Thursday, January 14, 2016

Շուշան Պետրոսյանի ու բիգուդիների մասին

Կխնդրեի չսպասել, թե ես Շուշան Պետրոսյանի նկատմամբ կիրառելու եմ նույն բառապաշարն, ինչ ինքն է կիրառում: Ի վերջո, Շուշան Պետրոսյանը կին է, ու ես, որպես ինձ հարգող տղամարդ, չեմ պատրաստվում նրան հայհոյախոսել: Բայց բիգուդիների ու դրան նախորդած թեմային ստիպված եմ անդրադառնալ:

Նաև զգուշացնեմ, որ հոդվածը գրում եմ բավականին բարձր տաքության պայմաններում, ու գրական ոճի մասին դժվար թե կարողանամ հոգալ: Այնպես որ, չզարմանաք, եթե լրիվ լուրջ մասերը խառնվեն բացահայտ սարկազմի հետ:

Շուշան Պետրոսյանին ես չեմ սիրում, ու դա գաղտնիք չի: Ի սկզբանե չէի սիրում որպես երաժիշտ իր բռի, անմշակ, ականջին տհաճ ձայնի ու վատ երգացանկի համար: Հետո, երբ մեծացա, չսիրելու այլ պատճառներ էլ հայտնվեցին:

Շուշան Պետրոսյանին չհամարելով մտավորական (երկրի մտավոր կյանքին մասնակցող անձ), ես նրան երբեք հիմար չէի անվանի: Շուշանն ունի թեկուզ ոչ ինտելեկտուալ, բայց կենցաղային դատողության իր չափը, որն իրեն միշտ օգնել է տորթի իր կտորը պոկել: ՍՍՀՄ-ի ժամանակ ինքը երգում էր հերոսական կոմսոմոլ տղայի մասին.


Անկախացումից հետո կոմսոմոլ տղաներն էլ մոդա չէին, մեծ ձուկը Վազգեն Սարգսյանն ու «հաղթանակած հայոց բանակն» էին (ներեցեք հեգնանքս, այն ուղղված չի կռված տղերքին, այլ Վազգեններին, Մանվելներին և այլոց, ովքեր ուրիշների արժանիքների հաշվին պաշտոն ստացան ու իրենց «հաղթանակած հայոց բանակ» հռչակեցին): Պետք էր երգել հայ զինվորի ու մեծն հզոր հայրենիքի մասին: Ժողովուրդն այդ ժամանակ դեռ հույս ուներ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու երևի Շուշանի երգերը ոգևորում էին մարդկանց: Վազգենականներին այդ երգերը նաև ձեռնտու էին, և այդ պես նա հայտնի դարձավ որոշ շրջաններում որպես «ՀՀ ՊՆ կից երգի-պարի ծանր հրետանային գումարտակ»:

Հետո Վազգեն Սարգսյանն էլ, մեղմ ասած, արդեն ակտուալ չէր, իսկ ջրի վրա մնալ պետք էր: Արդյունքում, երբ երգելն էլ մոդայից դուրս եկավ, 2012 թվականից Շուշան Պետրոսյանը դարձավ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր: Վստահ եմ՝ Շուշան Պետրոսյանը կամ ասել է, կամ կասեր, որ «Ազգային ժողովում ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար ժողովրդի սրտից դուրս եկած հայրենասեր լինելը բավական է» կամ նման այլ դատարկ խոսք: Անձամբ ինձ եթե պատգամավորական մանդատ առաջարկվեր, ես կասեի, որ ես չունեմ որակավորում օրենսդիր մարմնի անդամ լինելու համար: Սա էլ է այն կետերից, որոնք ինձ թույլ չեն տալիս «Շուշան Պետրոսյան» ու «մտավորական» բառերն իրար հետ ուղիղ կապով կիրառել:

Ու, բնականաբար, ցանկացած առողջ դատողությամբ մարդ, եթե ցանկանար ժողովրդի շահերը ներկայացնել, կգիտակցեր, որ ինքը ներկայացնում է քաղաքական ուժ, ում վրա ծանրացած են ընտրակեղծիքներ, քաղաքական հալածանքներ, մարտի 1-ի զոհերը, և այլն: Դուք բոլորդ սա գիտակցում եք: Ես կարծում եմ, Շուշան Պետրոսյանը նույնպես: Բայց երևի «պատգամավորական մանդատ» արտահայտությունը չափազանց գրավիչ, «արժանի պարգև» է հնչում: Ի միջի այլոց, պարգևների մասին.

  • 1993 թ. գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն),
  • 1996 թ. «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն),
  • 2000 թ. «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն),
  • 2000 թ. «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ),
  • 2004 թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն),
  • 2009 թ. «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ)

Դուք հետևու՞մ եք/էիք վերոհիշյալ մրցանակաբաշխություններին: Վախենամ՝ դրանց մեծ մասին հետևում է միայն մի նեղ, սովետից մնացած ու հետո համալրված մասսա, որն իրեն «հայ մտավորականություն» է հռչակել առանց մեր համաձայնության: Մեկ էլ մրցանակ տվողները:

Ինչպե՞ս է Շուշան Պետրոսյանը վերաբերվում իր պարգևներ vs խիղճ կոնֆլիկտին. երբ «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ իրեն էլիտար շենքում բնակարանի սերտիֆիկատ տրվեց, ու աղմուկ բարձրացավ, որ այդ «խիստ հայրենասեր, երկրի ցավով տապակվող» աստղերը կարող էին ամեն բնակարանի արժեքով գոնե մեկ ընտանի բնակարանով ապահովել աղետի գոտում, Շուշան Պետրոսյանը հայտարարեց, որ նա «այդ բնակարանը վաստակել է իր աշխատանքով»: «Նման անկիրթ վերաբերմունք ես դեռ չեմ տեսել,- ավելացրեց նա:- Երբ մենք բարեգործությամբ ենք զբաղվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն, երբ մեզ նվիրատվություն են անում, դա դառնում է օրվա գլխավոր թեման: Մարդրկ կարող էին մի փոքր ուրախանալ, որ հայ էստրադայի աստղերը նման ուշադրության արժանացան»: Դրան հաջորդեցին պակաս հաճելի արտահայտություններ: Ընդհանրապես, Շուշան Պետրոսյանի պրեսսայում հայտնված, ենթադրում եմ՝ խմբագրած լեքսիկոնը հետաքրքիր է: «Չուշկա», «ովքեր որ խոսում են, ի՞նչ են արել այս երկրի համար» (Տաշիր-2011), «ռուսերեն մի բառ կա՝ заткнитесь» (Եվրատեսիլ-2011-ի Էմի անվամբ հայտնի երգչուհու երգի հասցեին հնչած քննադատության մասին), և այլն:

Անձամբ ես սրանից հետևություն եմ անում, որ պատգամավորական մանդատն էլ է Շուշան Պետրոսյանի համար «աշխատանքով վաստակած պարգև», ու ոչ թե աշխատանք ու պարտավորություն՝ ներկայացնել ընտրողների շահերը: Չնայած «ՀՀԿ համամասնական ցուցակ» ու «ընտրող» բառերը մի քիչ իրար հետ լավ չեն հնչում, իհարկե:

Իհարկե, կա նաև շատ հարմար մանրուք՝ Շուշան Պետրոսյանի ամուսինը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում է/էր աշխատում ու ուներ բավականին զվարճալի հոբբի, այն է՝ մարդկանց ծեծել, ձեռնաշղթաներ հագցնել ու բերանքսիվայր քարշ տալ Կարապի լճից մինչև Ազատության հրապարակ: Միանգամից դեմոտիվացնում է չհամաձայնել Շուշան Պետրոսյանի հետ:

Գանք-հասնենք վերջին դեպքերին: Մի աղջիկ խոսում է, ինչքան հասկացա, նրանից, որ հենց ՊՆ-ն, ՀՀԿ-ն ու Սեյրան Օհանյանն են ուղղակի մեղք կրում սահմանի վրա մեր զոհերի համար ու որ ցավակցություններն այդ նույն մարդկանց կողմից, մեղմ ասած, անկեղծ չեն հնչում ու ոչ մեռածներին հետ կբերեն, ոչ էլ նոր զոհերից կօգնեն խուսափել: Ես այս հարցի շուրջ մի անգամ արդեն արտահայտվել եմ, այն է՝ զոհերը երբեմն անխուսափելի են, բայց, մեր իրավիճակում, իրենց զգալի մասից կարելի էր խուսափել, եթե համապատասխան քայլեր արվեին, ու ես չեմ տեսնում, որ այդ քայլերն արվեն: Որոշ մարդիկ կհարցնեն՝ իսկ ինչու՞ ես պետք է տեսնեի դա: Իհարկե, ես պետք է լսեմ Շուշան Պետրոսյանի երգերը հզոր հայրենիքի ու անպարտելի հերոս հայ զինվորի մասին ու հանգիստ քնեմ գիշերները: Հակառակ դեպքում...
«Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի: Ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ, ու ոնց ուզում ես արձագանքի, լակոտ, կրկնում եմ` աչքերդ կհանեմ»:
Մտավորական, վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր, հայրենասեր, կին, բազմաթիվ մրցանակների հաղթող: Այս ամենին կարող եմ նաև ավելացնել՝ հռետորական արվեստի հանճար: Իհարկե, դեռ շատ կա մինչև «կբռնաբարեմ», «ականջները կկտրեմ», «ղալաթ ես անում այ չատլաղ» կամ այլ իրոք ցնցող ելույթները, որ ունեցել է հայոց Ակրոպոլիսի օրատոր-փիլիսոփաների սերուցքը: Բայց եկեք հիշենք, որ Շուշան Պետրոսյանը դեռ նոր է սկսել իր պատգամավորական կարիերան ու մի օր կհասնի ու կհաղթի իր մրցակիցներին: Մի օր նա միգուցե նույնիսկ կանգնի Գալուստ Սահակյանի հետ նույն բեմի վրա՝ որպես հավասար: Ավելիի մասին ես վախենում եմ նույնիսկ երազել:

Ու հանկարծ տեղի է ունենում անթույլատրելին. մարդիկ, ովքեր դժբախտություն ունեն բիգուդիներ կրել, ավելին, առանց որևէ ամոթի դոլմա են փաթաթում, համարձակվում են քննադատություն հնչեցնել հայ մտավորականության ու ֆեյսբուքյան հռետորաբանության ծաղկի դեմ: Ով հայրենիքի համար ամբողջ կյանքը երգել է: Իհարկե, ոչ մի դոմիկում ապրող մարդու փորն իր երգը չի լցրել, ոչ մի անապահով ընտանիքի երեխայի կրթություն չի տվել, ու ընդհանրապես, օբյեկտիվ չափանիշներով, ոչ մի բան իրենից չի ներկայացնում ու դժվար մի տաս տարուց ուզենք հիշել դրա մասին առանց ամոթի, բայց փոխարենը դալբայոբություն հայրենասիրություն է ներարկել մի ամբողջ սերնդի: Մնացածն էական չի:

Կորչե՛ն բիգուդիները: Վառե՛լ դոլման: Հանե՛լ աչքերը բոլոր լակոտների:

Վարագույր:

No comments:

Post a Comment