարիքն ըստ հոդվածի:

Ընդհանուր առմամբ, հոդվածի արգումենտացիայի չափն ու ձևը մոտավորապես այսպիսին է, բառացի մեջբերում եմ անում.
Հայտնի է, որ շումերները հարավային միջագետք են իջել հյուսիսային միջագետքից՝ այսինքն հայերի տարածման շրջաններից:
Թե որտեղից է հայտնի, ինչից են նման բան ենթադրում, ցավոք, հայտնի չի: Համարենք, որ բրիտանացի գիտնականներն են հայտնաբերել:

Շումերի տարածքի մասին հայտնի է ("Sumer (ancient region, Iraq)". Britannica Online Encyclopedia. Britannica.com), որ այն առաջին անգամ բնակեցվել է մ.թ.ա., գուշակեք, 4500-4000 թթ. շրջանում, այսինքն՝ մոտ երկու հազարամյակ ավելի շուտ, քան պրոտո-հնդևրոպական լեզվի տրոհումն ու հայերենի/հարակից լեզուների ձևավորումը: Շումերի առաջին բնակիչները սեմական ժողովուրդներ չէին ու հավանաբար նույնիսկ շումերական լեզվով չէին խոսում, դատելով նրանցից շումերների ժառանգած տեղանուններից: Այդ մարդկանց անվանում են Ուբաիդիական մշակույթ, նրանց միգրացիայի մասին շատ բան հայտնի չի, բացի նրանից, որ միջագետքի բնակեցումը սկսել են ՀԱՐԱՎԻՑ: Հետո մ.թ.ա. 4-րդ հազարամյակում (մեկ հազարամյակ նախքան պրոտո-հնդևրոպական լեզվի տրոհումն), այսպես կոչված Ուրուկի ժամանակաշրջանում, տարածքը սկսեց բնակեցվել սեմական ցեղերի կողմից, որոնք լուծեցին ուբաիդիական ցեղերին, բերեցին իրենց լեզուն ու դարձան այն, ինչը մենք այսօր համարում ենք Շումեր: «Շումեր» բառն իրականում աքքադերենից է գալիս՝ «Šumeru», որը մոտավորապես թարգմանվում է որպես «հայրենիք», «քաղաքակիրթ իշխանների երկիր»: Շումերականը գիտությանը հայտնի առաջին քաղաքակրթությունն է: Շումերի բնակեցման ու որպես մշակութային, ազգային ու պետական միավոր կազմավորման ընթացքում ընթացքում հայկական քաղաքակրթության ոչ ձևավորման, ոչ էլ առավել ևս տարածման մասին խոսք գնալ չի կարող: Հոդվածի հեղինակին հանգստացնեմ՝ նույնն էլ վերաբերում է թուրքականին:

Հետո հաջորդում է հերունական մակարդակի ապագիտական լեզվաբանական «անալիզ»՝ հայերեն այսինչ բառը հնչում է շումերերեն այսինչ բառի նման, ու «շումերերեն» բառերի շումերերեն լինել թե չլինելը, ճիշտ թե սխալ արտասանությամբ գրելը, ենթադրյալ արտասանությունները որպես փաստ ընդունել թե երևակայությամբ բացեր լրացնելը քննարկելն անիմաստ է, որովհետև ապագիտական, սիրողական ու հակատրամաբանական փաստարկը գիտական վերլուծության ենթարկելու կարիք չկա, նույնիսկ կարդալ ալարեցի: Սահմանափակվենք նշելով, որ շումերական մշակույթը շրջակա բոլոր ժողովուրդներին շատ բաներ է փոխանցել, ներառյալ բառեր, բայց դա չի փոխի այն փաստը, որ շումերականը սեմական լեզու է, իսկ հայերենը՝ հնդևրոպական, ու իրենք սկզբունքային տարբերություն ունեն բառակազմության, նախադասության կազմության, բառակապակցության, բառերի միջև փոխհարաբերությունները ցուցադրելու և բազում այլ հարցերում: Նրանք պարզապես չեն կարող իրարից բխած լինել, ինչպես մարդը չի կարող ձիուց առաջացած լինել, ինչքան էլ որ երկուսն էլ շատ հեռավոր անցյալում բխած լինեն նույն վաղ կաթնասուններից:

Բայց հեղինակը հեշտ ու հանգիստ փշրում է իմ բոլոր պատմական, տրամաբանական ու վերլուծական փաստարկները մի հզոր հակափաստարկով, որին դժվար կլինի հակադրվել: Երևի:
Երկու տարբեր ազգերի միջև չի լինում այնպես, որ մարմնի մասերի անվանումները՝ մատներից մինչև կռնակ համընկնեն:
Դե երևի իրոք չի լինում: Եթե, իհարկե, ազգերից մեկը մյուսի մշակութային ազդեցության տակ չի եղել ու իր բառապաշարի զգալի մասը փոխ չի առել ու տեղադրել սեփական լեզվական կոնտեքստում (ինչպես սովետական շրջանում մենք օգտագործում էինք «ռեսպուբլիկա» բառը՝ հայերեն կոնտեքստում ու հոլովմամբ): Բայց ենթադրում եմ, որ Լիլիթն ինձ «կշշի»՝ ասելով, որ այն ժամանակ դեռ սովետ չկար ու շումերական լեզվում «ռեսպուբլիկա» բառ չի եղել (fuck logic):

Այնպես որ, երբ ինձ հարցնում են, թե ինչպես է պատահում, որ ամենայն հայոց գալիլեյ Արթուր Պողոսյանը հերթական հայ «գիտնականը» մշակում է «համաշխարհային մասշտաբի թեզ», իսկ ես, որպես լրագրող, հանելուկային ժպտում եմ, դրա մասին լսելով, ու լռում, ապա միգուցե սպասում եմ, թե որ նախարարությունն է մեր «գիտնականին» մրցանակի ներկայացնելու և ուղարկելու, ասենք, Լուսին:

Մեր հայուհի Լիլիթ Աբգարյանը, դատելով այս հոդվածից, սովոր է, որ իրեն քլնգում են, ինքն էլ, դատելով իր իսկ խոսքերից, «վատ» խոսքեր է ասում քլնգողներին ու դեռ մի հատ էլ զարմանում է, թե ինչու իր «վատ» խոսքերը բանի տեղ չեն դնում: Ինչ արած:

Ես էլ նստեմ, թուլանամ ու սպասեմ մեր նացիոնալիստների/պահպանողականների ֆլեյմին ու երիցս նզովյալ Shlang.am-ի «ձեր գրառումը մտցրեցինք մեր հետույքը» մեկնաբանությանը:)

Thursday, August 9, 2012

Սերժ Թանգյանի ուղերձը՝ կապված Թեղուտի անտառի ոչնչացման հետ


Դեմոկրատական հեղափոխություն Մեքսիկայում

Մեքսիկայում հեղափոխություն է:) Անոնիմուսից ազդանշան ստացա, որ իրոք, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի աջակցությունն ունեցող Էնրիկե Պենյա Նիետոյի հաղթանակը կասկածի տակ է դրված ու ներկայումս Մեխիկո քաղաքում երևի մարդկության պատմության մեջ ամեմածավալուն բողոքի ակցիաներն են տեղի ունենում: Ակցիաների թիրախ են դարձել նաև երկու տեղական հեռուստաընկերությունները, որոնք հրաժարվել են հերարձակել ցույցերը: Կփորձեմ էլի ինֆորմացիա գտնել, իսկ հիմա՝ ինչ գիտենք այս պահի դրությամբ: