Tuesday, February 16, 2016

Աբորտների մասին ընդհանրապես, սելեկտիվ աբորտների մասին՝ առանձին

Խիստ հաստագլուխ մարդու հետ վիճելուց հետո միտք առաջացավ, որ պետք է աբորտների թեմային մի հատ խորը անդրադառնալ:

Աբորտը հղիության արհեստական ընդհատումն է: Նորմալ դեպքերում այն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում: Վատ զարգացած երկրներում հաճախ տարածված է այսպես կոչված «տնական աբորտների» արատավոր պրակտիկան, երբ հիվանդանոց չդիմելու և այսպես կոչված «խայտառակ չլինելու», հղիությունը թաքցնելու նպատակով աբորտն իրականացվում է ներքին կարգով՝ ոչ մասնագետի կողմից: Հաշվի առնելով, որ ցանկացած աբորտ որոշակի ռիսկ է պարունակում կնոջ առողջության համար, «տնական աբորտների» ելքը կարող է ընդհանրապես մահացու լինել: Հայաստանի Հանրապետությունում հղիության արհեստական ընդհատման կարգը հաստատված է ՀՀ վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքով: Ըստ այդ օրենքի, մինչև 12 շաբաթական հղիությունը կարելի է ընդհատել ըստ կնոջ դիմումի, իսկ մինչև 22 շաբաթականն՝ ըստ բժշկասոցիալական ցուցումների, կնոջ համաձայնության դեպքում: Այս ժամկետների համար հիմք են հանդիսանում սաղմի զարգացման փուլերն ու էթիկ նկատառումները:

Բացի օրենքով կարգավորված լինելուց, հասարակական որոշ խմբեր ունեն իրենց կարծիքը հղիության արհեստական ընդհատման կապակցությամբ: Մասնավորապես, որոշ խմբեր դիտարկում են աբորտը որպես մանկասպանություն: Նման խմբերի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ գնացել են ահաբեկչական գործողությունների աբորտ իրականացնող կլինիկաների և բժիշկների նկատմամբ: National Abortion Federation-ի տվյալներով, միայն ԱՄՆ տարածքում 90-ականներին հակաաբորտային ակտիվիզմով զբաղվող մարդիկ իրականացրել են 7 սպանություն, 1977-ից մինչ այսօր ԱՄՆ-ում ու Կանադայում կատարել 17 սպանության փորձ, 383 սպանության սպառնալիք, 153 հարձակում ու ծեծ, 100 կարագաթթվի միջոցով հարձակում, 373 ներխուժում անձնական տարածք, 41 պայթեցում, 655 սիբիրախտի սպառնալիք, 3 առևանգում: 1973-2003 թթ. աբորտներ իրականացնող բուժհաստատությունների ու բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերից 300-ը որակվել են որպես «ծայրահեղ»՝ ըստ RAND անկախ հետազոտական ընկերության տվյալների:

Որոշ մարդիկ հակաաբորտային գաղափարներ ունեն սենտիմենտալ նկատառումներով, որոշները՝ կրոնական: Վերոհիշյալ խմբերն իրենց անվանում են pro-life: Ես իրենց անվանում եմ դալբայոբներ: Թե ինչու՝ կտեսնենք ստորև:

Քանի որ նման խմբերը սիրում են խնդիրը պրիմիտիվացնել լոզունգի մակարդակի, ես իմ հոդվածում կքննարկեմ հարցը հնարավորինս խորը: Իսկ «մի՛ սպանեք ապագա երեխային» լոզունգը նույն «հավի ձու ուտելով հավի դաշտանն եք ուտում» օպերայից է: Խնդիրը սխալ հասկացած, սենտիմենտալ ու հիստերիկ:

Նախ հասկանանք, թե ինչը կարող է կնոջը մղել աբորտի: Կունենանք երկու տարբերակ. կամ հղիությունն անցանկալի է, կամ էլ հղիության ընթացքում ի հայտ են եկել այլ հանգամանքներ՝ սաղմի վնասվածք, մոր առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգներ, ընտանիքի ֆինանսական դրության վատթարացում և այլն: Երկրորդ դեպքը հենց մեր նշած «բժշկասոցիալական ցուցումներն» են, ու, իմ կարծիքով, երբ ընտրությունը մոր կամ դեռ հիպոթետիկ երեխայի կյանքի միջև է, ցանկացած առողջ դատող մարդ կընտրի պահպանել մորը:

Անցանկալի հղիությունները մի փոքր ավելի բարդ են: Այստեղ կան թե՛ չպաշտպանված սեքսից առաջացած հղիության դեպքեր, թե՛ կոնտրացեպցիայի միջոցների սխալ աշխատանքի հետևանքներ, թե՛ բռնաբարության զոհերի հղիանալու դեպքեր: Եթե չպաշտպանված սեքսից առաջացող հղիությունների քանակը կարելի էր կրճատել ճիշտ սեռական դաստիարակության միջոցով (գաղափար, որին մեր հայեցի ավանդոֆիլները վերաբերվում են ինչպես տերտերն աղքատությանը), ապա մյուս երկուսի հետ ոչինչ անել չենք կարող:

Հասկանանք, որ մինչև ծնվելը երեխան հիպոթետիկ է: Նա գոյություն չունի: Կա բեղմնավորված ձվաբջիջ: Բջիջները սկսում են բաժանվել, սկսում է ձևավորվել սաղմը: Աստիճանաբար սաղմը վերածվում է երեխայի, պրոցեսը սովորաբար 7-9 ամիս է տևում, ու արդյունքում երեխան ծնվում է: Աբորտի թույլատրելի ժամկետի էթիկ պատճառը հիմնված է հենց ժամկետի վրա, որից հետո մենք արդեն ոչ թե սաղմ, այլ երեխա ունենք, որն արդեն ունի ծնվելու իրավունք: Մյուս կողմից, այդ հիպոթետիկ երեխան հաճախ ունի անձնական արժեք ծնողների համար, որն օբյեկտիվ չափանիշներով հնարավոր չի գնահատել: Այնպես որ, աբորտը սովորաբար ծանր ու պատասխանատու որոշում է: Քանի որ հղիության ամբողջ պրոցեսն ընթանում է կնոջ օրգանիզմում, բոլոր իր ռիսկերով ու հետևանքներով, ու ծննդաբերում է նույնպես կինը, աբորտ անելու կամ չանելու որոշում կարող է ընդունել միայն կինն ու ոչ ոք չի կարող իրեն զրկել այդ իրավունքից:

Աբորտի մեջ ոչ մի ուրախ բան չկա, բայց այն չարյաց փոքրագույնն է: Բռնաբարության զոհ կնոջն ինչքանո՞վ է արդարացված ստիպել ծննդաբերել իրեն բռնաբարողի երեխային: Անցանկալի երեխան սովորաբար թե՛ ծնողին է դժբախտացնում, թե՛ ինքն է դժբախտ, ողորմելի գոյություն ունենում: Մանկատներն էլ, ինչպես գիտենք, դրախտ չեն: Ու աբորտը, եթե արվել է թույլատրելի ժամկետի մեջ, բնավ մանկասպանություն չի: Այո, հիպոթետիկ երեխան դադարում է գոյություն ունենալ: Եթե դուք երազում եք երեխա ունենալ, հետո դադարում եք երազել դրա մասին, նույն բանն է տեղի ունենում, պարզապես այս դեպքում երեխան արդեն գոյություն ունենալու ընթացքի մեջ էր: Սաղմը չունի մտային պրոցեսներ, կենսափորձ, ճաշակ, բնավորություն ու անհատականություն: Այն ընդամենը սաղմ է, որը կարող է վերածվել կամ չվերածվել երեխայի: Այնպես որ, «մի սպանեք ապագա երեխային» կոչերը հեռու են իրականությունից: Դեռ գոյություն չունեցող երեխային հնարավոր չի սպանել: Ընդամենը կասեցվում է անորոշ հավանականություն:

Սելեկտիվ աբորտներն իրենցից ներկայացնում են հղիության ընտրողական ընդհատում՝ կախված երեխայի սեռից: Սովորաբար իրենք տեղի են ունենում, երբ սաղմն իգական սեռի է: Չինաստանում, օրինակ, դա պայմանավորված է տղա երեխայի առավել աշխատունակ լինելով: Հայաստանում դա հաճախ պայմանավորված է թե՛ «անպայման ցեղի շարունակող տղա ունենալու» մղմամբ, թե՛ աշխատունակության գործոնով: Սելեկտիվ աբորտներն, ինչպես «տնային աբորտները», արատավոր պրակտիկա են: Չլինելով, ինչպես մնացած աբորտները, մանկասպանություն, իրենք հանդիսանում են խտրականության ձև: Նախկինում հենց Հայաստանում տարածված էր նորածին աղջիկներին սպանելու պրակտիկան: Աննա Ոսկանյանի «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները որպես ընտանիքում գենդերային խտրականության արտահայտում» զեկույցի մեջ կարդում ենք.
Նույն կինը ներկայացրեց նաև մեկ դեպք, որը կապված էր իր սեփական մոր ծննդյան պատմության հետ և որը տեղի է ունեցել 1960-ական թվականներին: Իր իսկ տատիկը պատմում է, որ երբ ինքը 5-րդ աղջկան է ունեցել, այսինքն նրա մորը, շրջապատի կանայք եկել են, ասել. «Տար շրջի»: Որ տատիկին հարցրել են, ինչ է նշանակում դա, նա պատասխանել է որ իրենց ժամանակ իրենց գյուղում նա, ով ծնված երեխային չէր ուզում, տանում էր անտառ ու դեմքով հողին պառկացնում, երեխան խեղդվում էր, մահանում: Տատիկը պատմում էր, որ անտառի այդ ճանապարհով գնալիս աջ ու ձախ կողմերով շրջված երեխաներ էին:
«Ուղղակի, որ եկան տեսան, ինչ սիրունիկ, բաց գույնի աչքերով աղջիկ է, բոլորն ասացին մի շրջի…»
60-ական թվականները վաղ անցյալ չեն, ու ցավալի է, որ նման բարբարոսական պրակտիկաները տեղ են ունեցել հայկական հասարակության մեջ: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ ասի «ավանդական հայեցի բարոյական ժամանակների» մասին, սա կարող եք մտցնել իր աչքը:

Ժամանակը մեզ երևութային քաղաքակրթություն է տվել, բայց չի ազատել ներքին բարբարոսությունից: Հիմա մարդիկ աղջիկով հղի լինելու մասին իմանում են նախքան ծննդաբերությունը, երեխային «շրջելու» փոխարեն ընդհատում են հղիությունը: Բայց մղումները, մոտիվացիաները, որոնք պատճառ էին դարձել երեխա «շրջելու» սարսափելի պրակտիկային, չեն անհետացել:

Ահա թե ինչու է ընթանում պայքար սելեկտիվ աբորտների դեմ:

Ցավոք, որոշ բութ հակաաբորտային ակտիվիստներ այդ պահը փորձում են օգտագործել իրենց սեփական տեսանկյունը քարոզելու համար: Երբեմն իրենք դա քողարկում են ֆեմինիզմի քննադատության անվան տակ: Որպես ֆեմինիզմի երրորդ ու չորրորդ ալիքների օպոնենտ, ես կարող եմ վստահ ասել, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարը ոչ թե ֆեմինիստական, այլ համամարդկային է: Իսկ հղիության ընթացքը պահպանելու կամ ընդհատելու իրավունքը, ինչպես նաև դրա հետ կապված առողջապահական ծառայությունները՝ ամեն կնոջ անքակտելի իրավունքը:

Հուսով եմ՝ լավ ներկայացրեցի տեսանկյունս:

No comments:

Post a Comment