Wednesday, August 14, 2013

Տեսություն և գաղափարախոսություն

Միխաիլ Վելլերի «էներգոէվոլյուցիայի» տեսությունն էի բզբզում, մտքեր առաջացան, որոնք պետք էր գրի առնել:

Գիտական տեսությունը կարող է կրոնականից ոչ պակաս վտանգավոր ու հիմար բան դառնալ, երբ այն ընկնում է դիլետանտ «փիլիսոփայի» ձեռքերն ու վերածվում գաղափարախոսության:

Ընդհանուր առմամբ, գիտական տեսությունները սովորաբար քննադատում են՝ պատճառաբանելով, որ դրանք ընդամենը տեսություններ են, որոնք միանշանակ ապացույցներ չունեն: Իմ կարծիքով, դա հենց գիտական տեսությունների ամենամեծ հմայքն է. տեսությունը միշտ կարող է հերքվել, եթե հայտնվեն նոր փաստեր, որոնք այն ժխտեն: Ու կստեղծվի նոր տեսություն:

Այ, օրինակ՝ էվոլյուցիոն տեսությունը, որը կրոնականները սիրում են «դարվինիզմ» անվանել: Իրականում դեռ մինչև Դարվինը կար Լամարկի էվոլյուցիոն տեսությունը, որը Դարվինը կարողացավ ժխտել: Ու ստեղծվեց Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, որի ժառանգն էլ հանդիսանում է ժամանակակիցը: Դարվինի շատ սկզբնական դրույթներ ժխտվել են, շատերը՝ հաստատվել: Տեսության մեջ դոգմաներ չկան:

Վելլերի տեսությունն ընդամենը ոչ գիտական հիպոթեզ է, հիմնված պոպուլյար գիտական հասկացությունների վրա: Ոչ գիտական հիպոթեզն այդ կիսագրագետ «փիլիսոփայի» երևակայության, տրամաբանության ու համառության վրա, վերածվել է գաղափարախոսության: Նման գաղափարախոսության համար կենտրոնական են գեղեցիկ հնչող մտքերը:

Այն, ինչքան էլ որ ժամանակակից գիտության հետ կոնֆլիկտների չգնա, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում՝ ընդամենը կարող է բավարարել մի քանի այլ դիլետանտների «տիեզերքի գաղտնիքները հասկանալու» մոլուցքը:

Գեշտալտ-հոգեբանությունը բավականին լավ բացատրություն է տալիս այս խնդրին. մարդկային հոգեբանությունը ցանկանում է ավարտել պատկերը՝ «փակել գեշտալտը», ժամանակի ցանկացած պահին ունենալ իր ունեցած բոլոր հարցերի պատասխանները: Որքան ավելի նեղ, փակ է մարդու միտքն, ինչքան քիչ են նրա գիտելիքները, այնքան ուժեղ է այդ հակումը:
"Ամեն անգամ, երբ մարդը վստահ է, որ լրիվ հասկանում է մեր մոլորակի իրավիճակը, դրա պատճառն այն է, որ նա կրոնական Հավատ կամ առանձին Գաղափարախոսություն է ընդունել (Գաղափարախոսությունները Հավատների ժամանակակից տարբերակն են) ու դադարել մտածել":
- Ռոբերտ Էնտոն Ուիլսոն

No comments:

Post a Comment