Ներողություն եմ խնդրում ուշացած գրառման համար՝ այն հետաձգում էի, քանի որ պլանավորում էի լրատվամիջոցների միջոցով հրապարակել: Բայց քանի որ դա հետաձգեց, որոշեցի տեղադրել այստեղ, քանի դեռ այն չի կորցրել իր ակտուալությունը:
2015 թվականի փետրվարի 27-ը նշանավորվեց Մոսկվայի կենտրոնում՝ Մոսկվա գետի մեծ կամրջի վրա ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությամբ: Կամուրջը գտնվում է Կրեմլի անմիջական հարևանությամբ՝ ուղիղ արևելյան կողմում: Նեմցովը ՌԴ նախկին փոխվարչապետ էր ու, Վլադիմիր Ռիժկովի ու Միխաիլ Կասյանովի հետ միասին, ղեկավարում էր ռուսական ընդդիմադիր РПР-ПАРНАС կուսակցությունը:
Ցավոք, սա ոչ առաջին, ոչ էլ, կարծում եմ, վերջին դեպքն էր Պուտինյան ռեժիմի օրոք իրականացված քաղաքաքական սպանություններից: Այս հոդվածը նպատակ ունի ի մի բերել Նեմցովի սպանությանը նախորդած կոնտեքստն ու նախորդ աղմկահարույց քաղաքական սպանությունները:
Նախ՝ վերհիշենք, որ 1999 թ. օգոստոսի 19-ին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նախագահ Բորիս Ելցինի կողմից նշանակվել է ՌԴ փոխվարչապետ, նույն օրը վերանշանակվելով Վարչապետ: Ու, նորից նույն օրը, Բորիս Ելցինը հայտարարեց, որ Պուտինին ցանկանում է տեսնել որպես իր հաջորդ նախագահ: Պուտինի նախարարների կաբինետի կազմը որոշեց ոչ թե ինքն, այլ նախագահի ադմինիստրացիան: 1999 թ. դեկտեմբերի 31-ին Ելցինն անսպասելիորեն հրաժարական տվեց, ու Պուտինը, ՌԴ Սահմանադրության համաձայն, դարձավ ՌԴ գործող նախագահ: Նույն օրը Պուտինը ստորագրեց իր առաջին նախագահական հրամանագիրը՝ «ՌԴ նախկին նախագահի ու նրա ընդանիքի անդամների համար երաշխիքների մասին»: Ըստ հրամանագրի, պաշտոնաթող նախագահի ու նրա մերձավորների նկատմամբ չէին հարուցվելու կոռուպցիայի մեղադրանքներ: 2000 թ. փետրվարի 12-ին հրամանագիրը փոխարինվեց նույն պարունակությամբ ֆեդերալ օրենքով:
Հրաժարականից երեք ամիս անց՝ մարտի 26-ին, անց կացվեցին նախագահական արտահերթ ընտրություններ (նախատեսված հունիս 2000 ամսաթվից երեք ամիս ավելի վաղ): Պուտինը հաղթեց առաջին փուլով՝ հավաքելով 53% ձայներ: 2000 թ. մայիսի 7-ին Պուտինը նախագահական երդում տվեց: Պուտինի կառավարության առաջին վարչապետն էր ներկայումս ընդդիմադիր, Ելցինի օրոք՝ ֆինանսների նախարար Միխաիլ Կասյանովը:
2004 թ. մարտի 14-ին Պուտինը վերընտրվեց նախագահ՝ հավաքելով ձայների 71%-ը: Սահմանադրությամբ չունենալով երրորդ անգամ ընտրվելու իրավունք, նա իր հետնորդ ընտրեց փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Նախագահությունը Մեդվեդևին փոխանցելու հենց հաջորդ օրը Պուտինը նշանակվեց ՌԴ վարչապետ՝ պահպանելով իր իշխանության զգալի մասն ու ազդեցությունը ՌԴ քաղաքական դաշտի վրա:
2012 թ. մարտի 4-ին Պուտինը երրորդ անգամ ընտրվեց նախագահ, կրկին առաջին փուլով՝ հավաքելով ձայների 63,6%-ը: Նրա երրորդ նախագահությունը դեռ ընթացքի մեջ է:
Հետևաբար, կարելի է համարել, որ 1999 թ. դեկտեմբերի 31-ից մինչ օրս Պուտինն առանց լուրջ ընդհատումների գտնվել է Ռուսաստանում իշխող քաղաքական ուժի ղեկին, ու որ այդ շրջանում պրոիշխանական ուժերի իրականացրած հանցագործությունների բեռն ընկնում է հենց իր ռեժիմի վրա:
Որպեսզի չկենտրոնանանք բոլոր քաղաքական սպանությունների վրա, կնշենք առավել խոշոր և աղմկահարույց դեպքերը, իսկ մնացածին կանդրադառնանք ավելի վիճակագրական կերպով: Այսպիսով, հետևյալ հղմամբ կարող եք ուսումնասիրել Պուտինի վարչակարգի օրոք ՌԴ տարածքում սպանված լրագրողների վիճակագրությունը: Նույնիսկ եթե հանենք Չեչենական պատերազմի ժամանակ զոհվածներին, վիճակագրությունը մնում է սահմռկեցուցիչ: Միայն Новая газета ամսագիրը 2001 թվից մինչ այսօր կորցրել է վեց լրագրող: Новая газета-ն հայտնի է իր քննադատական, հետաքննող մոտեցմամբ իշխանությունների ու պրոիշխանական ուժերի նկատմամբ:
2002 թ. օգոստոսի 21-ին Մոսկվայում շան հետ զբոսանքի ժամանակ հրազենային կրակոցից սպանվեց «Ազատական Ռուսաստան» կուսակցության ղեկավար կազմի անդամ Վլադիմիր Գոլովլյովը: Սպանությունը չբացահայտվեց: Սա Ռուսաստանի պետդումայի պատմության մեջ պատգամավորի ութերորդ սպանությունն էր:
2003 թ. ապրիլի 17-ին իր տան մերձակայքում սպանվեց Սերգեյ Յուշենկովը՝ ռուս ընդդիմադիր, լիբերալ քաղաքական գործիչ, «Ազատական Ռուսաստան» կուսակցության նախագահ: Մահվանից մի քանի ժամ առաջ նրան հաջողվել էր գրանցել իր կուսակցությունը՝ Դումայի ընտրություններին մասնակցելու համար: Յուշենկովը հայտնի էր դեմոկրատական ռեֆորմների ու մարդու իրավունքների համար անհաշտ պայքարով: Նա ուսումնասիրում էր Մոսկվայի 2002-ի ահաբեկչական գործողությունները (Նորդ-Օստ) կազմակերպելու մեջ ռուսական հատուկ ծառայությունների դերը, մահվանից մի քանի օր առաջ Լոնդոնում Լիտվինենկոյից ստացել էր այդ գործի վերաբերյալ թղթեր, որոնք փոխանցել էր լրագրող Աննա Պոլիտկովսկայային: Թե՛ Լիտվինենկոյին, թե՛ Պոլիտկովսկայային մենք դեռ կանդրադառնանք՝ նրանք նույնպես մտնում են քաղաքական սպանությունների մեր շարքի մեջ: Յուշենկովի սպանությունն իրականացվել է հրազենի միջոցով: Յուշենկովի սպանության համար դատապարտվեցին չորս անձինք, որոնց մեջ էր Միխաիլ Կոդանյովը՝ Յուշենկովի Ազատական կուսակցության նախկին համանախագահը: Կոդանյովի դատապարտման միակ հիմքն էր հանդիսանում մեկ այլ դատապարտյալի՝ Ալեքսանդր Վիննիկի վկայությունը, որի ցուցմունքները հակասական էին. ըստ Վիննիկի որոշ ցուցմունքների, Յուշենկովի սպանությունը պատվիրել էր իշխանությունը:
Ըստ ռուս լրագրող, Amnesty International-ի կողմից քաղբանտարկյալ ճանաչված Գրիգորի Պասկոյի տվյալների, Յուշենկովը մահվանից առաջ սպառնալիքներ է ստացել ՖՍԲ-ի բարձրաստիճան գեներալ Ալեքսանդր Միխայլովից:
2004 թ. հուլիսի 9-ի գիշերը Մոսկվայում դանդաղ ընթացող մեքենայից կրակեցին ամերիկացի լրագրող, պատմաբան, Forbes-ի ռուսական հրատարակության գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովին: Հետաքրքիր է, որ Խլեբնիկովը չորս կրակոցից հետո կենդանի էր մնացել: Շտապ օգնության մեքենան, որով նրան տանում էին հիվանդանոց, թթվածնի բալոն չուներ: Հիվանդանոցի վերելակը, որով Պոլին պետք է բարձրացնեին վիրահատարան, փչացավ, ինչն ուշացրեց վիրահատությունը: Այս հանգամանքների հետևանքով նա մահացավ հիվանդանոցում: Forbes-ը հայտարարեց, որ Խլեբնիկովի սպանությունը կապված էր նրա լրագրողական գործունեության մեջ, ինչը բավականին հիմնավոր պնդում էր. Խլեբնիկովը հեղինակավոր հետաքննող լրագրող էր, ով զբաղվում էր հետսովետական շրջանի պղտոր ֆինանսական գործերով ու կոռուպցիայով: Խլեբնիկովի սպանությունն ամենամեծ հարվածներից մեկն էր ռուսական հետաքննող լրագրությանը: Նրա մահվան կազմակերպման մեջ մեղադրվեց չեչեն գրոհային Խոժ-Ախմետ Նուխաևը, ինչևէ, մի քանի մեղադրյալներ առաջադրելուց ու արդարացնելուց հետո գործը մնում է չբացահայտված:
Հետաքրքիր փաստ. Խոժ-Ախմետ Նուխաևը 2001 թ. ապրիլից սկսել է ակտիվորեն մասնակցել ռուս նացիոնալիստ, Պուտինի բուռն կողմնակից Ալեքսանդր Դուգինի «Եվրասիա» կուսակցության գործունեությանը: Չնայած ոստիկանության կողմից որոնվելուն, նա 2001 թ. հունիսի 28-ին մասնակցել է Մոսկվայում Դուգինի կուսակցության մամլո ասուլիսին: «Եվրասիա» շարժման նպատակներից մեկն է դաշնակցություն հաստատել պանսլավիստական ու պանթյուրքիստական գաղափարների կրողների միջև՝ միացյալ քաղաքական դաշտ ստեղծելու համար:
Հոկտեմբերի յոթը ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ծննդյան օրն է: 2006 թ. հոկտեմբերի յոթին շենքի վերելակում գտնվել են մարդու իրավունքների ակտիվիստ, լրագրող, «Новая Газета»-ի թղթակից, Պուտինի ակտիվ օպոնենտ Աննա Պոլիտկովսկայայի մարմինը: Սպանությունն իրականացվել է երկու հրազենային կրակոցի միջոցով: Պոլիտկովսկայայի անունն այս հոդվածում արդեն հիշատակվել է. Յուշենկովի հետ միասին նա զբաղվում էր «Նորդ-Օստի» դեպքերի հետաքննությամբ, ու Յուշենկովի միջոցով Լիտվինենկոյից փաստաթղթեր էր ստացել տեռորիստների ու ռուսական հատուկ ծառայությունների համագործակցության մասին:
Պոլիտկովսկայայի նկատմամբ մահափորձ իրականացվել էր նաև 2004 թ. սեպտեմբերին. Աննան ինքնաթիռով թռչում էր Բեսլանի դպրոցի պատանդներին ազատելու բանակցություններին մասնակցելու, երբ թեյ խմելուց հետո վատ զգաց իրեն և ուշագնաց եղավ: Պոլիտկովսկայային թունավորել էին, բարեբախտաբար՝ անհաջող:
Նույն 2004-ին Չեչնյայի այդ ժամանակվա վարչապետ Ռամզան Կադիրովը (ներկայիս նախագահը) Պոլիտկովսկայայի հետ զրույց է ունեցել Աննա Պոլիտկովսկայայի հետ: Զրույցի ժամանակ Կադիրովի օգնականներից մեկը նրան ասել է. «Քեզ դեռ Մոսկվայում էր պետք գնդակահարել, հենց փողոցում, ինչպես ձեր Մոսկվայում գնդակահարում են... քեզ գնդակահարել էր պետք...»: Ռամզանը զուգահեռ ասում էր՝ «Դու թշնամի ես... գնդակահարել... դու թշնամի ես»:
Չնայած հինգ մարդ դատապարտվեցին Աննա Պոլիտկովսյայայի սպանության համար, հանցագործության պատվիրատուն մնաց անհայտ:
Պոլիտկովսկայայի մահվանից մեկ շաբաթ անց ՖՍԲ-ի գաղտնի ծառայության նախկին գործակալ, Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Ալեքսանդր Լիտվինենկոն մեղադրեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ սպանության թույլատվություն տալու համար: Այս հայտարարությունից երկու շաբաթ անց Լիտվինենկոյին թունավորեցին ռադիոակտիվ պոլոնիումով: Լիտվինենկոն Լոնդոն քաղաքում ռադիոակտիվ թունավորումից մահացավ 2006 թ. նոյեմբերի 23-ին: Ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների, թունավորումն իրականացրել էր ԿԳԲ նախկին գործակալ, բիզնեսմեն Դմիտրի Կովտունը: Պաշտոնապես Լիտվինենկոյի գործը մնում է չբացահայտված:
2009 թ. հունվարի 19-ին Մոսկվայի կենտրոնում, օրը ցերեկով սպանվեց ռուս մարդու իրավունքների գծով իրավաբան, իրավապաշտպան Ստանիսլավ Մարկելովը: Новая Газета-ի թղթակից, ուսանողուհի Անաստասիա Բաբուրովան, որը փորձեց օգնության հասնել Մարկելովին, նույնպես սպանվեց: Բաբուրովան հետաքննում էր ռուս նեոնացիստական բանդաների գործունեությունն ու կապերը ռուսական հատուկ ծառայությունների հետ: Սպանության համար ձերբակալվեցին ու դատապարտվեցին նեոնացիստ-ծայրահեղականներ Նիկիտա Տիխոնովն ու Եվգենիա Խասիսը: Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերին այս վարկածը համոզիչ չթվաց, ու իր արձագանքում նա նշեց, որ սպանության հանգամանքները խոսում են ՌԴ պետական անվտանգության ծառայությունների մասնակցության մասին:
2009 թ. հուլիսի 15-ին Չեչնյայի Գրոզնի մայրաքաղաքի իր տնից անհայտ մարդիկ առևանգել են «Մեմորիալ» մարդու իրավունքների ռուսական կազմակերպության ղեկավար կազմի անդամ, մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Նատալիա Էստրեմիրովային: Նատալիան Չեչնյայում զբաղվում էր մարդու իրավունքների ոտնահարումների հետաքննությամբ ու մարդու իրավունքների պաշտպանությամբ: Երկու վկաներ հայտնեցին, որ տեսել են, թե ինչպես են Էստրտեմիրովային հրելով մտցնում մեքենայի մեջ, ու ինչպես է ինքը գոռում, որ իրեն առևանգում են:
Նատալիա Էստրեմիրովայի մարմինը գտնվեց Ինգուշետիայի Գազի-Յուրտ գյուղի մերձակայքում՝ հրազենային վնասվածքներով գլխի ու կրծքի շրջանում: Մեղադրվեց պաշտոնական տվյալներով արդեն սպանված չեչեն գրոհային:
Ռուս աուդիտոր ու հաշվապահ Սերգեյ Մագնիտսկու դեպքն ամենաակնհայտներից է: Մագնիտսկին պնդումներ առաջ քաշեց այն մասին, որ Ռուսաստանի պետությունից մեծամասշտաբ գողություն է կատարվել ռուս պաշտոնյաների թույլատվությամբ և իրականացմամբ: Ըստ ՌԴ օրենքի, մարդուն առանց դատի կարելի է բանտարկված պահել մեկ տարի ժամկետով: Այդպես էլ վարվեցին Մագնիտսկու հետ՝ նրան փակելով Մոսկվայի «Բուտիրկա» բանտում: Այնտեղ իր մոտ առաջացան լեղապարկի քարեր ու պանկրեատիտ: Մագնիտսկին չստացավ անհրաժեշտ բուժօգնություն ու մահացավ մեկ տարի ժամկետի ավարտից ուղիղ յոթ օր առաջ՝ 2009 թ. նոյեմբերի 16-ին: Կրեմլի կազմակերպած մարդու իրավունքների խորհոււրդը պարզեց, որ մահվանից մի փոքր առաջ Մագնիտսկուն ծեծի են ենթարկել: Խորհրդի անդամներից մեկը նշեց, որ եթե սկզբում համարում էր, որ Մագնիտսկին մահացել է բուժանձնակազմի անպատասխանատու և անուշադիր վարքի հետևանքով, ապա հետագա քննության արդյունքում եկել է համոզման, որ գործ ունենք նախապես պլանավորված սպանության հետ:
Մագնիտսկու հետաքննած գործի շրջանակներում արված շատ պնդումներ հաստատվեցին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորսումի շարունակած հետաքննության ընթացքում:
Այսպիսով, ի՞նչ ունենք Նեմցովի սպանության դեպքի հետ կապված: Ըստ ТВЦ հեռուստաընկերության հրապարակած տեսանյութի, որն իրականացվել է Մեծ կամրջի մոտակայքում գնտվող տեսախցիկից (թեև դեպքի վայրին ավելի մոտ տեսախցիկներ էլ կան, ներկայացվել է հենց այդ տեսախցիկի ձայնագրությունը), Նեմցովը քայլում է կամրջով դամայի ուղեկցությամբ: Կամրջի վրա երթևեկությունը գրեթե դադարում է, ենթադրաբար՝ կարմիր լույսի հետևանքով: Նեմցովի կողքով անցնում է ձյունահավաք մեքենա, չնայած քաղաքում անձրև է գալիս ու ջերմաստիճանը +1 է: Երբ Նեմցովը հաստնում է կամրջի տակ իջնող աստիճաններին, նրա կողքով անցնում է երկրորդ ձյունահավաք մեքենան ու ծածկում իրեն տեսախցիկի տեսադաշտից: Ձյունահավաք մեքենայի հետևից դուրս է վազում մի մարդ, նստում այդ պահին իր հետ նույն մակարդակի վրա հայտնված և ընթացքը դանդաղեցրած մեքենան, անհետանում դեպքի վայրից: Ձյունահավաք մեքենան դանդաղեցնում է ընթացքն ու կանգ առնում: Կանգնած է միայն Նեմցովին ուղեկցող օրիորդը: Նեմցովն արդեն մահացած է:
Կադիրովի օգնականն այս առիթով երևի կասեր՝ «գնդակահարել են, ինչպես ընդունված է ձեր Մոսկվայում»: Պրոիշխանական ակտիվիստների ռեակցիան միանշանակ է՝ «հինգերորդ շարասյան» գործակալին վաղուց էր պետք վերացնել: Հազվադեպ չեն նաև մեղադրանքները Եվրոպայի ու ԱՄՆ-ի հասցեին, իբր իրենք են կազմակերպել Նեմցովի սպանությունը՝ որպես պրովոկացիա:
Այն, ինչ КП-ն ու Lenta.ru-ն անում են այսօր Նեմցովի նկատմամբ, անգլերեն անվանում են smear campaign: Հանկարծ դուրս են սահում Նեմցովի ու իր հետ զբոսնող աղջկա անձնական հարաբերությունների ու իրենց անձնական կյանքի մանրամասներ՝ հասարակությունն ի՞նչ է սիրում ավելի, քան սեքսուալ կոնտեքստով սկանդալը: Նեմցովի նախկին կինն է հարցազրույց տալիս, Նեմցովի անձնական նկարներն են հայտնվում ինտերնետում: Նեմցովի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ակնհայտ է իր քաղաքական ու հասարակական իմիջը սևացնելու մղումը: Այն էլ՝ նման մութ հանգամանքներում իր սպանությունից անմիջապես հետո: Ստիպված եմ մեջբերել Կրեմլի պրոպագանդայի իրականացնող Կիսելյովին. պատահականությու՞ն է՝ չեմ կարծում: Բայց այս հոդվածի նպատակը սպեկուլյացիաներով զբաղվելը չի: Միգուցե Նեմցովին սպանել են Կրեմլի հրահանգով: Միգուցե անմիջական հրահանգ չի եղել, ու նրան սպանել են այն ատելության մթնոլորտի շնորհիվ, որը Պուտինի ռեժիմը ստեղծել է երկրում անվերջ ֆանատիզմի քարոզով ու օպոնենտներին որպես «ազգի դավաճաններ» ներկայացնելով: Հիմքեր չկան ենթադրելու համար, թե Պուտինը չէր ցանկանում Նեմցովի մահը: Հիմքեր չկան ենթադրելու համար, թե Պուտինը ցնցված է կամ նեղված Նեմցովի մահվանից: Փոխարենը՝ կա մոտիվ, կա հնարավորություն, կա ռեակցիա: Ու էական չի, թե ով է եղել իրականացնողը: Անուղղակիորեն, թե ուղղակիորեն, նրանք, ովքեր մարտահրավեր են նետում Պուտինի ռեժիմին, ոչնչացվում են ռեժիմի ձեռքով կամ քարոզչամեքենայի ազդեցության հետևանքով:
Իր սպանությունից 17 օր առաջ Նեմցովը Собеседник.ru-ի հարցազրույցի ժամանակ հպանցիկ շոշափում է «Նորդ-Օստի» ու Բեսլանի դեպքերը, նշում, որ իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ պայմանավորված է այդ դեպքերով: Հետո ասում, որ իր մայրը վախենում է՝ Պուտինն իրեն սպանել պատվիրի ընդդիմադիր ելույթների համար: Собеседник.ru-ի թղթակիցը լավատեսաբար հույս է հայտնում, որ Պուտինի մեջ կհաղթի առողջ դատողությունն ու նա Նեմցովին չի սպանի:
Հետո գալիս է 2015 թ. փետրվարի 27-ը, որը նշանավորվում է Մոսկվայի կենտրոնում՝ Մոսկվա գետի մեծ կամրջի վրա ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությամբ: Քաղաքական սպանությունների, բռնության ու կոռուպցիայի արատավոր օղակը ևս մի պտույտ է անում, ու պատմությունն ինքն իրեն կրկնում է:
No comments:
Post a Comment