Տխրենք միասին: Էլի խոսքերս խճճվել են մազերիդ մեջ, Ընթերցող, ու արձակելու ոչ ուժ կա, ոչ էլ ցանկություն: Պարզապես տխրենք:
Երբեմն ինքս զարմանում եմ, թե ինչքան անճարակ եմ էմոցիաներ արտահայտելու հարցում: Կար ժամանակ՝ բնական էր ստացվում: Չնայած, հնարավոր է, ինձ պարզապես այդպես էր թվում այն պատճառով, որ իրականում քիչ արտահայտելու բան ունեի: Վախ հորից, հպարտություն լուծված խնդրի համար, ուրախություն հիմար կատակ անելուց:
Ես այնքան լավ եմ սովորել թաքնվել այն երկրորդ Եսից, էմոցիոնալ Բայանդուրից, որն իր շիկահեր Լիլիթին էր փնտրում ինն ու կես տարի, հուսալով ի վերջո սիրված լինել վերջինիս կողմից: Փնտրում էր ու սպասում. ինչին, որ լսի, թե ինչպես Լիլիթն իրեն երբեք չի սիրել, ավելին՝ երբեք ոչ մեկին չի սիրել:
Այդ ժամանակ նա, ինքն իրեն առաջին անգամ արիստոկրատ զգալով, քաղաքավարի ժպտաց՝ արդեն երազկոտ տղա չէր, այլ գրեթե տասնվեց տարեկան երիտասարդ, ու կենաց բարձրացրեց բոլորի համար, ովքեր երբեք չեն սիրել: Միանգամից հասկանալով, որ այն մարդն, ում նա այդքան երկար փնտրել էր, չկա, ավելին՝ միգուցե երբեք էլ չի եղել: Նա ընկավ հիմար դիսկոտեկի բազկաթոռի մեջ ու ննջեց: Երբեք չէր կարողացել պարել, չէր սովորել ու չէր ուզում սովորել: