Monday, April 22, 2013

The Raven that Refused to Sing

Չգիտեմ, երաժշտական նորություններին ինձ նման ուշադիր եք հետևում, թե ոչ, բայց Ստիվեն Ուիլսոնը (Porcupine Tree, No-Man) նոր սոլո ալբոմ է թողարկել այս տարվա փետրվարին:

Ալբոմի վերնագիրը «The Raven that Refused to Sing (And Other Stories)» է:

Այսօր գտա «The Raven that Refused to Sing» երգի տեսահոլովակն ու, մեղմ ասած, տպավորված եմ: Գնահատեք:

Օր իններորդ, «Երգ, որի տակ կարող եք պարել»

Ես մի անգամ ասել էի, որ կսիրահարվեմ այն աղջկան, ով իրոք կկարողանա պարել այս երգի տակ:) պատրաստ եմ դա կրկնել:

Guns n' Roses, "Welcome to the Jungle"

Friday, April 19, 2013

Օր վեցերորդ, «Երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում»

Agnes Obel, "Riverside"

Ֆիլմեր, որոնք պատրաստվում եմ դիտել մոտ օրերս

Երբ ձեռքս երկու շատ լավ ֆիլմ է ընկնում, որոնք երկուսն էլ երկար ժամանակ է՝ փորձում էի գտնել, ես շատ երջանիկ պանդա եմ դառնում.
(if you know what i mean)

Այս անգամ ֆիլմերը գեղարվեստական չեն:


"Dont Look Back"-ը 1967 թ. նկարահանված cinéma vérité է Բոբ Դիլանի 1965 թ. համերգային շրջագայությունների մասին (այդ շրջանը նաև իր ու Ջոան Բաեզի հարաբերությունների ավարտն էր):


"The Swell Season" (2011) ֆիլմն իր հերթին պատմում է Գլեն Հանսարդի ու Մարկետա Իրգլովայի "Once" (2006) ֆիլմի թողարկմանն ու հաջողությանը հաջորդած գրեթե երկու տարի տևած համերգային շրջագայությունների, լարվածության, սիրո ու դրամայի մասին:


Ինչպես հասկանում եք, ես շատ սեփականատեր չեմ, ու եթե ինչ-որ մեկը ցանկանում է ֆիլմերը հետս դիտել, ես միայն ուրախ կլինեմ կիսվել:

Thursday, April 18, 2013

Օր հինգերորդ. «Երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում»

The Swell Season, "Maybe I was born to hold you in these arms"

Ազատ անկում, Ալեքսանդր Պոլլի

Այս տեսանյութի հետ կապված մեկնաբանությունները մի տեսակ ավելորդ են դառնում. թևավոր կոստյումով թռիչք ուղղաթիռից, ոչ մեծ քարանձավային մուտք, մի սխալ շարժում՝ ու կփշրվես քարե պատի վրա: Չգիտեմ, ադրենալինի նկատմամբ ինչ սեր է պետք սրանով զբաղվելու համար:


Մի օր միգուցե նույնիսկ փորձեմ:

Wednesday, April 17, 2013

Tuesday, April 16, 2013

Օր երրորդ, «Երգ, որը ձեզ մոտ երջանիկ զգացողություններ է առաջացնում»

Դե, քանի որ այս անգամ երջանկության հետ երաժշտության ասոցիատիվ կապ գտնել չի ստացվի, կտեղադրեմ երգ, որն ինձ բավականաչափ պոզիտիվ է փոխանցում, որ դա կարողանամ երջանիկ զգացողություն անվանել:

Cocoon, "Dee Doo"

Monday, April 15, 2013

Օր երկրորդ, «Ձեր ամենաչսիրած երգը»

Այս անգամ պատասխանն ակնհայտ է՝ Nirvana, "Smells Like Teen Spirit"

Ատկատների մասին

Շատ սուր տեսանյութ է YouTube-ում հայտնվել՝ ՀՀԿ-ի ու Տարոնի «քաղաքի համար արած գործերի» մասին (օրինակ, բացի բուռն գործունեության իմիտացիայից էլ ինչ մոտիվացիա կար, ասենք, նոր տարուն պենոպլաստից եղնիկներով քաղաքը լցնելու հետևում): Խորհուրդ եմ տալիս՝ նայեք:

Sunday, April 14, 2013

ԶԼՄ-ներն ու «սև ցուցակները»

Դիտենք Բելոռուսիայի օրինակի վրա, քանի որ իրենց դեպքում ապացույցներ կան: Պաշտոնական ԶԼՄ-ն պետական մարմիններից ստանում է խիստ «ոչ պաշտոնական» անստորագիր ցուցակ, որտեղ նշված են «արվեստի գործիչներ», որոնց եթերում հիշատակելը «ցանկալի չի»: Իրականում սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ «սև ցուցակներ», որոնք այդքան հարգի էին ՍՍՀՄ-ի ժամանակ: «Ցանկալի չի» արտահայտությունը պետք է հասկանալ «արգելվում է»: Նման ցուցակի օրինակ 2011 թվականից.

Միգուցե Հայաստանում ԶԼՄ-ները դեռ նման ցուցակներ չեն ստանում, բայց քննարկման ենթակա թեմաները վերահսկման տակ են, ու դա փաստ է: Որպես օրինակ՝ 2008-ի մարտի 1-ին Ա1+ հեռուստաընկերության նկատմամբ ճնշումն ու արտասահմանյան լրատվամիջոցների (CNN, Euronews) ազդանշանը հայկական հաղորդումներով խլացնելը, երբ թողարկումներն անդրադառնում էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին (դիվանագիտական կաբել 08YEREVAN179, ARMENIA SITREP: VIOLENT PROTESTS AFTER DAWN RAID, մաս 4-րդ. 1 մարտի 2008, «ԳԱՂՏՆԻ», Երևանում ԱՄՆ դեսպանություն):

Հետևություն. եթե կառավարությունը չի ցանկանում, որ որևէ թեմա քննարկվի պրեսսայի կողմից, այդ թեման պրեսսայի կողմից չի քննարկվում:

Իսկ ինչպե՞ս վարվել ոչ պաշտոնական և ինտերնետային պրեսսայի նկատմամբ: Մարգինալիզացնել, զբաղեցնել շուկան: Շեղել մարդկանց ուշադրությունը ոչ էթիկ եղանակներով՝ ճչան, ապակողմնորոշող վերնագրեր, նյութեր թեմաներով, որոնք աղմուկ կբարձրացնեն: Մեթոդ, որը նկարագրվում է Օլդոս Հաքսլիի «Brave New World» գրքում: Չե՞ք կարդացել: Անպայման կարդացեք:

Օր առաջին, «Ձեր սիրելի երգը»

Դե, ժամանակն այդ առումով ոչինչ չի փոխել:)

Camel, "Fingertips"

«30 օր երաժշտության հետ», դուբլ 2

Ռեպոստ երկու տարի առաջ մոտավորապես այս ժամանակ սկսած նախագիծը:)

Ֆեյսբուքի «30 Day Song Challenge»-ը որոշեցի տեղափոխել հայկական բլոգոսֆերա:) Բացատրեմ խաղի կանոնները. 30 օր դուք երգեր եք պոստ անում (ցանկալի է՝ Youtube-ով լսելու հնարավորությամբ) ու գրառումները նշում «30 օր երաժշտության հետ» կամ «30 օր» պիտակով: Թե ինչ երգեր, որոշվում է ըստ խաղը օրվա (խաղի մեջ ձեր մտնելուց հաշված).
  1. Ձեր սիրելի երգը
  2. Ձեր ամենաչսիրած երգը
  3. Երգ, որը ձեր մոտ երջանիկ զգացողություններ է արթնացնում 
  4. Երգ, որը ձեզ տխրեցնում է
  5. Երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում
  6. Երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում
  7. Երգ, որը ձեզ ինչ-որ դեպքի մասին է հիշեցնում
  8. Երգ, որի բառերն անգիր գիտեք
  9. Երգ, որի տակ կարող եք պարել
  10. Երգ, որից քնում եք
  11. Ձեր սիրած խմբի երգ
  12. Ձեզ համար ատելի խմբի երգ
  13. Երգ, որը ձեր համար «մեղավոր հաճույք» է (թաքուն եք լսում, որ մարդիկ չիմանան)
  14. Երգ, որը ոչ ոք չէր սպասի, որ դուք կսիրեք
  15. Երգ, որը ձեզ նկարագրում է
  16. Երգ, որը ժամանակին սիրում էիք, իսկ հիմա տանել չեք կարողանում
  17. Երգ, որը YouTube-ով հաճախ եք լսում
  18. Երգ, որը կուզեիք լսել ռադիոյով:
  19. Երգ ձեր սիրելի ալբոմից
  20. Երգ, որը լսում եք, երբ բարկացած եք
  21. Երգ, որը լսում եք, երբ երջանիկ եք
  22. Երգ, որը լսում եք, երբ տխուր եք
  23. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր հարսանիքին
  24. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր թաղմանը
  25. Երգ, որը ձեզ ծիծաղեցնում է
  26. Երգ, որը կարող եք ինչ-որ երաժշտական գործիքի վրա նվագել
  27. Երգ, որը կցանկանայիք նվագել կարողանալ
  28. Երգ, որը ձեր մոտ մեղքի զգացողություն է առաջացնում
  29. Երգ ձեր մանկությունից
  30. Ձեր սիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ
Երգերը չեն կարող կրկնվել: Խաղին միանալու դեպքում վերապոստեք կանոնները կամ հղում տեղադրեք)))

    Ապրիլի 14, 1909

    1909 թվին այս օրը Օսմանյան իշխանությունները կազմակերպել են Ադանայի հայկական ջարդերը, որոնց արդյունքում սպանվել են 15,000-30,000 մարդիկ:


    Saturday, April 13, 2013

    Վերադարձ

    2013-ը բլոգիս համար լավ չսկսեց. քաղաքական ակտիվություն, նյարդային վիճակ, մեծ ճնշում: Հացադուլ, խաթարված առողջություն, անընդհատ սուիցիդալ մտքեր: Անցյալ տարվա կորուստների հետքը:

    Ժամանակն է, որ ինքս ինձ մի փոքր բուռս հավաքեմ ու շարունաեմ առաջ քայլել, կարծում եմ:

    Ինչպե՞ս եք: Չգիտեմ, կարոտել եք ինձ, թե ոչ, բայց ես ձեզ կարոտել եմ: Գիտեմ, որ հաճախ պարզապես լուռ լսում եք ինձ: Բայց այն պահերը, երբ ինձ հետ երկխոսության մեջ եք մտնում, փոխհատուցում են իմ բոլոր մենախոսությունները:

    Ես վերադարձա: Երևի բլոգի դիզայնը կփոխեմ մի քիչ, առնվազն հետին պլանը: Ու կսկսեմ գրել:

    Օրվա երաժշտությունը

    Saturnus, "A Lonely Passage"

    Friday, April 12, 2013

    Օրվա երաժշտությունը

    Portishead, "Machine Gun"

    Տիեզերագնացության օրը

    1961 թ. այս օրը Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով դարձավ առաջին մարդն, ով դուրս եկավ տիեզերք: Շնորհավորում եմ բոլորիս Տիեզերագնացության օրը:





    Tuesday, April 9, 2013

    Liber Al vel Legis

    Liber Al vel Legis-ի՝ Թելեմայի Օրենքի գրքի առաջին էջը գրի է առնվել 108 տարի առաջ նույն այս օրը:

    Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ օրենքը:

    Օրվա երաժշտությունը

    King Crimson, "Epitaph"

    Saturday, April 6, 2013

    Հորս մասին

     Ասում են՝ կայծակը երկու անգամ նույն տեղին չի հարվածում: Որոշ դեպքերում, պարզվում է, հարվածում է:

    Դեռ անցած տարի՝ Մաշտոցի պուրակում, ընտանիքիս հարվածի տակից հանելու համար դադարեցի տանն ապրել ու հայտարարեցի, որ խզել եմ կապերս ընտանիքիս հետ: Չօգնեց: Դրեցին հորս հեռացման հարցը (նա ԱԱԾ ուսումնական կենտրոնում սպա էր): Բարեբախտաբար, չհեռացրեցին, երբ համոզվեցին, որ պուրակի պայքարը մասսա հավաքելուց հետո չի պատրաստվում բնապահպանական կոչերը փոխարինել իշխանափոխության կոչերով:

    Որպեսզի հորս տեսանկյունը հասկանալի լինի, այն ներկայացնեմ այնպես, ինչպես ինքս եմ տեսնում. հայրս խելացի ու ազնիվ մարդ է, ու բոլորից լավ է տեսնում երկրի վիճակը: Բայց քանի դեռ ԱԱԾ սպա էր, իր ձևով էր ծառայում երկրին և իրավունք չուներ ընդդիմադիր/ակտիվիստական գործունեությամբ զբաղվել: Կանոններ, որոնք նա խստությամբ պահպանում էր:

    Վերջին նախագահական ընտրություններից, կեղծիքներից ու իշխանության հերթական ուզուրպացիայից հետո ես նորից պայքարողների շարքերում էի:

    Նորից բարձրացվեց հորս հեռացման հարցը: Ավելին, ես, չլինելով ինֆորմացիոն անվտանգության ամենավատ մասնագետը, պարզեցի, որ առանց իմ համաձայնության ու դատարանի որոշման գաղտնալսվում են իմ հեռախոսն ու ինտերնետը:

    Հորս սկսեցին թույլ չտալ դասերն անց կացնել (նա դասախոս էր ԱԱԾ ուսումնական կենտրոնում), պահանջեցին աշխատանքից հեռանալու դիմում գրել: Հայրս հրաժարվեց, զեկուցագիր ներկայացրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ ներկայացրեց իրավիճակը: Ինչից հետո նրա ծառայությունը 55-ամյակի առթիվ (լրանում է ապրիլի 8-ին) չերկարաձգեցին ու նրան թոշակի ուղարկեցին:

    Ես չգիտեմ, թե ինչպես դա ընդունեցին նրա կոլլեգաները, որոնք խոսելիս վերևից ներքև քննադատում են գործող ապարատը, բայց եթե հորս աջակցելու համար գոնե մեկը հրաժարական տար, կարծում եմ, ես դրա մասին կիմանայի:

    Սա նաև պատասխան է այն մարդկանց, ովքեր ինձ բանակից հետո քննադատում էին ԱԱԾ աշխատանքի չընդունվելու համար. բացի այդ աշխատանքից հեռու լինելուց, ես բոլորից լավ գիտեմ, որ չնայած ոչ քիչ նորմալ ծառայողների, ԱԱԾ համակարգը վերևից ներքև նեխած է: Փոխանակ արտասահմանյան ազդեցությունների ու տեռորիզմի դեմ պայքարելու, այն իներցիայով «մեծն պարտիայի» քաղաքականությունն է առաջ տանում, հավաքագրում ագենտուրա և ինֆորմատորների ցանց... հենց ձեր միջից: Եթե կարծում եք, որ ստալինյան ստուկաչություններն անցյալում են մնացել, ապա սխալվում եք:

    Որպեսզի պարզ լինի, թե ինչ նշանակություն ուներ հայրս Հայաստանի Հանրապետության համար, մի փոքր պատմեմ նրա մասին: 1984-1988 թթ. Մոսկվայում ասպիրանտ է եղել, բայց 1989 թ. նոյեմբերի 15-ին ուղղաթիռով «Անի» միավորման օգնական ջոկատի կազմում մեկնել է Արցախ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Ղազախաչ, Արփագյադուկ (ներկայումս՝ Քարինջ) գյուղերի պաշտպանությանն աջակցելու: 1990 թ. մայիսից մասնակցել է Կապանի շրջանի Դավիթբեկ գյուղի ինքնապաշտպանությանը: 1993 թ. ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարության տակ: 1994-1995 թթ. եղել է 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Քրիստոփոր Իվանյանի տեղակալը՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: 1996 թ. հունվարից Սերժ Սարգսյանի առաջարկով տեղափոխվեծ է ՀՀ ԱԱԾ համակարգ՝ ռազմական հակահետախուծության գլխավոր վարչություն: Վերջին տարիներին դասավանդել է ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնում: Նաև ՀՊՄՀ նպատակային հայցորդ էր և արդեն ավարտել էր դիսերտացիան, որի պաշտպանությունը կիսատ է մնացել վերջին զարգացումների պատճառով:

    Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով, որն աշխատանքից ազատվելու վերաբերյալ ղեկավարության պահանջից հետո հետ է վերադարձրել:

    Հեղինակ է 40-ից ավել գիտական աշխատությունների, 10-ից ավել ձեռնարկների ու մենագրությունների, ինչպես նաև հետևյալ գրքերի.
    2004 թ. «Հայկական Քայլերգ» (նվիրված գեներալ-լեյտենանտ Իվանյանի հիշատակին)
    2009 թ. «Հոգեբանական Պատերազմ. Հիմնական Գործոնները»

    Ներկայումս նրա ինտերնետային բլոգում ( http://97brigad.blogspot.com ) տեղակայված են պատմվածքներ նրա տպագիր և անտիպ գրքերից՝ «Ճամփաներ, որ մենք ընտրում ենք», «Հայկական խոհանոցի առանձնահատկությունները» և այլն):

    Հոգեբանական պատերազմին առնչվող և հայրենասիրական թեմաներով հանդես է եկել պարբերական մամուլում («Հայ Զինվոր» և այլն):

    Friday, April 5, 2013

    Օրվա երաժշտությունը

    Megadeth, "Tornado of Souls"

    Google Glass-ի ցուցադրությունը Google I/O 2012-ին

    Google Glass-ի ևս մեկ ցուցադրություն:) պարաշյուտային թռիչքը՝ թռնողների աչքերով: Պատկերացրեք, թե ինչքան եմ ուզում սրանից ունենալ:

    Ջերեմի Այրոնսը, նույնասեռականությունների ամուսնություններն ու ինցեստը

    Ես, իհարկե, չեմ ցանկանում պնդել, որ բոլոր պահպանողականներն ապուշ են, կամ որ բոլոր լիբերալները խելացի մարդիկ են: Բայց երբ պահպանողականն ապուշ է, դրա հետ քիչ բան կարող է համեմատվել:

    Օսկարակիր դերասան Ջերեմի Այրոնսը վերջերս հայտարարություն է արել, թե նույնասեռականների ամուսնությունները կարող են բերել... տադադամ... ինցեստի (հղումը):


    Ներքևում բերված է այն նահանգների ցանկը, որոնք թույլ են տալիս նույնասեռական ամուսնությունն ու այն նահանգների ցանկը, որոնք թույլ են տալիս ամուսնությունը սեփական զարմուհու հետ:


    Սա պարզապես ցույց է տալիս փոփոխություններից պանիկայի մեջ ընկած պահպանողականի մտածողության մոդելը: Այո, հարգելի ընթերցող, մի օր այս մարդիկ կարող են որոշել որ քո պոռնո դիտելն ու մաստուրբացիայով զբաղվելը պատճառ է դառնում երկրաշարժների, ջրհեղեղների ու համաճարակների: Պետք է միայն սկսել Հայաստանում խոսել պոռնոյի լեգալիզացիայի մասին, ու կասեն: Չգիտեի՞ր, որ Հայաստանում պոռնոն արգելված է ու քրեական պատասխանատվության է ենթակա:

    R.I.P. Ռոջեր Էբերտ


    Հենց նոր իմացա, որ մահացել է հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը :( Էբերտին կհիշեն որպես քննադատ՝ պոետի հոգով: