Saturday, September 6, 2014

Մարդկային սիրո կլեպտոմաններ

Պատմություն պատմեմ: Մի օր մի բարի մարդ որոշում է գրական մրցույթ կազմակերպել՝ հայերեն անկախ ստեղծագործողներին մոտիվացնելու ու խրախուսելու նպատակով: Մրցույթն անց է կացնում հնարավորինս անկախ՝ նույնիսկ ժյուրի չկա, քվեարկում են ընթերցողները: Դե, բնական է, մարդը հիմար չի, կարողանում է գնահատել իր մրցույթին ուղարկված աշխատանքները: Ու այնպես է ստացվում, որ հաղթող պատմվածքի մակարդակից դատելով, այն գրել է հատուկ խնդիրներով երեխաների համար նախատեսված դպրոցի 11-13 տարեկան աշակերտուհի՝ լավագույն դեպքում:

Հիշու՞մ եք, որ նախորդ գրառման մեջ ֆիքսել էի՝ ոչնչությունները կոմպլեմենտար են: Ավելին, կոնֆորմիստները ոչնչությունների գոյության համար պարարտ հող են պատրաստում՝ առնվազն փորձելով դրանց հետ «լավ լինել»: Կոնֆորմիստները բոլորի հետ էլ փորձում են լավ լինել:

Դե ֆակտո, մեր բարի մարդը մոռացել էր, որ եթե ինչ-որ մեկը նման վատ աշխատանքն ուղարկել է մրցույթի, ուրեմն ինքը շրջապատված է իրենից ոչ պակաս ապուշներով, որոնք իր աշխատանքը գովել են: Ինչպե՞ս են գովել: Բնական է, աբսուրդ կլիներ գովել հերոսի կառուցումն ու զարգացումը, ոճական հնարքները, սրամիտ սյուժեն: «Եկեք ոռահան լինենք՝ լավ բան գտնենք» սկզբունքով, եթե լիքը «բարի» հնչող բառեր կան «ստեղծագործության» մեջ, ուրեմն «վույ ինչ բարի աշխատանք է, վույ ինչ բարի ես դու»: Եթե «տխուր» հնչող բառեր կան, չէ, կներեք, «թախծոտ», ուրեմն «վույ, ինչ խորը, թախծոտ աշխատանք է», իսկ եթե «գեղեցիկ» հնչող բառեր կան, ուրեմն աշխատանքը «վույ ինչ գեղեցիկ» է: Հեղինակն էլ հայ ավանդական ազգային-ազատագրական ԽԾԲ-ի սկզբունքով իր գովողներին ու չգովող, բայց չքֆրտողներին բոլորին հատիկ-հատիկ զանգել էր, ու խնդրել, որ քվեարկեն իր աշխատանքի օգտին:

Երկրորդ անգամ, իհարկե, նույն հնարքը չանցավ՝ «գաղտնիքը բացահայտվեց» ու «հեղինակին» դիսկվալիֆիկացրեցին:

Ես չեմ, որ պետք է բացատրեմ, թե սկսնակ հեղինակի համար ինչ է նշանակում գրական մրցույթում հաղթելը: Արդյունքում, առնվազն մեկ լավ սկսնակ հեղինակ մոտիվացիայի ու գնահատված լինելու զգացողության փոխարեն ստացավ գիտակցություն, որ իր աշխատանքը պարտվելու է մի մրցույթում, որտեղ կարող է հաղթել սովորական ապուշը:

Իսկ մեր «հեղինակը» շարունակում է իրար վրա բարդել «բարի», «թախծոտ» ու «գեղեցիկ» բառեր ու իսկական գանդիական համառությամբ փորձում է գոնե մի քիչ սիմպատիայի արժանանալ մարդկանց կողմից: Որովհետև եթե ինձ ու քեզ պետք է «ամեն ինչ կամ ոչինչ», ապա նման մարդիկ այդպիսի շռայլության կարիքը չունեն. մի փշուր փառք, թեկուզ չվաստակած կամ գոնե գողացած, թեկուզ ստորացումների ու բազմաթիվ մարդկանց հետև մտնելու գնով, թեկուզ հինգ րոպեով, թեկուզ մուրացած, բայց մի փշուր փայլուն, էժանագին փառք, ու հանուն դրան իրենք պատրաստ են ամեն ինչի, բացի այդ փառքն ազնիվ վաստակելուց:

Չգիտեմ, թե ինչպես անվանեմ այս մարդկանց, ճիշտն ասած: Մարդկային սիրո կլեպտոմաննե՞ր: Երևի հենց այդպես. մարդկային սիրո կլեպտոմաններ:

No comments:

Post a Comment