Wednesday, March 2, 2016

Մուսուլմանների, բռնության ու վառելու կոչերի մասին

Վերջին մի քանի օրերին միանգամից երկու ողբերգական դեպք տեղի ունեցավ՝ երկուսն էլ կրոնական ենթատեքստով: Փետրվարի 29-ին ուզբեկ դայակ Գյուլչեհրա Բոբոկուլովան գլխատեց իրեն վստահված չորս տարեկան աղջկան: Պատճառներն՝ ամուսինը նոր կին էր վերցրել, քանի դեռ նա Ռուսաստանում աշխատում էր, ու գլխի միջի ձայներն էին իրեն դա հրամայել: Հետո լուր եկավ, որ վարձով բնակվող ադրբեջանցին «ալլահու աքբար» գոռալով սպանել է իր տանտիրոջը: Երկրորդ լուրի հետ կապված МК-ի հոդվածում նաև գրված էր, որ ադրբեջանցին տանը հակապուտինիստական գրառումներ ուներ:

Ավելի քիչ ուշադրության արժանացան հոդվածներն այն մասին, որ դայակ Գյուլչեհրա Բոբոկուլովան արդեն 15 տարի տառապում էր ծանր շիզոֆրենիայով:

Ու լիքը, նույնիսկ բավականին ադեկվատ մարդիկ, կոչեր արեցին մուսուլմաններին աքսորելու-սպանելու-վառելու մասին:

Երբ քրիստոնյա Անիտա Բրեքստոնը սպանեց 20-ամյա աթեիստ Կրիստալ Հիլլմանին իր աստծուն չհավատալու համար, ու դիակն օրերով թողեց բազմոցին, ոչ ոք քրիստոնյաներին աքսորելու-սպանելու-վառելու կոչեր չարեց:

Մուսուլմանությունը, մեղմ ասած, ոռի կրոն է: Ինչպես և քրիստոնեությունը: ISIS-ն ու Բոկո Հարամը դրա կենդանի վկայություններ են: Իսպանական ինկվիզիցիան հիշողություն է անցյալից: Աբորտների հետ կապված բռնությունն ու սպանությունները մեր օրերում: Եվ այլն:

Ու իմ նշած մարդասպանների մտածելակերպի ձևավորման մեջ էլ իրենց կրոնը զգալի դեր ունի: Բայց արդյո՞ք հենց բուն սպանությունների հետ ուղղակի կապ ունի: Կարծում եմ՝ ոչ: Ու անիմաստ, չարդարացված բան է՝ փորձել ամեն մահմեդականի կամ քրիստոնյայի դիտարկել որպես մանկասպան ու պատասխանատվության կանչել շիզոֆրենիայով տառապող, աֆեկտի վիճակում գտնվող կնոջ արարքի համար:

Ես հասկանում եմ, որ Գյուլչեհրա Բոբոկուլովայի արարքը հրեշավոր էր: Այն ինձ պակաս չի ցնցել, քան ձեզ: Մեր միակ տարբերությունն այն է, որ ես արյուն չեմ պահանջում: Նամանավանդ անմեղ արյուն:

Թե՛ քրիստոնեությունը, թե՛ մուսուլմանությունն իմ թշնամիներն են: Ես կցանկանայի երկուսն էլ ջնջված տեսնել աշխարհի երեսից: Բայց ոչ մարդկանց հալածելու ու սպանելու հաշվին:

Խաղաղություն ձեզ: