Friday, January 31, 2014

Հրաչ Քեշիշյանի ֆեյսբուքյան ասուլիսի մասին՝ մի քիչ լուրջ

Ազատություն ռադիոկայանն այսօր ֆեյսբուքյան ասուլիս էր կազմակերպել Հրաչ Քեշիշյանի հետ:

Եկեք հասկանանք, թե ինչ է ֆեյսբուքյան ասուլիսն ու ինչով է տարբերվում սովորական հարցազրույցից: Ֆեյսբուքյան ասուլիսում կոնկրետ հասարակական անձի իրենց հարցերն են ուղղում հասարակության ներկայացուցիչները, որոնք օգտվում են Ֆեյսբուք հասարակական ցանցից: Բնական է, որ կախված նրանից, թե իրականում ինչ հեղինակություն ունի այդ անձը, մարդկանց հարցերն ու ռեակցիաները կարող են տարբեր լինել: Օրինակ, Շառլ Ազնավուրի հետ ասուլիսն, ընդհանուր առմամբ, հարգալից տոնով կանցնի, Սերժ Թանգյանի հետ ասուլիսը թաթախված կլինի երկրպագուների լոզերով:

Լոկալ հասարակական անձանց հետ խնդիրը բարդանում է: Նրանց մի մասը ժողովրդին արդեն հոգնեցրել են: Մի մասը՝ բարկացրել: Մի մասը՝ ձանձրացրել: Ու քչերն են, որ արժանացել են հարգանքի և սիրո:

Անդրադառնանք Հրաչ Քեշիշյանին: Ասում են, որ Քեշիշյանի շնորհիվ է, որ Հայաստանում կա կոմերցիոն կինո: Փորձեմ ապացուցել, որ չկա: «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որը համընդհանուր քննադատության արժանացավ, ըստ պաշտոնական տեսանկյունի ունեցել է 7 մլն դոլար բյուջե: Այդ բյուջեն Հայաստանում հնարավոր չի լրացնել ցուցադրությունների ու վարձույթի միջոցով (պարզ պատճառով՝ հայաստանի բոլոր կինոդիտողները միասին կինոյի վրա ծախսելու 7 մլն դոլար չունեն): Հետևաբար, ֆիլմը կարող է իրեն արդարացնել միայն էքսպորտի դեպքում: Ինչևէ, ֆիլմի քննադատությունը ցույց է տալիս, որ այն մրցունակ չի արտասահմանյան շուկայում: Դուրս է գալիս, որ ֆիլմը նպատակ էլ չուներ կոմերցիոն հաջողության հասնել՝ այն կամ փողը ջուրը գցելու, կամ փող լվանալու միջոց էր: Այնինչ մենք ունենք ազատամարտիկների սոված ընտանիքներ, աղետի գոտում դոմիկներում ապրող մարդիկ և այլն: 7 միլիոն դոլար ջուրը գցելը սոված երկրում բարոյական չի, ուտելն՝ առավել ևս:

Բայց, անկախ ամեն ինչից, մենք տեսնում ենք, որ Քեշիշյանը չի նկարահանել հաջող կոմերցիոն կինո: Պնդումը, թե նա ներդրում ունի այդ ոլորտում, սխալ է:

Իմ շատ սիրելի Դարրեն Արոնոֆսկու «Ռեքվիեմ Երազի Համար» ֆիլմն ունեցել է ընդամենը 4,5 միլիոն դոլար բյուջե: Թե՛ ռեժիսուրայով, թե՛ դերասանական խաղով, թե՛ մոնտաժով, թե՛ սաունդտրեկով այն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան Քեշիշյանի ցանկացած ֆիլմ: Հեղինակի նախորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Պի» ֆիլմը, ունեցել է ընդամենը 60 հազար դոլար բյուջե: Երկուսն էլ, չլինելով կոմերցիոն ֆիլմեր, արդարացրել են իրենց բյուջեն ու մրցանակների արժանացել:

Կարող եք ասել, որ Հրաչ Քեշիշյանն Արոնոֆսկի չի: Ես կավելացնեմ, որ նա պարզապես չստացված ռեժիսոր է, որին տրվում են ոչ նպատակահարմար գումարներ՝ արդյունքում իրենց չարդարացնող ֆիլմեր նկարահանելու համար: Արդյո՞ք դուք ցանկանում եք պնդել, որ Հայաստանում չկան պոտենցիալ ուժեղ ռեժիսորներ: Ես նախընտրում եմ հավատալ, որ կան:

Եթե սրան գումարենք Քեշիշյանի ու նրա գլխավոր դերակատարի լիակատար մեծամիտ ու անհարգալից վերաբերմունքը «Գարեգին Նժդեհ» ֆիլմի քննադատության նկատմամբ, երբ էժանագին քայլ արվեց քննադատողների դեմ շրջել հասարակական սենտիմենտը՝ ֆիլմի քննադատությունը հավասարեցնելով հենց Նժդեհի անձի քննադատության հետ: Եթե սրան գումարենք քաղաքական իշխող ռեժիմի նկատմամբ հասարակության առավել հասուն խավի վերաբերմունքն ու Քեշիշյանի բարի-դրացիական, մեղմ ասած, հարաբերություններն իշխող քրեաօլիգարխական ռեժիմի հետ: Եթե սրան գումարենք շրջանառով պոռնոգրաֆիկ նյութը, որը վերագրվում է հենց Քեշիշյանին ու նրա «ժը տեմ, ժը տեմ, կյանքս, հասկանու՞մ ես, ժը տեմ» ընկերուհուն (ու եթե դա իրոք Քեշիշյանն է, ապա չափսերից պարզ է դառնում, թե ինչու է նա աշխարհի վրա չարացած): Ի միջի այլոց, վերջինն ընկնում է ՀՀ Քրեական Օրենսգրքի 263-րդ հոդվածի տակ:

Պատկերն այնքան էլ մխիթարիչ չի դառնում: Ակնհայտ է, որ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր սիրում են Հրաչ Քեշիշյանին: Ակնհայտ է, որ Հրաչ Քեշիշյանը չի պատրաստվում առողջ ընկալել իրեն քննադատող մարդկանց ռեակցիան: Նա, օրինակ, ասելու է՝ «էդքան խոսում ես, դե մի բան էլ դու նկարի, որ խոսելու տեղ ունենաս»: Չընկալելով, որ աշխատանքը քննադատում է հանդիսատեսը, ոչ թե կոլլեգաները: Հանդիսատեսն էլ իր հերթին կարող է կինոգետ-քննադատ էլ լինել, սովորական կինոդիտող էլ: Ակնհայտ է, որ անիմաստ է Հրաչ Քեշիշյանի հետ կոնստրուկտիվ ասուլիսի փորձ անել. նախորդ փորձը տեսած մարդիկ չեն ցանկանում երկրորդ անգամ ծաղրված լինել բուն ասուլիսի պահին, քանի որ այլևս պատասխանելու հնարավորություն չեն ունենա:

Մնում է միայն մի եղանակ՝ ծաղրել: Սարկազմով հիշեցնել նրան, որ ինքը ցանկալի, սիրված վարպետ չի, այլ մեկն, ում հայրենական կինոինդուստրիային ու կինոդիտողին պարտադրել է ռեժիմը:

Բնական է, որ այս երևույթը ոչ կազմակերպված էր, ոչ էլ ցանկալի էր Ազատություն ռադիոկայանի համար: Բայց եկեք նայենք, թե ինչպես արձագանքեց Քեշիշյանը.

Եվ այսպես, վաղը ես հրավիրված եմ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ապրում են ողջախոհ ու դաստիարակված մարդիկ։ Ես միշտ համարել եմ Ազատություն ռադիոկայանը առաջադեմ ԶԼՄ։ Բայց երեւի Ազատությունը եւս էժանագին մոդայի ետեւից ընկնելով, փորձում է վարակնիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով։ Երեւի Ազատությունը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը, իսկ որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դիֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի այսպես ասած օգտատերերի ակտիվության վրա։ Իմացեք ձեր տեղն ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ։

Ես, իհարկե, մի կողմից քննադատում եմ Ազատություն ռադիոկայանի կողմից առավել սուր արձագանքները ջնջելու փաստը, մյուս կողմից՝ հասկանում, որ որոշ հարցեր ոչ մի լրագրող իրեն թույլ չէր տա հնչեցնել եթերում: Բայց Հրաչ Քեշիշյանը, փաստորեն, ցանկանում էր ավելին. որ տրվեն միայն այն հարցերը, որոնք գովաբանում են իր աշխատանքը, կամ գոնե չեն քննադատում: Ու համարում էր դա Ազատություն ռադիոկայանի պարտավորությունը: Նրա «հորդորում եմ, բոյկոտում եմ, ընկերներիս կասեմ բոյկոտեն»-ը իրականում մեծ-մեծ բառերով արտահայտված բավականին խղճուկ բան է, որը մի կողմից սահմանակցում է նվնվոցի հետ, մյուս կողմից՝ շանտաժի հետ:

Հուսով եմ՝ Ազատություն ռադիոկայանը հասկանում է, որ կոնֆլիկտը ելնում էր ոչ թե ռադիոկայանի ու նրա ունկնդիրների խնդիրներից, այլ հենց հրավիրվածի անձնական հատկանիշներից: Հավատացնում եմ, սա տեղի կունենար ցանկացած փոքրիշատե իրեն հարգող ու մարդկանց կողմից հարգված լրատվականի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի դեպքում:

Ներողություն եմ խնդրում, եթե անձամբ իմ արած նկատողությունները բարկացրել կամ նեղություն են պատճառել ռադիոկայանի աշխատակիցներին ու ղեկավարությանը, ֆիքսելով իմ դրական վերաբերմունքն Ազատություն ռադիոկայանի ու հայկական պրեսսայում նրա գրաված դիրքի նկատմամբ:

Tuesday, January 28, 2014

Բանակի տոնի ու դեմագոգիայի մասին

Այսօր հայկական բանակի տոնն է: Որտեղ հայ երիտասարդությունը գնում է մեռնելու՝ ոմանք ֆիզիկապես, ոմանք հոգեպես: Որտեղ բանտային բարքեր են տիրում: Որտեղ մարդկանց ստիպում են ՀՀԿ-ին ընտրել, հրամայում են կնքվել, կոտրում են հոգով, որ եթե պետք լինի, ժողովրդի վրա կրակեն:

Այսօր հայաստանում դեմոկրատիայի կորստի համար պատասխանատուներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի տոնն է: Ով ասել է՝ «ուզում են՝ հարյուր տոկոսով դեմ քվեարկեն, մեկ է՝ նախագահը սա [ԼՏՊ] է լինելու»: Այսօր գեներալ Մանվելի տոնն է: Այսօր դոդի ու լֆիկի օբեկտների պաշտպանության տոնն է: Այսօր Շուշան Պետրոսյանի տոնն է:

Այն տղերքն, ովքեր մահացել են մեր չունեցած ապագայի համար, ովքեր արյուն են թափել ու հիմա կամ սոված են, կամ նստած: Արդյո՞ք սա տոն է իրենց համար: Արդյո՞ք սա տոն է այն ծնողների համար, ում երեխան մահացել է սպաների ոչ կոմպետենտությունից, բժշկական կաշառակեր կոմմիսիաների հաշմանդամին անգամ առանց կաշառք չազատելուց: Արդյո՞ք սա տոն է երեխա կորցրած ծնողների համար, ում բողոքը դիմավորել են ոստիկանական դագանակով:

Ազատամարտիկներին ու երկիրը պաշտպանող ու պաշտպանած մարդկանց ես ամեն օր եմ պատրաստ հարգել: Բայց լինել մասը իշխող հանցագործ, խաղաղ վիճակում մահացած ամեն երեխայի արյունն իր ձեռքերի վրա կրող քրեաօլիգարխիկ համակարգի պրոպագանդային ու դեմագոգիային չեմ պատրաստվում:

Խաղաղ ժամանակ իրենց երեխաներին բանակում կորցրած ծնողներն այսօր Օպերայի մոտ բողոքի ակցիա էին անում: Դիմավորեցին ոստիկաններով ու բռնությամբ, ձերբակալեցին Վարդգես Գասպարիին: Ահա բանակի տոնի իրական դեմքը: Իսկ հիմա իրենք Օպերայում իրար կգովերգեն ու իրար մեդալներ կնվիրեն:

Այսօր մահացել է Պիտ Սիգերը: Իսկ ինքը լավ երգ էր գրել բոլոր ժամանակների զինվորների մասին:

Where have all the soldiers gone,
Long time passing?
Where have all the soldiers gone,
Long time ago?
Where have all the soldiers gone,
Gone to graveyards everyone,
When will they ever learn,
When will they ever learn.

Sunday, January 26, 2014

Լիդեր չլինելու մասին

Կիևի դեպքերին ուշադիր հետևում եմ: Մի պահ էր, որ ժողովուրդը պատրաստ էր գրոհել նախագահական պալատն ու իշխանությունը փոխել: Օպոզիցիայի ղեկավարներից պահանջվում էր միայն հրաման տալ:

Նման հրամանը նշանակում է, որ արյուն է թափվելու: Ինչ-որ պահից ցուցարարները սկսելու են զոհեր տալ: Հետո վերածվելու են կատաղած ամբոխի ու լինչելու են բոլորին, ով իրենց առիթ տա:

Ցուցարարների մեջ նեոֆաշիստական շարժման անդամներ կան: Ինչ-որ պահից սկսած իրենք կարող են փորձել շարժումն իրենցով անել՝ երբ շունը տիրոջը չճանաչի:

Լիքը հարցականներ կան: Դա շատ դժվար որոշում է, շատ դժվար հրաման: Նման հրաման տվող մարդուն հիշում են որպես հերոս, իսկ ինքն իրեն հիշելու է որպես մսագործ:

Զուգահեռներ եմ տանում հայկական ցույցերի հետ, երեք անգամ արդեն այդ փորձն ունեցել ենք: Երեք անգամ էլ ղեկավարները քաջություն չեն ունեցել այդ հրամանը տալ:

Լրիվ այլ բան է բարիկադներ կառուցելն ու հարձակվող ոստիկաններից պաշտպանվելը: Մաշտոցի պուրակում մենք այդ փորձն ունեցել ենք: Իհարկե, մեզ մոտ ոչ բռնի պաշտպանություն էր:

Ասածս ինչ է, նա, ով այդ հրամանը տալիս է, խղճի վրա արյուն է վերցնում: Նա, ով չի տալիս, ու շարժումը պարտության է բերում դրա պատճառով, ի վերջո իր խղճի վրա է վերցնում մարդկանց հուսալքությունը:

Ահա թե ինչու եմ ես ցույցերի ժամանակ կրակի պես խուսափում լիդերական ցանկացած ստատուսից: Եթե պետք է ոստիկանների դիմաց առաջին դիրքում կանգնել՝ խնդրեմ, եթե պետք է բողոքի ակցիա անել առանձնապես վտանգավոր կետում՝ էլի խնդիր չկա: Բայց ես ոչ ուզում եմ ինձ վստահող մարդկանց դավաճանել ու հուսախաբ անել, ոչ էլ նրանց մահվան ուղարկել:

Ահա թե ինչու ես, եթե նույնիսկ բավարար գիտելիք ու փորձ ունենայի դրա համար, կհրաժարվեի լինել այս երկրի նախագահ: Պատերազմական իրադրության մեջ ես չեմ կարող երիտասարդ երեխաներին ուղարկել մահվան՝ ասենք, շեղող մանյովրի կամ հիմնական զորքի նահանջը փակելու համար: Ստրատեգը երբեք զինվորին չի ասում, որ իրեն շախմատի քարի նման զոհաբերում են:

Ու եթե նույնիսկ գիտակցաբար մի հոգու մահվան ուղարկելը հազար կյանք փրկի, այդ մահը քո խղճի վրա է:

Ինչ-որ մեկը կարող է սա դիտարկել որպես վախկոտություն: Բայց սա պարզապես ազնիվ խոստովանություն է. այս մակարդակի վրա ես լիդեր չեմ: Այո, պատմությունը կերտում են այն մարդիկ, ովքեր կարող են դժվար որոշումներ կայացնել ու դժվար հրամաններ տալ: Ես իրենց չեմ քննադատում, հարգում եմ իրենց կամքի ուժը: Բայց ես երբեք իրենցից մեկը չեմ լինի: Ոչ այն աշխարհում, որտեղ կարիք կա գիտակցաբար մարդկանց մահվան ուղարկել:

Friday, January 17, 2014

Գենդերից քշվածները, մաս հերթական

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԱՐԴԱԼ !!! Եվ եթե որևէ մեկին ստատուսովս կզայրացնեմ, խնդրում եմ վիրավորանքներ և հայհոյանքներ քոմենթի տեսքով չլինեն, որտև ես չեմ պատասխանելու, ուղղակի չեմ ցանկանում, թեպետ ինձ ճանաչող ֆեյսբուքահայությունը լավ գիտի որ երկու արվեստին էլ լաաաավ տիրապետում եմ,ուստի գնանք առաջ :ՃՃ !!!
Ես սովորություն չունեմ հայհոյել որևէ, ինչքան էլ վատը լինի, կարծիք ներկայացնող մարդկանց, ու երբեմն աչքերս փակում եմ ակտիվ քաղաքացիների տարբեր զանցանքների առաջ՝ ի վերջո, իրենց կյանքում էլ դժվարություններն այնքան շատ են, որ իրենց նկատմամբ ավելի ներողամիտ է պետք լինել:

Երբեմն, ցավոք, պետք է անդրադառնամ: Խոսքս վերաբերում է Գայանե Բաբլոյանի ստատուսին:
Բոլորի համար ատամի ցավ դարձած ԳԵՆԴԵՐ բառը .... որի պատճառով իմ կողմից շատ սիրելի ընկերներ բախումներ ունեցան .... և քանի որ լինելով անգլերեն լեզվի ուսուցիչ միշտ սիրել եմ քերականությունը բացատրել այնպես որ աշակերտներիս մեջ հավերժ մնա և անհասկանալի բաներ իրենց մեջ հետագայում չմնան, էս հարցում նույնպես գիտելիքներս կհերիքի որ մի պարբերությամբ այս ավելի քան տրամաբանական խնդրին բացատրություն տամ .... Վիքիպեդիան բացատրում է գենդեր բառը հետևյալ կերպ՝ կին տղամարդ և անգլերենով՝ intersex , այսինքն այն մարդիկ ովքեր իրենց ոչ կին են համարում ոչ տղամարդ, և իրենց իքնությունը չեն նույնացնում ոչ Բիբլիական Ադամի հետ ոչ էլ Եվայի հետ ...

Անգլերենի ուսուցչուհի լինելը ոչ մի կերպ չի բացատրում այն փաստը, որ Վիկիպեդիան գենդեր բառը բացատրում է լրիվ այլ կերպ. Gender is the range of physical, biological, mental and behavioral characteristics pertaining to, and differentiating between, masculinity and femininity. («Գենդերը ֆիզիկական, կենսաբանական, մտավոր ու վարմունքային բնութագրերի համախումբ է, որոնք վերաբերում են և իրարից տարբերում են արականությունն ու իգականությունը») (հղում աղբյուրին):

Որտեղից ծլեց intersex-ը՝ հիմա կտեսնենք.

Depending on the context, the term may refer to biological sex (i.e. the state of being male, female or intersex), sex-based social structures (including gender roles and other social roles), or gender identity. («Կախված կոնտեքստից, տերմինը կարող է վերաբերել կենսաբանական սեռին (այսինքն՝ արու, էգ կամ ինտերսեքս/միջանկյալ սեռ, երկու սեռերի կենսաբանական հատկանիշներ դրսևորող, լինելուն), սեռի վրա հիմնված հասարակական կառույցներին (ներառելով սեռական և այլ հասարակական դերերը), կամ գենդերային ինքնությանը»):

Դե ֆակտո, ցավոք, հեղինակի կամ անգլերենի գիտելիքներն են կաղում, կամ ընթերցողին փորձում է մոլորության մեջ գցել: Նախընտրում եմ հավատալ, որ տեղի ունի առաջինը:

Ու սրանով տեքստի շարունակությունը որևէ վերլուծությունն ու քննադատությունը դառնում է անիմաստ, ինչպես տեքստը: Հեղինակը տեղեկացված չի թեմային և հիմնում է իր դրույթը սխալ տեղեկությունների, խիստ ոչ մասնագիտական պսևդոանալիզի ու կրոնական դոգմաների վրա: Այս կարծիքն ուշադրության ու լուրջ ընդունվելու ենթակա չպետք է լինի ի սկզբանե:
մնում է ենթադրել որ դրանք հոմոսեքսուալներն են, բիսեքսուալները և այլ սեքսուալները ... շատ բարի, այդ երևույթը մենք դարեր ի վեր ունեցել ենք երկիր մոլորակի վրա, ուստի հարցեր պրիտենզիաներ չունենք, ապրեք իրար հետ, զագսով ամուսնացեք, տուն առեք ... ԵՎ ԱՀԱԱԱԱ աշխարհաքաղաքականությունը օրենքների մի փաթեթ է որդեգրում, որը ներառում է ոչ թե մեզ բոլորիս հայտնի կնոջ տղամարդու իրավահավասարության մասին , այլ գենդերային հավասարության մասին .... բոլոր ոտնահարված կանայք ուրախանում են որ սա իրենց է վերաբերվում, բոլոր ոտնահարող տղամարդիկ էլ մտածում են ՝ ես ինչ ապուշ բաներա, մեկա ես իմ կնգան տփելու եմ , բռնանալու եմ, հայհոելու եմ .... և մինչ այդ ահագին ուրախանում է intersex-ը ... Ուստի ինչ է նշանակում գենդերային հավասարություն, պարզ տրամաբանությամբ, այն ինչի իրավունք ունեն տղամարդիկ և կանայք , այդ իրավունքը ունի նաև վերոհիշյալ intersex-ը ՝ վերը թվարկվածները իրավունք ունեն հետնորդ թողնեն և քանի որ վերջինը նույնպես գենդերի մեջ է մտնում ուրեմ ինքն էլ իրավունք ունի ...շատ բարի, ուրեմն ինչ են անում տեր և տիկին intersex-ները ? քանի որ իրենց բիոլոգիական և ֆիզիոլոգիական հատկությունները իրենց թույլ չեն տալիս երեխա ունենալ, դա անբնական է , բնությունը այլ կերպ է աշխատում, ուրեմն նրանք գնում են մոտակա մանկատուն և ցանկանում են որդեգրեն ասենք ՝ Արամիկին ՝ երեխա որ արդեն երկու տարի է ծնողներից նամակ չի ստացել, բարեգործների բերած ամանորյա նվերը երեխաները ձեռքից խլել են, դայակը ամեն առավոտ և իրիկուն նրան ծեծի է ենթարկում, տիպիկ իրավիճակ մանկատանը, հավատացնում եմ ես լավագույն տարբերակը օրինակ բերեցի.... Եվ այսպես intersex զույգը վարիչին ասում է որ իրավունք ունի Արամիկին որդեգրելու ըստ օրենքի, վարիչն էլ դե ասումա՝ ձեր ցավն էլ տանեմ,կարևորը աշխատում եք , փող ունեք, ՏԱՐԵՔ !!! Արամիկին՝ արդեն իսկ դժբախտ երեխային, տանում են տուն, ցերեկը Արամիկը տեսնում է թե ինչպես են հայրիկները համբուրվում, հեռուստացույցը միացնում է տեսնում է կին տղամարդ են համբուրվում, գնում է դպրոց, Աննան Բաբկենի հետ ընկերություն է անում, գալիս է տուն տեսնում է հայրիկները ձեռք ձեռք բռնած ռոմանտիկ ֆիլմ են նայում intersex-ի մասին, ու այսպես շարունակ, մի օր նրան սկսում է դուր գալ դասարանցի Լիաննան, երեկոյան գալիս է տուն որ հայրիկներից հարցնի ոնց Լիաննայի սիրտը գրավի, տեսնում է որ հայրիկները ուրիշ հայրիկների հետ տունը փարթի են անում , մտածում է գուցե ճիշտը Աշոտիկն է ոչ թե Լիաննան ..... ՄԻ ԽՈՍՔՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՎ հարգելի ընկերներ, ենթադրենք ես վատ հոգեբան եմ, և եթե կա ձեր մեջ ինձնից ավելի լավ մասնգետ արձագանքեք .... թեպետ ես կարծում եմ որ սա այնքան պարզ է , որ վատ սվառշիկն էլ կհասկանա որ սա մարդու իրավունքների խախտում է ... ինչն է մարդու իրավունքները ամբողջացնող ԼՈԶՈՒՆՔԸ ?? յուրաքանչյուրի իրավունքները վերջանում են այնտեղ որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները, իսկ իմ բերած օրինակում երեխայի իրավունքները միանշանակ խախտված են, եթե նույնիսկ նա երդվյալ հետերոսեքսուալ է , այն ամենօրյա պրոպոգանդան որին նա ականատես կլինի տանը որոշիչ կլինի նրա համար ... դուք ինքներդ հետ գնացեք ձեր մանկություն, կլինեիք արդյոք այն ինչ դուք այժմ կաք , եթե ձեր ծնողները լինեին նույն սեռի ...??? ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ստատուսիս լուրջ մասը ՝ ՄԱՆՈՒԿԸ ԴԱ ԱՊԱԳԱ Է ՙ ՀԱՅ ՄԱՆՈՒԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ Է ՚, ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՑՈՂԸ ԱՆՁԱՄԲ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է !!!!!!! հետևությունները թողնում եմ ձեզ ....
P.S. ես հույս ունեի, որ ուսուցչուհին ուղղագրական սխալների նկատմամբ ավելի ուշադիր կլինի: Համոզված եմ, որ իմ ընթերցողները, լինելով լայնախոհ ու մեծահոգի մարդիկ, կհասկանան, որ հեղինակն իրականում բնավ վատ կամ անազնիվ մարդ չի (ավելացնեմ աչքովս տեսածը՝ ազնիվ ու քաջ մարդ է), այլ միգուցե սեփական գիտելիքների մասին գերազանցված կարծիքի ու շրջապատի կոմպլեքսների հետ չափից հաճախ հաշվի նստելու զոհ է:

Friday, January 10, 2014

«Ավանդական արժեքների», ծնողկոմիտեի ու կանանց իրավունքների մասին

Սկսեմ «հայ կնոջ կերպարի» ու դրան «հարիր/անհարիր» բաներից: Հայ կնոջ կերպարն, իրականում, նշանակում է երկու բան. ռացոնալ բացատրությամբ՝ այն բոլոր հայ կանանց հավաքական կերպարն է: Տարածված ընկալմամբ այն ստերեոտիպ է ու բանավեճի տեսանկյունից ընկնում է արգումենտացիայի «no true Scotsman» սխալ ձևի տակ: Այլ կերպ ասած, ինչ-որ մարդիկ ստեղծում են հայ կնոջ իրենց սուբյեկտիվ ընկալմամբ իդեալականացված պատկեր ու փորձում են այն պարտադրել բոլորին: Իրականում ստատիկ «հայ կին» հասկացություն գոյություն չունի: Ամեն կին առաջին հերթին անհատ է՝ իր անհատական առանձնահատկություններով, արժեքներով, նպատակներով, սեփական կյանքով: Ինչպես ես, դու կամ ցանկացած այլ մարդ: Ու եթե ինչ-որ մեկը համարում է, որ կինն, անկախ ազգությունից, մարդ չի, կամ մարդ է, բայց ոչ ամբողջությամբ, թող փորձի վիճարկել իմ բերած դրույթը:

Ինչ վերաբերում է «ավանդական արժեքներին», ապա դրանք նույնպես ստերեոտիպային հավաքական հասկացություններ են: Հայկական արժեքները կտրուկ տարբեր են եղել պատմության տարբեր պահերի: Մենք ունեցել ենք Աստարտեի/Աստղիկի տաճարներ հեթանոսական շրջանում, ինչից կարելի է հանգիստ հետևություն անել, որ այնտեղ եղել է ռիտուալային մարմնավաճառություն: Քրիստոնեական շրջանից պատրիարխալ մտածելակերպն ավելի և ավելի է ամրապնդվել մտածողական մոդելի մեջ, քանի որ աբրահամյան բոլոր կրոնները կնոջը համարում են երկրորդ կարգի, թերի մարդ: Գումարվելով սովետական շրջանի սեռական կոմպլեքսների հետ, ժամանակակից «ավանդական արժեքները» դարձել են խիստ սելեկտիվ երևույթ՝ գրեթե ամբողջությամբ կապված գենդերային դերերի ու սեռական կյանքի սահմանափակման հետ: «Ավանդական արժեքների» այս տարածված ընկալումը փորձում են շահարկել ինչպես աջ-պահպանողական, նացիոնալիստական-նացիստական թևերը ներառող քաղաքական ուժերը, այնպես էլ կրոնական կազմակերպությունները. ինչպես ՀԱԵ-ն, այնպես էլ այլ քրիստոնեական ու մահմեդական կառույցներ: Իրականում եթե ՀԱԵ-ն հանկարծ դադարեցներ իր պայքարն այլ քրիստոնեական կառույցների հետ ու միասին ճակատ կազմեր, մենք շատ ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնեինք:

Ծնողկոմիտեն, իր հերթին, սիտուատիվ կառույց է: Այն չունի գաղափարական հենք, որն իրեն երկարակեցություն ապահովի, բայց ունի ֆինանսական ու մարդկային ռեսուրս ու ներքին կազմակերպվածություն: Ծնողկոմիտեն ներկայումս իր քարոզարշավում շատ ավելի հաջողակ է, քան նրանց դեմ պայքարողները: Ծնողկոմիտեն ազատ աղավաղում է փաստերը, ատելություն է քարոզում, ու դրանից իրենց էֆեկտիվությունն աճում է, ոչ թե նվազում: Ինչու՞:

Որովհետև ծնողկոմիտեն գործում է մարդկանց մտածելակերպի զգայական կողմի վրա: Այն շահարկում է մարդկանց անվստահությունը սեփական ապագայի ու արտաքին քաղաքական ուժերի նկատմամբ: Այլ կերպ ասած, ծնողկոմիտեն խաղում է մարդկանց վախերի վրա, իսկ վախը դեռ քարի դարից եղել է միավորող ուժ: Վախեցած մարդիկ միավորվում են, որպեսզի պայքարեն արտաքին վտանգի դեմ, լինի այն իրական թե մտացածին: Դրա համար էլ ոչ մի տրամաբանական ապացույց, ոչ մի հերքում այնքան էֆեկտիվ չի լինի, ինչքան հասարակ «ամերիկացիները ֆրանսիային հարկադրում են երեխաներին գեյ դարձնել» ֆրանսիացի ռադիկալ աջերից ծագող ռուս պրոպագանդիստական մեքենայի տարածած սուտ լուրը:

Այլ կերպ ասած, քանի դեռ մարդիկ ստացվող ինֆորմացիան անալիզի ենթարկելու, վիճարկելու ու սեփական կարծիք կազմելու ունակություն չունեն ու իրենց թույլ են տալիս առաջնորդվել զգայական կողմով, մասնավորապես՝ վախերով, ծնողկոմիտեի էֆեկտիվությունը չի նվազելու, ինչքան էլ մենք տրամաբանենք, հերքենք:

Ի վերջո, սերը երբեք չի եղել մարդկանց միավորող ուժ: Նույնիսկ թաղումներին մարդկանց մի տեղ է հավաքում մահվանից կոլլեկտիվ վախը:

«Երբեք մի եղիր դիտորդ անարդարության կամ հիմարության նկատմամբ: Դու լռելու լիքը ժամանակ կունենաս՝ գերեզմանում»:

~ Քրիստոֆեր Հիտչենս

Friday, January 3, 2014

Ես չեմ հասկանում ափսոսանքը

«Ես հասկանում եմ ընթացակարգերի, պատերազմի նշանակությունը, հասկանում եմ կանոններն ու կարգավորումները:

Ես չեմ հասկանում ափսոսանքը:

Ես իրոք չգիտեմ, թե ինչ է նշանակում ափսոսալ:

Ես ամբողջ կյանքս ափսոսացել եմ:

Ես ափսոսում եմ, որ ծնվել եմ, ահա թե ինչ ինձ է ինձ ասել իմ մայրը»:

~ Չարլզ Մենսոն