Շարունակելով Nutella-ի գործով դավադրության հետաքննությունը, հազիվ եմ հասցնում պարզել, որ Ferrero ընկերության հիմնադիր Պիետրո Ֆերրերոն եղել է Propaganda Due իտալական մասոնական օթյակի բարձրաստիճան անդամ, տեսնում եմ, որ իմ դեմ արդեն քայլեր են սկսել ձեռնարկել. Blognews-ն արդեն իմ նյութը ցրել է, ինչն ամենատհաճ բանն է, որ կարելի է անել իմ բլոգի նյութերի նկատմամբ:
Propaganda Due մասոնական օթյակը 1945-1976 թթ. գործում էր որպես պաշտոնական մասոնական օթյակ՝ Իտալական գրանդ օրիենտի հեղինակությամբ, իսկ երբ 1976 թ. ապրիլի 18-ին Իտալիայի սահմանադրությունն արգելեց գաղտնի կազմակերպությունների գործունեությունը, այն շարունակեց իր գործունեությունը որպես գաղտնի, ապօրինի օթյակ:
Հետաքրքիր պատահականություն. Nutella-ի առաջին տարբերակը՝ հայտնի որպես «Pasta Gianduja» վաճառքի է հանվել Propaganda Due մասոնական օթյակի հիմնադրումից... ուղիղ մեկ տարի անց: Բայց մենք պատահականությունների չենք հավատում, չէ՞:
Իսկ հիմա՝ Nutella-ի կեղտոտ գաղտնիքներից մեկը, որոնց մասին հաճախ լռում են: 2008 թվականին Yahoo Answers ծառայության անդամներից մեկը՝ հայտնի Shoopuf09 մականվամբ, հայտարարեց, որ իր մոտ կախվածություն է Nutella-ի նկատմամբ: Ավելին, նա հայտարարեց, որ երբ հացը վերջանում է, նրա մոտ այնպիսի հուսահատություն է սկսում, որ նա քսում է Nutella-ն տարբեր այլ իրերի վրա: Ինչպիսի՞ օգնություն նրան առաջարկեցին: Նրան ասացին, որ Nutella-ն աշխարհի ամենալավ ուտելիքն է ու որ նա չպետք է դիմադրի Nutella ուտելու ցանկությանը:
Համոզվա՞ծ եք, որ հենց ձեր երեխան հենց հիմա կախվածություն չի ձեռք բերում այդ սարսափազդու նյութից: Հաշվի առեք, որ այն պարունակում է.
- 16% վնասակար/հագեցած ճարպեր
- 42% շաքար
- 34% չհագեցած ճարպեր
Հետևանքների մասին կարող եք դատել ինքներդ: Աթերոսկլերոզ, ճարպակալում, վնաս երիկամներին, շաքարախտ:
Դեռ 2007 թվականին երկու իտալացի բլոգերներ՝ Սառա Ռոսոն ու Միշել Ֆաբիոն կարողանում են հասնել նրան, որ փետրվարի 5-ը հայտարարվում է... Nutella-ի միջազգային օր: Ու նորից պատահականություն. այդ օրը համընկնում է հայ պատմագիր և բանաստեղծ Սիմեոն Ապարանեցու ծննդյան օրվա հետ: Արդյունքում, ամբողջ աշխարհը գիտի Nutella-ի մասին ու նշում է նրա միջազգային օրը, այնինչ Սիմեոն Ապարանեցու ծննդյան օրվա մասին հիշում են միայն նրա տնեցիները:
Այնինչ Nutella-մանների կրքերը թեժանում են: Կենտրոնական Գերմանիայում տեղի է ունեցել գողություն: Գողացել են... 5 տոննա Nutella: Պատկերացրեք, թե սև շուկայում ինչ շրջանառություն կսկսեն Nutella-բարոնները: Պատկերացրեք, որ այդ գողացված Nutella-ն կարող է հայտնվել հենց քո՛ հայրենիքի փողոցներում:
Ես վախենում եմ այն օրվանից, երբ այդ սև մահը կտիրանա մեր երեխաների հոգիներին, երբ երեխաները կսկսեն փողոցում կոկաին վաճառել, որպեսզի աշխատած փողով մտնեն սուպերմարկետ՝ Nutella-ի հերթական դոզան գնելու համար: