Monday, August 26, 2013

Տրանսվեստիտների մասին

Տրանսվեստիտները տարբեր են լինում: Կան մարդիկ, ովքեր հակառակ սեռի հագուստ են հագնում, ու ոչ մեկին ոչ մի վնաս չեն տալիս: Մարդիկ են էլի, ինձ ոչ մի բանով չեն խանգարում:

Բայց կան նաև շատ վատ տրանսվեստիտներ: Օրինակ՝ ոստիկանի հագուստ հագնող հանցագործներ: Քաղաքական գործիչի հագուստ հագնող գան... տելներ: Եվ այլն:

Այ, այս երկրորդ տեսակի տրանսվեստիտներին պետք է արմատախիլ անել երկրից: Այնինչ հենց նրանք են ժողովրդին գրգռում առաջին տեսակի դեմ՝ ստեղծելով երևակայական թշնամիներ, որպեսզի մարդիկ չտեսնեն իրենց իրական թշնամուն:

Friday, August 23, 2013

Guys and Dolls


Սիրում եմ Guys and Dolls-ը: Մեկ էլ լավ հիշողություններ ունեմ, կապված նման վիճակների հետ: Չէ, ես չեմ պնդում, թե Մարլոն Բրանդո եմ:)


Wednesday, August 14, 2013

Տեսություն և գաղափարախոսություն

Միխաիլ Վելլերի «էներգոէվոլյուցիայի» տեսությունն էի բզբզում, մտքեր առաջացան, որոնք պետք էր գրի առնել:

Գիտական տեսությունը կարող է կրոնականից ոչ պակաս վտանգավոր ու հիմար բան դառնալ, երբ այն ընկնում է դիլետանտ «փիլիսոփայի» ձեռքերն ու վերածվում գաղափարախոսության:

Ընդհանուր առմամբ, գիտական տեսությունները սովորաբար քննադատում են՝ պատճառաբանելով, որ դրանք ընդամենը տեսություններ են, որոնք միանշանակ ապացույցներ չունեն: Իմ կարծիքով, դա հենց գիտական տեսությունների ամենամեծ հմայքն է. տեսությունը միշտ կարող է հերքվել, եթե հայտնվեն նոր փաստեր, որոնք այն ժխտեն: Ու կստեղծվի նոր տեսություն:

Այ, օրինակ՝ էվոլյուցիոն տեսությունը, որը կրոնականները սիրում են «դարվինիզմ» անվանել: Իրականում դեռ մինչև Դարվինը կար Լամարկի էվոլյուցիոն տեսությունը, որը Դարվինը կարողացավ ժխտել: Ու ստեղծվեց Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, որի ժառանգն էլ հանդիսանում է ժամանակակիցը: Դարվինի շատ սկզբնական դրույթներ ժխտվել են, շատերը՝ հաստատվել: Տեսության մեջ դոգմաներ չկան:

Վելլերի տեսությունն ընդամենը ոչ գիտական հիպոթեզ է, հիմնված պոպուլյար գիտական հասկացությունների վրա: Ոչ գիտական հիպոթեզն այդ կիսագրագետ «փիլիսոփայի» երևակայության, տրամաբանության ու համառության վրա, վերածվել է գաղափարախոսության: Նման գաղափարախոսության համար կենտրոնական են գեղեցիկ հնչող մտքերը:

Այն, ինչքան էլ որ ժամանակակից գիտության հետ կոնֆլիկտների չգնա, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում՝ ընդամենը կարող է բավարարել մի քանի այլ դիլետանտների «տիեզերքի գաղտնիքները հասկանալու» մոլուցքը:

Գեշտալտ-հոգեբանությունը բավականին լավ բացատրություն է տալիս այս խնդրին. մարդկային հոգեբանությունը ցանկանում է ավարտել պատկերը՝ «փակել գեշտալտը», ժամանակի ցանկացած պահին ունենալ իր ունեցած բոլոր հարցերի պատասխանները: Որքան ավելի նեղ, փակ է մարդու միտքն, ինչքան քիչ են նրա գիտելիքները, այնքան ուժեղ է այդ հակումը:
"Ամեն անգամ, երբ մարդը վստահ է, որ լրիվ հասկանում է մեր մոլորակի իրավիճակը, դրա պատճառն այն է, որ նա կրոնական Հավատ կամ առանձին Գաղափարախոսություն է ընդունել (Գաղափարախոսությունները Հավատների ժամանակակից տարբերակն են) ու դադարել մտածել":
- Ռոբերտ Էնտոն Ուիլսոն

Friday, August 9, 2013

Սնոուդենի գործը, մաս երրորդ. Ջերեմի Հեմմոնդ

Ստրատֆորը գլոբալ հետախուզական մասնավոր ընկերություն է: Նրանց միջոցով է, որ PRISM-ի ու նման այլ ծրագրերի միջոցով հավաքվող տվյալները կարող են հայտնվել մասնավոր անձանց, կորպորացիաների, լրատվամիջոցների, կառավարական վարչությունների ձեռքերում: Կազմակերպությունը «բաժանորդագրական» ծառայություն է ապահովում իր հաճախորդների համար:

Ստրատֆորն ու նման կազմակերպություններն իրականում մեթոդ են, որոնց միջոցով ձեր անձնական տվյալները վաճառվում են նրան, ով պատրաստ է դրա համար բավականաչափ վճարել, իսկ կառավարությունը լվանում է իր ձեռքերը:

2012 թվականին Anonymous և LulzSec հակտիվիստական խմբերն իրականացրեցին AntiSec օպերացիան.


Օպերացիայի ընթացքում հակտիվիստները հրապարակեցին բավականին մեծ քանակությամբ էլ. փոստի հաղորդագրություններ, որոնք Ստրատֆորն ուղարկել էր իր բաժանորդներին: Հրապարակված հաղորդագրություններն, իհարկե, տեղադրվեցին WikiLeaks-ում, որտեղ էլ կարող եք բզբզել դրանք. ահա հղումը:

LulzSec-ի համահիմնադիր Sabu-ն, իրական անունը՝ Հեկտոր Քսավիե Մոնսեխուր, FBI-ի ինֆորմատոր դուրս եկավ ու օգնեց գտնել ու ձերբակալել օպերացիային մասնակցած մի քանի նշանավոր ակտիվիստների, որոնցից մեկն էր Ջերեմի Հեմմոնդը:

Նայեք այս մարդու դեմքին. նա հերոս է.

Ջերեմի Հեմմոնդ, 28 տարեկան:

Հեկտոր Քսավիե Մոնսեխուր, դավաճան, ինֆորմատոր.


(շարունակելի)

Սնոուդենի գործը, մաս երկրորդ. Բրեդլի Մեննինգ

Իրաքի պատերազմի մասին ամենախոշոր whistleblower-ներից մեկի անունն այս այս հոդվածաշարում նույնպես պետք է շոշափվի. Բրեդլի Մեննինգ: Մեննինգն էր, որ Wikileaks-ին փոխանցեց Իրաքի պատերազմում ԱՄՆ զինվորների իրականացրած անպատիժ հանցագործությունների մասին տվյալներ, օրինակ՝ սա (նախապես զգուշացնեմ, որ կոշտ տեսանյութ է, խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին ու նյարդային խնդիրներ ունեցող մարդկանց), որը ցույց է տալիս Իրաքում Reuters գործակալության թղթակիցներ Սայիդ Չմաղի (40 տարեկան) ու Նամիր Նուր-Էլդինի (22 տարեկան) 2007 թ. հուլիսի 12-ի սպանությունները.


Բրեդլի Մեննինգին FBI-ին հանձնեց նախկին «grayhat» հակեր Էդրիեն Լամոն, որի հետ Մեննինգը կապվել էր ինֆորմացիայի փոխանցման նպատակով: Նրանց չատային լոգերը կարող եք ամբողջությամբ կարդալ այստեղ:

 Նայեք այս մարդու դեմքին: Նա հերոս է:


Անոնիմուսի արձագանքը Բրեդլի Մեննինգի ձերբակալությանը.


Էդրիեն Լամո, դավաճան, ինֆորմատոր:

 
(շարունակելի)

Սնոուդենի գործը, մաս առաջին. Patriot Act

Էդվարդ Սնոուդենի ինֆորմացիայի արտահոսքի գործն, իմ կարծիքով, բավականաչափ լուսաբանման չի արժանացել հայալեզու բլոգոսֆերայում: Այնպես որ, ես որոշեցի հոդվածների շարք նվիրել այս թեմային:

Նախ հասկանանք, թե ինչ է PRISM (SIGAD US-984XN) ծրագիրը, որն իրականացվում է Patriot Act օրինագծի շրջանակներում, որն ընդունվել է դեռ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք:

2001 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված USA PATRIOT (Uniting (and) Strengthening America (by) Providing Appropriate Tools Required (to) Intercept (and) Obstruct Terrorism) օրինագիծն արձագանք էր Համաշխարհային Առևտրային կենտրոնի վրա 9/11-ի ու դրան հաջորդած սիբիրախտով վարակված նամակների միջոցով տեռորիստական հարձակումներին:

Բուշի ռեժիմին ու 9/11-ի դեպքերին բավականին լավ անդրադարձել է Մայքլ Մուրն իր «Ֆարենհեյտ 9/11» վավերագրական ֆիլմում.


Ինչևէ, օգտվելով 9/11-ի ողբերգության առաջացրած բողոքի ալիքից, ընդունվեց Patriot Act-ը, որով փոփոխություններ մտցվեցին հետևյալ օրինագծերի մեջ.
  • Foreign Intelligence Surveillance Act of 1978 (FISA) / Արտասահմանյան Հետախուզության Դիտարկման Օրինագիծ, 1978
  • Electronic Communications Privacy Act of 1986 (ECPA) / Էլեկտրոնային Կապի Գաղտնիության Օրինագիծ, 1986
  • Money Laundering Control Act of 1986 / Դրամական Միջոցների Լվացման Վերահսկման Օրինագիծ, 1986
  • Bank Secrecy Act (BSA) / Բանկային Գաղտնիության Օրինագիծ
  • Immigration and Nationality Act / Իմիգրացիոն և Ազգային Պատկանելության Օրինագիծ
Patriot Act-ն, օրինակ, հնարավորություն էր տալիս անորոշ ժամկետով առանց մեղադրանք ներկայացնելու ձերբակալել ցանկացած իմիգրանտի կացության մեջ գտնվող մարդու:

9/11-ը նաև հնարավորություն տվեց Բուշի ու նրան հաջորդած Օբամայի ռեժիմին «տեռորիզմի դեմ պատերազմի» անվան տակ իրականացնել տարբեր ռազմական գործողություններ աշխարհով մեկ: Դրանցից ամենափոքրը չէին Աֆղանստանում և Իրաքում իրականացրած գործողությունները:

Կոնկրետ Իրաքում ռազմական գործողությունների բացատրությունը Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի արտադրությունն էր: Բրիտանացի գիտնական, բրիտանական Պաշտպանության նախարարության աշխատակից Դևիդ Կելլին 2003 թ. հուլիսի 15-ին BBC-ի լրագրող Դևիդ Գիլլիգանի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ բրիտանական կառավարությունն ու պրեմիեր-մինիստր Տոնի Բլերը տեղյակ էին, որ Իրաքում քիմիական զենքի առկայության մասին տվյալները կեղծված են, ու չնայած դրան՝ միացել են ԱՄՆ ռազմական գործողություններին: Բրիտանիայում քաղաքական փոթորիկ սկսեց:

Դևիդ Կելլիին գտան սպանված 2003 թ. հուլիսի 17-ին: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն:

Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես է CIA-ն լուծում իրեն անհանգստացնող մարդկանց հարցերը, բերեմ Օսվալդո Սանչես Կաբրերայի ու «Արագոնի» օրինակը: Երկուսն էլ КГБ-ի ագենտներ էին Կուբայում, ովքեր Կաստրոյի ռեժիմին զգուշացրեցին Խոզերի ծոցի ներխուժման մասին: Օսվալդո Կաբրերան բռնի մահով մահացավ ներխուժումից անմիջապես առաջ, «Արագոնը»՝ անմիջապես հետո:

(շարունակելի)

The Birth of a Nation/Ազգի Ծնունդը, 1915

Nihil novi sub sole, ու մեր նացիոնանիստներն էլ այդ հարցում բացառություն չեն:

Որպես ուսումնասիրության նյութ ներկայացնում եմ Դևիդ Լլևելին Գրիֆֆիթի «Ազգի Ծնունդը» ֆիլմը: Այո, այն ռասիստական է, հերոսական տոներով է ներկայցնում Կու Կլուքս Կլան կազմակերպությունը, սևամորթներն այս ֆիլմում «երկիրը քանդող, ազգը պղծող» տականքներ են: Գրեթե հարյուր տարի անց ֆիլմի պնդումները ծիծաղելի են թվում: Իսկ ժամանակին այս տեսանկյունին հակված մարդիկ մեծամասնություն էին կազմում: Առնվազն մինչև 60-ականները ռասիստ լինելը նորմալ էր ԱՄՆ-ում:

Մեր հոմոֆոբ-ռասիստ-նեոնացիստ մասսան իրականում գրեթե նույնությամբ կրկնում է ամերիկյան ռասիստների ուղին, իր բռի պրիմիտիվիզմով, դավադրությունների տեսություններով, փաստերի ու պատմության նկատմամբ կամայական ու անգրագետ վերաբերմունքով ու մարդկանցով, ովքեր իրենց ակտիվորեն կօգտագործեն սեփական շահերի համար:

Թիրախները փոխվում են, հիմարները մնում են նույնը: Մեզ մնում է միայն նվազեցնել նրանց հասցրած վնասը:


Wednesday, August 7, 2013

Ուրվականներ

Իմ ուրվականներն իմ ճանաչած բոլոր մարդկանց անդրադարձումներն են իմ մեջ: Միշտ կանգնած մեջքիս հետևում, մինչև հետ չնայեմ. հենց նայում եմ, կորում են: Մի մասն այնքան աննշան են, որ երևի միայն երազում զգամ իրենց մոտիկությունը:

Կան այնպիսիք, որ պակաս իրական չեն, քան ձեր իրականությունը: Կարևոր մարդիկ, ովքեր կամ հասցրել են մահանալ, կամ դեռ չեն հիասթափեցրել:

Ամեն ուրվական իրականում դուռ է դեպի իմ կյանքի մի հատված, որ ինձ թանկ էր: Բռնում եմ ձեռքն ու վերապրում ամեն ինչ:

Ես այլևս ոչ մի բանի մասին չեմ երազում: Ավելի լավ է նայել հետ, տեսնել այն, ինչ արդեն եղել է, ու դրանով արդեն անբաժանելի է: Ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ ամենը: Իսկ եթե խլի հիշողություններս, ինձ համար արդեն մեկ կլինի:

Ու ես երբեք մենակ չեմ:



Եթե ծառն ընկնի անտառում

Երբևէ ցանկացե՞լ ես սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

1տ DXM-ի ազդեցության տակ պառկած ես բազմոցին: Բոլորը մտածում են, որ դու չկաս:

Անունները փոխված են՝ մեղավորներին պաշտպանելու համար:

Աշոտի կյանքում, ինչքան իրեն գիտես, «սև շրջան է»: Այսօր նա փորձում է ֆլիրտ անել Գայանեի հետ: Վաղոն նրա ամենամոտիկ ընկերն է:

Վաղոն կարծես թե ուրախ է, որ Աշոտի մոտ ինչ-որ բան ստացվում է: Քաջալերում է:

Անջատենք էմպատիկ կորրեկցիան (կբացատրեմ, թե ինչ է): Ամեն անգամ, երբ Աշոտը մոտենում է Գայանեին, Վաղոն հայտնվում է իրենց կողքը, կատակներ անում, ուշադրությունը շեղում իր վրա: Տարօրինակ օրինաչափությամբ:

Վաղոն համարում է, որ աշխարհն իր նկատմամբ անարդար է: Նա նախանձում է Աշոտին, չնայած իր անձնական կյանքը շատ ավելի լավ ստատուսում է: Իր ընկերուհին այդ օրն իրեն ցրել է ու չի եկել:

DXM-ի ազդեցության տակ արթնացած պարանո՞յա: Միգուցե: Բայց տեսնենք:

Էմպատիկ կորրեկցիան տականք երևույթ է: Երբ մարդու մասին պատկերացում ունես, սկսում ես նրա արարքները մեկնաբանել ըստ այդ պատկերացման: Ու հաճախ նաև ուղղորդել նրա արարքները, լրացնել նրա խոսքերն այնպես, որ նա բոլորի համար դառնում է այնպիսի մարդ, ինչպիսին դու նրան պատկերացնում ես:

Դրա համար էլ կարևոր է սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

Վաղոն իրեն լքված է զգում, սկսում է լաց լինել, բռունցքով հարվածել պատին: Այժմ նա բոլորի ուշադրության կենտրոնում է: Բոլորը պատրաստ են ենթարկվել նրա քմահաճույքներին: Ես անշարժ պառկած եմ բազմոցին:

Правда или действие են խաղում: Վաղոն իր ցանկություններով փորձում է ստորացնել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի հագուստը հանել և այլն: Ես խեղկատակի կերպարի մեջ եմ մտել. խեղկատակին ամեն ինչ կարելի է: Հարամում եմ Վաղոյի բոլոր ցանկությունները: Երբ ալկոհոլն ու անհամբերությունը կանեն իրենց գործը, նա բացահայտ կխաղա:

Ամեն անգամ, երբ Վաղոն բորբոքվում է, ես կատակում եմ, բոլորին ծիծաղեցնում, ու նա ստիպված է հաշտվել իրավիճակի հետ: Որպեսզի մարդիկ խաղան, պետք է համապատասխանել իրենց տրամադրությանը:

Վերջապես: Վաղոն Աշոտին ասում է իր ցանկությունը. հանիր Գայանեի վերնազգեստը: Եթե անհրաժեշտ լինի՝ ուժով:

Լռություն է տիրում: Չլսված, անընդունելի ցանկություն է: Բայց խաղի ռիտուալը սրբության պես պահպանվում է: Ի՞նչ անել:

Ես սահում եմ Գայանեի կողմն ու ականջին ասում՝ վստահիր Աշոտին, նա քեզ չի վնասի:

Մի փոքր դրանից առաջ Աշոտը մրսող Գայանեի ուսերին էր գցել իր վերարկուն: Այժմ նա մոտենում է, վերարկուն վերցնում ու ասում.

- Ներեցեք, մադմուազել, բայց կարծում եմ՝ այս վերարկուն այլևս ձեզ չի պատկանում:

Ես առաջինն եմ ծափահարում: Մնացածը միանում են ինձ:

Վաղոն բողոքում է, սկսում է գոռալ, բայց ես իմպրովիզացիա եմ անում The Mask ֆիլմի միջի Cuban Pete-ի պարը, որին բոլորը միանում են, սկզբում գրեթե հարկադրաբար՝ նաև Վաղոն:

Վարագույր:


Emancipation

Ընդհանուր առմամբ, սովորաբար նման բաները ծանր եմ տանում, ու այս անգամ տարօրինակ թեթև էր: Հետո հասկացա, որ գիտեմ, թե կոնկրետ քանի ամիս է անցել:

Երևի պատճառն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ Հաուսի 5-րդ սեզոնի «Emancipation» սերիան էի նայել, ու երեխաներին հենց տեսա՝ համարյա ճանաչեցի: Աչքերս լցվեցին:

Դրա համար էլ, երբ խոսեցինք, պինդ էի:

Սովորաբար նման խոսակցությունների դեպքում ես արագ եմ կոտրվում: Եթե ինչ-որ մեկը կարողացել է այդ աստիճան մոտիկ լինել ինձ հետ, ես երևի ամբողջ կյանքում սրտից ու ուղեղից փափուկ լինեմ իր նկատմամբ: Այս անգամ ամեն ինչին դիմացա, սարկազմին էլ, մեղադրանքներին էլ:

«Կարոյի հետ էի խոսում, ասում էր՝ ինձնից հետո ութ հոգու փոխել ես»:

«Իրականում՝ շատ ավելի, Արև»:

Եթե քեզ համար դա նշանակություն չուներ, ի՞նչ իմաստ ուներ Կարոյի միջոցով (գրողը քեզ տանի, Կարո, ու դու ընկեր ես կոչվում) իմ անձնական կյանքը փորփրել: Եթե ուներ, ինչու՞ մի տարի առաջ չէիր ասում:

Ցանկացած դեպքում, դու ինձնից լավ գիտես, որ երկուսս էլ վերադարձող տեսակին չենք պատկանում: