Saturday, June 23, 2012

Տափակ մոտիվացիա

Եթե մի օր որոշեմ կոտոշներս, կճղակներս ու պոչս քաշել հայալեզու բլոգինգից, այ, այսպիսի բլոգների պատճառով է լինելու: Այնպես չի, թե այս պարազիտիզմն անգլալեզվու բլոգներում է քիչ, պարզապես նույն տափակությունը հայերեն թարգմանությամբ լսելը կրկնակի ավելի աբսուրդ ու տհաճ է:

Ինձ դուր չի գալիս, երբ հոստինգի ու դոմենի փող չունեցող (ենթադրում եմ) մեկը սկսում է մարդկանց սովորեցնել հարստանալ: Ինձ դուր չի գալիս, երբ ապագա արվեստաբանն այսպիսի մտքեր է արտահայտում.
յուրքանչյուր բարձր արվեստ, լինի դա կերպարվեստ թե սինթետիկ արվեստի նմուշ, օբյեկտիվ՝ այսինքն, ոչ անձնական այլ որոշակի գեղագիտական չափանիշներով օժտված էսթեիկ ճաշակի մարմնացումա ու կոչվածա էսթետիկ ակտ, ասել է թե մի քանի ստադիայից բաղկացած հոգեվիճակ, վերզգայական կացություն ստեղծելուն: Էդ ակտը չորս ստադիա ունի ու հիմա Բախը քո մոտ միայն առաջին ստադիայա ապահովում, մյուս ստադիաների՝ գեղարվեստական տռանսի հասնելու համար անհրաժեշտա որոշակի ներքին, գեղարվեստա-վերացական պատրաստվածություն, իսկ դա կամ կգա ժամանակի հետ, կամ դու արագի մեջ կզարգացնես
շփոթելով արվեստն արվեստի քննադատության հետ ու հաշվի չառնելով, որ խելացի հնչող բառերից ախմախ միտքը չի դադարում ախմախ միտք լինել:

Ինձ դուր չի գալիս Դեյլ Կարնեգիի «ինչպես հետույքներ համբուրել ու մանիպուլյատիվ միջոցներով ստանալ, ինչ ցանկանում ես՝ ընթացքում բարձրացնելով սեփական նշանակալիության զգացողությունը» գաղափարներն ու մեթոդները, որոնք, հետաքրքիր է,  մեր քյառթուների մոտ ի բնե են դրված, սկսում են քարոզել մենտորական ժպիտը դեմքին:

Ինձ դուր չի գալիս էժանագին ու տափակ մոտիվացիան, որը կամ 15 րոպե է տևում, կամ էլ մոտիվացնում է էժանագին ու տափակ մարդկանց:

Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր մարդկանց համոզում են՝ դուք անհաջողակ եք, եկեք՝ ես ձեզ հաջողակ դարձնեմ: Ինձ դուր չեն գալիս «կույրերի մեջ միաչքանին էլ է թագավոր» սկզբունքով հեղինակություն ձեռք բերող (չե՞ք կարծում, որ անինքնավստահ «անհաջողակներին» լեկցիա կարդալը դրա օրինակ է) մարդիկ:

Ու ընդհանրապես, «Little Miss Sunshine» նայեք, հոյակապ կինո է: Սարկազմս էլ ավելի լավ կպատկերացնեք:

No comments:

Post a Comment