Tuesday, December 30, 2014

«Անահիտ» մուլտֆիլմի մասին

Մի քանի օր առաջ ֆեյսբուքում «նախառևյու» էի գրել «Անահիտ» մուլտֆիլմի մասին, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչու չարժի նայել այդ մուլտֆիլմը: Հետո հասկացա, որ ուշադիր չէի եղել, թե ով է մուլտի հեղինակը. եթե ուշադիր լինեի, «նախառևյուս» կլիներ «нахառևյու»:

Փորձեմ ընդլայնել կարծիքս, որպեսզի տպավորություն չլինի, թե «не читал, но осуждаю» վերաբերմունք եմ ցուցաբերում:

Նախ՝ ֆիքսենք, թե ինչպես ենք գնահատում մուլտիպլիկացիոն աշխատանքը: Մենք գնահատում ենք սյուժեն, վիզուալ ոճը, անիմացիայի որակը, սաունդտրեկն ու վերջում՝ թե ինչպես է այդ ամենը համադրվում:

Քանի որ մուլտֆիլմն, ինչպես նախորդ անգամ, չեմ դիտել, ու չեմ պատրաստվում դիտել, կարծիքը հենվում է promotional material-ների վրա, որոնք հենց նախատեսված են ֆիլմի մասին պատկերացում ստեղծելու համար:

Սյուժեն. ընդհանուր առմամբ, սեփական ասելիք ունեցող մուլտ նկարահանելը, որը կգրավի առավել փոքր տարիքի երեխաներին, բավականին դժվար է (լավ օրինակներ՝ Սայմոն Ուելլս - «Բալտո»/«Balto», Տոմմ Մուր, Նորա Տվոմի - «Կելլսի գաղտնիքը»/«The Secret of Kells»), ինչի պատճառով նույնիսկ սեփական ասելիքով մուլտերը հաճախ հենվում են հայտնի հեքիաթների վրա՝ առնվազն հերոսներ ներգրավելով, familiarity-ի սկզբունքը կիրառելով. երեխաներն առավել հեշտ կապվում են հերոսների հետ, որոնց հետ իրենք արդեն կապված են («Շրեկ», և այլն): Պակաս ասելիք ունեցող մուլտֆիլմերը էկրանիզացնում են հեքիաթները, հաճախ whitewash անելով առավել մութ ու մռայլ թեմատիկաները (Դիսնեյի «Ջրահարսը»):

Բնական է, որ Սահակյանցները, ելնելով իրենց «գենդերային» նախասիրություններից, չէին էկրանիզացնի Ղազարոս Աղայանի «Արեգնազանը», որտեղ շոշափվում է տրանսսեքսուալիզմի թեման՝ նախընտրելով «Անահիտը», ներգրավելով տարրեր «Զանգի-Զրանգի»-ից: Վերջին երկու հեքիաթներում էլ ընդամենը կաննիբալիզմն է շոշափվում, իսկ դա բնավ գեյրոպական սարսափելի երևույթ չի երևի: Իրենց տրամաբանությամբ: Հետաքրքիր կլիներ, եթե ինչ-որ մեկը, նույն «ծնողկոմիտեական» տրամաբանությամբ, իրենց մեղադրեր կաննիբալիզմի քարոզի մեջ:

Կարճ կապելով, հեքիաթի էկրանիզացիա իրականացնելը խոսում է մի բանի մասին՝ մուլտֆիլմի հեղինակները սեփական ասելիք չունեին կամ ի վիճակի չէին սեփական սյուժե գրել: Թե ինչքանով է իրենց մոտ ստացվել գոնե հեքիաթ էկրանավորելը, սյուժեի առումով, կարող են ասել միայն մուլտը դիտած մարդիկ:

Ես նկատեցի տեսահոլովակի մեջ ձիու ու շան միջոցով comic relief ստանալու փորձ՝ շատ անհաջող, ընդ որում, Շրեկի Էշի ու Կատվի կերպարների պլագիատ էր հիշեցնում:

Հայտնի հեքիաթները մոդեռն ոճով վերարտադրելը մոդայի մեջ հիմնականում Դիսնեյն է մտցրել դեռ 80-ականներին, բայց հետխորհրդային երկրներում այդ ավանդույթը նոր է սկսել մոդայիկ դառնալ: Դրա պարզ ու խիստ անհաջող տարբերակ է «Երեք Դյուցազունների» մասին ռուսական մուլտֆիլմերի շարքը: Որ պատկերացնեք վերջինի ամբողջ սարսափը, առաջարկում եմ նայել հետևյալ տեսահոլովակը.


Վիզուալ ոճը. «Անահիտ» մուլտֆիլմի ամենաթույլ կետերից մեկը վիզուալ ոճն է: Այս հարցում շատ է շոշափվում «նմանակում» բառը, բայց իմ կարծիքով այստեղ տեղի ունի ոչ թե նմանակում, այլ մաքուր պլագիատ:


Սայմոն Ուելսի ոճը, լինելով ավելի հասուն ու բարդ, նույնպես իր մասն է ունեցել՝


Իհարկե, նույնիսկ նմանակումը բավականին էժանագին է ստացվել: Եթե Դիսնեյի մուլտֆիլմում հերոսները յուրահատուկ խարիզմա ունեին նույնիսկ դիզայնի մակարդակի վրա, իսկ Ուելսի «Եգիպտոսի Արքայազնը»/«The Prince of Egypt» էպիկ մասշտաբի աշխատանք էր, ապա, հուշեք ինձ, ինչ խարիզմա կարելի է տեսնել Վաչագանի ու Անահիտի հերոսների մեջ:

Եթե մուլտֆիլմը նկարեր Deviantart-ի սկսնակներից մեկը, նրա նկատմամբ կարելի էր դեռ ներողամիտ լինել: Բայց որպես լուրջ ստուդիայի կոմերցիոն աշխատանք, վիզուալ ոճի ու նկարչական տեխնիկայի տեսանկյունից, այն պարզապես աղետալի է (վատ որակի վեկտորային գրաֆիկա, որի վրայից կաթում է, որ այն վեկտորային գրաֆիկա է): Խնդիրն այստեղ հայերի նկարչական անտաղանդությունը չի՝ ես ինքս գիտեմ բավականին լավ երիտասարդ նկարիչներ: Այստեղ խնդիրը «մենք մերոնցով կանենք» մոտեցումն է: Ու բյուջեն էլ բան չի փոխում՝ հայաստանում դժվար թե ինչ-որ նկարիչ Հոլիվուդյան ասղաբաշխական հոնորարներին գոնե մոտ փող պահանջեր իր աշխատանքի համար:

Անիմացիայի որակն ու սաունդտրեկը. այս երկու կատեգորիաները միասին են քննարկվում, քանի որ հենվում են նույն աղբյուրի՝ մուլտֆիլմի trailer-ի վրա.


Անիմացիայի որակը խոսում է անիմատորների անվարժության մասին: Հենց այս պահին զբաղվելով համակարգչային անիմացիայով, ես բավականին լավ եմ գիտակցում, որ մի բան կա, որ միայն փորձի հետ է գալիս. դինամիկան: Կարելի է անիմացնել պերսոնաժին, կարծես թե ամեն ինչ ճիշտ է, բայց անիմացիան համոզիչ/կենդանի չի ստացվի: Այն կարծես «պարտադրված» է, այն ներկայացնում է շարժումը, բայց չի մարմնավորում այն: Դրա համար էլ անիմացիայի կուրսին զուգահեռ ես կոմիքսներ նկարելու կուրս էի անցնում, որովհետև այդ ոլորտում սառած շարժման դինամիկան շատ լավ է ուսումնասիրված: Իսկ շարժումն անիմացիայի մեջ ընդամենը ընթացք է: Եթե պատկերացնում ես շարժումը սառած ժամանակի ցանկացած պահին, ապա հանգիստ կարող ես վերարտադրել նաև ընթացքը: Ստանում ես ամենաարտահայտիչ կետերն ու սկսում աշխատել անցումների վրա: Անահիտ մուլտֆիլմում «ձեռքը շարժվեց աջ-ձեռքը շարժվեց ձախ» մոտեցումն է:

Այո, անիմացիան թանկ հաճույք է: Օրինակ՝ անիմեն, ի սկզբանե լինելով ավելի փոքրաբյուջե ժանր, ձգտում էր մինիմիզացնել անիմացիայի քանակը՝ կենդանություն հաղորդելով կադրին պերսոնաժների չափազանցրած, հիպերակտիվ վարքի միջոցով: Ու չափազանցումը, ժառանգված մանգայից, դինամիկ ու կենդանի էր ստացվում.


Կարճ ասած, անիմեի բանաձևը հետևյալն է՝ եթե չես կարող մի բան անիմացիա անել, այն անիմացիա մի արա: Թույլ տուր  մնացած արտահայտչամիջոցներին փոխանցել դինամիկան: Միմիկան, գեղեցիկ, հեշտ անիմացվող էֆեկտները, ծաղրանկարային չափազանցումները: Դինամիկայի ընդգծված բացակայությունն ընթացքի մեջ ու դրա փոխանցումը պոզաների մեջ բերում է խիստ ոճայնացված պատկերի:

Ինչու՞ ես բերեցի անիմեի օրինակը: Որովհետև սա նաև օրինակ է, թե ինչպես ճապոնացիները, չբավարարվելով էժանագին իմիտացիայով, փնտրեցին սեփական լուծումներ ու արդյունքում ինքնուրույն ժանր ստեղծեցին, որը դժվար է ուրիշի հետ շփոթել:

Ի վերջո, մուլտֆիլմը շարժվող պատկեր է: Եթե պատկերը կա, ապա շարժման պակասը դեռ կարելի է ինչ-որ չափով անտեսել: Բայց վատ շարժումն անտեսել անհնարին է:

Եռաչափ գրաֆիկան, որ հասցրեցի նկատել trailer-ում, ոչ միայն ավելորդ էր, այլ նաև անընդունելի նույնիսկ խաղային գրաֆիկայի մակարդակի վրա, չեմ խոսում ռենդված գրաֆիկայի մասին:

Սաունդտրեկի առումով, եթե trailer-ում մուլտֆիլմի իրական սաունդտրեկն է, ապա այն midi է հիշեցնում: Ակնհայտ կերպով համակարգչով շատ վատ հավաքված երաժշտություն է, որն արժեք չի ներկայացնում ոչ զուտ երաժշտական, ոչ էլ գործիքավորման տեսանկյունից: Արդյո՞ք դժվար կլիներ ժողովրդական երաժշտություն կատարող լավ համույթ գտնել, «Հովերի» նման երգչախումբ, կամերայինի նվագախումբը, լավ կոմպոզիտոր գտնել կոնսի կադրերից: Դժվար, իհարկե չէր լինի: Միայն ցանկություն էր պետք: Ու կստացվեր կոլորիտ, օրիգինալություն և այլն: Իհարկե, Շուշան Պետրոսյանին, Նազենի Հովհաննիսյանին և այլոց հերոսներին ձայներ տալու համար կանչելուն բյուջեն, բնականաբար, բավականացրեց:

Ինչպես է այս ամենը համադրվում. այս վերջին հարցին հնարավոր չի սպառիչ պատասխանել, եթե մուլտֆիլմը չեմ նայել, բայց դժվար է պատկերացնել, որ բոլոր վերևի կատեգորիաներում իրեն չարդարացված մուլտֆիլմն իրեն հանկարծ արդարացնի այս կատեգորիայում:

Ասածս ինչ էր: Իրականում նույնիսկ ճիշտ մոտեցման դեպքում, կախված հանգամանքներից (ժամկետ, բյուջե, այլ հանգամանքներ), մուլտֆիլմը կարող է վատը ստացվել կամ չարդարացնել սպասելիքները: Բայց երբ տեսնում ես մուլտֆիլմի ստեղծողների սխալ մոտեցումները միանգամից մի քանի կատեգորիաներում, ապա դրա արդյունքում լավ մուլտֆիլմ կարող է ստացվել զուտ մի դեպքում՝ պատահաբար: Իսկ այս հարցում հույսը պատահականության վրա դնելը մի քիչ սխալ է:

Ոմանք կասեն, որ այս մուլտֆիլմն, իհարկե, լավը չի, բայց ավելի լավ է, քան հայկական մուլտֆիլմերի բացակայությունն ընդհանրապես: Թույլ տվեք չհամաձայնել. նոր ավանդույթ ստեղծելն անհամեմատ ավելի հեշտ է, քան արդեն ստեղծված արատավոր ավանդույթներն արմատախիլ անելը կամ շտկելը: Բացի դրանից, նման ֆիլմերը սպանում են ապագա նկարիչների ու մուլտիպլիկատորների հավատը հայկական մուլտիպլիկացիայի նկատմամբ:

Մուլտֆիլմին արժեք չի տալու փաստը, որ հերոսուհու ձայնով հայտնի մարդ է խոսում, նամանավանդ եթե այդ հայտնի մասը որպես voice actor առանձնապես տաղանդ չունի: Մուլտֆիլմին արժեք չի տալու սովետական հայտնի մուլտիպլիկատորի անվան ստուդիան: Մուլտֆիլմին արժեք չի տալու նրա հայկական լինելը: Մուլտֆիլմին արժեք չի տալու Ղազարոս Աղայանը: Մուլտֆիլմի արժեքն իրականացման մեջ է: Եվ այս հարցում, վախենամ, այս մուլտֆիլմն իրեն չի արդարացրել:

Ահա թե ինչու իմաստ չունի դիտել «Անահիտ» մուլտֆիլմը:

Փոխարենը կարելի է սպասել իռլանդական Cartoon Saloon-ի («The Secret of Kells») նոր «Song of the Sea» մուլտֆիլմին (գարուն 2015). մարդիկ կարողանում են անել, որովհետև ձեռքերը ճիշտ տեղից են աճում:


Monday, December 29, 2014

Գադջետի ռևյու. պլանշետ Azpen A727 7''

CPU: A23 Cortex A7 1.5GHz
GPU: Mali-400 MP2
OS: Google Andorid 4.4JB (!)
RAM: 512M DDR3
Հիշողություն: 4GB Flash
Էկրան: 7 inch LCD 800x480(16:9)
Թաչ ինտերֆեյս: 5point catapitive touch screen
Տեսախցիկ: 0.3MP(Front)
Գին: 69.99$ արտադրողի կայքում
Ծանոթագրություն. բացականչականով նշված (!) կետը՝ անդրոիդից հասկացող մարդիկ կնկատեն, որ JB (JellyBean) անվանումը կրում են անդրոիդի 4.1-4.3.1 տարբերակները, իսկ 4.4-ի անվանումը KitKat է: Արտադրողի կայքում այս մոդելը գովազդվում է որպես 4.4 KitKat-ով աշխատող սարք: Իմ ձեռքին եղած մոդելի վրա Android 4.2.2 JellyBean էր, ու թարմացումներ փնտրելիս սարքն ասում էր, որ իր վրա տեղադրված է վերջին հնարավոր թարմացումը, հետևաբար, KitKat-ի թարմացում սարքի համար ներկայումս չկա:
Վերջին շրջանում լիքը գադջետների հետ շփվելով, որոշեցի ռևյուներ գրել իրենցից մի քանիսի մասին, ի վերջո, սարքերի հայալեզու ռևյուներն այնքան էլ շատ չեն: Azpen A727-ի հետ ես առնչություն չէի ունենա, եթե մերոնց այն չնվիրեին:

Azpen A727-ը ստանդարտ անդրոիդային պլանշետի տեսք ունի՝ я тучка, тучка, тучка, а вовсе не iPad բանաձևով կառուցված: Կոնստրուկցիան պլաստիկից է (դատելով զգացողություններից՝ ոչ այնքան պինդ, ձեռքով սեղմելիս ճռճռում է): Սարքի վերևում ձախից աջ բաշխված են՝ միացնել-անջատելու կոճակը, ականջակալի ստանդարտ մուտքը, mini-usb մուտքը համակարգչին կամ USB սարքերի միանալու համար: Mini-USB-ի ուղիղ հետևում արտաքին SD-քարտի մուտքն է: Այն բավականին ծանր է (Kindle Fire HD 6-ից մոտ 30 գրամ ավելի ծանր): Ակտիվ օգտագործելու դեպքում մարտկոցը մոտ 4 ժամ դիմանում է:

Լավ կողմերը. էժանոտ գին: Բայց ավելի լավ է մի քիչ էլ փող ավելացնել ու ավելի լավ պլանշետ գնել: Տեսախցիկը Skype-ի համար տանելի որակի է: Google Play կա, բացի ալտերնատիվ App Market-ից: Սարքը քչից-շատից կիրառելի է ինտերնետ մտնելու համար: Touch ինտերֆեյսը նորմալ է աշխատում ամենօրյա խնդիրների համար:

Վատ կողմերը. միգուցե սարքի վրա Android JellyBean-ի ինչ-որ վատ կամ թերի տարբերակ է,  սա այս ՕՀ-ի հետ իմ շփման առաջին փորձն է, բայց այն արխաիկ ու սարսափելի է: Ու մնացած ամբողջ ռևյուն:

Սարքն ունի 4 գիգաբայտ ներքին հիշողություն, որից 2 գիգաբայտը հասանելի չի (ծախսվում է ՕՀ-ի կարիքների համար): Մյուս 2 գիգաբայտը, որն արդեն մանևրելու համար փոքր տարածք է (ինձ համար պլանշետի մինիմալ թույլատրելի ծավալը 8 կամ 16 գիգաբայտն է) բաժանված է երկու 1 գիգաբայտանոց մասերի՝ Internal Storage ու Internal SD: Այս մոտեցմանը ես հանդիպել եմ նաև անդրոիդ հեռախոսների վրա և այն ինձ մոտ, ճիշտն ասած, տարակուսանք է առաջացնում: Ցանկացած դեպքում, այս բաժանման հետևանքով պլանշետի հիշողությունը շատ արագ է լցվում ու ծրագրային քեշերը մաքրելը դառնում է կենաց-մահու հարց:

Azpen-ի էկրանը շատ վատ դիտելիության անկյուն ունի, 20 աստիճան դեպի աջ թեքելու դեպքում (դիտման անկյունը՝ 70 աստիճան) էկրանը գրեթե անընթեռնելի է: Համեմատության համար՝ նոուտբուկի վրա, որով սա գրում եմ, էկրանն ընթեռնելի է դիտման 150 աստիճանի դեպքում, համակարգչիս էկրանը՝ 170 աստիճանի դեպքում: Ու երկուսն էլ LED-backlit LCD են, ոչ մեկն IPS չի: Այն նաև HD չի, ինչպես կարող եք տեսնել վերևում:

Թեև արտադրողը գովազդում է Azpen A727-ը որպես մեկ ձեռքով օգտագործման համար պիտանի սարք, բութ մատի հասանելիությունը, ինչպես և սպասելի է 7 դյույմանոց պլանշետի համար, 25-30% է:

Azpen-ն ունի արտաքին SD-քարտ, որի վրա դուք չեք կարող ծրագրեր գցել: Ընդհանրապես, ծրագրերն ավտոմատ լցվում են Internal Storage: Եթե ձեր բախտը բերի, դուք կկարողանաք դրանք մասամբ տեղափոխել Internal SD: Թե ինչ սկզբունքով է սարքը որոշում, թույլ տա ձեզ դա անել, թե ոչ, պատկերացում չունեմ: Ենթադրում եմ, որ սա ոչ թե սարքի, այլ անդրոիդի առանձնահատկությունն է:

Հիշողության սղության, թույլ պրոցեսորի ու փոքր օպերատիվ հիշողության պատճառով այն պիտանի չի նաև մեծ ծրագրերի ու խաղերի համար (Bard's Tale-ից կարող եք հույսներդ կտրել):

Վերջնական գնահատական. Azpen A727-ը էժան ու թույլ Android պլանշետ է: Հաշվի առնելով, որ 100 դոլարով արդեն ավելի հարգանքի արժանի սարքեր կարելի է գնել, այն գնելը, մեր մեջ ասած, կասկածելի հաճույք է: Բայց, մյուս կողմից, սարքը կարելի է որպես entry level գնել երեխաների համար՝ իմանալով, որ եթե ջարդեն, ափսոս առանձնապես չի լինի:

Wednesday, December 3, 2014

Ձյուն, ձմեռ, ու նման բաներ

Տարօրինակ երկար եմ քնել այսօր, ու դրա հետևանքով նոր եմ նկատում այն, ինչ դուք բոլորդ արդեն տեսել եք :) ձյուն: Լիքը ձյուն: Կարելի է ասել, տարվա առաջին կայուն ձյունը: Որը շուտով կդառնա տարվա առաջին կայուն ձնացեխը:

Ինչևէ, ընկերներիցս մեկն ինձ լավ երգ ուղարկեց առավոտյան, ես էլ ձեզ հետ կիսվեմ :) թեմայով է:


Monday, December 1, 2014

Շարֆեր


Իմ գործած առաջին շարֆը (լավ երկար, երևի մի սվիտերի չափ թել է վրան գնացել): Արդեն տեր ունի, մնում է՝ գա, վերցնի:


Սա էլ երկրորդը, այսօր եմ սկսել: Հնդկական խաչաձև գործվածք, հետո սովորական ռեզին, հետո հարթ հյուսկեն գործվածք: Զգացվում է ձեռքիս անվարժությունը, բայց աճն ակնհայտ է :)

Friday, November 14, 2014

«Մեկ Քառակուսի Մետր», «Ճագարի փոսում»

«Ինչով էի զբաղված վերջերս» շարքից. խաղում էի Վարդուհի Շահնազարյանի «Ճագարի փոսում» պիեսում՝ ՆՓԱԿ-ի «Մեկ Քառակուսի Մետս» թատերական փառատոնի շրջանակներում: Մրցանակ չշահեցինք, բայց բավականին հետաքրքիր փորձ էր, շատ բան օգնեց սովորել: Լուսանկարների համար շնորհակալություն Օֆային (նկարելու համար) ու Ռուբիին (ֆեյսում տեղադրելու համար).





Ռոզետտա առաքելություն

Վերջին շրջանում մի փոքր քիչ ժամանակ էր մնացել բլոգի համար, ու բաց թողեցի այնպիսի կարևոր իրադարձության լուսաբանումն, ինչպիսին է Ռոզետտա առաքելությունը: Այժմ փորձեմ լրացնել այդ բացը:

Ռոզետտայի պատմությունը բավականին լավ ներկայացնում է Տոմեկ Բագինսկու «Ambition» կարճամետրաժ ֆիլմը, այն անվանում են տիեզերքի նվաճման ոլորտում ամենամեծ քայլ՝ Լուսնի վրա իջնելուց հետո.


Այսպիսով, փորձեմ կրճատ պատմել, թե ինչ է Ռոզետտա առաքելությունն ու ինչում է նրա նշանակությունը մարդկության ու գիտության համար:

Արեգակնային համակարգի առավել հետաքրքիր ներկայացուցիչներն են գիսաստղերը՝ տիեզերական սառույցի հսկայական կտորներ, որոնք, Արևին մոտենալիս, սկսում են գոլորշիանալ, ինչը ստեղծում է  գիսաստղի տիպիկ «գլուխն» ու «պոչը»: Սառը միջուկն իրականում զգալիորեն ավելի փոքր է, թեև՝ էլի բավականին տպավորիչ չափսերի: 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի քաշն, օրինակ, որի մասին կխոսենք շուտով, (1.0±0.1)×10^13 կգ է:

Համեմատելով նրա չափսերը խոշոր եվրոպական քաղաքների հետ, կունենանք հետևյալ պատկերը.





Ռոզետտա առաքելությունն իրենից ներկայացնում է Եվրոպական Տիեզերական Գործակալության փորձը՝ մոտիկից ուսումնասիրել գիսաստղը (մասնավորապես՝ 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղը), ինչպես նաև վայրէջքային մոդուլ իջեցնել գիսաստղի վրա: Այդ առումով, մենք ունենք ուղեծրային (Rosetta) ու վայրէջքային (Phylae) մոդուլներ: Մոդուլների բաժանումն ու վայրեջքը տեղի ունեցավ հետևյալ դիագրամին համաձայն.

video

Phylae մոդուլի վայրէջքը, երեք փորձից հետո, ավարտվեց հաջողությամբ:

Տեղադրեմ Ռոզետտայից ստացված լուսանկարների առաջին մասը, հուսով եմ, հետագայում ավելի ծավալուն կանդրադառնամ թեմային:








Thursday, November 13, 2014

Երազ

Երազումս Մանեին ռեանիմացիայից պալատ էին տեղափոխել, սենյակի մյուս կողմում նստած ֆեյսբուքով չատ էի անում: Գնացի մոտը, որ հետը խոսեմ, Մանեն վզիցս կախվեց, շալակած տարա նոուտբուկի մոտ: Դեռ թույլ էր ինքնուրույն քայլելու համար: Չատերս էր կարդում, ասաց՝ տամ ինքն էլ մտնի, հազար տարի ինտերնետ ձեռքում չի եղել:

Ես մտածեցի՝ Մանե, սա արդեն մի անգամ եղել է, դու շուտով մահանալու ես, բայց չկարողացա հասկանալ, ինչից է մահանալու, եթե այդքան լավ է արդեն, ու ճիշտ կլինի արդյոք իրեն դա ասել:

Հետո արթնացա: Վատ էի: Լավ կլիներ՝ չարթնանայի:

Wednesday, November 12, 2014

Նյուէյջոլոգիա, մաս հինգերորդ. Օշո

(նախորդ մասն՝ այստեղ)

Հոդվածի առաջին մասը կպարունակի իմ անձնական վերաբերմունքն Օշոյի փիլիսոփայության ու դրա արժեքի վերաբերյալ: Երկրորդ մասում ես կնկարագրեմ Օշոյի կարիերայի եզրափակիչ էպիզոդներից մեկն ու կբերեմ իմ փաստարկները, որպեսզի պարզ դառնա, թե ինչու ես ունեմ հենց այդպիսի վերաբերմունք: Հոդվածի երրորդ մասում ես Օշոյի մտքեր կցիտեմ, ինչը պարզ ցույց կտա, որ իմ եզրահանգումը բավականին ակնհայտ ու ու հիմնավորված կլիներ նույնիսկ Օշոյի ամենահաջողակ տարիներին՝ մինչև դատական գործերն ու դեպորտացիան: Գնացինք:

.I.

Չանդրա Մոհան Ջայն, Աչարյա Ռաջնիշ, Բհագավան Շրի Ռաջնիշ, Օշո: Նրան անվանել են սուրբ, ուսուցիչ, մեսսիա, սիրո գուրու, իմաստուն ու էլի շատ բաներ: Թույլ տվեք չհամաձայնել: Օշոն, ինչպես Կոելիոն ու Դեն Բրաունը, իրոք լավ մարկետոլոգ էր, բայց բավականին վատ սուրբ, ուսուցիչ, մեսսիա: Ինչևէ, ճիշտ ժամանակաշրջանում ճիշտ մտքեր արտահայտելն իրեն հնարավորություն տվեց ձեռք բերել փառք, հարստություն, հետևորդների ամբոխ: Կարելի է ասել՝ նա սայենտոլոգիայի հիմնադիր Լ. Ռոն Հաբբարդի խոսքերի կենդանի մարմնացումն էր. «Ուզում ես փող աշխատել՝ կրոն հիմնադրիր»:

Օշոն բավականին պոպուլյար է նաև Հայաստանի պսևդոինտելեկտուալ-պսևդոբոհեմային շրջանակներում, նամանավանդ սեքսուալ ազատության մասին իր գրվածքներով:

Ինչը հերթական անգամ հաստատում է իմ ասածը, որ անինքնավստահ մարդիկ ընդամենը ցանկանում են իրենց սեփական մտքերը լսել՝ գրավոր տեսքով, դեմքի խելոք արտահայտությամբ, ու ցանկալի է՝ արևելյան միստիցիզմով հիմնավորված: Թերարժեքության կոմպլեքսով տառապող, հուսահատ կերպով իրենց խելացի զգալ ցանկացող, բայց սեփական ուսումնասիրություններ անելու համար չափազանց ծույլ մարդիկ (ինչպես Բրեդբերիի «Ֆարենհեյտ 451»-ում գրքի ավելի ու ավելի կրճատ տարբերակ կարդացողները) ցանկանում են, որ մեկը ծամի-դնի իրենց բերանն ամեն ինչ: Որովհետև մարդիկ սիրում են, որ իրենց փոխարեն մտածեն:

Դրա շնորհիվ կան Բլավացկայա, Օշո, Կոելիո, Ռերիխներ, Անի Բեզանտ, Մարշալ Էփլուայտ և այլն:

Օշոն կարողացավ դեմքի խելոք արտահայտությամբ ասված տրիվիալ պսևդոճշմարտությունը տգետ մարդկանց ծախելու գործը հասցնել նոր մակարդակի:

Կարդալով Օշոյի դիտարկումները սեքսուալ դիրքերի մասին, ծիծաղս զոռով էի զսպում. ինքը «գեղեցիկ դատողություններ» էր անում մոդայիկ, պսևդոֆեմինիստական ոճի մեջ, չկարողանալով գիտակցել սեռերի հոգեբանական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Նման դատողությունները կօգնեին Օշոյին այն ժամանակաշրջանի ԱՄՆ-ում հիպպի-ֆեմինիստուհիներին անկողին քաշել, բայց բացի այդ դեմոգրաֆիայի աղջիկներ «կպցնելուց» ուրիշ բանի պարզապես պիտանի չեն:

.II.

Դժվար է պատկերացնել արևելյան իմաստուն, սուրբ, մեսսիա, ուսուցիչ, որն արտակարգ սեր ունենա շքեղության նկատմամբ: Օրինակ՝ Ռոլս-Ռոյս ավտոմեքենա քշի: Սովորաբար մենք պատկերացնում ենք սեր, հավասարություն, նյութականից հրաժարում, ասկետիկ կյանք՝ այս պատկերացումները մեզ են եկել Բուդդայի և այլոց մասին պատմություններից: Ինչևէ, ի տարբերություն Բուդդայի, Օշոն բավականին մեծ սեր ուներ շքեղ ավտոմեքենաների նկատմամբ: Իհարկե, կարող եք ասել, որ նվեր ստացած Ռոլս-Ռոյսը մեծ զանցանք չի (ի վերջո, Կճոյանի պես «սուրբն» էլ Բենտլի է քշում, ինչու՞ Օշոն Ռոլս-Ռոյս չքշեր): Ցավոք, Օշոն մեկի փոխարեն ուներ... 93 Ռոլս Ռոյս, ինչն իրեն դարձնում է այդ մակնիշի մեքենաների ամենամեծ հավաքածուի տերը:

Իհարկե, միայն 93 Ռոլս-Ռոյսի տեր լինելը չափազանց թույլ փաստարկ է Օշոյի ամբողջ հեղինակությունը ժխտելու համար: Բայց երբ դրան ավելանում է բիոտեռորիստական հարձակում (սննդի ախտահարում սալմոնելլայով՝ ընտրությունների վրա ազդելու նպատակով) Դալլսի (Օրեգոն) քաղաքացիների նկատմամբ, ու թմրադեղերի վաճառք, պատկերն էլ ավելի հակասական է դառնում:

Օշոյի աշակերտ Մա Ավայի վկայությունից դատարանում.
"She [Sheela] came back to the meeting and ... began to play the tape. It was a little hard to hear what he was saying ... And the gist of Bhagwan's response, yes, it was going to be necessary to kill people to stay in Oregon. And that actually killing people wasn't such a bad thing. And actually Hitler was a great man, although he could not say that publicly because nobody would understand that. Hitler had great vision."
Les Zaitz. "Rajneeshees' Utopian dreams collapse as talks turn to murder – Part 5 of 5", The Oregonian, 14
Թարգմանություն. «Նա [Շիլլան] վերադարձավ հանդիպումից... ու միացրեց ժապավենը: Մի քիչ դժվար էր լսել, թե նա ինչ էր ասում... ու Բհագավանի պատասխանի հիմնական կետն էր՝ այո, անհրաժեշտ էր լինելու մարդկանց սպանել՝ Օրեգոնում մնալու համար: Ու որ իրականում մարդկանց սպանելն այնքան էլ վատ բան չէր: Ու որ իրականում Հիտլերը մեծ մարդ էր, թեև նա չէր կարող դա հրապարակայնորեն ասել, քանի որ ոչ ոք իրեն չէր հասկանա: Հիտլերը մեծ տեսիլք ուներ»:
Բացատրեմ իրավիճակը. երբ ռաջնիշիստական հանրության մեջ իշխանության պայքար սկսեց Օշոյի ու նրա աշակերտ Շիլլայի միջև, Օշոն Շիլլային մեղադրեց տարբեր հանցանքների մեջ, ներառյալ վերոհիշյալ բիոտեռորիստական հարձակումը, ու ապացույցներ ներկայացրեց իշխանություններին՝ պնդելով, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չի եղել: Հետաքննության ժամանակ Շիլլան բացահայտեց, որ ինքը ձայնագրման սարքեր ու թաքուն տեսախցիկներ էր դրել Օշոյի սենյակում, այնպես որ, Օշոն չէր կարող անգիտություն ձևացնել ու ջրից չոր դուրս գալ: «Սուրբը» ներգրավվեց դատական գործի մեջ՝ որպես մեղադրյալ:

Ինչու՞ էր Օշոյին պետք ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նրա հանրությունը հաճախ կոնֆլիկտներ էր ունենում տեղի բնակչության հետ, հիմնավանում՝ տարածքի օգտագործման թեմայով: Օշոյի հանրությունն ու հետևորդները հարուստ էին ու մեծաքանակ, ինչն իրենց թույլ էր տալիս ճնշումներ գործադրել փոքր ավանների վրա: Այդպես, օրինակ, իրենք փորձեցին գրավել Օրեգոն նահանգի Անտելոպ քաղաքը, որը վերանվանվեց «Ռաջնիշ»: Այո, Օշոն ունեցավ իր անվամբ քաղաք: Տեղաբնակները, բնականաբար, նման երևույթներին այնքան էլ հանդուրժողական չէին վերաբերվում (պատկերացրեք՝ ձեր ապրած քաղաք լցվի քաղաքի բնակիչներից մեծաթիվ մի խումբ, որոնք ոմն Վազգենի հետևորդներ են, ու ձեր քաղաքի անունը քվեարկությամբ փոխեն, դարձնեն Վազգեն): Առաջանում էին կոնֆլիկտներ, որոնք պետք էր լուծել: Օշոն, փաստորեն, կոնֆլիկտներ լուծելու ոչ բռնի մեթոդների կողմնակից չէր, բայց նաև չէր ցանկանում մեթոդներ, որոնք իր իմիջին կարող են վնասել:

Հիմնավոր մտավախություններ կային, որ Օշոյին իր համայնքում ձերբակալելու դեպքում առավել ֆանատիկ հետևորդները կանանց ու երեխաների «մարդկային վահան» կստեղծեն, ու բռնությունն անխուսափելի կդառնա (Դավիթ Կորեշի ու Ճյուղավորված Դավիդիանների դեպքը՝ Wacko Siege, հետագա ուսումնասիրության համար): Եկեք հասկանանք, որ Օշոն ազդեցիկ մարդ էր. աջ կողմում դուք կարող եք տեսնել, թե ինչպես են իր սանյասիններն (աշակերտները) ողջունում իրեն իր ամենօրյա մեքենայով երթի ժամանակ: Նրա շատ հետևորդներ բավականաչափ նվիրված էին իրեն, որ սպանեին կամ սպանվեին հանուն «ուսուցչի»:

Ինչևէ, Օշոն ինքը հասկանում էր, որ չի կարող հավերժ թաքնվել իր հանրությունում: 1985 թվի հոկտեմբերի 28-ին Ռաջնիշն ու փոքր թվով սանյասիններ ձերբակալվեցին են Հս. Կարոլինայի թռիչքուղուց՝ վարձված Learjet ինքնաթիռով թռիչք կատարելու փորձի ժամանակ: Ինքնաթիռի վրա, բացի փախնողներից, գտնվեցին. 58 հազար դոլար կանխիկ փող, 35 ժամացույցներ ու թևնոցներ՝ 1 մլն դոլար գումարային արժողությամբ:

Թեև Օշոն սկզբում պնդում էր, որ անմեղ է, ապացույցներին ծանոթանալու դեպքում անմեղության պնդումը փոխարինեց այսպես կոչված Alford plea-ով (երբ մեղադրյալն իր մեղքը չի ընդունում, բայց համաձայն է, որ ապացույցները բավականաչափ ուժեղ են՝ իրեն դատապարտելու համար): Մեղադրող կողմի հետ պայմանավորվածությունն այնպիսին էր, որ Alford plea-ից հետո իրեն հնարավորություն կտան լքել ԱՄՆ տարածքը՝ մոտակա հինգ տարում առանց ԱՄՆ գլխավոր դատախազի թույլատվության չվերադառնալու պատճառով, ինչպես նաև՝ 400,000 ԱՄՆ դոլար տուգանք: Հաշվի առնելով իրավիճակը, ԱՄՆ արդարադատության համակարգը չափազանց բարի գտնվեց նրա նկատմամբ՝ բանտարկություն չպահանջելով:

Դեպորտացիայից հետո 21 երկիր հրաժարվեցին Օշոյին ապաստան տալ, ինչից հետո նա վերադարձավ Հնդկաստան՝ Պունա, որտեղ իրեն դիմավորեցին ինչպես հերոսի:

Օշոն, իհարկե, այնքան էլ շնորհակալ չէր քեռի Սեմին իր հետույքին սապոգի հետք դրոշմելու ու իրեն դուրս շպրտելու համար: Հնդկաստանում նա ճառ արտասանեց, որ «աշխարհը պետք է հրեշ Ամերիկային տեղը դնի», ու որ «Ամերիկային կամ պետք է լռեցնել, կամ էլ Ամերիկան աշխարհի վերջը կտա»: Իրոք, փոքրոգի աբիժնիկություն, որը մեզ ներկայացված «սուրբ մարդու» պատկերին այնքան էլ չի համապատասխանում:

Փաստարկները, որ բերվել են այստեղ, «կեղտ ու հերյուրանքներ» չեն, ինչպես սիրում են արտահայտվել Օշոյի պաշտպանները: Սրանք փաստեր են, որոնց դեմ դատարանում նույնիսկ Օշոն որոշել է չպայքարել: Ինչևէ, ահա թե ինչ են հիշեցնում բանավեճերն այս թեմայով.


.III.

Իսկ հիմա մի քիչ Օշո ցիտենք:
"Hitler’s violence was far more peaceful" than (for example) the violence which erupted in India after independence from the British Crown; Hitler "killed people in the most up-to-date gas chambers, where you don’t take much time. Thousands of people can be put in a gas chamber, and just a switch is pressed ... Within a second, you evaporate. The chimneys of the factory start taking you, the smoke – you can call it holy smoke – and this seems to be a direct way towards God."
Osho, From Death to Deathlessness – Answers to the Seekers on the Path, English Discourse series, 1985, chapter 15
Թարգմանություն.
«Հիտլերի բռնությունը շատ ավելի խաղաղ էր, քան (օրինակ) բռնությունը, որ ծագեց Հնդկաստանում Բրիտանական թագից անկախանալուց հետո. Հիտլերը սպանում էր մարդկանց ամենաժամանակակից գազախցիկներում, որտեղ դուք երկար չէիք դիմանա: Հազարավոր մարդկանց կարելի է մտցնել գազախցիկ, քաշել բռնակը... մի վայրկյանում դուք գոլորշիանում եք: Գործարանի խողովակները սկսում են ձեզ քաշել, ծուխը՝ կարող եք այն անվանել «սրբազան ծուխ», ու դա կարծես թե ուղիղ ճանապարհ է դեպի Աստված»:
Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս կարդալ այդ 15-րդ գլուխը: Այն հասանելի է այս հղմամբ, ամբողջ գրքի հետ միասին:
"homosexuals, because they were perverted, created the disease AIDS." "They can live in their own world, in their own way, and be happy, but they should not be allowed to move in the wider society, spreading all kinds of dangerous viruses."
Rajneesh, Hari Om Tat Sat – The Divine Sound That is the Truth, Discourse 6
Թարգմանություն.
«Նույնասեռականները, քանի որ այլասերված են, ստեղծել են ՁԻԱՀ հիվանդությունը»: «Նրանք կարող են ապրել իրենց սեփական աշխարհում, իրենց սեփական ձևով, ու երջանիկ լինել, բայց նրանց չի կարելի թույլ տալ դուրս գալ լայն հասարակություն ու տարածել բազմազան վտանգավոր վիրուսներ»:
Իր նույնասեռական սանյասիններին նա պատասխանել է.
"As a homosexual, you are not even a human being ... You have fallen from dignity."
Rajneesh, From Bondage to Freedom - Answers to the Seekers on the Path, English Discourse series, 1985, chapter 16
Թարգմանություն.
«Որպես նույնասեռական, դուք նույնիսկ մարդ արարածներ չեք... դուք կորցրել եք արժանապատվությունը»:
Ֆիքսեմ, որ Ռաջնիշը ոչ մի կերպ չի հերքել կամ փոխել վերոհիշյալ ասույթները մինչև իր կյանքի վերջը:

Հետագա եզրահանգումները թողնում եմ ձեզ:

Tuesday, November 11, 2014

«Բարձի գիրք», գրառում առաջին, “Գարնանն ամենից գեղեցիկ է լուսաբացը”

Կանո Սանրակու, վաղ 17-րդ դար
Գարնանն ամենից գեղեցիկ է լուսաբացը: Երբ լույսը սահում է սարերի վրայով, նրանց ուրվագծերը գունատ կարմիր են ներկվում, ու մանուշակագույն ամպերի ծվենները թափառում են նրանց վրայով:

Ամռանը՝ գիշերները: Ոչ միայն երբ լուսինն է փայլում, այն նաև մութ գիշերներին, երբ լուսատտիկներն այս ու այն կողմ են թռչում, ու նույնիսկ երբ անձրև է գալիս, որքան գեղեցիկ է այն:

Աշնանը՝ երեկոները, երբ փայլող արևը սուզվում է սարերի եզրին, ու ագռավները ետ են թռչում դեպի իրենց բները եռյակներով ու քառյակներով. էլ ավելի հմայիչ է վայրի սագերի երամը, որ հեռավոր երկնքում կետերի է նման: Երբ արևն արդեն մայր է մտել, մարդու սիրտը հուզվում է քամու ձայնից ու միջատների բզզոցից:

Ձմռանը՝ վաղ առավոտները: Իրոք գեղեցիկ է, երբ գիշերվա ընթացքում ձյուն է եկել, բայց երբ հողը սպիտակ է եղյամից, դա էլ է հիասքանչ, կամ երբ նույնիսկ ձյուն կամ եղյամ չկա, բայց պարզապես շատ ցուրտ է, ու սպասավորները շտապում են սենյակից սենյակ, որ կրակներ վառեն և ածուխ բերեն, ինչքան է դա համապատասխանում եղանակի տրամադրությանը: Բայց հենց մոտենում է կեսօրն ու ցուրտը կոտրվում է, էլ ոչ ոք չի հոգում, որ օջախները վառ մնան, ու շուտով կրակներից մնում են միայն սպիտակ մոխրի կույտեր”:
Սեյ Սյոնագոն, «Բարձի գիրք», գրառում 1
մ.թ. 1002 թվական

Թարգմանությունը՝ Բ. Պողոսյանի, Իվան Մորրիսի անգլերեն թարգմանության հիման վրա («The Pillow Book of Sei Shōnagon», Penguin Books, 1991, ISBN 978-0-231-07337-0)

Friday, October 31, 2014

Ընկածին խփելն էլ է հայի երջանկությունը. պատասխան մի ողորմելի հոդվածի

Ոմն Հրաչուհի Փալանդուզյան հոդված էր գրել «Կտոր մը երկինք» ֆիլմի ու նրա «փուչ ու վտանգավոր» ողնաշարի մասին: Ինչպես երևի արդեն հասկացել եք, հիմար հոդվածներ գրելը հղի է վտանգներով, մասնավորապես՝ ես կարող եմ գտնել այդ հոդվածն ու հոշոտել այնպես, որ քիչ չթվա:

«Թորիկը մի ողորմելի մարդ է, ում աչքին անառականոցի մարմնավաճառը հրեշտակ է երևում: Ուր էլ փախչենք, թռչենք, գլուխկոնծի տանք՝ «Կտոր մը երկինք» կինոնկարի ողնաշարն այս փուչ ու վտանգավոր դասընթացն է», ահա թե ինչ թեզիսով է սկսում իր հոդվածը Հրաչուհին: Ես ենթադրում եմ, որ նման տեսանկյուն իրոք գոյություն ունի, և այն նույնիսկ ներառված է պատմվածքի մեջ.
Մի չարամիտ կին, որի երկու աղջիկները տանն էին մնացել, մրթմրթաց.
— Բոզու բախտ է։
Եվ սև քողի տակ նրա դեմքը դեղնեց նախանձից։
Ինչևէ, եկեք քննարկենք ֆիլմը և հերոսներին: Արդյո՞ք ողորմելի մարդ է Թորիկը: Թորիկը որբ ու միամիտ մարդ է, ում հասարակությունն ընդունում է միայն Գրիգոր աղայի հեղինակության հաշվին (քանի որ Գրիգորն աղա է), բայց առիթը բաց չի թողնում նրա միամտությունը շահագործելու համար: Գրիգոր աղայի մահվանից հետո, եթե հիշում եք, նույնիսկ արտաքնոց մաքրողը չի համաձայնում Թորիկին հարս տալ:

Ինչևէ, արդյո՞ք Թորիկը մնացածի նման պնակալեզ, քծնող ու երկերեսանի է: Բնավ ոչ: Ու հաշվի առեք, ես չեմ հիմնում իմ վերաբերմունքը Թորիկի նկատմամբ նրան ինքս ինձ հետ ասոցացնելու վրա. ցանկացած ինձ ճանաչող մարդ կասի, որ ես նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ: Ինչևէ, ես հարգում եմ Թորիկին՝ նա անհամեմատ ավելի մեծ և ուշադրության արժանի հերոս է, քան իրեն շրջապատող մանր քաղքենիությունը: Դժվար թե ինքը Նիցշե ու Կանտ կարդա, բայց հաստատ կարող ես ասել, որ լավ մարդ է: Ու, եթե ինչ-որ մեկը կվիճի, թե «լավ մարդը» չափազանց աբստրակտ է կատեգորիա լինելու համար, ավելացնեմ՝ նա պրիմիտիվ-ռեակցիոն հերոս չի, ու խայտառակ չի անում «ընկերոջն», ով սեփական անունը պահելու համար Թորիկին համընդհանուր ամոթանքի օբյեկտ է դարձնում («անառակին հրեշտակ մի ասա, մեղք է»): Ֆիլմն ամեն կերպ ցույց է տալիս, թե ինչպես Թորիկն ընդունակ չի անազնիվ արարքի:

Անժելին հանդիպելուց հետո Թորիկն աղջկան խնձոր է առաջարկում, իսկ Թուրիկ մայրիկին ներկայացնելուց արդարանում է՝ նա էլ ինձ պես որբ է:

Անժելն իր հերթին հասարակության կողմից մերժված անձ է: Որբ լինելով ու, ի տարբերություն Թորիկի, հոգատար խնամակալներ չգտնելով, նա արժանանում է այն բախտին, որին հաճախ արժանանում են որբ աղջիկներն աշխարհով մեկ: Նա ստիպված է մարմնավաճառ դառնալ: Ես վստահ եմ, որ վերոհիշյալ հոդվածի հեղինակը կպնդեր, որ ավեի շուտ սովից կմեռներ, քան մարմնավաճառությամբ կզբաղվեր, ինչպես և վստահ եմ, որ առավելագույն դեպքում մի շաբաթ սովելուց հետո իր երգը կտրուկ կփոխվեր: Ու ի՞նչ է զգում Թորիկը նրա նկատմամբ: Կարեկցանք: Հարազատություն: Հոգատարություն: Սեր: Իրոք, ո՞վ կարող է ավելի մերժված լինել ֆիլմում նկարագրված հասարակության մեջ, քան մարմնավաճառը: Նույնիսկ ու նամանավանդ այն մարդկանց կողմից, ովքեր օգտվում են նրանց ծառայություններից: Ու արդյո՞ք այն մարդը, որ հրաժարվում է մասնակցել այդ մերժմանը, ավելի բարձր չի հասարակությունից:

Անցյալ տարի ես ու իմ ռուս ընկեր Իգորը իջանք Բաղրամյան՝ այնտեղ կանգնած աղջիկների համար Крематорий խմբի «Сексуальная Кошка» երգը երգելու, որովհետև ցուրտ երեկո էր ու հենց այդ մարդկանց կյանքում հաճելի մանրուքներ հազադեպ են լինում: Ու այդ մարդիկ են հենց, որ առավել շատ են զգում մարդկային վերաբերմունքի կարիքը: Երբ աղջիկներից մեկն ինձանից սիգարետ է խնդրում կամ կրակ, ես հաճույքով տալիս եմ: Ինչ հոգ, որ հասարակությունն իրենց մերժել ու ստիգմատիզացրել է: Այդ մարդիկ ինձ երբեք ոչ մի վատություն չեն արել, ի տարբերություն հասարակության, որն ինձ նույնպես փորձում է ստիգմատիզացնել ու մերժել:

Բայց Հրաչուհու տրամաբանությունն ուրիշ բան է պնդում.
Մանավանդ, և սա նկատի ունեցեք, Մանոն Լեսկոյի կամ Մարգարիտ Գոթիեի նման ողբերգական չէ այս հերոսուհին, այլ երջանի՜կ: Սա կործանումից չի փրկվում, սրան տերերն ու հիվանդությունները չեն հալածում, պարզապես պարգևատրվում է, ախր երկնքի՜ կտոր է:
Հրաչուհին, փաստորեն, պատրաստ է թույլ տալ կարեկցանք մարմնավաճառի նկատմամբ (ինչպիսի մեծահոգություն), բայց... միայն եթե մարմնավաճառին հալածում են ու վերջինս անպայման ողբերգական վախճան է ունենալու:

«Կտոր մը երկինք» ֆիլմում իրականում հայի երկու արքետիպ կա, ու ես չէի սահմանափակի մարդկանց այդ երկու արքետիպերով: Բայց այս երկուսը պետք է քննարկել: Երկուսն էլ հայ են: Մեկը մենք ի նկատի ենք ունենում, երբ արցունքակալած աչքերով ասում ենք, թե հայերն աշխարհում ամենալավ մարդիկ ենք: Թորիկը դրա ներկայացուցիչ է, մարդ, ով ընկածին ձեռք է մեկնում ու դրանով երջանիկ է: Մյուսը մարմնավորում է Հրաչուհի Փալանդուզյանը. մարդդ, ում երջանկությունն ընկածին խփելն է:

Երկուսն էլ զուտ հայկական արքետիպեր են, երկուսն էլ ես ամեն օր տեսնում եմ շուրջս: Եթե հիմա մեկը հայրենասիրական պաթոսով ասի, որ մեկն իսկական հայկական տեսակն է, մյուսը՝ ոչ, ես կհակադարձեմ «no true scotsman»-ով: Ոչ, երկուսն էլ մեր դեմքն են ներկայացնում: Համենայն դեպս, մեր դեմքի մի մասը:

Եթե Հրաչուհին հպարտ է իրեն դասել այն մարդկանց խմբին, ում երջանկությունն է ընկածին խփելը, ես պատրաստ եմ հպարտորեն ինձ դասել անառակի մեջ հրեշտակ տեսնողների խմբին:

«Կցանկանայի» գրածս ավարտել պաթոսային ու բազմակետով վերջացող նախադասությամբ, ինչպիսին է «երեխաներն են մեղք...»-ը, բայց փոխարենը կասեմ հետևյալը. մարդիկ սիրում են դատել ուրիշ մարդկանց: Մարդիկ առավել սիրում են մեծ խմբով դատել ուրիշ մարդկանց, որովհետև քանակը կոմպենսացնում է ձվերի պակասը: Մարդիկ չեն սիրում, երբ իրենց մեծ խմբով կոմպենսացրածը կասկածի տակ է առնվում: Մարդիկ սիրում են, փոխարենը, իրենց գարշելի մտքերը քողարկել սիրուն բարոյախոսությունների օծանելիքի տակ:

Ինչպիսի՞ն էր «Կտոր մը երկինք» ֆիլմի ենթավերնագիրը: Հիշեցի: «Ապտակ»:

Thursday, October 16, 2014

երազումս
երկու հարկանի տուն էր
վերևի հարկում ռեանիմացիայի սենյակ
ներքևում՝ թաղման բյուրոյի նման բան
սեղանի վրա դագաղ դրած
դատարկ
լիքը մարդիկ կանգնած
ու ինձ խնդրում են Մանեի մարմինը վերևի սենյակից իջեցնել ներքև
ու ես գրկում իջեցնում եմ, դրան զուգահեռ ոնց որ նույն երազն ընթանա, բայց նորիս սկզբից
ու վրայից՝ երրորդ շերտով
չորրորդ
և այլն
ու ամեն անգամ՝ ինչ-որ մանրուքներ փոխված
զուգահեռ, բայց ոչ միաժամանակ
որ էպիզոդը ժամանակի ցանկացած պահի անվերջ անգամ սկսում է ու անվերջ անգամ վերջանում
անվերջ չնչին փոփոխություններով
ու ես հասկանում եմ
թե հենց որ պահին է Մանեն իմ ձեռքերի մեջ մահանում
ասենք սիրտը կանգնած է
բայց հենց երբ է միտքը մեռնում վերջնականապես
ժամանակի ցանկացած պահի
ու միակ անփոփոխ կետը դա է
ու էդ գիտակցությունը գլխիս մեջ աճում է
ես ոնց որ սոխի նման շերտատվեմ երազի տարբեր շերտերի մեջ
ու արթնանում եմ



Friday, September 19, 2014

Շնորհակալ եմ

Ամենածանրն այս իրավիճակում մարդիկ են, ովքեր դեռ մարմինը հողին չհանձնած՝ ոսկորներն են հաշվում: Էնպիսի լեգենդներ եմ կողքից լսում, որ մազերս բիզ-բիզ են կանգնում:

Իրավիճակը հասկանալու բոլոր փորձերը նման են սանտիմետրեր հաշվելուն, թե ինչքան է քեզ քո եղած տեղից շպրտել մետեորը:

Իրականում ես չեմ ցանկանում ոչ մեկին մեղադրել: Միակ զգացողությունը, որ ունեմ, շնորհակալության զգացողությունն է: Բոլոր միասին ապրած լավ ու վատ օրերի համար: Շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ: Շնորհակալ եմ նաև վերջին բառիդ համար: Որովհետև այդ բառից հետո արդեն երևի ոչինչ չկարողանա ինձ ստիպել քեզ մոռանալ:

Wednesday, September 17, 2014

Մահացավ

Now cracks a noble heart. Good night sweet prince:
And flights of angels sing thee to thy rest.


Thursday, September 11, 2014

Անվանեք ինձ Իշմայել. Հերման Մելվիլի «Մոբի Դիկ կամ Սպիտակ Կետը» վեպի քննադատություն

Ներածություն

«Անվանեք ինձ Իշմայել»: American Book Review պարբերականն իր «Գրքի 100 լավագույն առաջին նախադասություններ» ցանկի առաջին տողում նշում է հենց Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» վեպի սկիզբը, ու ես լրիվ համաձայն եմ պարբերականի հետ: Հենց այդ պատճառով էլ ես չէի կարող այլ կերպ սկսել հոդվածս: «Մոբի Դիկը» պատմում է իրական անունը չնշվող պատճառներով թաքցնող հերոսի մասին, որը նավաստի է դառնում նավապետ Ահաբի «Պեքոդ» կետորսական նավի վրա, դրանով դառնալով Ահաբի ու Մոբի Դիկ անունը ստացած ալբինոս կետի միջև մահացու պայքարի մասը:

«Պեկոդի ճանապարհորդությունը»
նկարիչ՝ Էվերետտ Հենրի
«Մոբի Դիկը» համարվում է ամերիկյան ռոմանտիզմի շրջանի որոշիչ աշխատանքներից մեկը, թեև իր հրապարակման պահից մինչև Մելվիլի մահը ենթարկվել է ոչնչացնող քննադատության ու խիստ ցենզուրայի: Փաստացի, այն արժանի ուշադրություն է սկսել ստանալ միայն Առաջին Համաշխարհայինից հետո, երբ հաստատված, ընդունված արժեքները սկսել են վերանայվել: Կցանկանայի զգուշացնել, որ թեև մեծ է այս վեպը որպես արկածային գրականություն կարդալու գայթակղությունը (իմ կարծիքով՝ Մելվիլի ժամանակակիցների մեծ սխալներից մեկը), այն կտրուկ տարբերվում է Ստիվենսոնի, Ֆենիմոր Կուպերի, Մայն Ռիդի ու Ժյուլ Վեռնի արկածային վեպերից: Ավելին, ես պնդում եմ, որ «Մոբի Դիկը» հանդիսանում է ամերիկյան գոթական գրականության ներկայացուցիչ ու գոթական վեպ, որը պետք է դիտարկել այնպիսի աշխատանքների կողքին, ինչպիսիք են Էդգար Ալան Պոյի «Աշերի տան անկումն» ու Բրեմ Ստոկերի «Դրակուլան»:

Քանի որ արտասահմանյան գրականության հայալեզու քննադատությունը բավականին սուղ է, այն էլ ինտերնետում, հոդվածս ավելի ծավալուն կստացվի, քան նախատեսված էր, ու կանդրադառնա նաև գրական ձևերին, որոնք այստեղ քննարկվում են: Առավել մեծ կտավ վերցնելը նաև ինձ հնարավորություն կտա ցույց տալ գրական ոճի էվոլյուցիան Էդգար Ալան Պոյի, Հերման Մելվիլի ու Էռնեստ Հեմինգուեյի օրինակների վրա:

«Մոբի Դիկի» սյուժեի ու գրական ոճի վերլուծություն

«Մոբի Դիկ» վեպը բավականին յուրահատուկ կերպով է սկսում. վեպից առաջ բերվում է կետի ստուգաբանությունն ու համաշխարհային գրականության ու առասպելաբանության մեջ կետերի հիշատակումները:

Այստեղ և հետագայում բնագրից թարգմանությունները ես ինքս եմ արել, ու դրանք ակադեմիկ, ոչ թե գեղարվեստական թարգմանություններ են: Փորձ է արվել պահպանել հեղինակի ոճական առանձնահատկությունները, բառախաղերն ու որոշ բառեր չեն թարգմանվել՝ փոխարենը բացատրվելով: Ծանոթագրությունները կբերվեն կապույտ մգեցված տեքստով: Եթե թարգմանությունն իմը չի, դա առանձին կնշվի:
Ստուգաբանություն
(Քերականության դպրոցին տրամադրված հանգուցյալ թոքախտավոր Աշերի կողմից)

Գունատ Աշերը՝ մաշված վերարկուով, սրտով, մարմնով ու մտքով. կարծես աչքերիս առաջ լինի: Նա իր արտառոց թաշկինակով, որի վրա, ասես ծաղրի նշան, ասեղնագործված էին աշխարհի բոլոր հայտնի երկրների զվարթ դրոշները, անվերջ մաքրում էր իր հին բառարանների ու քերականության գրքերի վրայի փոշին: Նա սիրում էր իր հին քերականության գրքերի փոշին հավաքել. ինչ-որ կերպ դա իրեն մեղմորեն հիշեցնում էր իր մահկանացու լինելու մասին:

«Երբ հանձն եք առնում կրթել ուրիշներին, ու սովորեցնում իրենց, թե ինչ անվամբ է պետք կոչել կետաձկանը (բնագրում՝ whale-fish) մեր լեզվով, տգիտության պատճառով բաց թողնելով H տառը (whale բառում, հայերենում այն կորցնում է իր նշանակությունը), որը գրեթե մենակ ներկայացնում է բառի նշանակալիությունը, դուք փոխանցում եք այն, ինչ ճշմարիտ չի»:
—Հեքլայտ

«ԿԵՏ (նորից՝ ստուգաբանելիս կարևոր է անգլերեն WHALE բառը, քանի որ հենց նրա ստուգաբանությունն է բերվում).... Շվ. ու Դան. hval: Այս կենդանին իր անվանումը ստացել է կլորությունից կամ գլորվելուց, քանի որ Դան. hvalt նշանակում է կամարաձև (բնագրում՝ arched or vaulted, որոնք կամարների երկու տարբեր ձևեր են նշանակում)»:
—Վեբստերի Բառարան

«ԿԵՏ (WHALE).... Այն առավել ուղղակիորեն ծագում է Հոլ. ու Գեր. Wallen բառից. անգլո-սաքսոնական Walw-ian՝ գլորվել, թավալ տալ»:
—Ռիչարդսոնի Բառարան
Ստուգաբանությանը հաջորդում են վերոհիշյալ մեջբերումները, որոնք արված են բազմաթիվ աղբյուրներից, որոնք ներառում են հետևյալները.
  • Աստվածաշունչ
  • Պլուտարքոսի «Բարոյականությունների» Ֆիլմոն Հոլլանդի թարգմանությունը
  • Ուիլիամ Տուկի «Լյուցիանից»
  • Շեքսպիրի «Համլետից» ու «Հենրի արքայից»
և այլն:

Այսպիսով, ինչու՞ է հեղինակը ռոմանտիզմի շրջանի վեպը սկսում քերականության կամ բնագիտության հին դասագրքի նման: Սա հասկանալու համար դիմենք անտիկ գրականությանն ու ինվոկացիայի գրական հնարքին. մասնավորապես, Հոմերոսի «Իլիականին», թեև գրական հնարքը հատուկ է անտիկ էպիկ պոեմի ժանրին ընդհանրապես ու ժառանգաբար փոխանցվել է մինչև մեր օրերը, թեև օգտագործումը բավականին նվազել է: Իլիականից մեջբերումը բերվում է ըստ Մկրտիչ Խերանյանի 1987 թ. գրաբարից թարգմանության.
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազնների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց րարձըրեց կեր թըռչունների և շների:
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտվըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ:
Ի միջի այլոց, նույն հնարքը դուք կնկատեք նաև Սասնա Ծռերի սկզբում: Այս հնարքն անվանում են ինվոկացիա. հեղինակը փորձում է իր կոչով իր մտքի մեջ մարմին տալ, գրեթե շոշափելի դարձնել, օգնության կանչել այն, ինչ իրեն ոգեշնչելու է ամբողջ գրքի ընթացքում: Տվյալ դեպքում նա ինվոկացիա է անում ինչպես կետին, այնպես էլ գրքերն ու հեղինակները, որոնք իրեն օգեշնչման նյութ են տվել: Բայց, իհարկե, այս ամենի մեջ, նույնիսկ որպես ոգեշնչման աղբյուր, կետը պարզապես վիթխարի տեղ է զբաղեցնում. կարծես թե ամեն ինչ՝ մարդիկ, գրքերը, գրողները, որոնք վկայակոչվում են, ընդամենը կետի մեջքին փոքրիկ, դժվար նկատելի պատկերներ են: Մյուս կողմից, հեղինակը մեզ հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են կետաձկանը տեսել տարբեր ժամանակների ու մշակույթների մարդիկ:

Այս յուրահատուկ, ոչ ավանդական ինվոկացիային հաջորդում է հանրահայտ «Անվանեք ինձ Իշմայել» նախադասությունը: Այն միանգամից ֆիքսում է, որ պատմողը չի ցանկանում իր անձը հայտնել ընթերցողին: Միևնույն ժամանակ նա ընտրում է Իշմայել արաբական անունը՝ Աստվածաշնչում Աբրահամի առաջին որդին իր ներքինի Ագարից, որին իր մոր հետ Աբրահամի կին Սառայի հրամանով արտաքսել են անապատ: Միևնույն ժամանակ հերոսը պատմում է իր աճող ապատիայի մասին, որի միջոցով ցամաքն իրեն արտաքսում է իր անապատը՝ դեպի ծով: Իշմայել անվան ընտրությունը նաև հուշում է ընթերցողին, որ վեպն իրեն խոստանում է արկած, ճանապարհորդություն դեպի այնտեղ, որտեղ նա չի եղել: Որոշելով նավաստի վարձվել կետորսական նավի վրա, նա Մանհետտենից մեկնում է Նյու Բեդֆորդ ու նավաստի դառնում Պեքոդ կետորսանավի վրա:
... հազվագյուտ ծեր նավ էր... նա (այստեղ և հետագայում հեղինակն օգտագործել է իգական she դերանունը) հին դպրոցի նավ էր, երևի բավականին փոքր, հնաոճ ճանկոտ տեսքով: Փորձված ու հողմահար բոլոր չորս օվկիանոսների փոթորիկներից ու հանդարտությունից, նրա ծեր մարմնի գույնը մգացել էր, ինչպես ֆրանսիացի նռնակաձգինը, որը նույն կերպ մարտնչել է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Սիբիրում: Նրա պատկառելի քթամասն ասես միրուքավոր լիներ: Նրա կայմերը... ձիգ կանգնած էին, ինչպես Կոլոնի երեք հին արքաների մեջքերը: Նրա հինավուրց տախտակամածները մաշված ու կնճռոտ էին, ինչպես  Քենտենբերիի տաճարի ուխտագնացների կողմից երկրպագված նշանաքարը, որտեղ Բեքետն է արյունահոսել: Բայց այս բոլոր հնություններին ավելացված էին նոր ու զարմանալի գծեր, կապված վայրի արհեստի հետ, որին նա հետևում էր կես դարից ավելի... Նա հագնված էր ինչպես ամեն բարբարոսական Եթովպիական կայսր, որի վիզը ծանրաբեռնված է փայլեցրած փղոսկրից վզնոցներով: Նա հաղթանշանների մարմնացում էր: Կաննիբալ նավերի մեջ կաննիբալ, զարդարված իր թշնամիների ոսկորներով:


(շարունակելի)

Tuesday, September 9, 2014

Արձագանք Epress-ի ի փառս մեծն դիսսիդենտ Հայրիկյանի հոդվածի

Հատուկ նրանց համար, ում դեռ տեղ չի ասել, թե որտեղից է գալիս Պարույր Հայրիկյանի նկատմամբ ծաղրը: Որովհետև Epress-ի ռուսախոս հոդվածագիր Յուրի Մ.-ն արդեն քիչ էր մնում՝ ապացուցեր, թե իրոք «անկախության սիմվոլի» վրա են մարդիկ ծիծաղում:

Խնդիրը ոչ թե Հայրիկյանի գաղափարներն ու ներկայիս պրո-եվրոպական դիրքորոշումն են, այլ նրա գաղափարների, արարքների ու ամբիցիաների կոմեդիայի մակարդակի հասնող անհամապատասխանությունը: Մինչև 1996 թվիը Պարույր Հայրիկյանն ուներ որոշակի քաղաքական կշիռ: 96-ի կեղծված ընտրությունների դեմ ցույցերի ընթացքում ԱԺ շենքում իր վարքն իրեն կործանեց որպես քաղաքական գործիչ (մոտավոր տեքստը՝ ինձ մի խփեք, ես իրենց հետ կապ չունեմ):

Հետագա կործանմանը նպաստեց իր բոլոր օպոնենտներին ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ մեղադրելու փաստը: Համաձայն չե՞ս ինձ հետ, չե՞ս սիրում ինձ, ուրեմն ԿԳԲ-ի գործակալ ես:

Հետագայում Հայրիկյանի բոլոր արարքները հիշեցնում էին կամ հանրային ուշադրության արժանանալու փորձեր, կամ այդ ուշադրությունն իմիտացնելու փորձեր:

Սահմանափակվենք հանրությանը լավ հայտնի ու ոչ շատ վաղեմի փաստերով:

2013-ի նախագահական ընտրություններին արդեն ոչ մեկին չհետաքրքրող Պարույր Հայրիկյանի դեմ կատարվում է տարօրինակ անվտանգ մահափորձ, որի մեջ մեղադրվում է մեկ այլ աննշան, երևի մարդկանց զվարճացնելու համար մեջ գցված թեկնածու: Փոխանակ պահանջելու, որ ընտրությունները հետաձգվեն, Պարույր Հայրիկյանը վերցնում է Առողջապահության նախարարության (իմա՝ Սերժիկի, դե ֆակտո) բյուջեից հատկացրած երեսուն արծաթը 20,5 մլն դրամն ու գնում Հոլանդիա բուժվելու: Դիսսիդենտները, նշեմ, ընդհանուր դեպքում հալածվում ու լռեցվում են պետության կողմից, ոչ թե պետության հաշվին գնում Հոլանդիա:

2014-ին այս քաղաքական գործիչը սկսում է իր անվան հետ ասոցացնելով հեղինակազրկել պրո-եվրոպական տեսանկյունը: Խնդիրն ինչ է. երբ հարցը վերաբերում է ընդամենը մի սոցիալական խավի խնդիրներին, այդ հարցով ցույցը կարող է բազմամարդ չլինել՝ խավի փոքրաթիվ կամ քաղաքականապես ոչ ակտիվ լինելու պատճառով, բայց երբ մեկն իրեն հայտարարում է անկախության սիմվոլ, ազգային ու պետական մասշտաբի լիդեր, դա պետք է հաստատվի. չես կարող ինքդ քեզ սիմվոլ հայտարարել, քեզ պետք է այդ սիմվոլը դարձնի քո մեջքի հետևում կանգնած ժողովուրդը: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Հայրիկանն իրեն ինչ-որ բանի սիմվոլ է հայտարարում՝ «մեկ էլ տեսար, հավատացին» սկզբունքով: Սան Ֆրանցիսկոյում, որտեղ խոտն ավելի կանաչ է, վիճակն էլ պակաս լուրջ, իրեն մեծահոգաբար կանվանեին էքսցենտրիկ:

Ու հիմա հայտարարում է հացադուլ՝ նախագահի հրաժարականի պահանջով: Օրեկան մի ժամ հացադուլ, որն, իր խոսքերով, կընդհատի, երբ այն սկսի առողջության վրա վատ ազդել: Տպավորություն ունեմ, որ այս մարդը մեզ պարզապես ծաղրում է:

«Հայաստանի ամենահայտնի դիսսիդենտը», չէ մի:

Հայաստանի իսկական դիսսիդենտները ԼՏՊ/ՌՔ/ՍՍ շրջաններում երկրից քաղաքական նկատառումներով վտարված (չէ, Վարպետյան, քո նացիստական շայկայի մասին չի խոսքը) անձինք են, քաղբանտարկյալ դարձած ու հանդիսացող անձինք (Շանթ Հարությունյանի ու իր ընկերների օրինակի վրա), մարդիկ, ում ազատ խոսքը սահմանափակվում է սաքուլիկների ու ոստիկանության բռնությամբ: Մարդիկ, ում նկատմամբ կեղծ, կողմնապահ դատական ընթացք է կազմակերպվում (Վարդան Պետրոսյանի օրինակի վրա)՝ նույն քաղաքական նկատառումներով:

Եթե Հայրիկյանը ցանկանում է իր սովետի ժամանակ դիսսիդենտ եղած լինելով սեփականացնել Հայաստանի համար պայքարող բոլոր մարդկանց վաստակը, ապա ասեմ, որ միակ պատասխանը, որ նա կստանա, ծաղրն է: Ու դա լրիվ նորմալ ու արդարացի է:

Լրացում.  ընթերցողներս նշեցին, որ ես սխալմամբ Epress կայքի փոխարեն գրել էի eMedia կայքի անունը: Անուշադրության սխալս ուղղված է, հուսով եմ՝ eMedia-ն շատ չի նեղանա:

Իրական պատմությունը պատմելու համար չափազանց բարդ է ու անձնական: Հիմա իմ պեսսիմիզմն ու վախերն իմ դեմ են աշխատում:

Հիվանդանոցում իրեն փնտրելիս անընդհատ գլխումս պտտվում էր՝ միայն թե չափազանցրած լինի ամեն ինչ, արդեն պալատ տեղափոխած չլինեն, միայն թե դեռ ռեանիմացիայում չլինի: Ռեանիմացիայի ընդունողն իմացավ, ում մասին է խոսքը: Առաջին պալատ, հերթով մտեք:

Համենայն դեպս, ուզում եմ հավատալ, որ ինձ ճանաչեց: Մատներն ուռել էին՝ տրախեոտոմիայի հետևանքով չգիտեմ, այդպես այտուցվում է մարմինը, թե ուրիշ բանից էր:

Ոչ մեկը ոչ մի հուսադրող բան չէր ասում:

Հիշում եմ, որ ինչ-որ բան էի ուզում ասել, լրիվ ուրիշ բան դուրս եկավ, խեղդված ձայնով: Լաց եղավ, ասացի, որ չհուզվի: Երբ ձեռքը բռնեցի, ժպտաց, փորձեց խոսել: Ասացի, որ խոսել ու հուզվել չի կարելի:

Արհեստական շնչառության սարքի սուլոցը, ռեանիմացիայի սարքերի ձայները: Կարծում եմ՝ վստահ չես, որ իրականում ենք եկել մոտդ:

Երեկ չէ առաջի օրը, երբ իմացա, եկա տեսնելու, բայց պարզվեց՝ ազգանունը չգիտեմ: Այսօր ասացին, որ հենց այդ օրն է կոմայից դուրս եկել:

Կնախընտրեի, որ ինձ թույլ տային իր մոտ հերթապահել, միևնույն է՝ չեմ կարողանում քնել:

Ուզում եմ մտածել, որ եթե կոմայից դուրս ես եկել, ամեն ինչ լավ է լինելու: Չհամարձակվես գնալ, խնդրում եմ:

Ներսս լրիվ փշրած ապակու զգացողություն է: Ու՞մ եմ ես պետք, եթե չեմ կարողանում նույնիսկ իմ ընկերներին պաշտպանել:

Որ ոտքս այսօր ռեանիմացիայից դուրս էի դնում, գլխումս սկսեց այս երգը հնչել, հետո ավտոբուսի կողքով մեքենա էր անցնում, ու էլի մեջը սա էր դրած, ու երևի իրոք, այս օրը նկարագրող երգ է:


Saturday, September 6, 2014

Մարդկային սիրո կլեպտոմաններ

Պատմություն պատմեմ: Մի օր մի բարի մարդ որոշում է գրական մրցույթ կազմակերպել՝ հայերեն անկախ ստեղծագործողներին մոտիվացնելու ու խրախուսելու նպատակով: Մրցույթն անց է կացնում հնարավորինս անկախ՝ նույնիսկ ժյուրի չկա, քվեարկում են ընթերցողները: Դե, բնական է, մարդը հիմար չի, կարողանում է գնահատել իր մրցույթին ուղարկված աշխատանքները: Ու այնպես է ստացվում, որ հաղթող պատմվածքի մակարդակից դատելով, այն գրել է հատուկ խնդիրներով երեխաների համար նախատեսված դպրոցի 11-13 տարեկան աշակերտուհի՝ լավագույն դեպքում:

Հիշու՞մ եք, որ նախորդ գրառման մեջ ֆիքսել էի՝ ոչնչությունները կոմպլեմենտար են: Ավելին, կոնֆորմիստները ոչնչությունների գոյության համար պարարտ հող են պատրաստում՝ առնվազն փորձելով դրանց հետ «լավ լինել»: Կոնֆորմիստները բոլորի հետ էլ փորձում են լավ լինել:

Դե ֆակտո, մեր բարի մարդը մոռացել էր, որ եթե ինչ-որ մեկը նման վատ աշխատանքն ուղարկել է մրցույթի, ուրեմն ինքը շրջապատված է իրենից ոչ պակաս ապուշներով, որոնք իր աշխատանքը գովել են: Ինչպե՞ս են գովել: Բնական է, աբսուրդ կլիներ գովել հերոսի կառուցումն ու զարգացումը, ոճական հնարքները, սրամիտ սյուժեն: «Եկեք ոռահան լինենք՝ լավ բան գտնենք» սկզբունքով, եթե լիքը «բարի» հնչող բառեր կան «ստեղծագործության» մեջ, ուրեմն «վույ ինչ բարի աշխատանք է, վույ ինչ բարի ես դու»: Եթե «տխուր» հնչող բառեր կան, չէ, կներեք, «թախծոտ», ուրեմն «վույ, ինչ խորը, թախծոտ աշխատանք է», իսկ եթե «գեղեցիկ» հնչող բառեր կան, ուրեմն աշխատանքը «վույ ինչ գեղեցիկ» է: Հեղինակն էլ հայ ավանդական ազգային-ազատագրական ԽԾԲ-ի սկզբունքով իր գովողներին ու չգովող, բայց չքֆրտողներին բոլորին հատիկ-հատիկ զանգել էր, ու խնդրել, որ քվեարկեն իր աշխատանքի օգտին:

Երկրորդ անգամ, իհարկե, նույն հնարքը չանցավ՝ «գաղտնիքը բացահայտվեց» ու «հեղինակին» դիսկվալիֆիկացրեցին:

Ես չեմ, որ պետք է բացատրեմ, թե սկսնակ հեղինակի համար ինչ է նշանակում գրական մրցույթում հաղթելը: Արդյունքում, առնվազն մեկ լավ սկսնակ հեղինակ մոտիվացիայի ու գնահատված լինելու զգացողության փոխարեն ստացավ գիտակցություն, որ իր աշխատանքը պարտվելու է մի մրցույթում, որտեղ կարող է հաղթել սովորական ապուշը:

Իսկ մեր «հեղինակը» շարունակում է իրար վրա բարդել «բարի», «թախծոտ» ու «գեղեցիկ» բառեր ու իսկական գանդիական համառությամբ փորձում է գոնե մի քիչ սիմպատիայի արժանանալ մարդկանց կողմից: Որովհետև եթե ինձ ու քեզ պետք է «ամեն ինչ կամ ոչինչ», ապա նման մարդիկ այդպիսի շռայլության կարիքը չունեն. մի փշուր փառք, թեկուզ չվաստակած կամ գոնե գողացած, թեկուզ ստորացումների ու բազմաթիվ մարդկանց հետև մտնելու գնով, թեկուզ հինգ րոպեով, թեկուզ մուրացած, բայց մի փշուր փայլուն, էժանագին փառք, ու հանուն դրան իրենք պատրաստ են ամեն ինչի, բացի այդ փառքն ազնիվ վաստակելուց:

Չգիտեմ, թե ինչպես անվանեմ այս մարդկանց, ճիշտն ասած: Մարդկային սիրո կլեպտոմաննե՞ր: Երևի հենց այդպես. մարդկային սիրո կլեպտոմաններ:

Thursday, September 4, 2014

Անդրադարձ Տեր Կյուրեղ քահանա Տալյանին

«Առավոտ» թերթի կայքում կարդալով հետևյալ հոդվածը, որը ներկայացնում էր «Ազդակ» ակումբում «ԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը և դրա վտանգավորությունը» քննարկումը, մի քանի անհանգստացնող բան նկատեցի, որոնց չէի կարող չանդրադառնալ:

Ընդհանուր առմամբ, ես արդեն ձանձրացել եմ Գալաջյանին ու Ստամբոլցյանին ուշադրություն դարձնելուց, ու իրենց խոսքերը մեջբերելն առնվազն անլուրջ կլիներ:

Ինչևէ, Տեր Կյուրեղ քահանա Տալյանին կցանկանայի պատասխանել այստեղ՝ իմ սեփական պլատֆորմում, ոչ թե մի քննարկման շրջանակներում, որի վերնագիրն անգամ այն կազմակերպողների առողջ դատելու ունակության նկատմամբ կասկածներ է հարուցում:

Կյուրեղը փորձում է սենտիմենտներ առաջացնել, խոսում է հռետորաբանությամբ, ոչ թե փաստերով, նման երևույթն անգլերեն անվանում են «to incite the crowd», հայերեն երևի կլինի՝ «գրգռել ամբոխը»: Իմ հին «Ведьма» պատմվածքում այդ երևույթը բավականին լավ նկարագրված է: Ի տարբերություն սրբազանի, ես կխոսեմ փաստերով:

Վեհազանը կարող է պնդել, որ Նիդերլանդներում կա պեդոֆիլների կուսակցություն: Ես կֆիքսեմ, որ խոսքն ընդամենը երեք անդամ ունեցող «Partij voor Naastenliefde, Vrijheid en Diversiteit» կուսակցության մասին է, որի պլատֆորմի մեջ իրոք մտնում էր օրինականացնել սեռական հարաբերությունները՝ սկսած 12 տարեկանից: Ի՞նչ եղավ այդ կուսակցությանն «այլասերված Եվրոպայում»: 2006 թվականին ըստ հարցումների Նիդերլանդների բնակչության 82 տոկոսը ակտիվ կերպով պահանջում էր կառավարությունից արգելել PNVD-ին մասնակցել ընտրություններին: Կուսակցության անդամներից մեկը կորցրեց իր դասախոսի հաստիքը՝ կուսակցության հետ կապի պատճառով: Կուսակցության անդամները հակապեդոֆիլական կազմակերպությունների հսկողության տակ են:

Ինչու՞: Որովհետև ամեն երկրում էլ կան հիվանդ մարդիկ, ու ամեն տեղ դա տարբեր կերպ է արտահայտվում:

Ընդ որում, «անբարոյական Եվրոպաներում» պեդոֆիլիային «բարոյական Հայաստանից» շատ ավելի լուրջ են վերաբերվում ու շատ ավելի խիստ պատժամիջոցներ են կիրառում: Օրինակ, անչափահասի նկատմամբ սեռական բռնության համար Լեհաստանում (2009-ից) ու Էստոնիայում (2012-ից) որպես առավելագույն պատժամիջոց կիրառվում է ՀԱՐԿԱԴԻՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՍՏՐԱՑԻԱ: «Բարոյական Հայաստանում» բացենք ՀՀ Քրեական օրենսգիրքը, Գլուխ 18, Հոդված 138.
2. Բռնաբարությունը, որը՝
...
3) կատարվել է անչափահասի նկատմամբ,
...
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Սրբազանագույնը նաև կցանկանա, ասենք, խոսել ինցեստի օրինականացման մասին. եվրոպական որ երկրի օրենսգիրքը բացեցի, ինցեստը քրեորեն պատժելի էր: «Բարոյական Հայաստանում ու Ռուսաստանում» ինցեստն օրենքով լրիվ թույլատրելի է:

Եթե հովվապետը համարում է, որ ամբոխի միջոցով լինչի դատաստանի ենթարկելն է խնդրի լուծում, ոչ թե օրենքը, ապա կցանկանայի ֆիքսել, որ ի մեծ դժբախտություն իրեն, մենք ապրում ենք ոչ թե 16-րդ, այլ 21-րդ դարում:

Բայց ես գրառումս վերևում ասվածի համար չէի սկսել: Իմ նպատակը լրիվ այլ էր:

Ինչու՞ ենք մենք դատապարտում պեդոֆիլիան ու պայքարում դրա դեմ: Մի՞թե որովհետև այն «անբարոյական, հակաբնական, ինչ-որ աստծո անհաճո, դատապարտելի, տհաճ» երևույթ է: Իհարկե ոչ: Այդպես կարող է կարծել միայն մարդն, ում կրոնը մտրակի ու գազարի սկզբունքով է աշխատում. մեղավորներին պատժել, առաքինիներին պարգևատրել, զուտ հավատացյալի շահամոլությամբ: Բայց եկեք հիշենք, որ աշխարհիկ պետության օրենքները ստեղծված են ոչ թե մեղավորին պատժելու, այլ անմեղին պաշտպանելու համար: Հետևաբար, պեդոֆիլիայի դեմ պայքարը նպատակ ունի ոչ թե պատժել պեդոֆիլներին, այլ պաշտպանել երեխաներին: Դրա  համար մենք պեդոֆիլիան սահմանում ենք ոչ թե որպես սեռական հակում սեռական հասունացման չհասած անձանց նկատմամբ (դա պեդոֆիլիան կլինի՝ հոգեբուժության տեսանկյունից, սահմանված ICD-10 ու DSM-5 դասակարգումներում), այլ որպես սեռական գործողություններ անձանց նկատմամբ, որոնք դեռ չեն ձևավորել հասարակական ու սեռական վարքի նորմեր ու ի վիճակի չեն ադեկվատ արձագանք տառ իրենց նկատմամբ իրականացվող սեռական գործողություններին: Մենք պաշտպանում ենք երեխաներին սեռական շահագործումից, որի համար կարող է օգտագործվել նրանց անփորձությունը, ու հնարավոր ֆիզիկական ու հոգեբանական տրավմաներից, որոնց մի մասը կարող է անդառնալի լինել: Միգուցե փոքրիկ, վրիժառու, արյունարբու կրոնի ներկայացուցիչն ի վիճակի չի դա հասկանալ, բայց օրենքի նպատակը երեխաներին պաշտպանելն է, ոչ թե «անբարոյականներին» պատժելը: Պատիժն ընդամենը անհրաժեշտության ծնունդ է. եթե հնարավոր լիներ երեխաներին պաշտպանել՝ առանց պատժի անհրաժեշտության, ես երկու ձեռքով կքվեարկեի այդ եղանակի օգտին:

Եթե սրբագույնը նպատակ ունի ամբոխի մեջ ագրեսիա առաջացնել ցանկացած գնով՝ բերելով նույնիսկ իրականությանը չհամապատասխանող դրույթներ, ենթադրություններ ու սպեկուլյացիա, ապա նրա եղանակը կարող է գործել: Հակառակ դեպքում նա պարզապես մոլորվել է սեփական դոգմաների մեջ:

Իսկ այժմ՝ հարց կողքից դիտողին. արդյո՞ք դուք պատրաստ եք լսել մեկին, ով ձեր՝ իր կարծիքով թույլ կողմերն օգտագործելով (ծնողական զգացմունքներն, օրինակ), պաթոս ու այլ հռետորական  հնարքներ կիրառելով փորձում է ձեզ ծառայեցնել իր եկեղեցու նպատակներին, իր եկեղեցու դոգմաներին:

Տեր Կյուրեղ քահանա Տալյան, դուք չեք հոգում երեխաների բարօրության ու անվտանգության մասին: Դուք ստեղծում եք պանիկա ու ագրեսիա ամբոխի մեջ՝ նույնասեռականների ու վերջիններիս իրավունքները պաշտպանողների դեմ այն ուղղելու նպատակով: Միգուցե մակերևույթի վրա դուք հավատում եք, որ բարի գործ եք անում՝ թող ձեզ վերջում ձեր աստվածը դատի: Բայց քանի դեռ ես կամ, ձեր խոսքը բախվելու է իմ խոսքին, ու երկուսս էլ գիտենք, որ իմ խոսքը լինելու է շատ ավելի ծանր, հիմնավորված ու ամուր, քան ձեր խոսքը, ու որ ես ձեր խոսքը փշրելու եմ: Ավելին, ձեզանից շատ ավելի երիտասարդ լինելով, ես ձեզանից էլ, ձեր ասած խոսքերից էլ երկար եմ ապրելու: Դուք երբեք չեք կարող ինձ հաղթել:

Բարի խորհուրդ՝ խելամիտ ընտրեք ձեր հակառակորդներին:

Tuesday, September 2, 2014

... որտեղ տեսնում ենք, որ ոչնչությունները կոմպլեմենտար են

Գցեք մի սենյակ սեփական նշանակալիության զգացողության մեծության մանիայով, բայց լրիվ անընդունակ ոչնչություններ: Կտեսնեք, թե ինչպես են նրանք իրար էգոները շոյելով սեփական նշանակության իլյուզիա ստեղծում ու ինչ ագրեսիայով են վերաբերվում իրենց իրականություն վերադարձնելու փորձերին: Դրանից մի քայլ այն կողմ իրենց Նապոլեոն ու Հիսուս համարողներն ու Կոելիոյի/Ռիչարդ Բախի/Հարուկի Մուրակամիի ֆանատներն են:

Միանգամից հասկանում ես Հուլիոս Էվոլայի՝ պոպուլիզմի ժխտումն ու էլիտիզմի գաղափարների հակված լինելը: Հասկանում ես Հեսսեի միզանտրոպիան: Հասկանում ես Նիցշեի մարդկանց Übermensch-երի, միջակությունների և Untermensch-երի բաժանելը:

Ոչ մի ավելի վտանգավոր բան չկա, քան Untermensch-երի՝ ոչնչությունների ամբոխը: Իրենք ունեն ակտիվ ու պասիվ ագրեսիվ միջոցների ամբողջ հավաքածու՝ իրենց սեփական մանրության մասին հիշեցնողներին իզոլացնելու ու ոչնչացնելու համար: Երբ ուրիշ միջոց չի մնում, իրենք դառնում են եղաններով ու ջահերով զինված վհուկներ որսացողների ամբոխ:

Ընդհանուր առմամբ, Untermensch-ների իրար շոյելը հիշեցնում է փոխադարձ մաստուրբացիա:

Իրենց ու կոնֆորմիստների հաշվին է, որ մենք ունենք Հիտլեր, Ստալին, Պուտին, Սաշիկ, Քոչարյան և այլն:

Ի միջի այլոց, Քոչարյանի մասին: Եթե Քոչարյանի հանցագործություններն արդարացնում եք դրանց զոհերի նկատմամբ ձեր բացասական վերաբերմունքով, ձեզ հիշեցնեմ, որ Քոչարյանը ձեր վերաբերմունքի վրա թքած ունի, ու եթե դուք իր իշխանությանը սպառնալիք ներկայացնեք, նա չի նայի ձեր՝ ձեր կարծիքով շատ լավ ու հիանալի անձնավորություն լինելուն ու ձեր վրայով էլ կփորձի նույն կերպով քայլել: Եթե պատրաստվում եք հաշտվել նրա վերադարձի հետ կամ նույնիսկ աջակցել դրան, Քոչարյանի նախորդ ու սպասվող արարքների արյունն անձամբ ձեր ձեռքերի վրա է, ներառյալ նաև այն ամենն, ինչ ձեզ հետ կարվի:

Wednesday, August 6, 2014

Բարու ու չարի մասին

«Դար» ակումբի «Ինչո՞ւ լինել լավը, եթե Աստված չկա» թեմայի քննարկումներն ինձ միտք տվեցին հարցը բերել պարզ տրամաբանական խնդրի, իրոք հիմնավոր հարցին պատասխանելու համար:

Այնպես որ, եկեք հիմա խոսենք լավի, վատի (չարի, բարու) ու դրանց նշանակության համար: Լավի ու վատի հասկացություններն իրականում ավելի բարդ են, քան թվում է, ու իրենց շատ դժվար է սահմանել: Փորձենք ամեն ինչ կառուցել ամենապարզ կետից:

Լավն ու վատն, իրենց տարածված ընկալմամբ, դիխոտոմիա են: Հիմա կբացատրեմ: Դիխոտոմիան դա ամբողջը երկու չհատվող բազմությունների բաժանելն է: Այսինքն, բարին ու չարն, իրենց տարածված ընկալմամբ, ներառում են ամեն ինչ ու փոխադարձ մերժող են՝ «մոխրագույն տարածք» չեն թողնում: Եթե ընդունենք բարին ու չարը որպես մարդկանց վարքային ու մտավոր փոխհարաբերությունների նորմեր, տեսնում ենք, որ մենք գործ ունենք դուալիստական բարոյականության հետ, որն այլ կերպ անվանում են «սև-սպիտակ բարոյականություն»:

Վերևում իմ բերած դրույթը հաստատվում է նրանով, որ բարու-չարի դիխոտոմիան առաջին անգամ հիշատակվում է զրադաշտականության մեջ (որպես Ահուրա Մազդայի ու Անգրա Մաինյայի կոնֆլիկտի արտահայտում):

Երևույթը որպես բարի կամ չար որակելն անվանում են բարոյական դատողություն: Այսինքն, բարին կամ չարը դիտարկվում են որպես դատողության սուբյեկտի դրական կամ բացասական բարոյական արժեքի հատկանիշներ, + ու -:

Ու քանի որ բարոյականության հասկացությունն ունիվերսալ չի ու վերասահմանելի է՝ կախված տվյալ հասարակության նորմերից, հետևաբար, տարածված իմաստով բարին ու չարը նույնպես վերասահմանելի են: Այլ կերպ ասած՝ այն, ինչ բարի է շան տեսանկյունից, կարող է հանգիստ չար լինել այդ շան ականջին կպած տզի տեսանկյունից:

Եթե դիտարկենք այս դիխոտոմիայի ծագումը որպես ֆիզիոլոգիայի ազդեցություն մարդկային հոգեբանության նկատմամբ, ապա բարու ու չարի գիտակցությունը գալիս է նրանից, որ շրջակա աշխարհի հետ որոշ փոխազդեցություններ առաջացնում են անորոշ բարդության դրական էմոցիոնալ արձագանք, որոշները՝ բացասական արձագանք, ու պարզ ֆիզիոլոգիական արարածը հակված է անտեսել էմոցիոնալ արձագանք չառաջացնող փոխազդեցությունները: Բացասական արձագանքների օրինակներ են՝ ցավ, վախ, սով, ծարավ, սրտխառնոց, տհաճ հոտ, դրականների՝ հետաքրքրվածություն, սեռական ցանկություն, հաճույք, ֆիզիոլոգիական ցանկությունների բավարարում:

Իսկ հիմա փորձենք բացատրել, թե ինչու «չար-բարի բարոյական դիխոտոմիայի» չափանիշները չեն կարող լիարժեք բնութագրվել ֆիզիոլոգիայի հոգեբանության վրա ազդեցությամբ: Այս երևույթի բացատրությունն անվանում են «երեք կապիկների մեխանիզմ», որը բացատրում է, թե ինչպես են ձևավորվում բարոյական տաբուները: Պարզապես հետևեք մտքի տրամաբանական ընթացքին, և ամեն ինչ հասկանալի կդառնա:

Պատկերացրեք՝ ունենք վանդակ, որի կենտրոնում բանան է դրված: Վանդակում երեք կապիկներ են: Երբ կապիկներից որևէ մեկը փորձում է մոտենալ ու վերցնել բանանը, մյուս երկու կապիկներին ջրում են խողովակով: Արդյունքում ձևավորվում է գիտակցական ռեակցիա/պայմանական ռեֆլեքս համադրություն. երբ կապիկներից մեկը փորձում է մոտենալ բանանին, մյուս երկուսը հարձակվում ու ծեծում են նրան: Ինչ-որ ժամանակ հետո ունենք վանդակ, կենտրոնում բանան, ու երեք կապիկ, որոնք չեն փորձում մոտենալ բանանին:

Համակարգի փոփոխականներից երկուսը փոխում ենք. ջրով խողովակը հանում ենք, կապիկներից մեկին վանդակից հանում ենք, նոր կապիկ ենք դնում: Նշեմ, որ ջրելու վտանգ այլևս չկա, բայց երկու հին կապիկները դրա մասին չգիտեն: Նոր կապիկը չգիտի, թե ինչու չի կարելի մոտենալ բանանին: Նա փորձում է բանանն ուտել, մյուս երկու կապիկները հարձակվում են նրա վրա ու ծեծում: Որոշ ժամանակ անց համակարգը նորից կայունանում է. վանդակ, բանան, ու երեք կապիկներ, որոնք գիտեն, որ չի կարելի մոտենալ բանանին: Հին կապիկներից երկրորդին ենք փոխում, նորից կրկնվում է նույնը, համակարգը կայունանում: Փոխում ենք վերջին հին կապկին: Ցիկլը կրկնվում է:

Ստանում ենք վանդակ, բանան, երեք կապիկներ, որոնք գիտեն, որ բանանին չի կարելի մոտենալ, բայց երեքից ոչ մեկը, քանի որ չի ենթարկվել փորձի սկզբի «ջրելու» պրոցեսին, չգիտի, թե ինչու չի կարելի ուտել բանանը: Իրենք պարզապես գիտեն, որ բանանը չի կարելի ուտել: Բանանը տաբու է, նախնական տրամաբանական կառույցը, որ իրենց բերել է այդ տաբուին, խախտված է: Կապիկները ցուցաբերում են իռացիոնալ վարք:

Հիմա եկեք ավելացնենք այս մեխանիզմին իռացիոնալ վարքի ռացիոնալիզացման մեխանիզմը, որը Զիգմունդ Ֆրեյդը դիտարկել է Բերնհեյմի հետ աշխատելիս. մասնավորապես, «անձրևանոցի փորձը» (մեջբերվում է ըստ Մերոլդ Վեստֆալի «Կասկածն ու հավատը. ժամանակակից աթեիզմի կրոնական կիրառումները» գրքի):

Մարդն, ում հիպնոսի ժամանակ ներշնչել են, որ արթնանալուց հետո պետք է վերցնի անձրևանոցը, բացի այն, ու անձրևանոցը ձեռքին քայլի սենյակով: Արթնանալուց հետո այդ մարդը հենց այդպես էլ վարվում է: Երբ նրան հարցնում են, թե ինչ պատճառով է նա այդպես վարվել, մարդը ռացիոնալիզացնում է սեփական վարքը. պատճառաբանություն է ստեղծում: Տվյալ դեպքում, նա բացատրում է, որ անձրևանոցը վերցրել է, որ տեսնի, արդյոք այն փչացած չի:

Հետևաբար, նույնիսկ իռացիոնալ հավատը թողած մարդիկ հաճախ դեռ չեն ազատվել այդ հավատի կոնտեքստը կազմող ու նրա կողմից սահմանված բարոյական տաբուներից, ինչպես նաև այդ բարոյականության սահմանած բարու ու չարի հասկացություններից:

Այնպես որ, թեև չկա ոչ մի ռացիոնալ պատճառ «լավը լինել» քրիստոնեության կոնտեքստում, եթե չես հավատում քրիստոնեական աստծո գոյությանը, հաճախ քրիստոնեությունից դուրս եկած աթեիստները շարունակում են պահպանել քրիստոնեության բարոյական տաբուներն ու նույնիսկ ռացիոնալ պատճառներ են հորինում դրա համար:

Sunday, July 20, 2014

Ժամանակակից ֆեմինիզմի մասին

Նախ, որ ինձ սխալ չհասկանան, մի երկու խոսք ֆեմինիզմի ու մասին ընդհանրապես ու դրա անհրաժեշտության մասին:

Ֆեմինիզմն անհրաժեշտ է, երբ կոնկրետ հասարակության մեջ կանանց իրավունքները օրինաչափորեն խախտվում են: Ընդ որում, հենց նպատակային կերպով կանանց իրավունքները:

Ի՞նչ կերպ կարող են խախտվել կանանց իրավունքները: Երկու կերպ. առաջինը, երբ կանայք զրկվում են իրավունքներից, որոնք կազմում են ընդհանուր, մարդկային իրավունքների մասը (խոսքի, խղճի, հավատի ազատություն, կյանքի իրավունք, աշխատանքի իրավունք, ընտրություններին մասնակցելու իրավունք և այլն), երկրորդը՝ երբ կանայք զրկվում են իրենց սեռով պայմանավորված իրավունքներից (սեռական կյանքի, կանացի առողջության ու ռեպրոդուկցիայի հետ կապված իրավունքներ):

Առաջին՝ ընդհանուր իրավունքները, կարող են խախտվել նույնիսկ եթե դրանք երաշխավորված են օրենքով (օրինակ՝ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բոլոր ՀՀ քաղաքացիների հավասարությունը, բայց հասարակության պատրիարխալ ու շրջակա մահմեդական մշակույթների ազդեցություն կրող լինելու հետևանքով հաճախ այդ հավասարությունը կրում է ձևական բնույթ):

Friday, July 4, 2014

Հրայր Մանուկյանը, որպես ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Վալոդն ու նման բաներ

Սկսենք Հրայրից: Հրայրը Ժառանգություն կուսակցության վարչության նորընտիր անդամ է, ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը, Արարատնյուզ լրատվական կայքի աշխատակից: Ընդհանուր առմամբ, նա իրոք բավականին խոստումնալից երիտասարդ է:

Վալոդի (Վլադ Հակոբյան՝ անունը, որի տակ ներկայացել է սույն անձը) մասին կարող ենք դատել միայն ըստ ձայնագրված զրույցի ընթացքում նրա խոսքերի:

Անցնենք ԱԱԾ-ին: ԱԱԾ-ի գործառույթը պետական անվտանգության հարցերով զբաղվելն է: ԱԱԾ-ն աշխատակիցներ ձեռք բերելու համար չի շրջում փողոցներում ու մարդկանց առաջարկում գալ աշխատելու բավականին բարձր գաղտնիության ու կարևորության հիմնարկում: Դրա համար կա ԱԱԾ ամբողջ կրթական համակարգ, որտեղ պատրաստվում են համապատասխան կադրեր:

Saturday, June 28, 2014

Quoth the Raven

Գիտեմ, որ վաղուց չեմ գրել, բայց կարծես թե վերադառնալու ժամանակն է: Վերադարձս սկսենք այսպիսի լավ բանով.


Sunday, May 18, 2014

Ո՞ր ընկերություններն են պաշտպանում ձեր տվյալները. EFF-ի զեկույցը

Ներկայացնեմ Electronic Frontier Foundation-ի 2014 թվականի զեկույցը, որտեղ ներկայացվում է, թե որ ընկերություններն ու ինչ չափով են պաշտպանում ձեր ինֆորմացիոն անվտանգությունը կառավարական միջամտությունից: Նախնական նյութը հասանելի է այս հղմամբ: Զեկույցը հասկանալու համար նշեմ, որ այն անդրադառնում է նրան, թե ինչպես են զեկույցում նշված ընկերություններն արձագանքում, երբ կառավարությունը պահանջում է նրանցից ձեր անձնական տվյալներն, ինչպիսիք են էլեկտրոնային կամ ֆիզիկական հասցեները, նամակագրությունը և այլն:

Նախապես սպոյլեր անեմ՝ Apple ընկերությունը, որը դեռ մի տարի առաջ օգտագործողների անվտանգության համար պայքարում էր միայն Կոնգրեսում, այժմ դա անում է բոլոր կատեգորիաներում:

Ահա և զեկույցը.

Monday, February 10, 2014

Էլի երազ

Ուրիշ վերջերս տեսած երազ: Տնեցիքով ինչ-որ տարօրինակ խանութ էինք գնացել, ծնողներս իրենց համար դագաղներ էին ուզում վերցնել: Հորս դագաղը կամ բոյով չէր բռնում, կամ կոշիկները խանգարում էին կափարիչին: Տանը քույրս կատվիս ականջներին «каналка» էր արել, ինչ-որ փշերով վզնոց գցել վրան ու ծակերով անց կացրել: Կատուս էլ շուտով պիտի մեռներ: Ինչ-որ շուն ունեի, ինքն էլ:

Հետո Գայանեի հետ գնացի Վանաձոր, Մանուկյանն ինչ-որ խմբի հետ The Hives-ի երգ էր նվագում: Ասացի որ, The Hives-ն անասուն խումբ է, Գայանեն էլ պատասխանեց՝ «էլի դու քո կատեգորիկ բաներով» և այլն: Իսկ ես զգացի, որ ահավոր, աններելի ֆալշ են նվագում ու երգում, սկսեցի չարախնդալ: