Friday, June 29, 2012

«Մեկ Ազգի» դեմ դատը լա՞վ, թե՞ վատ նախադեպ

Կարդացի «Հրապարակի» հոդվածը «Մեկ Ազգի» դեմ մեր դատավարության թեմայով: Հետաքրքիր տեսակետ էր, փորձեմ արձագանքել, թե ինչքանով և ինչպես կարող է սա անդրադառնալ մարդու խոսքի ազատության վրա:

Ես չեմ սիրում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, իրոք չեմ սիրում: Չեմ սիրում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և առավել ևս չեմ սիրում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տանել չեմ կարողանում նաև նրանց նախորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Արդյո՞ք սա ինձ իրավունք է տալիս թեկուզ ինտերնետում նրանց նկատմամբ տարբեր, հաճախ սեռական բնույթ կրող հայհոյանքներ կիրառել ու հույս ունենալ, որ նրանք չեն նկատի, չնկատելու կտան, իսկ եթե նկատեն էլ՝ դա կներկայացվի որպես իշխանության չարաշահում (հակված եմ կարծել՝ բավականին արդարացի), քաղաքական ռեպրեսիա և այլն: Չեմ կարծում:

Հրապարակային հայհոյանքներ, սպառնալիքներ և այլ տհաճ բաներ ինտերնետում լիքն են: Դրանք հիմնականում կիրառվում են հետևյալ խմբերի կողմից.
  1. ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ ծայրահեղական ներկայացուցիչներ ու անդամներ՝ իշխող կուսակցության ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հասցեին
  2. «քյառթու» և պահպանողական մասսան՝ լիբերալների, LGBT-ի, սեռական ազատության կողմնակիցների, ենթամշակույթների և նման մարդկանց հասցեին
  3. անձնական կոնֆլիկտներում՝ անհատների կողմից:
Երկրորդ կետն այնպիսի աղետալի մակարդակի է հասել (ինչպես կարող եք տեսնել D.I.Y.-ի հրկիզման ու Բազմազանության երթի վրա հարձակման դեպքերից), ու թե՛ հանրային, թե՛ իրավական դաշտերն այնքան թմրած են այս ամենին արձագանքում՝ փորձելով միաժամանակ կոմպրոմիսի գնալ թե՛ մեծամասնության կարծիքի, թե՛ միջազգային հանրության հետ, որ քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ պետք է մի փոքր հրեն անիվը, որպեսզի չհասնենք կատաղի ու անպատժելի ամբոխի կողմից ինքնադատաստանի դեպքերի: Երկու անհատ կամ երկու խումբ կարող են տարբեր տեսակետներ ունենալ հարցի շուրջ, ու այդ տեսակետները կարող են բախվել: Բայց կա մի կետ, որից հետո երկխոսությունն ու բանավեճն անհնարին են դառնում:

Ես բլոգոսֆերայում

Գիտեմ, կյանքի ամեն դեպքի համար նոր բլոգ բացելու սովորությունն ինձ լավ բանի չի հասցնի, բայց դե հիմա:) ժամանակի ընթացքում ես մի քանի բլոգ եմ բացել, որոնց մի մասը երբեք նախատեսված չէր մենակ գրելու համար, բայց թիմ հավաքելու ժամանակ, ցավոք, չեղավ: Մնացածն էլ նորմալ ու հանգիստ ծառայում են իրենց նպատակին:

Այստեղ փորձեմ ի մի բերել նախագծերս, նշել, թե որոնք մասնակիցների կարիք ունեն, ու մտածել, թե որը զարգացնեմ, ու ինչպես:
  1. Voice of the Nightingale, իմ անձնական բլոգը՝ չորրորդ տարբերակով, որը դուք կարդում եք հիմա (Cloven Hoof, Red Queen to Gryphon Three, Naichinge-Ru: The Nightingale բլոգներից հետո, որոնցից առաջին երկուսը, ինչպես վայել է տինէյջերին ռուսալեզու բլոգոսֆերայում, դեպրեսիվ ու հիստերիկ են, երրորդն ավելի հասուն է, իսկ այս չորրորդը սխալ ուղղությամբ ուշադրություն գրավելու պատճառով հնարավորինս քիչ անձնական է): Ընդհանուր առմամբ, Voice of the Nightingale-ն իմ ստեղծագործական հարթակն է, որտեղ էլ սովորաբար ծնվում են այլ նախագծերը (որոշ նախագծեր հարթակն այդպես էլ չեն լքում՝ «Հրեշագործի արվեստանոցն» ու «Ընթերցացուցակը» ձեզ օրինակ):
  2. A Chymical Wedding, բլոգ՝ նվիրված օկուլտային փիլիսոփայությանն, ալքիմիային և այլ հետաքրքիր բաների: Նյուէյջ ու շիզոտերիկա չփնտրեք այնտեղ, չկա: Իրականում շատ ավելի շատ գրելիք ունեմ այնտեղ, բայց հենց այդտեղ էլ երևում է, թե ինչքան ծույլ մարդ եմ: Եթե ինչ-որ մեկը թեմաներից բավականաչափ տեղյակ է, որ ինձ հետ միասին վարի այն, ուրախ կլինեմ:
  3. Բլոգերի Ուղեցույց, այստեղ պետք է որ տեղադրվեին խորհուրդներ և ուսուցողական նյութեր բլոգերների ու սոցիալական ոլորտից օգտվողների համար, բայց դե էլի ժամանակ ու ինձ հետ միասին գրող չկա, ցավոք: Կփորձեմ ուղղել մոտակա ժամանակներս, ձեր ակտիվությունից էլ է հաճախ կապված, թե որ նախագիծը կզարգացնեմ:
  4. Twisted Magazine, իմ լրագրողական պորտֆոլիոն (հատընտիր հոդվածներ և լուսաբանումներ): Եթե խմբագրական կազմ հավաքվի, կարող է վերածվել իսկական ինտերնետային այլընտրանքային ամսագրի:
  5. A Self-Portrait in Reflections, անգլալեզու բլոգ, որտեղ ես գրում եմ ցրվելու համար, մեկ էլ բաներ եմ տեղադրում, որոնք հայալեզու բլոգոսֆերայում առանց գուգլի չէին հասկանա:
Հիմնականները սրանք էին:

Thursday, June 28, 2012

Գրեթե մոռացել էի. «Մեկ Ազգի» դատական գործի հանգուցալուծումը

Այո, այսօր դատավորը կարդաց իմ, Դանիել Իոհաննիսյանի, Հասմիկ Սիմոնյանը՝ ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության դատական գործով վճիռ: Ըստ որի մեր հայցը բավարարեց, ցավոք՝ մասնակի:

Դե ֆակտո՝ «Մեկ Ազգը» հիմա պետք է ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ իրենց ֆեյսբուքյան էջում ինձանից ու Դանիելից: Վիրավորանքի համար:

Շնորհակալություն ինչպես մեզ աջակցած բոլոր մարդկանց, այնպես էլ նրանց, ովքեր մեր դեմ ցույց-մույց էին անում՝ ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձնելով կյանքը:

Այստեղ են ասել.


Մարկես, Խաչատուր Աբովյան և «Հարյուր Տարվա Մենություն». պրուֆլինկ, խնդրում եմ

Վարդան Ջալոյանի հոդվածն էի կարդում Մարկեսի, Խաչատուր Աբովյանի ու «Հարյուր Տարվա Մենության» մասին ու, մեղմ ասած, մի քիչ համոզված չեմ:

Իմ հիշողությունն ինձ հուշում էր, որ «հայ գնչուի հանելուկային կերպարը», որի մասին խոսում է Վարդանը, Մելկիադեսը չի կարող լինել, չնայած գրքում իրոք կա հայ գնչուի կերպար (որը որոշակի Աբովյանական գծեր է արտահայտում՝ մասնավորապես, անհետանում է): Ստուգեցի, ու դուրս եկավ, որ ճիշտ էի.
Վերջապես նա հասավ այն վայրին, որտեղ Մելկիադեսը սովորաբար տեղադրում էր իր վրանն ու գտավ լռակյաց հայի, ով մարդուն անտեսանելի դարձնող օշարակ էր վաճառում: Նա մի շնչով գլխին քաշեց սաթե հեղուկի բաժակը, քանի դեռ Խոսե Արկադիո Բուենդիան արմունկներով ճանապարհ էր բացում տեսարանը դիտող մարդկանց կլանված խմբի միջով, ու հասցրեց տալ իր հարցը: Գնչուն նրան պարուրեց իր հայացքի սարսափազդու եղանակով, նախքան ժանտահոտ ու ծխացող հեղուկի ջրափոսի վերածվելը, որի մակերեսին դեռ լողում էր նրա պատասխանի արձագանքը. «Մելկիադեսը մահացել է»: Նեղված նորությունից, Խոսե Արկադիո Բուենդիան կանգնած էր անշարժ, փորձելով իր վշտից վեր կանգնել, մինչև խումբը ցրվեց, ու լռակյաց հայի ջրափոսը վերջնականապես գոլորշիացավ:
Ստուգել եմ այս անգլերեն թարգմանությամբ (էջ 20), բայց վեպը բնագրով էլ եմ կարդացել ու «հայ» բառի այլ հիշատակում չեմ հիշում:

Կասկածի տակ չվերցնելով Վարդան Ջալոյանի հեղինակությունը, նշեմ, որ հոդվածն իրենով վատ էր գրված. շարադրանքը կցկտուր էր, մարդկանց անուններն ու գրքերի վերնագրերը, ինչպես նաև հիշատակված աշխատանքների համապատասխան հատվածները բացակայում էին:

Այսպիսով, արդյո՞ք կապ ունի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր Տարվա Մենություն» վեպի հերոսներից որևէ մեկը Խաչատուր Աբովյանի հետ, թե ոչ. քանի դեռ ապացույցներ չեմ տեսել, ոչ մի կապ էլ չունի: Իսկ ապացույցներ, ցավոք, դեռ չեմ տեսել: Դրա համար էլ խնդրում եմ. պրուֆլինկ: Աշխատանքի վերնագիր, համապատասխան հատված կամ հաստատում Մարկեսի կողմից:

Google+ Events

Եթե Google+ Local-ը գնալու վայրերի ու նրանց մասին արձագանքների վրա էր ուղղված, ապա Google+ Events-ը տարբեր բաներ կազմակերպելու համար է (ինչու՞ ոչ, կարելի է հենց Local-ում նշված վայրերում մի բան կազմակերպել):

Ինչպես տեսնում եք, համապատասխան կոճակն արդեն հայտնվել է ձախ կողմի վահանակում, իրադարձությանը կարելի է արձագանքել (գնում եմ, չեմ գնում, չգիտեմ կամ տեղում մարդկանց ու, տադադամ, ամբողջ օղակներ հրավիրել, ինչը փրկում է ձեզ հատիկ-հատիկ մարդկանց հրավիրելու անհրաժեշտությունից): Ու այո՝ Google+ Events-ը սինխրոնիզացվում է Google Calendar ծառայության հետ (շնորհավոր, անդրոիդցիներ):

Իրադարձության ինտերֆեյսը կրեատիվ է, ամեն իրադարձություն բացելիս տեսնում եք հրավիրատոմս-բացիկ հիշեցնող էջ, որի նկարը ստեղծելիս կարելի է ընտրել ստանդարտ տարբերակներից կամ բեռնել ինքնուրույն: Կապույտ լեզվակը... քաշեք, կտեսնեք ինքներդ:
Հայաստանում էլ արդեն գործում է. հուլիսի 7-ին ժամը երեկոյան 7-ին համեցեք Վանաձոր՝ Լավ Էլի խմբի համերգին, իսկ 8-ին Երևանյան ֆոտոզբոսանքն է, որի մասին կխոսեմ ավելի ուշ:

Tuesday, June 26, 2012

Արվեստի չորս գործ, մաս տասնմեկերորդ. Ջիորջիո դե Կիրիկո

«Փողոցի հանելուկն ու մելամաղձոտությունը», 1914
«Անորոշության նոստալգիան», 1912-13
«Ձիերը ծովափին», 1928
«Երկու դիմակներ», 1926

Monday, June 25, 2012

Արվեստի չորս գործ, մաս տասերորդ. Վինսենտ վան Գոգ

«Աստղազարդ գիշեր Ռոնայի վրա», 1888
«Խաղողի կարմիր այգին», 1888
«Աստղազարդ գիշերը», 1889
«Ինքնադիմանկար», 1889

Sunday, June 24, 2012

Արվեստի չորս գործ, մաս իններորդ. Արման Գիյոմին

«Մայրամուտն Իվրիում», 1873
«Սենա գետը Շարենտոնի մոտ», 1878
«Ձնածածկ հովիտը», 1869
«La Place Valhubert», 1875

Սերիալների օր. Californication

Գրող, ստեղծագործական ճգնաժամ, բարդ հարաբերություններ ընկերուհու ու դստեր հետ: Ու այս ամենը մարմնավորող հերոսի դերը խաղում է Դևիդ Դուխովնին (X-Files սերիալում գործակալ Մալդերի դերակատարը):

Californication-ը dramedy (դրամա+կոմեդիա) ժանրի սերիալ է: Հերոսի միջին տարիք ճգնաժամն ու անկանոն սեքսից, թմրադեղերից ու ալկոհոլից հրաժարվելու անկարողությունը կոնֆլիկտի մեջ են մտնում հայր լինելու պատասխանատվության հետ ու վտանգի տակ դնում սիրելի կնոջ հետ հարաբերությունները: Գրող, որը գրելու փոխարեն հարբում է, սխալներ, որոնց համար պետք է վճարել, երեխա, որն աստիճանաբար ավելի է նմանվում իր հորը, կրկնում նրա սխալները:

Ցանկացած դեպքում, խորհուրդ եմ տալիս դիտել:


Ու մեկ էլ, չեմ կարող չտեղադրել երկրպագուների կողմից պատրաստված տեսահոլովակը, որի երաժշտությունը The Frames խմբի «Finally» երգն է.


Սերիալների օր. How I Met Your Mother

«Դե, ընթերցողներ, հիմա ես կպատմեմ, թե ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին»՝ միտք կար HIMYM-ի մասին գրառումը սկսել այս նախադասությամբ, ինչպես սկսում է սերիալի ամեն էպիզոդը, բայց Հայաստանում, կարծում եմ, այդ կատակը չեն գնահատի: Իհարկե, ես դա հենց նոր արեցի, կարծում եմ՝ առանց ինչ-որ մեկին վիրավորելու:

Տեոդոր Մոսբին՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն ու գրեթե բոլոր էպիզոդների նարատորը, կանչել է իր երկու երեխաներին իր աշխատասենյակ ու պատմում է, թե ինչպես է հանդիպել նրանց մայրիկին: Բավականին մանրամասն: Քնարական շեղումներով: Արդեն 7 եթերաշրջան շարունակ:

How I Met Your Mother-ը սիտկոմ է (situational comedy՝ իրավիճակային կատակերգություն): Ու, ինչպես հաճախ լինում են սիտկոմները, կենցաղային սովորական ու ոչ այնքան սովորական իրավիճակների վրա է հիմնված (ու «ոչ սովորական» ասելով ես ի նկատի ունեմ ոչ միայն թռչող առնետ-խավարասերին այնքան էլ չնվիրված էպիզոդը): HIMYM-ը պարունակում է անկեղծ ու կոնկրետ իմ սրտին կպնող կատակերգության ու դրամայի դոզա ու լիքը մոդելներ, որոնք արդեն օգտագործում ենք մեր կենցաղի իրավիճակները ներկայացնելու համար («...but she's not Robin»՝ «Բայց նա Ռոբինը չի» արտահայտությունը դրա օրինակ է):


Սերիալների օր. Pioneer One

Այսօր հայտարարում եմ սերիալների օր:) ոչ, «Երջանիկ Դժբախտություն», «Ցածր Աշխատավարձ» և այլ նմանատիպ «հրաշքների» մասին չի խոսքը: Սերիալներ, որոնք ես ինքս նայում եմ ու կարող եմ ձեզ էլ խորհուրդ տալ:

Pioneer One-ի մասին ես առաջ էլ եմ գրել: Այս սերիալը ֆենոմենալ երևույթ է. տարածվում է անվճար (տորրենտներով), ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով (եթե մարդիկ ցանկանում են հաջորդ էպիզոդը տեսնել, պետք է իրենք կտոր-կտոր ֆինանսավորեն այն): Փաստորեն, Pioneer One-ը կարող է դառնալ ինդի-կինոյի նոր մոդելի առաջին խոշոր ներկայացուցիչներից:

Սերիալը գիտաֆանտաստիկ է. անհայտ տիեզերանավ է ընկնում Մոնտանա նահանգի կենտրոնում՝ ռադիացիա տարածելով տարածքով մեկ: Միաժամանակ տիեզերանավի մի մասը հայտնաբերվում է Կանադայում, ինչպես նաև տիեզերանավի ենթադրյալ ուղևորը՝ սովետական սկաֆանդրով մարդ, ով սուր քաղցկեղ ունի: Մարդու մոտ գրություն կա, որը պնդում է, թե նա Մարսի վրա ապրող տիեզերագնացների երեխան է:

Արդեն պատրաստ են սերիալի 6 էպիզոդներ (նախատեսված 4 եթերաշրջաններից առաջինը), որոնք կարող եք քաշել այստեղից: Նույն էջում էլ կարող եք «տոմսեր» առնելու միջոցով օգնել ֆինանսավորել սերիալը, տեսնել, թե ինչպես է օգտագործվում ձեր նվիրաբերած գումարը և այլն:


Saturday, June 23, 2012

Արվեստի չորս գործ, մաս ութերորդ. Կամիլ Պիսարո

«Լվացարարուհի», 1880
«Երկխոսություն», 1881
«Խոտհարքն Էրանյիում», 1901
«Մոնմարտրի բուլվարը ձմեռային առավոտյան», 1897

Տափակ մոտիվացիա

Եթե մի օր որոշեմ կոտոշներս, կճղակներս ու պոչս քաշել հայալեզու բլոգինգից, այ, այսպիսի բլոգների պատճառով է լինելու: Այնպես չի, թե այս պարազիտիզմն անգլալեզվու բլոգներում է քիչ, պարզապես նույն տափակությունը հայերեն թարգմանությամբ լսելը կրկնակի ավելի աբսուրդ ու տհաճ է:

Ինձ դուր չի գալիս, երբ հոստինգի ու դոմենի փող չունեցող (ենթադրում եմ) մեկը սկսում է մարդկանց սովորեցնել հարստանալ: Ինձ դուր չի գալիս, երբ ապագա արվեստաբանն այսպիսի մտքեր է արտահայտում.
յուրքանչյուր բարձր արվեստ, լինի դա կերպարվեստ թե սինթետիկ արվեստի նմուշ, օբյեկտիվ՝ այսինքն, ոչ անձնական այլ որոշակի գեղագիտական չափանիշներով օժտված էսթեիկ ճաշակի մարմնացումա ու կոչվածա էսթետիկ ակտ, ասել է թե մի քանի ստադիայից բաղկացած հոգեվիճակ, վերզգայական կացություն ստեղծելուն: Էդ ակտը չորս ստադիա ունի ու հիմա Բախը քո մոտ միայն առաջին ստադիայա ապահովում, մյուս ստադիաների՝ գեղարվեստական տռանսի հասնելու համար անհրաժեշտա որոշակի ներքին, գեղարվեստա-վերացական պատրաստվածություն, իսկ դա կամ կգա ժամանակի հետ, կամ դու արագի մեջ կզարգացնես
շփոթելով արվեստն արվեստի քննադատության հետ ու հաշվի չառնելով, որ խելացի հնչող բառերից ախմախ միտքը չի դադարում ախմախ միտք լինել:

Ինձ դուր չի գալիս Դեյլ Կարնեգիի «ինչպես հետույքներ համբուրել ու մանիպուլյատիվ միջոցներով ստանալ, ինչ ցանկանում ես՝ ընթացքում բարձրացնելով սեփական նշանակալիության զգացողությունը» գաղափարներն ու մեթոդները, որոնք, հետաքրքիր է,  մեր քյառթուների մոտ ի բնե են դրված, սկսում են քարոզել մենտորական ժպիտը դեմքին:

Ինձ դուր չի գալիս էժանագին ու տափակ մոտիվացիան, որը կամ 15 րոպե է տևում, կամ էլ մոտիվացնում է էժանագին ու տափակ մարդկանց:

Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր մարդկանց համոզում են՝ դուք անհաջողակ եք, եկեք՝ ես ձեզ հաջողակ դարձնեմ: Ինձ դուր չեն գալիս «կույրերի մեջ միաչքանին էլ է թագավոր» սկզբունքով հեղինակություն ձեռք բերող (չե՞ք կարծում, որ անինքնավստահ «անհաջողակներին» լեկցիա կարդալը դրա օրինակ է) մարդիկ:

Ու ընդհանրապես, «Little Miss Sunshine» նայեք, հոյակապ կինո է: Սարկազմս էլ ավելի լավ կպատկերացնեք:


«Իսկ դու՞ք ինչու եք ծխում»

Ծխող մարդկանց դեմոնիզացիայով զբաղվող ու ծխելու դեմ ոչ էթիկ պայքար մղող լիքը մարդկանցից հետո այս տեսահոլովակը մաքուր օդի շունչ էր:) չնայած ես երեխայի հարցի պատասխանն ունեմ. I don't care much about life anymore.-)


Տեսահոլովակում ծխողները նույնպես մարդիկ են: Ու շատ ավելի մարդկային, քան ծխելու դեմ պայքարողների մեծ մասը:

Մի քիչ ուրիշ ջազ

Իմ ծանոթությունը ջազի հետ հենց սկզբից էլ հիշեցրել է զոքանչ-փեսա հարաբերություններ: Զոքանչի դերում, տարօրինակ չհնչի, ես էի, ու ես փեսայիս հենց սկզբից էլ հեչ չէի սիրել:

Ինչևէ, շնորհակալություն Կարենին (Jethrov), որ ինձ ցույց տվեց ջազի մյուս կողմը՝ սվինգից ու այլ ջազանման պոպից այն կողմ, երբ սկսում է իսկական ջազը. իմպրովիզացիա, էքսպերիմենտ ու գեղեցկություն:

«Ոսպնյակի մութ կողմը»


«Dark Side of the Lens», կարճամետրաժ ֆիլմ լուսանկարչության շատ յուրահատուկ ձևի մասին:

