Wednesday, August 6, 2008

Խոստովանություն

Տխրենք միասին: Էլի խոսքերս խճճվել են մազերիդ մեջ, Ընթերցող, ու արձակելու ոչ ուժ կա, ոչ էլ ցանկություն: Պարզապես տխրենք:

Երբեմն ինքս զարմանում եմ, թե ինչքան անճարակ եմ էմոցիաներ արտահայտելու հարցում: Կար ժամանակ՝ բնական էր ստացվում: Չնայած, հնարավոր է, ինձ պարզապես այդպես էր թվում այն պատճառով, որ իրականում քիչ արտահայտելու բան ունեի: Վախ հորից, հպարտություն լուծված խնդրի համար, ուրախություն հիմար կատակ անելուց:

Ես այնքան լավ եմ սովորել թաքնվել այն երկրորդ Եսից, էմոցիոնալ Բայանդուրից, որն իր շիկահեր Լիլիթին էր փնտրում ինն ու կես տարի, հուսալով ի վերջո սիրված լինել վերջինիս կողմից: Փնտրում էր ու սպասում. ինչին, որ լսի, թե ինչպես Լիլիթն իրեն երբեք չի սիրել, ավելին՝ երբեք ոչ մեկին չի սիրել:

Այդ ժամանակ նա, ինքն իրեն առաջին անգամ արիստոկրատ զգալով, քաղաքավարի ժպտաց՝ արդեն երազկոտ տղա չէր, այլ գրեթե տասնվեց տարեկան երիտասարդ, ու կենաց բարձրացրեց բոլորի համար, ովքեր երբեք չեն սիրել: Միանգամից հասկանալով, որ այն մարդն, ում նա այդքան երկար փնտրել էր, չկա, ավելին՝ միգուցե երբեք էլ չի եղել: Նա ընկավ հիմար դիսկոտեկի բազկաթոռի մեջ ու ննջեց: Երբեք չէր կարողացել պարել, չէր սովորել ու չէր ուզում սովորել:

Այդպես ավարտվեց 2002-ի օգոստոսի 13-ը: Այդպես Բայանդուր Պողոսյանը կորցրեց իր առաջին սերը: Թեթև սրտով:

Վերջերս ես ավելորդ իմպուլսիվ էի: Դե, հերթական ուշագնացությունն ու սրտի ցավերը կարող էին արդարացում հանդիսանալ, բայց չեմ կարծում, որ արդարանալու կարիք կա:
Ի միջի այլոց, այստեղ տեղափոխեմ Rocker.am-ի գրառումներիցս մեկը, հենց այնպես, «ժառանգների համար»: Թող իմանան, թե ինչ անուսում ենք ապրում:
Հիմա անդրադառնանք թեմային:
Ամուսնական գիշերվա հաջորդ առավոտը կիսուրը մտնում ա ննջարան ու պռոստինը բռնած դուրս ա գալիս բալկոն: Հէտո ինքը բացում ա պռոստինն ու ցույց ա տալիս հարևաններին, յանըմ սաղ լավ ա:

Միգուցե որոշ դեգենեռատ ֆաշիստների ազգի այլասերումը հետագրգռում ա, անձամբ իմ համար անհատը ազգից կարևոր ա, ազգը՝ մարդկությունից: Հարևանների ու կիսուրի նման կոպիտ ներխուժում իմ անձնական կյանք ես չեմ հանդուրժի:

Կտրականապես դեմ եմ, բայց հաշվի առնելով որ ընդհանուր դեպխում հայ զավակը ոչխար ա ու տավար, խաղալիք ա իրա դեսպոտ ծնողների ձեռքում, իսկ ծնողը՝ ոչխար ու տավար, խաղալիք անասուն հասարակության ձեռքում, սա անխուսափելի ա:
Գիտակից մարդու ելքն ա ՔԵ՞Զ ԻՆՉ կամ ԴՈՒ՞ ՈՎ ԵՍ տարբերակը:

Պետք ա պաշտպանել անձնական կյանքը:

Իմ համար կուսությունը մարդու չափանիշ չի, պարզապես ֆիզիկական դրություն: Ինքը ինձ չի ստիպի սիրել ինչ-որ մեկին: Կարծում եմ, սեռական փորձ չունեցող աղջկա հետ ինձ պարզապես հետաքրքիր չի լինի անկողնում:

Ինչ ա լավ ա վոր տղերքը պուտանկի են գնում իսկ իրանց ընկերուհիները ամիսը երկու անգամ 10,000 դրամանոց վիրահատություն: Տղերքին որ հարցնում ես խի ձեզ կարելի ա իրանց չե, ասում են էդ ուրիշ ա, դու բան չես հասկանում: Ու չեն կարողանում ոչ մի ձև բացատրեն: Որովհետև ոչ մի օբյեկտիվ ապացույց չկա:

Իրականում երբ տղամարդը համոզված չի իրա տղամարդկության մեջ ինքը հիվանդագին կերպով հետևում ա որ ամեն հարցում իքը իրան ապացուցի որ տղամարդ ա: Ու քանի որ ինքը թերի տղամարդ ա, խանդում ա, որ իրա ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կինը, ավելի լավին կգտնի: Խանդում ա:

Իսկ կինը երբ համոզված չի իրա կանացիության մեջ, հիվանդագին ա վերաբերվում ուրիշ կանանց կանացիության արտահայտմանը: Նամանավանդ կլիմակտիկ ու պոստկլիմակտիկ շրջանում: Հիմա հասկանու՞մ եք, որտեղից ա գալիս կիսուրի նիդատռախաննի վիճակը: Բայց սա մենակ կիսուրներին չի վերաբերվում: Նաև էն նիհար, ֆրիգիդնի ու խիստ գեշ աղջկեքին, որ եթե ամուսնանան էլ, ապա իմպոտենտի հետ, ու նստած սրա-նրա կյանքն են քննարկում կոֆեի բաժակի շուրջ:

Սեքսը կյանքի հաճույքներից ա, պետք չի իրան էդքան լուրջ վերաբերվել:

Քրիստոնեության ու իսլամի մեջ ամենաբլյադսկին էն ա, որ մտցրել են ՄԵՂՍԱՎՈՐ ՀԱՃՈՒՅՔ հասկացություն: Իրականում չկա մեղսավոր հաճույք: Հեդոնիզմն ու ասկետիզմը երկու ծայրահեղություններ են, ու ես չգիտեմ, թե որն ա ավելի վատ: Հաճույքն ու իրերը կյանքը գեղեցկացնում են, բայց իրանք կյանք չեն: Իրանք մեր ներքինի ու արտաքին աշխարհի փոխազդեցության արդյունք են: Առանց իրանց թուլանում ա կապը մարդու ու Մայա պատրանքի միջև:

Մի վախեցեք տեսնել, որ էն, ինչի հիման վրա ձեզ դաստիրակել են, եղել ա սուտը, որովհետև էդ վախը նոր ստեր ա ծնելու, ու չգիտեմ քանի սերնդից հետո ձեր արյունը դրանից կմաքրվի: Կերտեք ինքներդ ձեզ հենց էսոր:
Այս ամենը հենց այնպես, «ձեռքի հետ»:

Ես դեռ ոչ մեկին չեմ տեսել, որ ինձանից ավելի կոմպլեքսավորված լինի, ու մասամբ դա բացատրվում է իմ հորով: Նա բարեհոգաբար ծաղրում էր իմ բոլոր փորձերը պարել, երգել, սիրահարվել - ընդհանուր առմամբ, այն ամենն, ինչ ինքն էլ չէր կարողանում: Ինչպես էի ես ատում, երբ ինձ ծաղրում էին:

Բակում ինձ ատում էին: Դպրոցում ես բոլորից լավ էի սովորում, ուսուցիչներն ինձ պաշտում էին: Ծնողները, կապույտ բոցով այրվեն, իրենց երեխաներին զխկելիս ինձ էին օրինակ բերում:

Այնպես որ, իմ նկատմամբ ատելությունն ինչ-որ առումով արդարացի էր: Ու երբեմն ծեծում էին: Երբ ինձ ծեծում էին, հայրս էլ էր ծեծում: Որ թույլ եմ տվել, որ ինձ ծեծեն:

Ու ինչպես էին ինձ ծաղրում անվանս համար:

Տարօրինակ կհնչի, բայց ես որոշեցի հեռանալ իրականությունից: Ենթագիտակցաբար: Բարի երեխա էի, դժվար թե սկսեի ուրիշներին փայտի կտորով ծեծել: Բայց, լինելով Սուրբ Գևորգի օրդենի ասպետ, ես իմ սրով կոտորում էի ավազակներին: Շուտով իմ շուրջն իմ սեփական հրոսակախումբը Օրդենը ձևավորվեց:

Ինձ սկսեցին խփել հեռվից: Քարերով: Ու ատել երկու անգամ ավելի ուժեղ: Որովհետև արդեն չէին կարող ծեծել:

Ես այդ ժամանակ վեց տարեկան էի:

Երեխաները մեծացան, իմ Օրդենը ցրվեց, ինձ էլ արդեն ավելի քիչ էին ատում: Իսկ ես արդեն տասնամյակից ավել է, որ իրենց մարդու տեղ չեմ դնում:

Մի օր, էլի փոքր էի, հեծանվով բարձրացա հարևան շենքի մոտ՝ բակում պուլպուլակ կար, ծարավել էի: Ինձ մի տղա մոտեցավ, որին ես, կարծում եմ, առաջին անգամ էի տեսնում: Սկսեց ծաղրել ու վիրավորել: Ես որոշեցի գնալ, բայց նա նստեց հեծանվիս հետևի նստարանին ու շարունակեց ծաղրել:

Իմ մեջ այդ պահին ինչ-որ բան կոտրվեց: Շուռ եկա ու դեմքին հագցրեցի ձեռքիս հակառակ կողմով, ուժեղ հագցրեցի: Տղայի դեմքի ձախ կեսն արնակալեց: Նա սողաց հեծանվիս վրայից, նստեց գետնին ու սկսեց լաց լինել: Ես նստեցի նրա կողքն ու նույնպես լաց եղա: Հետո եկան նրա ընկերներն ու սկսեցին ինձ հարվածել, բայց ես չդիմադրեցի: Ինձ թվում էր, որ նրանք արդարացի են:

Դրանից հետո ես տհաճությամբ եմ կռվի մեջ մտնում: Բայց եթե մտնում եմ, ապա հարվածելիս չեմ խղճում, հարվածելուց հետո էլ չեմ ափսոսում:

Դաժանության առաջին հակումները մոտս առաջացան դեռ երեք տարեկանում: Մենք կոմունալ բնակարանում էինք ապրում ևս մի ընտանիքի հետ: Ես ատրճանակի նետից հանեցի կպչուն ռեզինե ծայրն ու կրակեցի հարևանի աղջկա վրա: Նշան էի բռնել աչքին, բայց կպա այտին: Կապտուկ մնաց: Աղջկա մայրն իմ մորն ասաց՝ քո տղան մարդասպան է դառնալու:

Չեմ հիշում, թե երբ հայրս սկսեց ինձ ծեծել: Այդ ժամանակ ես դեռ նոր էի սկսել գիտակցել սեփական մարմինս: Ու այդ գիտակցման մեջ նրա տփոցները զգալի դեր էին խաղում: Տփոց ուտում էի ամեն ինչի համար՝ ջարդած բաժակից մինչև գնահատականները (չորս ստանալը նրա, ընտանիքի, ամբողջ ազգի ու մարդկության համար խայտառակություն էր, երեքը մի քանի տասնյակ ապտակ էր նշանակում, որին հաջորդում էր մի քանի ժամ բարոյախոսությունը, իսկ իմ դպրոցական երկուսները՝ հինգ հատ տաս տարվա ընթացքում, պատճառ էին դառնում, որ ինձ տնից դուրս շպրտեն, որ երեկոյան կողմ նորից ներս շպրտեն ու նորից տփեն): Զարմանալի չէր, որ ես այդքան լավ էի սովորում: Հետաքրքիր է, ինչքան ինձ կնախանձեին հարևան երեխաները, եթե իմանային իմ սովորելու գաղտնիքը:

Վաղ մանկության շրջանում ես ընկերներ չունեի: Չորս տարեկանում սովորեցի կարդալ ու գրել հայերեն ու ռուսերեն: Ինքնուրույն: Ընթերցանությունը դարձավ իմ կիրքը: Հասկանալով, որ այն ինձ առանձնահատուկ հաճույք է պատճառում, ծնողներս ինձ արգելեցին կարդալ: Ընդհանրապես, ամենասարսափելի հեռանկարը, որը պատկերում էր իմ առաջ հորս անսպառ երևակայությունը, «հաճույքների ստրուկ դառնալն» էր:

Ընկերները հիշում են նրան որպես սրամիտ, հավատարիմ ու հուսալի մարդ, որի վրա միշտ կարելի է հույս դնել: Հարևանները՝ որպես մարդ, ով գոռում է իր ընտանիքի վրա, ու նրա երեխաները վախից լաց են լինում:

Հիշում եմ, թե ինչպես երեք տարեկանում պատահաբար տոնածառի խաղալիք ջարդեցի: Հայրս ինձ արքայաբար ծեծեց, հետո պառկեց անկողնուն ու, ծանր շնչելով, վալերիանկա պահանջեց: Հետո ասաց, որ երբ ինքը մեռնի, գերեզմանին գրեն, որ ես եմ նրան այնտեղ հասցրել:

Կյանքումս մի անգամ ես պատրաստ էի նրան ներել: Երբ նա մեռնում էր մալյարիայից: Սարսափը դեմքին, լաց լինելով սկսեց մեզանից ներողություն խնդրել: Ինչպես էր վախենում: Ինչպիսի սարսափով, ինչքան արագ էր ասում բառերը, երեքիցս էլ ներողություն էր խնդրում ծեծելու համար, ասում էր, որ դա մեզ համար էր անում: Հետո առողջացավ: Ու ամեն ինչ դարձավ, ինչպես էր մինչ այդ:

Իմ լավագույն կեսը ձևավորվել է երրորդից վեցերորդ դասարանների շրջանում: Այդ ժամանակ ես դադարեցի շփվել մարդկանց հետ ու գործնականում ապրում էի փողոցային շների հետ: Նրանք դարձան իմ առաջին ընկերները: Ու ես նրանցից սովորեցի մարդ լինել: Ոչ մեկից ոչ մի բան չպահանջել, կիսվել նրանով, ինչ ունեմ: Սիսել, պարզապես սիրել ու գնահատել: Սգալ մահը:

Բոլորը զարմանում էին, թե ինչու են տարածքի բոլոր շներն ինձ ճանաչում ու սիրում: Իսկ ամեն ինչ պարզ էր: Ես նրանցից ոչ մի բան չէի պահանջում: Կիսվում էի նրանով, ինչ ունեի: Սիրում ու գնահատում էի նրանց: Ու սգում նրանց մահը:

Դրանք ուրիշ շներ էին, հիմիկվա շների նման չէին: Ոչ մեկը չէր կռվում, ոչ մեկը չէր կծում: Բոլորը գնացին, մնացի ես: Ես սգում էի նրանց, մարդիկ զարմանում էին, թե ինչպես կարող է մարդը սգալ փողոցային շների մահը: Ռեքսը, Ջինան, Գոնչը, Սևոն, Բելկան... շատ էին, բայց բոլորը գնացին: Շատերին կրակեցին, մնացածին տարավ ժանտախտը: Իսկ ես մնացի: Մենակ:

No comments:

Post a Comment