Sunday, March 19, 2017

Կուսակցական պայքարի հիմնախնդիրները Հայաստանում

«Ես քեզ երբևէ ասե՞լ եմ խելագարության սահմանումը»
Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատմություն ունի՝ կապված իրար փոխարինող պոպուլյար ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնց նշանակալիությունը տևում է ընդամենը մեկ-երկու ընտրաշրջան:

1996 թվականին դա ԱԺՄ-ն էր՝ ի դեմս նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ընդդեմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի:

1998 թ. Հայաստանի ժողովրդական կուսակցությունն առաջադրեց Կարեն Դեմիրճյանին, որը հետագայում Վազգեն Սարգսյանի հետ կազմեց «Միասնություն» դաշինքը: Կարեն Դեմիրճյանը նախագահի պաշտոնի համար պայքարում էր ՀՀ նախագահի պաշտոնակատար, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

2003 թ. Պետրոս Մակեյանը, Արամ Սարգսյանն ու Արշակ Սադոյանն ինքնաբացարկ հայտարարեցին՝ սատարելով Ստեփան Դեմիրճյանին, որը ներկայացնում էր Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Ստեփան Դեմիրճյանը նույնպես վիճարկում էր նախագահի պաշտոնն արդեն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

2008 թ. նախագահական ընտրությունների պոպուլյար ընդդիմադիր թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը հետագայում սկսեց ներկայացնել Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը: Իշխանության ներկայացուցիչն այս ընտրություններին վարչապետ Սերժ Սարգսյանն էր:

2013 թ. գործող նախագահ Սերժ Սարգսյանին և իր ներկայացրած Հայաստանի հանրապետական կուսակցությանը մարտահրավեր նետեց Ժառանգություն կուսակցությունն՝ ի դեմս նախագահական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի:

Ընդդիմադիր կուսակցություններից ու խմբավորումներից միայն մեկին է հաջողվել որոշակի հաջողությունների հասնել՝ «Միասնություն» դաշինքին (1999 թ. ՀՀ ԱԺ երկրորդ գումարման խորհրդարանային ընտրություններում Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ ու Վազգեն Սարգսյանի ՀՀԿ կուսակցությունների դաշինքը ստացավ ձայների 41.69 տոկոսը): 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը, կարծում եմ, կարիք չկա վերապատմել:

Ընդդիմության ներկայացուցիչները գրեթե միշտ վիճարկել են ընտրությունների արդյունքները (բացի 1998 թ. նախագահական ընտրություններից, երբ Կարեն Դեմիրճյանը որոշեց պաշտոնապես չվիճարկել): Մասսայական ցույցեր են հաջորդել 1996, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններին, ավարտվել են ոստիկանական բռնության տարբեր աստիճաններով, 1996 և 2008 թվականներին, մասնավորապես, բողոքի ցույցերը ճնշելու համար կիրառվել են ՀՀ զինված ուժերի զորամիավորումներ:

Այս բոլոր քաղաքական ուժերին, բացի իշխանության համար պայքարում անհաջողություն կրելուց, աստիճանաբար մոռացության մատնվելուց միավորել է ևս մի գիծ. նշված կուսակցություններն ու դաշինքներն ունեցել են պոպուլյար առաջնորդ(ներ), բայց միևնույն ժամանակ գրեթե անհնարին է եղել ձևակերպել այդ կուսակցությունների քաղաքական պլատֆորմը:

Այս բոլոր ուժերի քաղաքական պլատֆորմի մեջ ակնհայտ է եղել միայն մեկ որոշակի գիծ՝ պոպուլիզմը. նրանք արտահայտել են գաղափարներ, որոնք հաճելի կլինեն ինչպես ընտրազանգվածին, այնպես էլ, շատ դեպքերում, միջազգային քաղաքական ուժերին:

«Ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ»
Եթե նույնիսկ որոշենք անտեսել այն կրիտիկական հարցը, որ կուսակցությունն ըստ սահմանման պետք է ձևավորվի քաղաքական, տնտեսական, հասարականան պլատֆորմի շուրջ գաղափարակիցների միավորման միջոցով, ոչ թե որպես ազդեցիկ քաղաքական գործչի/գործիչների շուրջ մարդկանց համախմբման, մենք պետք է հաշվի առնենք նաև այլ, պակաս տեսական գործոններ: Հայաստանի հանրապետության քաղաքացիների մեջ արմատավորված երևույթ է անվստահությունը քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ, և այդ անվստահության պատճառներից մեկը հենց անորոշությունն է քաղաքական պլատֆորմի հարցում: Չտեսնելով ֆիքսված կանոնակարգ, որով առաջնորդվել և առաջնորդվում է, ինչպես նաև հիմնավորում իր որոշումներն ու գործողությունները կուսակցությունը, ընտրողները հաճախ հակված են համարել, որ ցանկացած կուսակցություն կամ քաղաքական գործիչ պատրաստ է իրենց խոստումներ տալ, ոչ ավելին: Խոստումներ տվել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու իրենց ներկայացրած քաղաքական ուժերը: 

Իզուր չի, որ մարդիկ լուրջ հարցերում իրար հետ օրենքով պարտավորեցնող պայմանագրեր են կնքում իրար հետ: Քաղաքական գործիչների չպարտավորեցնող, «ազնիվ խոսքի» վրա հիմնված խոստումներն են, որոնք իրականում անլրջացնում են ընտրությունների և ժողովրդի իշխանության իրականացման ինստիտուտների գաղափարները:

Ինչևէ, այստեղ էլ գործ ունենք մի շարք բարդությունների հետ. ստեղծելով որոշակի քաղաքական պլատֆորմ, քաղաքական կուսակցությունն իր պայքարը զուտ ընտրական դաշտից ընդլայնում է նաև դեպի քաղաքական դաշտ: Պոպուլիստական կուսակցությունները նպատակ ունեն իրենց շուրջ կոնսոլիդացնել հնարավորինս մեծ ընտրազանգված՝ անկախ այդ ընտրազանգվածի քաղաքական, հասարակական, տնտեսական հայացքներից: Ստեղծելով ֆիքսված քաղաքական պլատֆորմ, կուսակցության ընտրազանգվածը կսահմանափակվի միայն այդ քաղաքական պլատֆորմի կողմնակիցներով: Կուսակցությունը ստիպված կլինի իր պլատֆորմը տարածել հասարակության մեջ՝ այդ կերպ իր ընտրազանգվածը մեծացնելով: Սա մի կողմից նպաստում է կուսակցության երկարակեցությանը, մյուս կողմից՝ քաղաքական պայքարը դարձնում երկարատև ու ստրատեգիկ երևույթ, ավելի շատ ռեսուրսներ պահանջող, կանգնեցնում քաղաքական գործիչներին «ճառ ասել, թե զանգ կախել» դիլեմայի առաջ:

Պետք է նաև նշել հասարակական տարբեր խմբերի, ինչպես նաև արտաքին քաղաքական ուժերի շահերի բախումները, որոնք Հայաստանում բավականին բևեռացված են: Պլատֆորմի ֆորմատում պատասխանելով նույնասեռականների իրավունքների հարցին, կուսակցությունը ստիպված է լինում իրենից օտարել կամ հասարակայնորեն պահպանողական մեծամասնությանը, կամ լիբերալ փոքրամասնությանը: Մեկն առավել արժեքավոր է որպես ընտրազանգված, մյուսը՝ որպես ակտիվ մասսա, ու վտանգավոր՝ որպես հակառակորդ: Միևնույն ժամանակ, այստեղ բախվում են նաև եվրոպական և ռուսական ազդեցությունների շահերը: Արցախյան հակամարտության հարցում փոխզիջումների գաղափարը խիստ ոչ պոպուլյար է ժողովրդի, նամանավանդ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկների մեջ, բայց անհրաժեշտ՝ միջազգային աջակցություն ստանալու համար:

Հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունների նպատակն ամենից հաճախ առավելագույն ընտրազանգված ու միջազգային աջակցություն ստանալն է, հաճախ այդ կուսակցություններն ու իրենց ներկայացուցիչները նախընտրում են երկակի, խուսափողական կամ իրարամերժ պատասխաններ տալ՝ ձգտելով դրանով չզրկվել որևէ ուժի կամ հասարակական խմբի աջակցությունից, բայց արդյունքում էլ ավելի քայքայելով իրենց նկատմամբ վստահությունը:

Իմ կարծիքով, սրա այլընտրանքն է գաղափարական, սկզբունքային կուսակցությունը, որը եթե նույնիսկ խորհրդարանային նվազագույն ներկայություն ստանա հուսալի փոքրամասնության ձայների միջոցով, կարող է աճեցնել իր քաղաքական վարկանիշն ու, դրա շնորհիվ, նաև իր քաղաքական պլատֆորմի կողմնակիցների թիվն ու ընտրազանգվածը:

Սրան հակառակ ես լսել եմ կարծիք, որ Հայաստանում վիճակը չափազանց աղետալի է նման երկարատև ծրագրերի համար: Իմ կարծիքով, դանդաղ հաղթանակը ցանկացած դեպքում ավելի նախընտրելի է, քան արագ պարտությունների շարքը:

Կուսակցության քաղաքական պլատֆորմից պետք է բխեն ու քաղաքական պլատֆորմով պետք է հիմնավորվեն կուսակցության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, որոնք իրենց հերթին պետք է ներկայացվեն կուսակցության նախընտրական ծրագրերում: Կուսակցությունը պետք է ներկայացնի նաև այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ճանապարհային քարտեզն, ինչպես նաև դրանց տարբեր ասպեկտների ու փուլերի համար պատասխանատու անձանց ցանկ՝ ֆիքսված պատասխանատվություններով: Դա հաշվետու լինելու միջոց է և քաղաքացիների հետ փոխադարձ վստահություն կառուցելու ճանապարհ:

Եթե առաջին հայացքից իմ ասածը թվում է, թե բարդացնում է ամեն ինչ, ապա եկեք նայենք օրինակով: Մասնակցային ժողովրդավարության հիման վրա իր պլատֆորմը կառուցած կուսակցությունը ԵԱՏՄ մտնելու հարցը կպահանջեր լուծել հանրաքվեի, ոչ թե ներկայացուցչական ժողովրդավարության օրինակ հանդիսացող խորհրդարանական քվեարկության միջոցով: Եթե կուսակցությունը լիներ արմատական, իրենք նաև կտապալեին այդ հարցով խորհրդարանական քվեարկության փորձերը: ԼՂՀ տարածքային ամբողջականության հարցերի լուծման միջոցը կլիներ ԼՂՀ ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդումն ու միջազգային դիտորդների հսկողության տակ ԼՂՀ տարածքում հանրաքվեի անցկացումը: Լիքը խնդիրների լուծում կթելադրեր հենց պլատֆորմն, իմ օրինակի դեպքում՝ խնդիրների լուծումը կտեղափոխվեր հասարակական դաշտ, պատասխանատվության բեռը կփոխանցվեր քաղաքացիներին:

Եզրափակիչ խոսք
Արդյո՞ք իմ նշած ճանապարհը միանշանակ տանում է դեպի հաղթանակ: Բնավ ոչ: Կախված գաղափարներից, որոնց հիման վրա կկառուցվի պլատֆորմը, կախված  նրանից, թե այդ գաղափարներն ինչպես կընկալվեն ու կյուրացվեն քաղաքացիների կողմից, ինչքանով էֆեկտիվ կգործի կուսակցությունն, ինչ արտաքին գործոններ կմիջամտեն, հնարավոր են բազմաթիվ ելքեր: Բայց այս ճանապարհը կապահովի պայքարի շարունակականություն, ու պայքարը կլինի գաղափարական, ոչ թե կվերածվի քաղաքական կռապաշտության` «կուռքերի» հետագա հեղինակազրկմամբ ու մոռացմամբ:

Երբ կուսակցությունը կներկայացնի քաղաքական պլատֆորմ, ու հետամուտ կլինի նրան, որ իր գործունեությունը համապատասխանի իր քաղաքական պլատֆորմին, ես հնարավորություն կունենամ, որպես քաղաքացի և ընտրող, դատել, արդյոք այդ քաղաքական պլատֆորմը և այն ներկայացնող կուսակցությունը ներկայացնու՞մ են իմ շահերը:

Երբ կլինեն մեկից ավելի նման կուսակցություններ, ես կունենամ իրական ընտրության հնարավորություն:

Իսկ այն, ինչ մենք ներկայումս անվանում ենք ՀՀ խորհրդարանային կամ նախագահական ընտրություններ, իրականում ոչ թե ընտրություն են հիշեցնում, այլ ֆուտբոլային թիմի հաղթանակի վրա խաղադրույք դնել: Ընդ որում, մարդկանց մի մասը խաղադրույքը դնում է թիմի վրա, որն ակնհայտորեն հաղթելու է, իսկ մյուս մասը, նախապես գիտակցելով, որ թե՛ մրցավարը, թե՛ ամբողջ ֆեդերացիան ծախված են, դնում է հակառակ թիմի վրա, որպեսզի վերջում դուրս գա Ազատության հրապարակ ու գոռա՝ «սուձյա պիդառաս»:

No comments:

Post a Comment