Մրցանակներ.
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, Rhode Island International Film Festival, 2011
  • Ակտիվ մարզաձևերի կատեգորիա, Vimeo Awards 2012
  • Պրոֆեսիոնալ կատեգորիա, G-Raid Driven Creativity award
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, 5Point Film Festival 2011
  • Գրան պրի, Chamonix Film Festival 2011
  • Լավագույն կարճամետրաժ, New York Surf Film Festival 2011
  • Տարվա լավագույն թվային կարճամետրաժ, Surfer Poll
  • Relentless Short Stories 2011
  • «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակ, Amstel Surf Film Festibal
  • Լավագույն կարճամետրաժ, Sheffield Adventure Film Festival
  • Լավագույն միջազգային կարճամետրաժ, Canadian Surf Film Festival
  • Լավագույն կարճամետրաժ, Waimea Ocean Film Festival

Friday, June 22, 2012

Արվեստի չորս գործ, մաս յոթերորդ. Էլ Գրեկո

«Օրգազի կոմսի թաղումը», 1586-88
«Հովիվների երկրպագությունը», 1612-14
«Տոլեդոյի տեսարան», 1596-1600
«Լակոոն», 1600-14

Thursday, June 21, 2012

Արվեստի չորս գործ, մաս վեցերորդ. Ուիլիամ Բլեյք

Մի փոքր մտածելու նյութ. եթե Ուիլիամ Բլեյքի նկարներին նայելիս հրեշներ եք տեսնում, կարդացեք նրա «Թելի Գիրք», «Միլտոն. Պոեմ» ու «Ամուսնություն Դրախտի ու Դժոխքի» աշխատանքները: Հետո նայեք նորից:
«Սիրահարների շրջապտույտը», 1824-27
«Կարմիր Վիշապն ու Արև հագած Կինը», 1805-10
«Վաղնջենական օրեր», 1794
«Ծագումը», 1790-1800

Wednesday, June 20, 2012

Արվեստի չորս գործ, մաս հինգերորդ. Պաբլո Պիկասսո

Պիկասսոյին մարդիկ սովորաբար ճանաչում են կուբիստական շրջանով: Ծանոթացեք, «Երկնագույն շրջան». անձամբ իմ ամենասիրածն է նրա ստեղծագործության մեջ:
«Աղջիկը գնդակի վրա», 1905
«Ողբերգությունը», 1903
«Ծեր կիթառահարը», 1903
«Կյանքը», 1903

Tuesday, June 19, 2012

Արվեստի չորս գործ, մաս չորրորդ. Պիեռ-Օգյուստ Ռենուար

«Աղջիկները դաշնամուրի մոտ», 1892
«Նավավարների ընթրիքը», 1880-81
«Մազերը հյուսող աղջիկը», 1885
«Ջրի մոտ», 1880

Արկտիկ լույս

Ու Տերյե Սորգյերդի երրորդ աշխատանք, որտեղ նա նկարահանել է բնական ֆենոմեն, որի անունն անգամ չգիտի:

Կեսգիշերվա Արևը բնական ֆենոմեն է, որը կարելի է դիտել Արկտիկ օղակից հյուսիս ընկած ու դրանց մերձակա տարածքներում: Ֆենոմենը կայանում է նրանում, որ անգամ կեսգիշերին արևը մայր չի մտնում: Սա պայմանավորված է երկրի պտույտի բնույթի առանձնահատկություններով ու տեղի է ունենում ամռան ամիսներին:

Կեսգիշերվա Արևից 2-4 շաբաթ առաջ կարելի է դիտարկել մեկ այլ ֆենոմեն, որը Տերյեն անվանել է «Արկտիկ լույս»: Տերյեն նշում է, որ այն իր տեսած ամենագունավոր լույսն է: Դե, հիացեք:


Հիշեցնեմ, որ Տերյեի այս և այլ, ոչ պակաս զարմանալի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Monday, June 18, 2012

Արվեստի չորս գործ, մաս երրորդ. Կլոդ Մոնե

«Նավակ-ստուդիան», 1876
«Անձրևանոցով կինը», 1875
«Կամուրջ ջրաշուշանների լճակի վրա», 1899
«Վետոյի փողոց ձմռանը», 1879

Aurora Borealis

Էլի Տերյե Սորգյերդի նկարահանած տեսանյութերից: Բևեռափայլ, ավրորա: Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսին է այն իրականում:


Տերյեի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Sunday, June 17, 2012

Արվեստի չորս գործ, մաս երկրորդ. Էդուարդ Մանե

«Մահացած մատադորը», 1864-65
«Կիրսարջի ու Ալաբամայի մարտը», 1864
«Փիլիսոփան (Ոստրեներով մուրացկանը)», 1864-67
«Օլիմպիա», 1863

Լեռը

Հայտնի լուսանկարիչ Տերյե Սորգյերդը (մարդ, ում աշխատանքին ծանոթացել եմ Google+ սոցիալական ցանցի շնորհիվ) նկարահանել է Իսպանիայի ամենաբարձր սարը՝ Էլ Տեյդեն, ու Ծիր Կաթինի տեսարանը լեռան գագաթից:

Երբեմն նայում եմ ու մտածում, թե ինչքան բան կա, որ դեռ չեմ տեսել ու երևի չհասցնեմ էլ տեսնել: Շնորհակալություն, Ինտերնետ:)


Տերյեի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մարիամ Գևորգյանը, թուղթուգիրն ու քրեական հանցագործությունը

Ժամանակին ես անդրադարձել եմ Մարիամ Գևորգյանի բավականին ողբերգական ու հրեշավոր պատմությանը:

Հունիսի 14-ին, երբ Արարատի և Վայոց ձորի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում Մարիամ Գևորգյանի գործով հերթական նիստը, դատարանի շենքի մոտ հավաքվել էին Մարիամի նախկին ամուսնու ազգականները և այլ անձինք, որոնք պլակատներ էին բերել: Պլակատների պարունակությունը ցնցող էր. «Մարիամի վրայից հոտ էր գալիս», «Երեսը պզուկներով էր պատված, նա մաշկային հիվանդություն է ունեցել», «Նա վատ հարս էր», «Մարիամը թուղթ ու գիր էր արել նախկին ամուսնուն և սկեսրոջը»: Լրիվ զեկույցը կարող եք կարդալ այստեղ:

Adobe Flash Player 11.3 r300 + Mozilla Firefox 13 + YouTube, պրոբլեմ ու լուծում

Երեկ ես թարմացրեցի Adobe Flash Player-ս մինչև 11.3 r300 տարբերակ, ու հանկարծ YouTube-ի տեսահոլովակների մի մասը սկսեց չաշխատել: Պլեերը ցուցադրում էր "An error occurred.  Please try again later" տեքստն ու ոչ մի վիդեո:

Խնդիրը, պարզվեց, Flash Player-ի նոր protected mode-ի ու RealPlayer Browser Record plug-in-ի կոնֆլիկտն էր, չնայած փլագինն ինձ մոտ վաղուց անջատված էր:

Եթե դուք էլ ունեք նույն խնդիրն, ապա լուծում եք այն այսպես. բացում եք Real Player ծրագիրը,
  1. սեղմում վերևի ձախ անկյունի «Real Player» մենյուն,
  2. մտնում «Preferences»,
  3. բացված պատուհանում գնում Download and recording կետը,
  4. հանում «Enable web download and recording...» կետն
ու Ok տալիս: Պատրաստ է: Իհարկե, լավագույն լուծումը չի՝ անձամբ ինձ դուր էր գալիս Real Player-ով վիդեոներ քաշելու հնարավորությունը, բայց դե երևի հաջորդ թարմացումներում սա ինչ-որ կերպ շտկվի:

«Various Positions»

Լյուցիֆերիս նկարել էի երեկվա #Caturday-ի համար:) բայց քույրս iPod-ը տարել էր: Դրա համար էլ այսօր եմ տեղադրում: