Tuesday, January 1, 2013

«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս չորրորդ


Հիպաթիա
Իսպանացի տաղանդավոր ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի 2009 թվականին թողարկված «Ագորա» ֆիլմն անդրադառնում է մ. թ. 5-րդ դարի սկզբում Ալեքսանդրիայում տեղի ունեցած դեպքերին: Ֆիլմը ես դեռ չեմ դիտել, իսկ դեպքերի մասին կարող եմ պատմել որոշ բաներ:
Նշեմ, որ ֆիլմը մեղադրվում է պատմությունն աղավաղելու ու հակաքրիստոնեական պրոպոգանդայի մեջ, ինչի պատճառով այն դեռևս չի թողարկվել Իտալիայում:
Ստորև կբերվի պատմությունը. թե որքանով է ֆիլմն այն աղավաղել, դատեք ինքներդ:

Կյուրեղ Ալեքսանդրիացի
Քրիստոնեական սուրբ* Կյուրեղ Ալեքսանդրիացին ծնվել է մ. թ. մոտ 376 թվականին Եգիպտոսի Թեոդոսիոս ավանում: Լավ կրթություն ստանալով, նա 412 թվականի հոկտեմբերի 18-ին նա իր քեռի Թեոֆիլուսից ժառանգեց Ալեքսանդրիայի պատրիարխի պաշտոնը: Նա մշակութային այդ կենտրոնում ամենամեծ հեղինակություն ու իշխանություն ունեցող մարդկանցից էր: Իսկ ի՞նչ է պատահում, երբ քրիստոնյան իշխանություն է ունենում մշակութային կենտրոնում: Ոչ մի լավ բան մշակույթի համար:

Օրեսթես
Օրեսթեսի Ալեքսանդրիայի հռոմեական պրեֆեկտ նշանակվելը տեղի ունեցավ Կյուրեղի պատրիարխություն ստանալուն զուգահեռ: Օրեսթեսը հակադրվեց Կյուրեղի քաղաքականությանը. վերջինս ճնշումներ ու բռնություն էր կիրառում քաղաքի հեթանոս ու հրեական բնակչության նկատմամբ: Ըստ որոշ պատմաբանների, բոլոր հրեաներն արտաքսվեցին Ալեքսանդրիայից, թեև որոշ պատմաբաններ պնդում են, որ դա չափազանցում է, ու որ հրեա բնակչության միայն մի մասն է արտաքսման ենթարկվել:
Կյուրեղը զգում էր, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, քանի դեռ պրեֆեկտն իրեն հակադրվում է: Մոտ 414-415 թվականներին հոգևորականները հարձակվեցին ու ծանր վիրավորեցին Օրեսթեսին: Պրեֆեկտը բռնեց ու տանջամահ արեց ամբոխի առաջնորդին. Կյուրեղը փորձեց վերջինիս նահատակ հռչակել, բայց տեղական առաջնորդներն ու կայսրը չարդարացրեցին հոգևորականների հարձակումը Կայսրության ներկայացուցչի վրա, ու Կյուրեղը ստիպված եղավ նահանջել:

Հիպաթիա Ալեքսանդրիացի
Օրեսթեսին աջակցում էր կին փիլիսոփա ու Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավար Հիպաթիան, ով քաղաքում զգալի հեղինակություն էր վայելում:
Ալեքսանդրիայում մի կին կար Հիպաթիա անունով, դուստրը Թեոն փիլիսոփայի, ով այնպիսի ձեռքբերումներ ունեցավ գրականության ու գիտության մեջ, որ գերազանցում էին իր ժամանակվա փիլիսոփաներինը: Լինելով Պլատոնի ու Պլոտինուսի դպրոցների ժառանգորդը, նա փիլիսոփայության հիմքերն էր բացատրում իր ունկնդիրներին, որոնցից շատերը երկար ճանապարհ էին անցնում նրա ցուցումները ստանալու համար:
Սոկրատես Սխոլաստիկուս, «Կրոնական Պատմություն»
415 թվականի մարտի մի օր նրա կառքը դարանակալեցին տուն վերադառնալու ճանապարհին: Քրիստոնյա ամբոխը, որին առաջնորդում էր Պետրոս անունով մի մարդ (հավանաբար, Պետրոս Ընթերցողը՝ Կյուրեղի օգնականը): Ամբոխն ամենայն հավանականությամբ գրգռել էին վանականները: Ցանկացած դեպքում, նրան մերկացրեցին ու տարան Կեսարիումյան եկեղեցին: Ըստ որոշ աղբյուրների, նրան ծեծեցին դագանակներով, հետո կենդանի-կենդանի այրեցին: Ուրիշները պնդում են, որ նրան մասնատեցին ու այրեցին քաղաքից դուրս: 5-րդ դարի պատմիչ Սոկրատես Սխոլաստիկուսի վկայությամբ, նրա կաշին կենդանի-կենդանի քերթեցին խեցիների ու աղյուսների կտորներով:

Այս քաղաքական սպանությունը բերեց նրան, որ Օրեսթեսը կարևոր ու զորեղ աջակից կորցրեց ու ստիպված եղավ դադարեցնել իր պայքարը Կյուրեղի դեմ: Նա թողեց պրեֆեկտի պաշտոնն ու լքեց Ալեքսանդրիան:

Եկեղեցին հաղթեց հերետիկոսներին ու Աստծո խոսքը լուսավորեց անհավատների հոգին: Օրհնյալ լինեն սրբերն ու անիծյալ՝ եկեղեցու թշնամիները: Հեգնու՞մ եմ: Այո, բայց այս անգամ հեգնանքս դառն է:
---------------------------------------

* Կյուրեղ Ալեքսանդրիացին թվարկվում է Եկեղեցու Հայրերի ու Եկեղեցու Ուսուցիչների մեջ, ու նրա հեղինակությունը քրիստոնեական աշխարհում հիմք է դարձել, որ նա արժանանա Հավատի Սյուն ու Հայրերի Կնիք տիտղոսների: Նրա տոնը նշում են ուղղափառ եկեղեցիները (հունվարի 18-ին ու հունիսի 9-ին), հռոմեակաթոլիկ ու լյութերական եկեղեցիները (հունիսի 27-ին), ավանդական հռոմեակաթոլիկներն ու որոշ տեղական օրացույցներում (փետրվարի 9-ին):

ՀԱՋՈՐԴ ՄԱՍԸ

No comments:

Post a Comment