Tuesday, September 9, 2014

Իրական պատմությունը պատմելու համար չափազանց բարդ է ու անձնական: Հիմա իմ պեսսիմիզմն ու վախերն իմ դեմ են աշխատում:

Հիվանդանոցում իրեն փնտրելիս անընդհատ գլխումս պտտվում էր՝ միայն թե չափազանցրած լինի ամեն ինչ, արդեն պալատ տեղափոխած չլինեն, միայն թե դեռ ռեանիմացիայում չլինի: Ռեանիմացիայի ընդունողն իմացավ, ում մասին է խոսքը: Առաջին պալատ, հերթով մտեք:

Համենայն դեպս, ուզում եմ հավատալ, որ ինձ ճանաչեց: Մատներն ուռել էին՝ տրախեոտոմիայի հետևանքով չգիտեմ, այդպես այտուցվում է մարմինը, թե ուրիշ բանից էր:

Ոչ մեկը ոչ մի հուսադրող բան չէր ասում:

Հիշում եմ, որ ինչ-որ բան էի ուզում ասել, լրիվ ուրիշ բան դուրս եկավ, խեղդված ձայնով: Լաց եղավ, ասացի, որ չհուզվի: Երբ ձեռքը բռնեցի, ժպտաց, փորձեց խոսել: Ասացի, որ խոսել ու հուզվել չի կարելի:

Արհեստական շնչառության սարքի սուլոցը, ռեանիմացիայի սարքերի ձայները: Կարծում եմ՝ վստահ չես, որ իրականում ենք եկել մոտդ:

Երեկ չէ առաջի օրը, երբ իմացա, եկա տեսնելու, բայց պարզվեց՝ ազգանունը չգիտեմ: Այսօր ասացին, որ հենց այդ օրն է կոմայից դուրս եկել:

Կնախընտրեի, որ ինձ թույլ տային իր մոտ հերթապահել, միևնույն է՝ չեմ կարողանում քնել:

Ուզում եմ մտածել, որ եթե կոմայից դուրս ես եկել, ամեն ինչ լավ է լինելու: Չհամարձակվես գնալ, խնդրում եմ:

Ներսս լրիվ փշրած ապակու զգացողություն է: Ու՞մ եմ ես պետք, եթե չեմ կարողանում նույնիսկ իմ ընկերներին պաշտպանել:

Որ ոտքս այսօր ռեանիմացիայից դուրս էի դնում, գլխումս սկսեց այս երգը հնչել, հետո ավտոբուսի կողքով մեքենա էր անցնում, ու էլի մեջը սա էր դրած, ու երևի իրոք, այս օրը նկարագրող երգ է:

No comments:

Post a Comment