Showing posts with label ակտիվիզմ. Show all posts
Showing posts with label ակտիվիզմ. Show all posts

Sunday, May 18, 2014

Ո՞ր ընկերություններն են պաշտպանում ձեր տվյալները. EFF-ի զեկույցը

Ներկայացնեմ Electronic Frontier Foundation-ի 2014 թվականի զեկույցը, որտեղ ներկայացվում է, թե որ ընկերություններն ու ինչ չափով են պաշտպանում ձեր ինֆորմացիոն անվտանգությունը կառավարական միջամտությունից: Նախնական նյութը հասանելի է այս հղմամբ: Զեկույցը հասկանալու համար նշեմ, որ այն անդրադառնում է նրան, թե ինչպես են զեկույցում նշված ընկերություններն արձագանքում, երբ կառավարությունը պահանջում է նրանցից ձեր անձնական տվյալներն, ինչպիսիք են էլեկտրոնային կամ ֆիզիկական հասցեները, նամակագրությունը և այլն:

Նախապես սպոյլեր անեմ՝ Apple ընկերությունը, որը դեռ մի տարի առաջ օգտագործողների անվտանգության համար պայքարում էր միայն Կոնգրեսում, այժմ դա անում է բոլոր կատեգորիաներում:

Ահա և զեկույցը.

Wednesday, November 6, 2013

Շանթ Հարությունյան, «Իմ Ազգային Իդեալը»

Ամեն սերունդ ունենալու է
իր միամիտը, որ ճշմարտությունն
ասի այնպես, ինչպես կտեսնի:

 - Բորիս Պաստերնակ

Շուրջ 15 տարի է, որ հայությունը ձեռք է բերել անկախություն և փորձում է կերտել սեփական պետությունը: Ահա այս տարիների ընթացքում, երբ ձևավորվում են պետությունը խորհրդանշող ինստիտուտներ, ցավոք, դրանից պետության որակը չի բարելավվում: Հայ մարդը դժգոհ է իր պետությունից. բոլորը մեղադրում են բոլորին: Այսպիսի իրավիճակը ոմանք մեկնաբանում են պետության երիտասարդ տարիքով, ոմանք՝ օրենքների անկատարությամբ, մյուսներն էլ նշում են հայության դարերով սեփական պետությունից զրկված լինելու հանգամանքը: Փաստորեն, հայը սեփական պետության թշվառությունը բացատրում է ամեն կերպ, բացի հիմնականից: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով: Այսօր հայությունն արդյո՞ք դավանում է ազատության և արդարության իդեալներ:

Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները՝ համոզվում ենք, որ նա վաղուց դադարել է հավատալ ազատության և արդարության իդեալներին և միայն հավատում ու ոգևորվում է նյութական «իդեալներով»: Այսինքն՝ ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական էլիտան, պատրաստ են զոհել ամեն ինչ՝ հանուն «կուշտ ուտելու», թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը բնական և հատուկ է ոչ միայն հայությանը, այլև բոլոր մեռնող ժողովուրդներին: Ժողովուրդները մեռնում են այն ժամանակ, երբ կորցնում են հավատի զգացումն ընդհանրապես և հավատն ազատության իդեալի նկատմամբ՝ մասնավորապես: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները նախ վերածվում են նյութապաշտ զանգվածի՝ ուստի և անընդունակ են լինում զգալ բոլոր այն արժեքների կորուստը, որոնք դուրս են նյութական ոլորտից: Մարդն իր իդեալը կորցնում է այն ժամանակ, երբ կորցնում է իդեալի նկատմամբ ունեցած զգացողությունը: Նրանք, ովքեր մեռնող ժողովուրդների մեջ փորձում են խոսել իդեալների անհրաժեշտության մասին, ենթարկվում են ծաղրի կամ լավագույն դեպքում՝ լուռ անտարբերության: Ընդհանրապես, ցանկացած ժողովուրդ՝ իր մեծամասնությամբ անհաղորդ է բարձր իդեալներին: Սակայն միշտ գոյություն ունի նաև կազմակերպված իդեալիստ փոքրամասնություն, որը համախմբվելով որոշակի բարձր իդեալների շուրջ, իր հետևից տանում է անտարբեր մեծամասնությանը: Ցավոք, այսօր հայոց մեջ չի նշմարվում կազմակերպված այն իդեալիստ փոքրամասնությունը, որն իր շուրջը համախմբելով ողջ հայությանը՝ կկարողանա մղել դեպի բարձր իդեալներ կերտելու: Համոզված եմ, որ ինչպես ողջ մարդկության, այնպես էլ հայության համար իդեալը Ազատությունն է: Նաև կարծում եմ, որ միայն հավատն ազատության իդեալի նկատմամբ կօգնի հայությանը կերտել սեփական բարգավաճ պետությունն ու ապահովել ժողովրդի բարօրությունը:

Սույն գրքույկում վերոհիշյալ թեմայի անդրադարձը, հնարավոր է վիճարկելի թվա, քանի որ իդեալի դերն ու նշանակությունը հայության համար վաղուց անկարևոր է դարձել: Իսկ նրանք, ովքեր դեռ կարևորում են իդեալի դերը, ունեն իդեալի մասնավոր ընկալում: Փաստորեն, հայությանն անհրաժեշտ են ոչ միայն բարձր իդեալներ, այլև իդեալի հավաքական ընկալում:

Շանթ Հարությունյան, «Իմ Ազգային Իդեալը», Երևան, 2005

Monday, August 26, 2013

Տրանսվեստիտների մասին

Տրանսվեստիտները տարբեր են լինում: Կան մարդիկ, ովքեր հակառակ սեռի հագուստ են հագնում, ու ոչ մեկին ոչ մի վնաս չեն տալիս: Մարդիկ են էլի, ինձ ոչ մի բանով չեն խանգարում:

Բայց կան նաև շատ վատ տրանսվեստիտներ: Օրինակ՝ ոստիկանի հագուստ հագնող հանցագործներ: Քաղաքական գործիչի հագուստ հագնող գան... տելներ: Եվ այլն:

Այ, այս երկրորդ տեսակի տրանսվեստիտներին պետք է արմատախիլ անել երկրից: Այնինչ հենց նրանք են ժողովրդին գրգռում առաջին տեսակի դեմ՝ ստեղծելով երևակայական թշնամիներ, որպեսզի մարդիկ չտեսնեն իրենց իրական թշնամուն:

Thursday, August 9, 2012

Սերժ Թանգյանի ուղերձը՝ կապված Թեղուտի անտառի ոչնչացման հետ

Դեմոկրատական հեղափոխություն Մեքսիկայում

Մեքսիկայում հեղափոխություն է:) Անոնիմուսից ազդանշան ստացա, որ իրոք, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի աջակցությունն ունեցող Էնրիկե Պենյա Նիետոյի հաղթանակը կասկածի տակ է դրված ու ներկայումս Մեխիկո քաղաքում երևի մարդկության պատմության մեջ ամեմածավալուն բողոքի ակցիաներն են տեղի ունենում: Ակցիաների թիրախ են դարձել նաև երկու տեղական հեռուստաընկերությունները, որոնք հրաժարվել են հերարձակել ցույցերը: Կփորձեմ էլի ինֆորմացիա գտնել, իսկ հիմա՝ ինչ գիտենք այս պահի դրությամբ:

Monday, July 9, 2012

Հարսնաքարում ու Հյուսիսային պողոտայի վրա, կոնտրաստ

Երեկ, քանի դեռ ժողովուրդը գնում էր Վահե Ավետյանի համար Հարսնաքարում մոմ վառելու ու, փաստորեն, ոստիկանների բռնությանը բախվելու, Հյուսիսային պողոտայում ընթանում էր ըստ երևույթին քաղաքապետարանի կազմակերպած միջոցառում՝ հիպ-հոպ, բրեյկդանս, բասկետբոլ, գրաֆիտի՝ ոնց որ թե ամեն ինչ, որ կապված է գետտոյի երիտասարդության մեջ: Կարծես ակնարկեն, թե ինչպիսի քաղաք են ուզում իրենք:
Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ քաղաքապետարանի էմբլեմով մեծ լուսատախտակներ էին՝ «կանաչ Երևան» գրությամբ: Քաղաքապետարանն էլ երևի կանաչ Երևանի մեծ կողմնակիցն է: Չեմ հասկանում, մեզ լրիվ էշի տե՞ղ են դնում: Չեմ ուզում ավելորդ անգամ անտագոնիզացնել քաղաքապետարանը, բայց դե գոնե մի բան արեք, որ ձեզ իրավունք վերապահեք «կանաչ Երևան» կոչեր անել: Մինչև հիմա դուք մենակ «էլիտար բետոն Երևան», «ավերված մշակույթ Երևան», «լֆիկ նեմեց Երևան» կոչերի իրավունքն եք վաստակել:

Մաշտոցի պուրակ. պատկանում է հանրությանը

Անընդհատ չէի հասցնում տեղադրել:)

Sunday, July 8, 2012

Կոշիկի խանութը, քաղաքի աղտոտումն ու բուտիկների զոհերը

Երեկ ընկերներիցս մեկը պատմեց, թե ինչպես էր Շրջանայինում գտնվող MegaBox կոշիկի խանութի զեղչը չտեսների գնորդների մեծ հոսք առաջացրել: Խանութի աշխատողները ժամանակ առ ժամանակ կոշիկի տուփեր և այլ աղբ էին հանում ու լցնում խանութի դիմաց: Ընկերս մտավ խանութ, որ բողոքի աղբի համար: Խանութում նախ մունաթով հարցրեցին, թե ինչու է հետաքրքրվում, հետո ասացին, որ դա աղբ չի, կոշիկի տուփեր են: Հետաքրքիր է, փաստորեն՝ MegaBox կոշիկի խանութում կոշիկները վաճառում են Տաշիր պիցցայի տուփերով:

Կարճ ասած, ահա լուսանկարներ դեպքի վայրից:

Sunday, June 17, 2012

Ահազանգ. Գայի արձանի հետևի այգին կառուցապատում են

Բնապահպաններ, մտահոգ քաղաքացիներ ու մնացած բոլորն, ում հետաքրքիր է Երևանի ճակատագիրը: Այսօր ահազանգ է ստացվել, որ Նորքի 1-ին զանգվածի Գայի արձանի հետևում գտնվող այգին վտանգված է ու ենթակա է կառուցապատման:

Ահազանգ է տվել հենց տեղի բնակիչ Աննա Կուրղինյանը:

Այսօր ժամը 15:00 հավաքվում ենք այգում, որպեսզի քննարկենք իրավիճակն ու հետագա գործողությունները:

Sunday, June 3, 2012

Petition Facebook to return Meri Khachatryan's account/Պահանջենք Ֆեյսբուքից վերականգնել Մերի Խաչատրյանի պրոֆիլը

Meri Khachatryan's profile has been unjustly disabled by Facebook authorities most likely because of mass reports organized by enemies of the eco-activist movement in Yerevan, Armenia. Meri Khachatryan is a prominent ecological and human rights activist and has been a part of Trchkan waterfall, Mashtots park, Covered Farmer Market preservation movements, as well as other activist and occupy movements in Yerevan and might have been targeted to cripple her social efforts in Facebook in the culmination of our struggle for a cleaner, greener city.
We need the help of every single one of you to help restore her account asap.

Join our event on Facebook here.
---------------------------------------------
Մերի Խաչատրյանի պրոֆիլն անարդար կերպով հեռացվել է Ֆեյսբուքի ղեկավարության կողմից ամենայն հավանականությամբ Երևան քաղաքի էկոակտիվիստական շարժման հակառակորդների կազմակերպած մասսայական բողոքների հետևանքով: Մերի Խաչատրյանը բնապահպանական և մարդու իրավունքների շարժումների ակնառու ակտիվիստ է ու մասնակցել է Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի պահպանության շարժումներին, ինչպես նաև այլ ակտիվիստական և occupy շարժումների Երևանում և կարող էր թիրախ դառնալ Ֆեյսբուքում նրա հասարակական/կամավորական գործունեությունը ջլատելու նպատակով մաքուր, կանաչ քաղաքի համար պայքարի կուլմինացիոն շրջանում:
Մենք ձեզանից ամեն մեկի աջակցության կարիքն ունենք նրա պրոֆիլը հնարավորինս շուտ վերականգնելու համար:

Միացեք Ֆեյսբուքում այս հղումով:

Wednesday, May 30, 2012

Բոյկոտ «Երևան Սիթիին»

Երևի տնտեսական հարվածն այս օլիգարխներին ավելի արագ խելք սովորեցնի: Եթե հարվածենք այս օլիգարխների գրպանին, ոչ թե սրտին, ապա դատարկության ձայն կհնչի միայն հաղթելուց հետո:

Առաջարկում եմ մասսայական բոյկոտի ենթարկել «Երևան Սիթի» խանութների ցանցը. ցույց տանք, որ մենք ոչխար չենք, ու եթե մեկը մեզանից փորձում է խլել այն, ինչ մերն է, մենք նրան կերակրել չենք պատրաստվում:

Ոստիկանության նախապատրաստական կուրս

Դե, եթե երբեմն ոստիկանության փոխգնդապետ գրեթե քաջարի ոստիկան Կարեն Մովսիսյանը, որը պատրաստ էր մարտնչել երեք մարդու դեմ միաժամանակ, բայց չհամաձայնեց ինձ հետ ռինգ բարձրանալ, թույլ է տալիս իր ռեժիսորական տաղանդով մեկնաբանել Մաշտոցի պուրակի պայքարը, ես էլ փորձեմ ձեզ ներկայացնել, ըստ սեփական երիկամների զգացածի հիման վրա ստացած պատկերացման, թե ինչպես են նախապատրաստվում Երևանի ոստիկանությանը: Ցավոք, սա իմ աշխատանքը չի՝ ես այնպիսի ռեժիսորական տաղանդ չունեմ, ինչպես Կարեն Մովսիսյանը:

Կադրեր Փակ շուկայից

 Փակ շուկայի տանիքը, տեղում հավաքված սալաթչիների որպես բնակիչներ ներկայացած վկայությամբ, տարբեր մարդկանց ասելով՝ տարբեր ժամերի ինքն իրեն, առանց միջամտության փլվել է: Որպես բնակիչներ ներկայացած մարդիկ բողոքում էին Փակ շուկայի տակ սեռական կյանքից ու շպրտած պահպանակներից (մեղա, մեղա, Փակ շուկայի տակ առնվազն երկու պահպանակ կար շպրտած, բայց լրիվ ուրիշ կոնտեքստով), հիգիենիկ վիճակից, առաստաղի հոսելուց, վերավաճառողների դրած գներից, չնայած հենց իրենցից մեկը ներկայացավ որպես շուկայում ամբողջ պասաժի տեր, մեկ ուրիշը՝ ոչ այնքան գրագետ, «Կոշ ծնված, Սևանից ազատված, նստած-հելած տղա»: Մեկը համարում էր, որ իմ ականջօղը, բառացի մեջբերում, «հեքիաթ է»՝ առանց պատկերացնելու, որ միայն ոստիկանների ներկայությունն էր նրան բաժանում իր ռեկտումում իսկական հեքիաթ զգալուց:

Հնչեցին սպառնալիքներ հնարավոր ակցիայի/նստացույցի մասնակիցների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական բռնություն ակնարկող սպառնալիքներ: Սրանք Մաշտոցի պուրակի երեխեքին վատ են ճանաչում, իհարկե:

Ասում են՝ Փակ շուկան կրծկալ Սամվել Ալեքսանյանին պաշտոնական դիմում է գրել, որում ասվում է.

Saturday, May 26, 2012

Թեղուտի ուսանողական ֆորումը հետաձգվում է

Ինչպես նախապես հայտարարված էր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» մայիսի 26-ին' այս շաբաթ օրը, նախատեսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպել «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ուսանողական ֆորում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագիրը:

Նախաձեռնությունը համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել «Մանուգյան» դահլիճում անվճար նշված միջոցառումն իրականացնելու համար:

Ղեկավարությունը, միջոցառումից երկու օր առաջ, տեղեկանալով Թեղուտի ֆորումի մասին, ուսանողական խորհրդին առաջարկում է արգելել լրատվամիջոցների ներկայությունը տվյալ միջոցառմանը: Սակայն, քանի որ միջոցառումը հանրային էր, նախաձեռնությունը որևէ կերպ չէր կարող սահամանափակել լրատվամիջոցների մասնակցությունը:

Միջոցառումից մեկ օր առաջ, արդեն շրջանցելով ուսանողական խորհուրդը, համալսարանի ղեկավարությունը նախաձեռնությանն առաջարկել է վարձակալության պայմանագիր կնքել:

Քիչ անց՝ աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ առհասարակ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեկստ ունեցող հարցերի քննարկումը:

Փոխարենը, համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում:

Առաջացող հարցադրումներ'

Արդյո՞ք ձևական բնույթ չեն կրում քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին մի շարք հաստատությունների և կառույցների հայտարարությունները

Ո՞րն է այն տեղը, որտեղ ենթադրվում է, որ կարող է կայանալ այդ քաղաքացիական հասարակությունը

Ինչպե՞ս կարելի է հստակ սահմանազատել քաղաքացիականը և քաղաքականը՝ կամայական շահարկումներից խուսափելու համար

Արդյո՞ք Հայաստանում ուսանղությունն ունի ազատություններ, ո՞ւմ համար են ԲՈՒՀ-երը

Հ.Գ. Թեղուտի ֆորումը հետաձգվում է: Մանրամասների համար կտեղեկացնենք:

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»

Tuesday, May 1, 2012

Նախագահը Մաշտոցի այգում

Այսօր առավոտյան զանգեցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն եկել է Մաշտոցի այգի, ասել, որ ապամոնտաժեն: Միամիտ, օպտիմիստ մարդ եմ՝ մտածեցի, որ երևի ապօրինի շինարարությունների գծով որոշումներ կայացնելու հարցում միակ կոմպետենտ մարդը երկրում նախագահն է:

Ուր էր թե: Պարզվեց, որ նախագահն օրենքի մասին պատրաստ է մոռանալ, երբ խնդրի օբյեկտն է դառնում... էսթետիկան: Նախագահը տեղում հայտարարեց, որ շինարարության առումով ամեն ինչ ճիշտ է, քաղաքապետն ամեն ինչ լավ է արել, բայց կրպակներն աչք չեն շոյում, ու լավ չի լինի, եթե երկու-երեք տարի աչք մազոլեն:

Փաստորեն, կառույցի՝ Սերժ Սարգսյանի աչքը չշոյելն ավելի կարևոր էր, քան մեր բոլոր իրավական պահանջները, մեր գրեթե երեք ամիս պայքարն էլ ներկայացվում է այնպես, թե կարող էր ընդհանրապես չլինել. վերջում մեկ է՝ նախագահը քաղաքով անցնելու էր, կրպակներն իր աչքը չէին շոյելու, ու այգին փրկվելու էր:

Այգու պայքարը բնապահպանների քմահաճույքը չէր. կատարվել էր շինարարություն՝ պատշաճ ընթացակարգի, շինարարական ու բնապահպանական նորմերի խախտումով, ու շինարարություն իրականացնողը պատշաճ ժամկետում (ասել է թե՝ երբևէ) իրավական պատասխան չէր տվել իրավական պահանջներին: Արդյունքում՝ շարժում, պայքար, քաղաքացիական ինքնորոշման ու անհնազանդության հիմնախնդիրներ, ոստիկանական բռնություն, ոստիկանների կողմից օրենքի ու նախագահական ինստիտուցիայի (օմբուդսմենի գրասենյակի) բանի տեղ չդնել և այլն:

Մաշտոցի այգու պայքարը մի այգու պայքար չի. այն նախադեպ է, որ մարդիկ հասկանան՝ նրանք կարող են պայքարել իրենց իրավունքների համար, կարող են դեմ գնալ օլիգարխական ու ոստիկանական ահաբեկմանը, կարող են խաղաղ կանգնել, երբ իրենց ծեծում են, կարող են պինդ լինել, կարող են չվախենալ:

Արդյունքում տեղի ունեցածն անձամբ ես մեկնաբանում եմ այսպես. «Ժողովուրդ, ես տեղյակ չէի, Տարոնը մեր ախպերն է, իր ուղղությամբ հաչացող չլինի, ձեր այգին ձեզ լինի, որ ես չլինեի՝ ի՞նչ էիք անելու»:

Ինձ պետք չի կառավարության ողորմությունը: Ես պայքարում էի իմ՝ որպես քաղաքացի իրավունքի համար, հանրության իրավունքի համար, կանաչ տարածքի պահպանման համար: Ոչ թե ողորմության: Կամ ողորմածության: Մենք ֆեոդալական երկրում չենք ապրում, որ արքան կամ իշխանը լսի, գա հրաման տա, ու ժողովուրդն ասի՝ ի՜նչ բարի արքա կամ իշխան ունենք:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Ոչ թե օլիգարխական, ֆեոդալական կամ ամբոխատիրական:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Դրա համար էլ մենք ունենք նախագահ, ոչ թե իշխան կամ արքա: Իսկ նախագահի ինստիտուցիայի գոյության նպատակը ժողովրդին ԾԱՌԱՅԵԼՆ է, ոչ թե իշխելը:

Այլ կերպ ասած, նման քայլերով մեր ճանապարհը տանում է ուղիղ դեպի բռնապետություն: Ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանը բռնապետական հակումներ ունի, այլ նրա համար, որ նախագահի ինստիտուցիայի նպատակը, սահմանումն ու ընկալումը խաթարված են այս երկրում: Ու մինչև մենք դա չփոխենք, ով էլ լինի նախագահը, արդյունքը նույնն է լինելու:

Երևի մեր բախտը բերել է, որ Մաշտոցի այգու կրպակները բարձր էսթետիկական արժեք չունեին: Ինձանից անկախ հիշում եմ Դուգլաս Ադամսի «The Hitchhiker's Guide to the Galaxy»-ն՝ մի հատված կա, որտեղ «Guide...»-ի խմբագրությունը դատ է շահում, պնդելով, որ ինչ-որ փիլիսոփա նշել է՝ գեղեցիկն է ճշմարտություն, ու որ գրքի պարունակությունն, ավելի գեղեցիկ լինելով իրականությունից, ճշմարիտ է, ու որ պետք է դատի տալ իրականությանը՝ գրքի պարունակությանը չհամապատասխանելու համար:

Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է, ու Մաշտոցի այգու շարժումը կամ նրա առանձին անդամներ կարող են այն չկիսել:

Իսկ թե ինչպես էր ոստիկանությունն իրեն լավագույն ձևով դրսևորում՝ դիտեք ինքներդ: Երևի պետք է կատարելագործվեն, որ ժողովրդին ավելի լավ ծեծեն (դե, մարտի 1-ի նկատմամբ իրոք առաջընթաց կար՝ մարդկային զոհեր չեղան).


Նախագահի ելույթը կարող եք կարդալ այստեղ: Ցավոք, լիցենզիան հնարավորություն չի տալիս աղբյուրից մեջբերումներ կատարել:

Tuesday, April 17, 2012

Մի քանի բան:)

Ժող, շատ ներողություն եմ խնդրում, ինչքան ժամանակ է՝ խեղդված եմ գործերի մեջ: Մի քանի բան գրեմ, քանի եկել եմ:

Տիգրան Խզմալյանի անվան հետ կապված էժանագին աղմուկի կապակցությամբ: Այս թեմայով ձգտում էի լռություն պահպանել, որ ունքը շինելու տեղն աչքը չհանեմ, բայց հիմա, կարծում եմ, ժամանակն է արտահայտվել: Տիգրան Խզմալյանի և առավել ևս նրա տիկնոջ քաղաքական կողմնորոշումն այնքանով է վերաբերում ինձ, ինչքանով Տիգրանին վերաբերում է իմ կրոնական կողմնորոշումը: Այդ մարդուն ես ճանաչում եմ իր գործով որպես լրագրող, ռեժիսոր և ապամոնտաժող բրիգադի անդամ ու հաստատ ավելի շատ վստահություն ունեմ, քան նրա անունը շահարկող տարբեր քաղաքական ու լրատվական կառույցների նկատմամբ: Մյուս կողմից՝ լրիվ վստահում եմ «Սարդարապատի» հայտարարությանն այդ առիթով:

Ժող, աղմուկ բարձրացնելուց առաջ մտածեք, թե ում մասին ինչ եք խոսում:

«Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքի նկատմամբ դատական գործի կապակցությամբ: Դատական նիստը նորմալ անցավ, չնայած ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Գոռ Թամազյանին թվում է՝ նա դեռ «Ազատ Գոտի» է ճաշակում: Թամազյանը ճաշակեց մեր բոլոր փաստարկներն, ի հակադրություն պնդեց, որ արտահայտություններն ինքնագլուխ արել է իր կազմակերպության անդամ Կարապետ Թումանյանը, բայց թե ինչու պրոֆիլում հայտնվելուց պրոֆիլի անփառունակ վախճանն ընկած ամբողջ հատվածում նյութը չի հերքվել ու չի հեռացվել, չկարողացավ բացատրել:

Ծաղկաքաղ Գոռ Թամազյանի՝ դատական նիստի ժամանակ արած արտահայտություններից.

«... երբ մեր էջը ռեպորտ ճաշակեց ...»
«... ես դատական ծանուցագիր ճաշակեցի ...»
«... Կարապետ Թումանյանը խիստ նկատողություն ճաշակեց ...»

Հաշվի առնենք նաև այն, որ Թամազյանը չհերքեց, որ համաձայն է արտահայտությունների հետ և ավելին՝ նիստի ընթացքում մեկնաբանում ու արդարացնում էր դրանք:

Հաջորդ նիստը հունիսի 1-ին է: Ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:

Մաշտոցի այգու Քաղաքացիական ամբիոնի ինտերնետային ռեսուրսի կապակցությամբ: Ուշացման պատճառները շատ են, բայց չեն արդարացնում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ռեսուրսը պատրաստ է, նյութերն ինձ ուղարկվելուն պես կտեղադրվեն: Կարող եք վայելել. http://civictribune.tumblr.com/

Համ էլ՝ լայքեք:)

Friday, March 30, 2012

Մաշտոցի այգում՝ ապամոնտաժում


Ժող, մի քանի պարզաբանում: Ապամոնտաժմամբ զբաղվելու է բրիգադը, ոչ թե ցուցարարներն ու նախաձեռնությունների ակտիվիստները: Վերջիններս գործելու են հույժ խաղաղ ցույցի շրջանակներում ու պաշտպանվելու են խաղաղ ցույցերի մասին օրենքով:

Ձեր ու ցանկացած քաղաքացու մասնակցությունն, ով ուզում է ինչ-որ բան փոխել, պարտադիր է ու անհրաժեշտ, քանի որ մենք հանրության շահերն ենք ներկայացնում, ձեզանից ամեն մեկի: Սա այն օրն է, երբ պետք է բոլորս իրար կողքի կանգնենք:

Ապամոնտաժումը վաղն է՝ ժամը 13:00 Երևանյան ժամանակով:

Իրադարձությունը ֆեյսբուքում. http://www.facebook.com/events/364184536960046/

Tuesday, March 20, 2012

OccupyMay1st, համընդհանուր գործադուլ մայիսի մեկին


Մայիսի մեկին՝ համընդհանուր գործադուլ, բոլոր #Occupy շարժումների կողմից:
Մայիսի մեկին՝ չենք աշխատում:
Մայիսի մեկին՝ տնային գործեր չենք անում:
Մայիսի մեկին՝ բանկային ծառայություններից չենք օգտվում:
Մայիսի մեկին՝ գնումներ չենք կատարում:
Մայիսի մեկին՝ դասերի չենք գնում:

Փոխարենը՝ մայիսի մեկին դուրս ենք գալիս ցույցի՝ ի սոլիդարություն #OccupyWallStreet-ի: Աշխատավորների օրը աշխատավորները հրաժարվում են աշխատել օլիգարխների համար:


Ցույցի վայրն անփոփոխ՝ Մաշտոցի այգի, Մաշտոցի պողոտայի ու Արամի փողոցի հատման կետում: Եթե չեք ցանկանում կամ չեք կարող միանալ Մաշտոցի այգու ցույցին, կարող եք ինքնաբուխ խաղաղ ցույց կազմակերպել ձեր թաղեցիների հետ հենց ձեր տան կողքը:

Հայտարարությունն արվում է #OccupyWallStreet, #OccupyMay1st ու #Anonymous նախաձեռնությունների անուններից:

Պարզաբանում Մաշտոցի այգու վերաբերյալ

Քանի որ, փաստորեն, շատ մարդիկ թյուր պատկերացում ունեն Մաշտոցի այգում տեղի ունեցողի մասին, բերեմ իմ սեփական մեկնաբանությունը:

Մաշտոցի այգում ֆիքսվել էր իրավախախտում (սահմանադրական, շինարարական և այլ նորմերի խախտումով իրականացված 2 շինարարություն՝ կրպակներ, ինչպես նաև հարակից սրճարանի ընդլայնում): Դիմում է ուղարկվել քաղաքապետարան ու իրավապահ մարմիններ, տասնհինգ օր պատասխան չստանալուց հետո խաղաղ միջոցներով կասեցվել է շինարարությունն ու նստացույց է սկսվել: Քաղաքապետարանը շատ ավելի ուշ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր՝ առաջին անգամ գրիչով արված ուղղումներով, երկրորդ անգամ՝ թերի լրացված (օրինակ՝ բնապահպանական փորձաքննության կետը, որին որոշակի չափսից մեծ կանաչապատ տարածքը պարտավոր է ենթարկվել): Քաղաքապետը հրաժարվել է հանդիպել ցուցարարներին, քաղաքապետի ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել հարցերին: Քաղաքապետի խոսքերից է՝ «ես իրավաբան չեմ, ինձ հետ օրենքով մի խոսեք»:

Ցուցարարներն անվստահության քվե են ներկայացրել քաղաքապետին («մենք քաղաքապետ չունենք»), սեփական ուժերով բազմիցս մաքրել այգին ձյունից, սառույցից ու աղբից:
Եթե քաղաքացին նման արարքների չդիմի, պետությունն ազատ է գործել ինչպես ցանկանա, ու օրենսդրական փոփոխությունների միջոցով լեգիտիմացնի իր բոլոր գործողությունները: Ու մենք կհասնենք բռնապետության:

Մեր դատարանն էլ մոդել է նրա, թե ինչպես պետք է գործի «ազատ ու արդար» դատարանը (ՀՀ-ում դատարանն ազատ չի, քանի որ դատավորները ոչ թե ընտրովի են, այլ նշանակվում են ՀՀ նախագահի դեմ, ինչը բերում է ավտորիտարիզմի), ու թե ինչպես են քաղաքացիները սիրով ու սեփական կամքով կատարում իրոք ազատ ու արդար դատարանի որոշումը: Այլ կերպ ասած, Մաշտոցի այգին մոդելն է Հայաստանի, որը գալու է վաղը: Ու գալու է, կտեսնեք: Եթե ես, սկեպտիկներից սկեպտիկս, հավատում եմ:

Իսկ մինչ այդ մենք ձեր կարիքն ունենք: Ամեն մեկի: Մենք խարույկ վառեցինք՝ սպասելով քաղաքացիական ինքնորոշման հրդեհի, բայց փայտը թաց էր: Բայց եթե խարույկը բավականաչափ երկար այրվի, ապա շրջակա փայտն էլ կչորանա: