Wednesday, May 8, 2013

Մայիսի 10-ի արևի խավարումը

Ու նորից մեր բախտը չի բերում՝ ամսի 10-ի արևի օղակաձև խավարումը հիմնականում կտեսնեն Ավստրալիայում ու Պոլինեզիայում: Ինչպես նախորդ անգամները, գոնե լուսանկարներ կլինեն:

Եկեք հիշենք արևի խավարման տեսակները (ինչից հետո երկնային մարմինները դիտել սիրողներին լավ նորություն էլ կհայտնեմ).
  • ամբողջական խավարում, երբ լուսնի սիլուետն ամբողջությամբ ծածկում է արևը (ու կարելի է տեսնել լուսնային հովիտների գծագրությունն, ի միջի այլոց),
  • օղակաձև խավարում, երբ լուսնի սիլուետն ավելի փոքր է, քան արևինն, ու արևը երևում է լուսավոր օղակի տեսքով,
  • հիբրիդային (ամբողջական/օղակաձև) խավարում, երբ տարբեր պահերի խավարումը տատանվում է ամբողջականի ու օղակաձևի միջև,
  • մասնակի խավարում, երբ արևն ու լուսինն այնքան էլ նույն գծի վրա չեն ու լուսնի սիլուետը ծածկում է արևի միայն մի մասը:
Իսկ հիմա՝ լավ նորությունը:

Դատելով աջի սխեմայից, այս տարվա նոյեմբերի 3-ի հիբրիդային խավարումը մեզ մոտ տեսանելի կլինի ուղիղ մայրամուտից առաջ: Հիշենք նաև, որ հիբրիդային խավարումները համեմատաբար հազվադեպ են պատահում:

Մեզ մոտ դա կլինի 0,115 ուժգնությամբ մասնակի խավարում (տպավորություն կլինի, թե ինչ-որ մեկն արևից կտոր է կծել), կսկսի GMT+4 17:22:10-ին, իր գագաթնակետին կհասնի 17:53:19-ին ու կավարտվի 17:54-ին:

Երևանում տեսանելի մոտակա ամբողջական արևի խավարումը տեղի կունենա 2060 թվականի ապրիլի 30-ին:

No comments:

Post a Comment