Monday, July 22, 2013

Երթուղայինների մասին

Երևի գիտեք, ես ծայրամասային թաղամասում եմ ապրում, ոտքիս վիճակն էլ այն չի, որ ասեմ թքած՝ անցնեմ քայլելուն: Երթուղայիններն, ավտոբուսներն ու տրոլեյբուսի 15 համարն այս թաղամասը քաղաքի մնացած մասերի հետ կապող հիմնական միջոցն են:

Ամեն անգամ կենտրոն իջնելիս ես երթուղային եմ նստում: Այս երկու օրն էլ, որ նորից սկսել եմ տնից դուրս գալ: Մի մտածեք, թե ինձ համար ավելի հեշտ է վարորդին 100 դրամ տալ ու հետո բացատրել, թե ինչու: Նամանավանդ որ վարորդներից ոմանք նույն թաղամասի բնակիչներ են:

Բայց արդյո՞ք դա ավելի վատ է, քան հաշտվելը:

Երեկոյան կանգառում մի խումբ շատ լավ երեխաներ թռուցիկներ են փակցնում երթուղայիններին ու ավտոբուսներին: Եթե ընտրեմ «հեշտ ճանապարհն» ու 150 տամ, իրենց կողքով անցնելիս պիտի աչքերս կախեմ ու հուսամ, որ չեն նկատի ինձ: Ոչ, իմ արժանապատվությունն ավելին արժի, քան մի փոքրիկ վեճը վարորդի մեջ: Այն էլ երբ ես ճիշտ եմ:

Այդ երեխաներից շատերի կողքին ես պատիվ եմ ունեցել կանգնել Մաշտոցի պուրակում, Ազատության հրապարակում ու այլ պայքարների ժամանակ:

Կարծիք կա, որ այս պայքարից տուժում են երթուղայինների վարորդները, որոնք ընտանիք են պահում: Բայց ախր երթուղայինների ուղևորները նույնպես հավանաբար ընտանիք են պահում: Ու նրանց համար երևի ավելի հեշտ չէ ընտանիք պահելը, քան երթուղայինների վարորդների համար: Ո՞ր երթուղայինի վարորդը կարող է գիտակցաբար  իր երեխայի համար մի կտոր ավել հաց գնել, իմանալով, որ դրա պատճառով ինչ-որ մեկի երեխան լրիվ անարդար մի կտոր պակաս հաց է ուտելու:

Երթուղայինների վարորդները պետք է հասկանան, որ իրենց վրա պահանջներ դնելով՝ իրենց միջոցով են թալանում ժողովրդին: Իրենք գործիք են, ու մեղքի մի մասն էլ հենց իրենց խղճին է:

Բարեբախտաբար, վարորդների մի մասն ավելի մարդկային և ուժեղ է, քան կարելի էր սպասել: Չեն էլ պահանջում 150 դրամ վճարել, նույնիսկ քաջալերում են 100 դրամ վճարելը: Վարորդները պետք է հասկանան, որ 150 դրամանոց վճարողն է իրականում իրենց թշնամին. եթե բոլորը 100 վճարեին, երթուղայինների բոլոր գծերը կկանգնեին փակվելու վտանգի առաջ ու ուղեվարձն արդեն ՍՏԻՊՎԱԾ կիջեցնեին 100 դրամի:

Որոշ վարորդներ էլ հայհոյում են ուղևորներին, ովքեր 100 դրամ են տալիս: Ոչինչ, այդպիսիք էլ են պատահում: 100 դրամ վճարած մարդը տուն է գնում մի փոքր նյարդայնացած, բայց զգացողությամբ, որ մասնակցել է պայքարին: Իսկ երթուղայինի վարորդն, ով նրան այդ օրը հայհոյել է, գլուխը դնում է բարձին, գիտակցելով, որ ինքն ընդամենը մի խումբ օլիգարխների օգտագործած պահպանակն է, որը հենց պետք չլինի՝ կշպրտեն աղբարկղը:

No comments:

Post a Comment