Monday, April 2, 2012

Դատին մնացել է 8 ժամից էլ քիչ))) զքլունգն նախնական

Մի քանի պարզաբանում ու քլնգում:

Ռուբին «Վանեցի» Անեցյան, նույնիսկ եթե դու ինձ բացահայտ հայհոյես ու մեղադրես սինխրոֆազոտրոն լինելու մեջ, ես որևէ կերպ չեմ բողոքի ու առավել ևս դատական գործ չեմ հարուցի քո դեմ, բավական է այն, որ դու ինքդ սեփական վարքով քեզ ինտերնետ-մեմի ստատուսի ես հասցրել (ստատուսը ֆիքսվում է այս հոդվածով): Ես միայն շնորհակալություն եմ հայտնում Չակ Նորիսին, որ քո փոխարեն Չակ Նորիսը չի:

«Զարուհի» հանդես (ավելին՝ հանդես կանանց համար), ու հատկապես հարգելի Իլոնա Ազարյան: Երբ դուք հոդվածներ եք տպում կանանց մասին, ովքեր հպարտ կերպով պատմում են, թե ինչպես կինը պետք է «սուր ամբիցիաներից» հրաժարվի հանուն ընտանեկան կյանքի, ես հասկանում եմ, որ դուք բնավ ֆեմինիստական հրատարակում չեք: Բայց այդ աստիճանի պաշտպանել կանանց նկատմամբ այդ աստիճանի ստորացուցիչ արտահայտվող մարդուն... դատեցեք ինքներդ.

Կինը լո'կ բնություն է, իսկ տղամարդը` վեր բնությունից:
Այսօր կանայք օրըստօրե կորցնում են իրենց բարոյական հատկանիշները, իսկ այդ ամենի մեղավորն առաջինը նրանց անիքնասեր ծնողներն ու նաև նրանց եղբայրներն են, ու նաև այն տղամարդիկ ովքեր պատրաստ են նմանների հետ ընտանիք կազմել:
Այն տղամարդը, որը կողմ է մայր իշխանության գաղափարին, արժանի է լոկ ապտակի, իսկ եթե կողմ է ամուսնական իրավունքների հավասարության սկզբունքին, ուրեմն արժանի է լոկ հեգնանքի:
Կին-տղամարդ հարաբերություններում երբեք հավասարություն չի եղել, իսկ երբ մի տղամարդ ասում է, թե իր և իր կնոջ միջև հավասարության չափանիշն է գործում, դա այդպես չէ. իրականում այդ նրա կինն է նրան ղեկավարում. ուժեղ խառնվածքով տղամարդը նույնիսկ խոսքով չի հանձնում իր պատվի դիրքերը:
ՀԵՂԻՆԱԿ ՄԵԿ ԱԶԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ
Ձեր սեփական խոսքերից. «Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան «Անտի մեկ ազգ» էջին, ապա այն լեցուն է մարտնչող կոսմոպոլիտիզմի, սեռական եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության եւ այլ զազրելի բաների քարոզչությամբ»՝ «և այլ զազրելի բաների» քարոզչության մեջ մտնում են նաև պայքարը հանուն կանանց իրավունքների և ընդդեմ կանանց նկատմամբ բռնության դեմ: Ու Հ1-ով էլ հիմնարար հակասություններից մեկը կանանց ստորադասության մասին Գոռ Թամազյանի պնդումն էր, որը պսակվեց վերջինիս «իսկ դու որ կին ունենաս, իրան ո՞նց ես դաստիարակելու» նախադասությամբ: «Իսկ «Ժառանգության» համակիր Դանիել Իոնիսյանն աչքի էր ընկել 2010-ի գարնանը` որպես զորակոչից տարկետում ապահովող ասպիրանտական տեղերի կրճատման դեմ ուսանողական ցույցերի կազմակերպիչներից մեկը»՝ շատ, շատ սարսափելի, հայրենադավ արարք է՝ պայքարել, որ ավելի քիչ ապագա գիտաշխատողների կտրեն գիտությունից ու տանեն բանակ՝ երկու տարի խլելով նրանց մասնագիտական զարգացումից ու գիտական զարգացումից երկու տարով ետ գցելով: Սպանել է պետք Դանիելին նրա համար, ինչպե՜ս է համարձակվել պայքարել հանուն Հայաստանի գիտության առաջադիմության: Իսկ Հասմիկ Սիմոնյանն ընդհանրապես ազգի դավաճան է, հերիք չի՝ բանաստեղծուհի է, ստեղծագործող-արվեստագետ, մի հատ էլ գրական ոլորտում հասարակական-կազմակերպչական աշխատանք է իրականացնում, թարգմանություններ է անում, բլոգ է պահում, ու առնվազն վերջին երկու՝ չորրորդ և հինգերորդ «Հավաքածու» գրական մրցանակիների ժամանակ ինձ հետ միասին ժյուրիի կազմի մեջ է: Ամո՛թ: Մեկ էլ, եթե ազատ լինեք, ինձ մեկ-մեկ հոմոսեքսուալ են հայտարարում, մեկ-մեկ էլ՝ բիսեքսուալ: Ես, իհարկե, չեմ պատրաստվում վիճել ձեզ հետ՝ եթե դուք ասում եք, ապա մի բան երևի կլինի: Միայն մի հարց. իմ օրիենտացիան ե՞րբ հասցրեց փոխվել, ու այնպես աննկատ, որ դուք դրա մասին իմացաք, իսկ ես՝ ոչ:

«Հենարան» ակումբին. երբ դուք հոդված տեղադրեցիք մարմնավաճառի նկատմամբ մարդկային վերաբերմունքի մասին (Դավիթ Գևորգյանի հոդվածը), դուք երևի գիտակցում էիք, որ շատերը ձեզ կմեղադրենք անբարոյականություն քարոզելու մեջ: Ու նաև երևի գիտակցում էիք, որ հենց ինձ նման նախապաշարմունքներից ազատ ու լիբերալ մարդիկ են ձեր տեսանկյունը տարածելու և ատամներով պաշտպանելու: Գրողը տանի, ես ձեզ ծափահարում էի:

Իսկ հիմա դուք ձեզ վրա եք վերցնում «բարոյական ոստիկանության» թիկնոցն ու իմ՝ սեփական իրավունքները պաշտպանելու գործողությունը որակում որպես «մազալու դեպք»:

Ես չգիտեմ, թե երբ է հայտնվել «Հենարանն» ու երբվանից է սկսել հատուկենտ մարդասիրական նյութեր հրատարակել, բայց անձամբ ես մարդու իրավունքների ուղղությամբ ինտերնետ-ակտիվիզմով եմ զբաղվում 2004-2005 թվականներից՝ Avalon.am, Surprise.am, Zhesht.am, Ակումբ.am ինտերնետային ֆորումներում, իմ բլոգներում և այլուր: Փոխարենը ստանալով սպառնալիքներ ու հայհոյանքներ: Ու եթե դուք պետք է մի հոդվածում մարդասեր լինեք, իսկ մյուսում «սատանիզմ» բառի մասին ձեր պատկերացումները փաթաթեք իմ վզին ու կասկածի տակ դնեք սեփական իրավունքների համար պայքարելու իմ իրավունքը՝ մի քանի կետով հակասելով անգամ ՀՀ Սահմանադրությանն, ապա ձեր անսկզբունքայնությունն ու որոշ դեպքերում լրագրողի էթիկայի բացակայությունը նորմալ դեպքերում պետք է որ ինքնուրույն կասկածի տակ դնեին ձեր լրատվամիջոցի գոյության իրավունքը:

Henaran.am կայքի «Մեր մասին» էջից մեջբերումներ.
Հավաստի եւ բազմակողմանի լրատվություն...“Հենարան”  մամուլի ակումբի  նպատակը ՀՀ-ում քաղաքացիական  հասարակության եւ ազատ խոսքի կայացումն է:...Մենք կողմնակից ենք, որպեսզի բանախոսների եւ լրագրողների միջեւ պահպանվեն  էթիկական եւ մասնագիտական նորմերը:
Թույլ տվեք չհավատալ:

«Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինք, ձեր մտքով երբևէ անցե՞լ է, թե ինչու է փոխհատուցման գումարը նշանակվել սիմվոլիկ 10 դրամ: Պատասխանեմ՝ զուտ մարդասիրական նպատակներով: Մենք ձեր կազմակերպության ֆինանսական դրության մասին հետևություն ենք արել այն փաստից, որ ձեր պլակատները հաճախ ֆլոմաստերով են ներկում, և որոշել ենք չփորձել ձեր դեմ պայքարել ֆինանսական ճնշումների եղանակով՝ ընդհակառակը, ելնելով ձեր ֆինանսական ծանր վիճակից՝ ձեզ պարտադրել նվազագույն հնարավոր տուգանք ու սահմանափակվել հասարակական ներողությամբ: Չնայած ձեր զրպարտող ու վիրավորական արտահայտություններին, դուք ինձ մոտ ընդամենը խղղճահարություն եք առաջացնում: Իսկ դուք դեռ չեք պատասխանել մեր հայտին: Կտեսնվենք դատարանում:

Դատարանի առաջին նիստը վաղն է՝ Աջափնյակ ու Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (Նազարբեկյան 40, եթե չեմ սխալվում): Հրավիրում եմ բոլոր ցանկացողներին և լրատվամիջոցներին՝ բացի Slaq.am-ից, որը բոյկոտի է ենթարկված և անձամբ ինձանից երբևէ ոչ մի ինֆորմացիա չի ստանա:

No comments:

Post a Comment