Քանի որ վերջերս տարբեր տարիքի հիպստերների մոտ մոդա է Մարքսի «Կապիտալի» մեկնաբանություններ ցիտելը, փորձեմ բացատրել, թե ինչով են տարբերվում սոցիալիստական ու կապիտալիստական մտածողական մոդելներն իրարից ու ինչու կապիտալիզմն այն չարիքը չի, որն իրեն փորձում են ներկայացնել:
Վերլուծությանս մեջ ես կառաջնորդվել առավել լիբերալ սոցիալիստական մոդելով, ոչ թե ՍՍՀՄ «պրոլետարիատի դիկտատուրայով», ի վերջո, մեր նպատակը հասկանալն է, ոչ թե օպոնենտին դեմոնիզացնելն, ինչպես հաճախ վարվում են մեր հիպստերները:
Սկսենք օրինակից. կրթական համակարգը: Պետական կրթական համակարգը, ինչպես ցանկացած այլ պետական ինֆրաստրուկտուրա, դե յուրե պատկանում է ժողովրդին: Վճարելով ուսման վարձ, հարկեր, մենք ֆինանսավորում ենք կրթական համակարգն ու փոխարենը ստանում կրթություն: Որոշ մարդիկ պահանջում են, որ կրթական համակարգը դառնա անվճար: Հասկանանք, որ դա նշանակում է ընդհանուր հարկերի բարձրացում. կրթության վարձերից ստացված ֆինանսավորումը հավասարաչափ բաշխվում է բոլոր հարկատուների վրա, անկախ նրանից, իրենց այդ կրթությունը պետք է, թե ոչ: Բացի դրանից, ունենալով մոնոլիթ կրթական համակարգ, մենք ստիպված ենք ամեն տեղ կիրառել նույն կրթական մոդելն՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Եթե մենք դժգոհ ենք կրթական համակարգից, մենք բողոքում ենք համապատասխան պետական մարմիններին ու պահանջում կրթական ռեֆորմներ: Հաշվի առնելով, որ կրթական համակարգից օգտվողների ու դժգոհների մեծ մասը կրթական ոլորտի մասնագետներ չեն, կրթական համակարգը ստիպված է պոպուլիզմը նախընտրել էֆեկտիվությանը:
Պետական կրթական համակարգին մենք դեռ կվերադառնանք, բայց փորձենք ներկայացնել մասնավոր կրթական մոդելը: Այս մտածողական մոդելը դիտարկում է կրթությունը ոչ թե որպես իրավունք, այլ որպես ծառայություն: Մասնավոր կրթական հաստատությունում դուք վճարում եք ծառայության դիմաց: Կրթական ոլորտը վերածվում է կրթական ծառայությունների շուկայի. դուք, որպես այդ շուկայի սպառող, ազատ եք ընտրել այն կրթական հաստատությունը, որը ձեզ բավարար գին-որակ հարաբերակցություն կտա: Պոպուլիզմն այս դեպքում չի գործում, որովհետև, կրթություն ստանալուց հետո, դուք հայտնվում եք աշխատաշուկայում ու արդեն ձեր սեփական ծառայություններն եք առաջարկում գործատուներին՝ վարձատրության փոխարեն: Իսկ գործատուն թքած ունի, թե ձեր կրթական հաստատության կրթական մոդելն ինչքան պոպուլյար էր: Իրենք ուզում են լավ մասնագետ: Կրթական հաստատությունները, մրցակցելով իրար հետ, չեն կարող բարձրացնել գինը/իջեցնել որակը. դուք միշտ ունեք այլընտրանք: Բացի, իհարկե, մոնոպոլիայի դեպքերից, երբ ամբողջ կրթական համակարգը հայտնվում է մեկ անձի կամ կազմակերպության դեպքում:
Այս մոդելի օպոնենտները բողոքում են, որ վճարունակությունը դառնում է կրթություն ստանալու հնարավորության ու կրթության որակի որոշիչ հատկանիշ: Նախ՝ ֆիքսեմ, որ իրոք հավասար հնարավորություններ հնարավոր են միայն անվճար կրթական համակարգի դեպքում: Նույնիսկ պետական վճարովի կրթական համակարգի դեպքում, երբ կան կան սահմանափակ քանակության անվճար տեղեր, վճարունակ ուսանողն ունի առավելություն անվճարունակի նկատմամբ՝ նույն գնահատականների դեպքում:
Սոցիալիստները կասեն՝ եկեք հարկենք հարուստներին, ինչու՞ բաշխել կրթական վարձը բոլոր հարկատուների միջև: Նախ՝ դա կբերի նրան, որ կրթական համակարգը կֆինանսավորվի հենց այսպես կոչված «հարուստների» կողմից: Մյուս կողմից, սա կապիտալի շրջանառության սկզբունքի սխալ հասկանալու հետևանք է:
Առողջ կապիտալիստական համակարգերում, ոչ թե օլիգարխիայում, ինչպիսին է Հայաստանը, բարձի տակ դրված կապիտալը մեռած կապիտալ է: Այն անընդհատ պետք է դրվի շրջանառության մեջ: Այլ կերպ ասած, այսպես կոչված «հարուստները» ոչ թե ունեն մեծ քանակության փող, այլ կառավարում են մեծ քանակության փողի շրջանառությունը: Իրենք ներդրումներ են կատարում, աշխատավարձեր են վճարում, նոր գործատեղեր են բացում: Ոչ թե մեր չտեսների նման «հարստանամ՝ ոսկուց ունիտազ կառնեմ» մոտեցումը կիրառում (կապիտալիստական համակարգում «ոսկուց ունիտազը» նույնպես մեռած կապիտալի օրինակ է): Հարկելով իրենց, մենք մասնավոր ոլորտից վերցնում ենք իրենց շրջանառության մեջ դրած գումարն ու ներդնում կրթական ոլորտի մեջ: Արդյունքում նվազում են աշխատավարձերը, քչանում/չեն ավելանում աշխատավայրերը, ներդրումները: Ի վերջո, մենք ունենք համակարգ, որի մեջ մեր կապիտալը շրջանառում է: ՀՆԱ-ն ցույց է տալիս շրջանառող կապիտալի աճը:
Մյուս կողմից, պետական կրթական համակարգը պլանային տնտեսության մոդելով է աշխատում: Այն սահմանում է ամեն մասնագիտության անհրաժեշտությունն ու կրթական տեղերը, անվճար (պետության կողմից ֆինանսավորվող) տեղերը և այլն: Մասնավոր կրթական համակարգի դեպքում պահանջարկն է ծնում առաջարկ: Երբ պահանջված են, ասենք, ծրագրավորողներ, ծրագրավորողի աշխատավարձն աշխատաշուկայում աճում է, ինչպես աճում է ծրագրավորողի կրթական տեղի պահանջարկը: Համակարգն ինքնակարգավորվում է, ոչ թե պահանջում է արտաքին գնահատականներ ու կարգավորումներ: Իսկ խիստ տաղանդավոր աղքատ երեխաների խնդիրը կարելի է կարգավորել կրթական գրանտների, կրթական հաստատության սեփական կադրեր պատրաստելու պահանջի, կրթական հաստատության ռեպուտացիայի ավելացման պահանջի, իսկ կոմերցիոն գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու դեպքում՝ լավ ուսանողից ֆինանսական եկամուտ ստանալու հեռանկարի (երբ կոնկրետ ուսանողի կրթություն ստանալը դիտարկվում է որպես ֆինանսական ներդրում), կրթական վարկերի միջոցով: Այս համակարգը կատարյալ չի, ինչպես ցանկացած ուրիշ համակարգ: Բայց այն աշխատում է ու մեզ տվել է երևի աշխարհի լավագույն կրթական հաստատությունները. Մասաչուսեցի Տեխննոլոգիայի Համալսարան, Հարվարդ, Օքսֆորդ, Քեմբրիջ, և այլն:
Չդեմոնիզացնելով կողմերից ոչ մեկը, մենք կրթական համակարգի օրինակի վրա ուսումնասիրեցինք պլանային ու շուկայական տնտեսական մոդելների, պետականացման ու մասնավորեցման տարբերություններն, առավելություններն ու թերությունները: Հետագա գրառումներում ես հուսով եմ ընդլայնել այս թեման ու ավելի մանրամասն ներկայացնել, ինչպես նաև կխնդրեմ տնտեսագիտության մասնագետների մասնագիտական կարծիքներ տալ հարցի շուրջ:
No comments:
Post a Comment