Wednesday, August 6, 2014

Բարու ու չարի մասին

«Դար» ակումբի «Ինչո՞ւ լինել լավը, եթե Աստված չկա» թեմայի քննարկումներն ինձ միտք տվեցին հարցը բերել պարզ տրամաբանական խնդրի, իրոք հիմնավոր հարցին պատասխանելու համար:

Այնպես որ, եկեք հիմա խոսենք լավի, վատի (չարի, բարու) ու դրանց նշանակության համար: Լավի ու վատի հասկացություններն իրականում ավելի բարդ են, քան թվում է, ու իրենց շատ դժվար է սահմանել: Փորձենք ամեն ինչ կառուցել ամենապարզ կետից:

Լավն ու վատն, իրենց տարածված ընկալմամբ, դիխոտոմիա են: Հիմա կբացատրեմ: Դիխոտոմիան դա ամբողջը երկու չհատվող բազմությունների բաժանելն է: Այսինքն, բարին ու չարն, իրենց տարածված ընկալմամբ, ներառում են ամեն ինչ ու փոխադարձ մերժող են՝ «մոխրագույն տարածք» չեն թողնում: Եթե ընդունենք բարին ու չարը որպես մարդկանց վարքային ու մտավոր փոխհարաբերությունների նորմեր, տեսնում ենք, որ մենք գործ ունենք դուալիստական բարոյականության հետ, որն այլ կերպ անվանում են «սև-սպիտակ բարոյականություն»:

Վերևում իմ բերած դրույթը հաստատվում է նրանով, որ բարու-չարի դիխոտոմիան առաջին անգամ հիշատակվում է զրադաշտականության մեջ (որպես Ահուրա Մազդայի ու Անգրա Մաինյայի կոնֆլիկտի արտահայտում):

Երևույթը որպես բարի կամ չար որակելն անվանում են բարոյական դատողություն: Այսինքն, բարին կամ չարը դիտարկվում են որպես դատողության սուբյեկտի դրական կամ բացասական բարոյական արժեքի հատկանիշներ, + ու -:

Ու քանի որ բարոյականության հասկացությունն ունիվերսալ չի ու վերասահմանելի է՝ կախված տվյալ հասարակության նորմերից, հետևաբար, տարածված իմաստով բարին ու չարը նույնպես վերասահմանելի են: Այլ կերպ ասած՝ այն, ինչ բարի է շան տեսանկյունից, կարող է հանգիստ չար լինել այդ շան ականջին կպած տզի տեսանկյունից:

Եթե դիտարկենք այս դիխոտոմիայի ծագումը որպես ֆիզիոլոգիայի ազդեցություն մարդկային հոգեբանության նկատմամբ, ապա բարու ու չարի գիտակցությունը գալիս է նրանից, որ շրջակա աշխարհի հետ որոշ փոխազդեցություններ առաջացնում են անորոշ բարդության դրական էմոցիոնալ արձագանք, որոշները՝ բացասական արձագանք, ու պարզ ֆիզիոլոգիական արարածը հակված է անտեսել էմոցիոնալ արձագանք չառաջացնող փոխազդեցությունները: Բացասական արձագանքների օրինակներ են՝ ցավ, վախ, սով, ծարավ, սրտխառնոց, տհաճ հոտ, դրականների՝ հետաքրքրվածություն, սեռական ցանկություն, հաճույք, ֆիզիոլոգիական ցանկությունների բավարարում:

Իսկ հիմա փորձենք բացատրել, թե ինչու «չար-բարի բարոյական դիխոտոմիայի» չափանիշները չեն կարող լիարժեք բնութագրվել ֆիզիոլոգիայի հոգեբանության վրա ազդեցությամբ: Այս երևույթի բացատրությունն անվանում են «երեք կապիկների մեխանիզմ», որը բացատրում է, թե ինչպես են ձևավորվում բարոյական տաբուները: Պարզապես հետևեք մտքի տրամաբանական ընթացքին, և ամեն ինչ հասկանալի կդառնա:

Պատկերացրեք՝ ունենք վանդակ, որի կենտրոնում բանան է դրված: Վանդակում երեք կապիկներ են: Երբ կապիկներից որևէ մեկը փորձում է մոտենալ ու վերցնել բանանը, մյուս երկու կապիկներին ջրում են խողովակով: Արդյունքում ձևավորվում է գիտակցական ռեակցիա/պայմանական ռեֆլեքս համադրություն. երբ կապիկներից մեկը փորձում է մոտենալ բանանին, մյուս երկուսը հարձակվում ու ծեծում են նրան: Ինչ-որ ժամանակ հետո ունենք վանդակ, կենտրոնում բանան, ու երեք կապիկ, որոնք չեն փորձում մոտենալ բանանին:

Համակարգի փոփոխականներից երկուսը փոխում ենք. ջրով խողովակը հանում ենք, կապիկներից մեկին վանդակից հանում ենք, նոր կապիկ ենք դնում: Նշեմ, որ ջրելու վտանգ այլևս չկա, բայց երկու հին կապիկները դրա մասին չգիտեն: Նոր կապիկը չգիտի, թե ինչու չի կարելի մոտենալ բանանին: Նա փորձում է բանանն ուտել, մյուս երկու կապիկները հարձակվում են նրա վրա ու ծեծում: Որոշ ժամանակ անց համակարգը նորից կայունանում է. վանդակ, բանան, ու երեք կապիկներ, որոնք գիտեն, որ չի կարելի մոտենալ բանանին: Հին կապիկներից երկրորդին ենք փոխում, նորից կրկնվում է նույնը, համակարգը կայունանում: Փոխում ենք վերջին հին կապկին: Ցիկլը կրկնվում է:

Ստանում ենք վանդակ, բանան, երեք կապիկներ, որոնք գիտեն, որ բանանին չի կարելի մոտենալ, բայց երեքից ոչ մեկը, քանի որ չի ենթարկվել փորձի սկզբի «ջրելու» պրոցեսին, չգիտի, թե ինչու չի կարելի ուտել բանանը: Իրենք պարզապես գիտեն, որ բանանը չի կարելի ուտել: Բանանը տաբու է, նախնական տրամաբանական կառույցը, որ իրենց բերել է այդ տաբուին, խախտված է: Կապիկները ցուցաբերում են իռացիոնալ վարք:

Հիմա եկեք ավելացնենք այս մեխանիզմին իռացիոնալ վարքի ռացիոնալիզացման մեխանիզմը, որը Զիգմունդ Ֆրեյդը դիտարկել է Բերնհեյմի հետ աշխատելիս. մասնավորապես, «անձրևանոցի փորձը» (մեջբերվում է ըստ Մերոլդ Վեստֆալի «Կասկածն ու հավատը. ժամանակակից աթեիզմի կրոնական կիրառումները» գրքի):

Մարդն, ում հիպնոսի ժամանակ ներշնչել են, որ արթնանալուց հետո պետք է վերցնի անձրևանոցը, բացի այն, ու անձրևանոցը ձեռքին քայլի սենյակով: Արթնանալուց հետո այդ մարդը հենց այդպես էլ վարվում է: Երբ նրան հարցնում են, թե ինչ պատճառով է նա այդպես վարվել, մարդը ռացիոնալիզացնում է սեփական վարքը. պատճառաբանություն է ստեղծում: Տվյալ դեպքում, նա բացատրում է, որ անձրևանոցը վերցրել է, որ տեսնի, արդյոք այն փչացած չի:

Հետևաբար, նույնիսկ իռացիոնալ հավատը թողած մարդիկ հաճախ դեռ չեն ազատվել այդ հավատի կոնտեքստը կազմող ու նրա կողմից սահմանված բարոյական տաբուներից, ինչպես նաև այդ բարոյականության սահմանած բարու ու չարի հասկացություններից:

Այնպես որ, թեև չկա ոչ մի ռացիոնալ պատճառ «լավը լինել» քրիստոնեության կոնտեքստում, եթե չես հավատում քրիստոնեական աստծո գոյությանը, հաճախ քրիստոնեությունից դուրս եկած աթեիստները շարունակում են պահպանել քրիստոնեության բարոյական տաբուներն ու նույնիսկ ռացիոնալ պատճառներ են հորինում դրա համար: