Sunday, March 1, 2015

Ընդդիմադիր կոնֆորմիզմ

Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող է մեկը հույս ունենալ, թե միտինգներով ու լոզունգներով սահմանափակվող քաղաքական պայքարը բացի նոր միտինգներից ու լոզունգներից ուրիշ արդյունքի կարող է բերել:

Եթե նույնիսկ ամբողջ պասսիվ, չկողմնորոշված մասսան դուրս գա փողոց, Սերժը չի ասելու՝ լավ, ժող, կներեք, ես սխալ էի, իշխանությունը ձեզ, ու ցրվենք տներով: Սերժը կարող է լավագույն դեպքում այնքան ժամանակ անտեսել այդ մարդկանց, մինչև իրենք հոգնեն ու գնան տներով: Վատագույն դեպքում կարող է բերել էսկալացիայի, քանի դեռ իր համար վտանգավոր մասսա չի հավաքվել, տրորել այդ շարժումն, ահաբեկել ու ցրել:

«Մենք զոհեր չենք ուզում» տեսանկյունը գեղեցիկ է հնչում, մինչև փորձում ես հասկանալ, թե այն իրականում ինչ է նշանակում. «մենք գիտենք, որ ինչքան ավելի մեծ վտանգ ներկայացնենք ռեժիմի համար, այնքան ռեժիմը ստիպված է լինելու ավելի կտրուկ ու բռնի քայլերի գնալ մեր նկատմամբ: Դրա համար մենք ռեժիմի համար կներկայացնենք փոքր, բայց կայուն վտանգ, ոչ այնքան ռեալ, որ ռեժիմը մեր դեմ կոշտ քայլերի գնա, բայց, համենայն դեպս, կպայքարենք հանուն պայքարելու ու խիղճներս մաքուր կլինի»: Ի՞նչ է սա, եթե ոչ հասարակ քաղաքական կոնֆորմիզմ. մենք գիտակցաբար կտապալենք օպոզիցիոն շարժումը, ռեժիմի հետ լուռ պայմանավորվածությամբ, ինչի փոխարեն ռեժիմը մեր վրա չի կրակի:

Նման ընդդիմությունն անվանում են համագործակցող (cooperative): Այն կանխատեսելի է, անատամ, միգուցե տհաճ ռեժիմին, բայց ոչ ավելին: Նման ընդդիմությունից չի կարելի սպասել հաղթանակ, երբեք: Ու նման ընդդիմությունը, բնականաբար, իր մեղքերը բարդելու է մարդկանց փոքրաթիվ կամ պասիվ լինելու վրա, ռեժիմի քրեաօլիգարխիկ լինելու վրա և այլն: Բայց այս մարդիկ երբեք ու ոչ մի հանգամանքներում չեն գնալու մինչև վերջ:

Իրականում այս ընդդիմությունը ռեժիմի լավագույն ընկերն է, նամանավանդ երբ փորձում է մոնոպոլիզացնել արմատական ընդդիմության իր դերը:

Իսկ ռեժիմը Սերժը հո չի: Սերժը, հնարավոր է, ինքը վաղուց հրաժարական տված լիներ, եթե կարողանար: Չէ, Սերժին ովքեր դրել են իշխանության գլուխ, ու նրա միջոցով կառավարում են երկիրը՝ լինեն դա տեղական, թե ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը, իրենք էլ Սերժից պահանջելու են մնալ իշխանության գլուխ: Որովհետև Սերժն իրենց մարդն է: Մի քիչ թպրտա՝ ինչպես պահում էին, այնպես էլ կվռնդեն:

Մյուս կողմից՝ ընդդիմության ներքին կոնֆլիկտներն ինձ ընդհանրապես անհասկանալի ու աբսուրդ են թվում: Կարծես մազոխիստների մրցույթ լինի, որտեղ մի քանի քաղաքական ուժեր պայքարում են ամենաանարդար հալածվածի էքսկլյուզիվ դերի համար: Նամանավանդ երբ իրենցից ոչ մեկը իշխանության հասնելու ոչ մի ռեալ ուղի չի կարող նշել, բայց կարող է նշել հազարավոր պատճառներ, թե ինչու են մնացած ընդդիմադիր ուժերը պակաս ընդդիմադիր, քան ինքը: Միանգամից սա է միտքս գալիս.


Մյուս կողմից, ոչ ոք չունի քաջություն օրինակ վերցնելու հաջողության հասած ազատագրական շարժումներից ու նրանց հաջողություններից ու սխալներից օգտվել: Բազմիցս բերել եմ Մայքլ Քոլինսի օրինակը. Իռլանդիայի ազատագրման շարժումը հաջողության հասավ միայն նրա շնորհիվ, որ Քոլինսը չենթարկվեց հեղափոխական կառավարության իշխանությանը՝ թույլ տալ, որ իրենց ձերբակալեն, ժողովրդի դժգոհությունը հարուցելու նպատակով: Փոխարենը ինքը թաքնվեց, իսկ հետո սկսեց ընդհատակյա պարտիզանական պայքար: Ու, արդյունքում, այդ պայքարն ազատեց Իռլանդիան, բացի Ուլստերից, Բրիտանական իշխանությունից:

Իհարկե, մեզ մոտ այդ մոդելն ավելի դժվար կլինի կիրառել, քանի որ չկա միջազգային կոնֆլիկտ ու շատ ավելի դժվար ու ինչ-որ տեղ անհեթեթ է պարտիզանական պայքար անց կացնել մի երկրում, որտեղ բոլորն իրար ճանաչում են: Բայց Քոլինսի առնվազն գաղափարը, որ պետք է մերժել պասիվ «ձերբակալեն մեզ՝ մարդիկ իմանան, թե իրենք ինչ վատն են», «ծեծեն մեզ՝ մարդիկ իմանան, թե իրենք ինչ վատն են», շատ արժեքավոր դաս է. մարդիկ շատ լավ գիտեն, թե ռեժիմն ինչ վատն է: Պետք է մտածել ռեժիմն իշխանությունից վռնդելու, ոչ թե ռեժիմի նկատմամբ moral high ground ձեռք բերելու մասին:

Ահա թե ինչու եմ ես ինձ 2013-ից հետո զգալի չափով առանձնացրել ներկայիս ընդդիմադիր շարժումներից. իմ տեսանկյունից, իրենք ոչ մի տեղ չեն գնում: Պետք է այլընտրանք այս ամենին: Կոշտ, կոնֆորմիզմից զուրկ, մինչև վերջ գնալու պատրաստ այլընտրանք, ու խոսքը նույնիսկ Շանթի «ես բանտ կնստեմ ձեր մեղքերի համար» տարբերակն ընդունելի չի: Պիտի լինի իրատեսական ուղի, որը ռեժիմին կզրկի իշխանության իր լծակներից ցանկացած գնով:

No comments:

Post a Comment