Sunday, January 26, 2014

Լիդեր չլինելու մասին

Կիևի դեպքերին ուշադիր հետևում եմ: Մի պահ էր, որ ժողովուրդը պատրաստ էր գրոհել նախագահական պալատն ու իշխանությունը փոխել: Օպոզիցիայի ղեկավարներից պահանջվում էր միայն հրաման տալ:

Նման հրամանը նշանակում է, որ արյուն է թափվելու: Ինչ-որ պահից ցուցարարները սկսելու են զոհեր տալ: Հետո վերածվելու են կատաղած ամբոխի ու լինչելու են բոլորին, ով իրենց առիթ տա:

Ցուցարարների մեջ նեոֆաշիստական շարժման անդամներ կան: Ինչ-որ պահից սկսած իրենք կարող են փորձել շարժումն իրենցով անել՝ երբ շունը տիրոջը չճանաչի:

Լիքը հարցականներ կան: Դա շատ դժվար որոշում է, շատ դժվար հրաման: Նման հրաման տվող մարդուն հիշում են որպես հերոս, իսկ ինքն իրեն հիշելու է որպես մսագործ:

Զուգահեռներ եմ տանում հայկական ցույցերի հետ, երեք անգամ արդեն այդ փորձն ունեցել ենք: Երեք անգամ էլ ղեկավարները քաջություն չեն ունեցել այդ հրամանը տալ:

Լրիվ այլ բան է բարիկադներ կառուցելն ու հարձակվող ոստիկաններից պաշտպանվելը: Մաշտոցի պուրակում մենք այդ փորձն ունեցել ենք: Իհարկե, մեզ մոտ ոչ բռնի պաշտպանություն էր:

Ասածս ինչ է, նա, ով այդ հրամանը տալիս է, խղճի վրա արյուն է վերցնում: Նա, ով չի տալիս, ու շարժումը պարտության է բերում դրա պատճառով, ի վերջո իր խղճի վրա է վերցնում մարդկանց հուսալքությունը:

Ահա թե ինչու եմ ես ցույցերի ժամանակ կրակի պես խուսափում լիդերական ցանկացած ստատուսից: Եթե պետք է ոստիկանների դիմաց առաջին դիրքում կանգնել՝ խնդրեմ, եթե պետք է բողոքի ակցիա անել առանձնապես վտանգավոր կետում՝ էլի խնդիր չկա: Բայց ես ոչ ուզում եմ ինձ վստահող մարդկանց դավաճանել ու հուսախաբ անել, ոչ էլ նրանց մահվան ուղարկել:

Ահա թե ինչու ես, եթե նույնիսկ բավարար գիտելիք ու փորձ ունենայի դրա համար, կհրաժարվեի լինել այս երկրի նախագահ: Պատերազմական իրադրության մեջ ես չեմ կարող երիտասարդ երեխաներին ուղարկել մահվան՝ ասենք, շեղող մանյովրի կամ հիմնական զորքի նահանջը փակելու համար: Ստրատեգը երբեք զինվորին չի ասում, որ իրեն շախմատի քարի նման զոհաբերում են:

Ու եթե նույնիսկ գիտակցաբար մի հոգու մահվան ուղարկելը հազար կյանք փրկի, այդ մահը քո խղճի վրա է:

Ինչ-որ մեկը կարող է սա դիտարկել որպես վախկոտություն: Բայց սա պարզապես ազնիվ խոստովանություն է. այս մակարդակի վրա ես լիդեր չեմ: Այո, պատմությունը կերտում են այն մարդիկ, ովքեր կարող են դժվար որոշումներ կայացնել ու դժվար հրամաններ տալ: Ես իրենց չեմ քննադատում, հարգում եմ իրենց կամքի ուժը: Բայց ես երբեք իրենցից մեկը չեմ լինի: Ոչ այն աշխարհում, որտեղ կարիք կա գիտակցաբար մարդկանց մահվան ուղարկել:

No comments:

Post a Comment