Friday, March 29, 2013

Thursday, March 28, 2013

Վարիացիաներ. ամուսնական հավասարություն

ԱՄՆ Կոնգրեսում ամուսնական հավասարության օրենքի հերթական քննարկմամբ բոլոր աջակիցներով պրոֆիլի նկարները փոխում էինք «=» նշանի կարմիր ֆոնի վրա. երևի նկատել եք: Իսկ ում համար հասարակ «=»-ը ձանձրալի է, կարող է ընտրել վարիացիաներից (մեծ մասամբ գտել եմ Reddit-ում).






Tuesday, March 26, 2013

Metal Gear Rising: Revengeance խաղի կոնցեպտ-արտը

Կոնցեպտ-արտերի շարքի երկրորդ մասը, նորից քրոջս խնդրանքով: Ամբողջ ալբոմը կարող եք դիտել այստեղ:

Bioshock Infinite խաղի կոնցեպտ-արտը

Քրոջս խնդրանքով որոշեցի Google+-ում տեղադրել որոշ նոր թողարկված խաղերի կոնցեպտ-արտեր, սկսեցի Bioshock Infinite-ից: Խաղի կոնցեպտ-արտով ալբոմն՝ այստեղ (միանգամից այստեղ չեմ տեղադրում, որ մի քանի տասնյակ նկարով պոստ չստացվի):

Saturday, March 23, 2013

Murmuration

mur·mur·a·tion [mur-muh-rey-shuhn]
noun
1.
an act or instance of murmuring.
2.
a flock of starlings.


Բնությունը երբեմն շատ զարմանալի կարող է լինել: Ես ինքս կյանքում սարյակ չեմ տեսել, ու առաջին դիտման ժամանակ մտածեցի՝ վիդեոխմբագրման ծրագրով արված particle effect-ներ են: Հետո տեսա թևերի թափահարումը: Դժվար է պատկերացնել մի բան, որ այդքան տարբերվի մինչ այժմ քո տեսածից՝ մեզ մոտ ամենատարածված թռչունները ճնճղուկները, ագռավներն ու ծիծեռնակներն են: Երբեմն՝ մի քանի տատրակ:

Wednesday, March 20, 2013

Սերժի մասին


Մարինե Պետրոսյանի «Սերժի մասին» հոդվածն էի կարդում:

Լավ հոդված էր, բայց որպես հոգեբանությունից մի փոքր հասկացող մարդ կարող եմ ասել երկու բան. Սերժ Սարգսյանի վարքը ցույց է տալիս սեփական զգայական մասի ճնշում: Դրա տակը դժվար չի տեսնել երկու բան՝ ամոթ և աճող հուսահատություն:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում տեսնել, որ իր լուսահոգի տատն, օրինակ, բնավ չէր հպարտանա իր հիմիկվա խոսքերով ու գործողություններով:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում տեսնել, որ իր արարքների համար պատասխան են տալու իր ժառանգները: Որ նույնիսկ եթե Կայմանյան կղզիներում միլիոնանոց վիլլա ունենա, շվեյցարական բանկերում էլ մեզանից գողացված ամբողջ փողն ու երկիրը, որն իրենք կործանելու են ու լքելու, ամեն հայ իրեն, իր երեխաներին ու թոռներին նայելու է զզվանքով և ատելությամբ: Սերժ Սարգսյանը չի ցանկանում հասկանալ, որ եթե այստեղ նա նախագահ է, ապա դրսում ցանկացած հայի դիմաց կանգնելու է որպես հասարակ մարդ, ու եթե ցանկանա ահաբեկել ինչ-որ մեկին, պատասխանն էլ ահաբեկումն է լինելու:

Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ քաղաքակիրթ, Բարևով ընթացող հեղափոխությունը մեր բարության ու քաղաքակրթության արդյունքն են: Նա նաև չի հասկանում, որ եթե շարունակի փորձել մեզ ահաբեկել, ճնշել, հեղինակազրկել, փակել բանտերում, շրջապատել լրտեսներով, սպանել ի վերջո, մենք դրանից չենք անցնելու պայքարի իրեն ծանոթ միջոցների: Կան մարդիկ, որոնք պայքարի խաղաղ կուրսը կպահպանեն մինչև վերջին մարդը: Սերժ Սարգսյանը նաև չի հասկանում, որ երբ մեր պայքարի վերջին մարտիկը կընկնի, մեր երեխաները հաջորդ «Գինի լիցը» կերգեն հենց նրա մասին: Ցավալին այն է, որ եթե մենք ընկնենք, մեր զավակների համար Հայաստան էլ չի լինի:

Այս ամենը չտեսնելու համար պետք չի հանճար լինել: Ինչպես տատս էր ասում՝ и дураку ясно: Դրա համար պետք է աչքերը պինդ փակել: Վախից:

Google Glass

Իրականում ես անհամբեր սպասում եմ Google Glass նախագծի հասարակական դառնալուն: Այսպես կոչված «անվտանգության ռիսկերն» ավելի բարձր չեն, քան ժամանակակից սմարտֆոնների դեպքում: Բայց աշխարհը սեփական աչքերով ցույց տալու հնարավորությունը պարզապես հիանալի է:

Tuesday, March 19, 2013

Կողքից նայելու ու ծափահարելու մասին

Մի քիչ դառը գրառում է, բայց վաղուց պետք է կատարվեր:

Մարիամ Սուխուդյանի անունը պետք է որ շատերիդ ծանոթ լինի: Այն աղջիկը, որն ինքն իրեն, ինչքան իրեն հիշում եմ, նվիրել է Հայաստանի բազմատեսակ բնապահպանական խնդիրներին, փողոցային կենդանիներին, հուշարձաններն ավերումից փրկելուն, անտեսված ու ոտնահարված մարդկանց իրավունքներին: Միայն նա չէ, բայց հենց նրան եմ նշում, որովհետև իմ պայքարը Մարիամից է սկսել ու որ անուններ նշելիս ոչ մեկին չմոռանամ ու չվիրավորեմ:

Մարիամն արդեն 33 տարեկան է ու շարունակում է պայքարել բոլորիս իրավունքների համար՝ մի կողմ թողնելով առողջությունը, կարիերան ու անձնական կյանքը: Մի մասը հիանում է նրանով, ծափահարում, ողջունում, որոշ իշխանամետներ նրան անվանում են գրանտակեր ու լրտես: Ինձ ծանոթ շատ մարդիկ նրան համարում են հերոս, բայց քչերն են գիտակցում, որ այս ամբողջ բեռը կարող էր չընկնել մեկ մարդու վրա, եթե կողքից նայելու ու ծափահարելու փոխարեն մարդիկ այդ բեռի մի մասն իրենց վրա վերցնեին:

Մաշտոցի պուրակում մեր պայքարը տևեց 90 օր, կայուն ակտիվիստների քանակը հազիվ հասներ 50-ի: Մեր ստորագրահավաքին մասնակցել էր մոտ 10,000 մարդ: Եթե բոլոր այդ մարդիկ մեկ օրով հավաքվեին Մաշտոցի պուրակում, խնդիրը հենց այդ օրն էլ կլուծվեր:

Երբ մի օր Մարիամին նայեք որպես հերոս, հիանաք նրանով, մտածեք այն մասին, արդյո՞ք կարող եք փոխհատուցել նրա երիտասարդության այն տարիները, որ նա ծախսել է ձեր իրավունքների համար պայքարելով:

Շավարշ Կարապետյանին հիմա գրեթե չեն հիշում: Պրոֆեսիոնալ լողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, որը 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին: Ստացած վնասվածքների պատճառով ստիպված եղավ թողնել լողորդի կարիերան: Նա նույնպես հերոս է:

Բայց եթե Շավարշ Կարապետյանի զոհաբերությունը բխում էր անհրաժեշտությունից, ապա Մարիամինը բխում է մեր անգործությունից:

Մտածեք այս մասին: Իսկ ավելի լավ է՝ կանգնեք Մարիամի կողքին: Գառնի, Խոսրովի անտառ, Ջերմուկ, Թեղուտ՝ մենք հենց հիմա պարտվում ենք այս բնապահպանական ճակատամարտները:

Օրվա երաժշտությունը

David Bowie, "The Stars (Are Out Tonight)"


Այո, լրիվ ճիշտ եք նկատել, Բոուին այս տարի նոր ալբոմ է հանել:)