Երեկ տնից դուրս գալիս տեսա՝ շենքի դիմաց կրակ է վառած, շուրջն ինչ-որ խառը մարդիկ են կանգնած, փուչիկներով, տոնական հագուստներով, և այլն: Կարծես ինչ-որ բանի սպասեին: Որպես ինկվիզիցիայի ձեռքը մի օր ընկնելու հեռանկարը լուրջ ընդունող մարդ, շենքի հետևով գնացի, ուր գնում էի: Չէի հիշում, թե ինչ օր է:
Երբ սկսեցին կրակի շուրջ զիլինա պարել ու թռվռալ վրայով (կրակը կես խորովածի կրակ էլ չէր լինի), արդեն հասկացա ինչն ինչոց է:
Ինչ-որ մեկին կթվա՝ ես ծաղրում եմ Տրնդեզը: Բնավ ոչ: Բայց եկեք պատմեմ ձեզ իմ մանկության տրնդեզի մասին:
90-ականների իմ տեսած Տրնդեզներին չկային քաղաքակիրթ փուչիկներ, տոնական հագուստներ ու նման բաներ: Հիմնական կազմակերպիչները հենց երեխաներն էին: Մի բակում հաճախ երեք և ավելի խարույկ էին վառում՝ չափսերով իրար հետ մրցող: Փշեր, ձմռանից մնացած չորացած ճյուղեր, ձյան հալվելուց հետո բացված չոր խոտ էինք վառում, քանի որ վառելափայտը թանկ հաճույք էր: Բայց կրակի բարձրությունը երբեմն անցնում էր հինգ մետրից, այնպես որ, թռչում էինք ոչ թե կրակի վրայով, այլ միջոց: Բավականին քաոտիկ պրոցես էր, բայց չեմ հիշում ոչ մի դժբախտ պատահար: Ամենակարևորը՝ այն մի տեղ էր հավաքում բոլորին, բոլորն ուրախ էին, խոսում էին, կատակում, թռնում կրակի միջով, խաղում:
Կրակը 90-ականների երեխաների համար երևի ամենակարևոր տարերքն էր: Ձմռանը եթե վառարանիդ մեջ կրակ չկար, ցրտին պիտի մի կերպ սվիտեր ու գուլպա հագած, վերմակներով փաթաթված մրսեիր գիշերը: Տան ներսում ջուրը սառչում էր: Իսկ երբ կրակը կար, նստում էինք վառարանի կողքն ու նայում ածուխներին: Մեկ-մեկ հարվածում իրենց ու նայում թռչող կայծերին: Կրակը կյանք էր նշանակում: Երևի դրա համար էր Տրնդեզն այդքան ուրախ անցնում: Մեջն ինչ-որ վայրի նախնադարյան բան կար, կապ արմատների հետ: Համենայն դեպս, ես այդպես եմ հիշում:
Բայց այն, ինչ ես տեսա երեկ, վախկոտ, ողորմելի ու կեղծ նմանակում էր այն Տրնդեզների, որ ես տեսել եմ: Ցավալի է:
No comments:
Post a Comment