Monday, April 2, 2012

Պարզաբանում «Իրավունք»-ի նկատմամբ իմ վերաբերմունքի կապակցությամբ

Այսօրվա, ավաղ, մինչև ապրիլի 16-ը հետաձգված դատական գործին ներկա էր նաև «Իրավունք»-ի թղթակիցը՝ համակրելի օրիորդ էր, երիտասարդ, քաղաքավարի, ու ինձ համար դժվար էր նրան բացատրել, որ իր լրատվամիջոցին ես անձնական բոյկոտի եմ ենթարկել մի քանի տարի առաջ իրենց ինձ հետ կապ չունեցող նյութ տպագրելու համար ու ոչ մի տեղեկատվություն չեմ պատրաստվում տալ: Էլ ավելի դժվար էր բացատրել, թե ինչու էր այդ միջադեպն այդքան ինձ համար կարևոր:

Հիմա բացատրեմ բոյկոտի պատճառը: 2009 թ. օգոստոսի 7-ին «Իրավունք»-ը հեղինակազրկվեց իմ աչքերում, երբ Հովհաննես Գալաջյանն իր «Երկնագույն խնջույքը» հոդվածում փորձում էր քննադատել Վահան Իշխանյանին ու Ինքնագիր գրական մրցանակը Դօրիանին տալը: Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեմ Վահանի, Դօրիանի ու վերջինիս «Սատանան մայրամուտին» պատմվածքի նկատմամբ, Գալաջյանի հոդվածը.
  1. լրագրողի էթիկայի կոպիտ խախտում էր,
  2. դիսկրիմինացիայի արտահայտում էր, որը եթե նույնիսկ չէր խախտում, ապա առնվազն վտանգավոր կերպով մոտենում էր ՀՀ Սահմանադրության 14.1 կետը խախտելուն,
  3. գրաքննության ու դիսկրիմինացիայի հիման վրա մրցույթի սահմաններում խտրականություն ցուցաբերելու կոչ էր:
Լրագրողի կողմից նման վերաբերմունքն իմ կարծիքով անընդունելի էր: Լրատվամիջոցի կողմից, իմ կարծիքով, անընդունելի է նման նյութ տպագրելը: Որքանով ինձ հայտնի է, «Իրավունք»-ը հերքում չի հրատարակել ու ներողություն չի խնդրել Վահան Իշխանյանից: Մինչ այդ պահը «Իրավունք»-ն անժամկետ բոյկոտի է ենթարկված իմ կողմից: Ես «Իրավունք»-ին հարցազրույցներ չեմ տալու, տեղեկություններ չեմ տրամադրելու, չեմ գնելու նրանց տպագիր հրատարակությունները: Էլեկտրոնային հրապարակումներին հետևելու եմ զուտ մոնիտորինգի նկատառումներով:

Շնորհակալություն ուշադրության համար:

No comments:

Post a Comment