1/17 ընտրատարածքում ընտրությունները բավականին խաղաղ անցան: ՀՀԿ-ականներն, ինչպես միշտ, լկտի էին (ընտրատարածքը չփակված՝ հրավառությունը ձեզ օրինակ): Մի տատի քիչ էր մնում՝ լաց լիներ, որ աղջիկը չէր իմացել, որ մայրն իր փոխարեն չի կարող քվեարկել, ու աշխատանքի էր գնացել: Չգիտեմ, փողը նախորոք էին տվել, ու սիրտը մղկտում էր, որ ձեռքում ունեցած տաս հազար դրամը հետ պետք է տա, թե նախապես մտքում ծախսել էր փողն ու հիմա պետք է ընտանեկան բյուջեն նորից կազմեր՝ նոր տարվա բուդը փոխարինելով դոլմայով: Մարդիկ շարքերով անցնում էին՝ հաշմանդամներ, թաղի գժեր, մահվանից հինգ պակաս պառավներ, անգիր արած ձևով դնում իրենց «պծիչկաներն» ու գնում տուն: ՀՀԿ-ն չորս սխալ լրացված թերթիկ գցել էր իրենց կույտի մեջ (+ երկու Ստյոպա Սաֆարյանի թերթիկ): ՀՀԿ վստահված անձը կռիվ էր տալիս անվավերների համար. «Մարդն եկել հասել ա ստեղ, ընտրել, դու ուզում ես նրա ընտրածն անվավեր համարել միայն նրա համար, որ պծիչկի տեղը գի՞ծ ա դրել»: Կթվա՝ ի՞նչ իմաստ ուներ չորս ձայնի համար կռիվ տալ: Կարծում եմ՝ կռիվը ոչ թե ձայների, այլ դրանց համար ջուրը գցած տաս հազար դրամների համար էին կռիվ անում: Դե հիմա, թող անեն: Որն անվավեր էր, անվավեր համարվեց: Որը վավերական՝ վավերական: Արդեն տեսել ենք, թե ինչքան կարճ են վայելում այդպես ձեռք բերված հաղթանակը. մեր եվրոպացի բարեկամն էլ իրեն սարի պես տղա գիտեր, «տեսար, ինչ եղավ»:
ՀՀԿ-ականները շտապում էին տոնելու: Իսկ մենք վերադարձանք Ստյոպայի շտաբ: Ի զարմանս մեզ, այնտեղ ոչ դատարկություն էր, ոչ էլ վհատված մթնոլորտ: Վստահված անձինք, հանձնաժողովի անդամները պատմում էին, վիճում, կատակու, Ստյոպան քաջալերում էր բոլորին: Ի վերջո, պատգամավոր լինելը ծառայություն է ժողովրդին, ոչ թե պարգև: Թող Ավանի ժողովուրդը հիմա մտածի՝ ինչպես է իրենց ծառայելու իրենց տաս հազար դրամի կարոտ պահած կուսակցության ներկայացուցիչը, որին գովազդում էին «այլ կենցաղային իրերի հետ միասին»: Շնորհակալություն այն բոլոր ազնիվ մարդկանց, ովքեր իրենց ընտրությամբ, էական չի թե ում են ընտրել, իրենց խղճի դիմաց մեղք չեն գործել:
Ողջ եղեք:
No comments:
Post a Comment