Նյութը վաղուց էի տեղադրել ֆորումում, բայց ժամանակս երբեք չէր բավականացնում այն թարգմանելու համար: Այո, հիշում եմ, որ Մարկեսի պատմվածքն էլ եմ կիսատ թողել, բայց դե աշխատանքն ու մնացած բաները գրական գործունեության համար նախատեսված ամբողջ ժամանակս խլում են: Տեքստը կարդալիս հաշվի առեք, որ գործ ունեք 30-ականների թեթև ընթերցանության համար նախատեսված pulp-պատմվածքների հեղինակի հետ, որը գրեթե չի տարբերվում con-artist/ավանտյուրիստից, չունի բարձրագույն կրթություն դասական իմաստով: Այո, նա անդրադառնում է խմբագրին ու ընթերցողին (նաև այս պատմվածքի ընթերցողին) խաբելուն, բայց իսկապես գեղարվեստական գրականություն, ոչ թե վավերագրություն գրող ցանկացած հեղինակ պարտավոր է լավ ստախոս լինել: Իսկ եթե դուք համարում եք, որ գրելու մեջ արհեստ չկա ու դուք գրելիս «դուրս եք հորդում այն, ինչ ձեր սրտում է», խնդրում եմ հավաքել ձեր պաթոսը և չկարդալ այս հոդվածը, չկարդալ իմ բլոգն ընդհանրապես ու չկարդալ գրական ոչ մի խորհուրդ ու քննադատություն: Դուք երբեք լավ գրող չեք լինի:
Ու այո, ես գիտեմ, որ եգիպտերեն կոչվող ժամանակակից լեզու գոյություն չունի, ու որ հեղինակը կոտրատված արաբերենով է տալիս հարցը: Խնդիրը նրանում է, թէ ինչպիսի ընթերցողի համար է նախատեսված ձեր պատմվածքը: Չնայած ամեն ինչին, հեղինակը տալիս է էական, պրագմատիկ ու օգտակար խորհուրդներ: Այնպես որ, սա պարտադրող կառույց չի՝ ընդամենը ուրվապատկեր, պատմվածքում ձեր սեփական նյութը ճիշտ դասավորելու բանաձև: Որը կարող եք տրամաբանության սահմաններում փոփոխել ու համապատասխանեցնել ձեր գրածին:
Գնացինք:
Սա 6000 բառանոց pulp-պատմվածքի (տերմինը հայերեն համարժեք չունի ծ.թ.) բանաձև է, սյուժեի ուրվապատկեր: Այն գործել է արկածային, դետեկտիվ, վեստերն ու թեթև-պատերազմական ժանրերի համար: Այն բացատրում է, թե պատմվածքի հենց որ մասում ինչ տեղադրել՝ ըստ հաջորդական հազար բառերի:
Այս բանաձևով գրված դեռ ոչ մի պատմվածք չի եղել, որ չկարողանամ վաճառել:
Պատմվածքներ կառուցելու բիզնեսն այլ բաներ կառուցելու բիզնեսից այնքան էլ չի տարբերվում:
Ահա թե ինչպես է այն սկսում.
- ՈՒՐԻՇ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿ, ՈՐԸ ԿԿԻՐԱՌԻ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՍՐԻԿԱՆ
- ՈՒՐԻՇ ԲԱՆ, ՈՐԸ ԿՓՆՏՐԻ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՍՐԻԿԱՆ
- ՈՒՐԻՇ ՏԵՂԱՆՔ
- ԱՂԵՏ, ՈՐՆ ԱՄՊԻ ՊԵՍ ԿԱԽՎԱԾ Է ՀԵՐՈՍԻ ԳԼԽԻՆ
Այս ՈՒՐԻՇ բաներից մեկը լավ կլինի, երկուսն՝ ավելի լավ, երեքը՝ հրաշալի: Օգտակար կլինի դրանք մտապահել նախապես՝ նախքան մնացածը բզբզելը:
Ուրիշ սպանության եղանակը կարող է լինել՝ ուրիշ: Մտքով անցնում են կրակելը, դանակահարելը, ցիանաջրածինը, խեղդամահ անելը, թունավոր ասեղները,կարիճներն ու էլի մի քանի եղանակներ, ու դրանք գրի առնելը նրանց այնտեղ է դնում, որտեղ նրանք կարող են ինչ-որ բան հուշել: Կարիճներն ու նրանց թունավոր խա՞յթը: Միգուցե մահացու բացիլներով վարակված մոծակներ ու ճանճե՞ր:
Եթե զոհերը սպանվել են սովորական եղանակներով, բայց հայտնաբերվել են տարօրինակ ու համանման հանգամանքներում, դա էլ կարող է իր նպատակին ծառայել՝ իհարկե, ընթերցողը չպետք է մինչև պատմվածքի ավարտն իմանա, որ սպանության եղանակը սովորական է: Գրողները, որոնց սրիկաների զոհերին գտնում են վրաները թիթեռներ, սարդեր կամ չղջիկներ դրոշմված, հավանաբար խաղում են այս հնարքի հետ:
Ինձ սպանության եղանակների առումով շատ տարօրինակ, աչքի ընկնող կամ գրոտեսկային տարբերակներ վերցնելը կասկածելի ընտրություն է թվում:
Ուրիշ բանը, որը փնտրում է պատմվածքի սրիկան, կարող է լինել գոհարեղենից, գողացված բանկային թալանից, մարգարիտներից ու այլ հին բաներից տարբերվող ինչ-որ բան:
Այստեղ է կա չափազանց փախած բան ընտրելու վտանգը:
Ունիկալ տեղա՞նք: Հեշտ է: Ընտրեք մեկը, որը համապատասխան կլինի սպանության եղանակին ու գանձին՝ այն բանին, որը ցանկանում է պատմության սրիկան, սա ամեն ինչ կպարզեցնի, ու շատ ավելի լավ է ծանոթ վայր օգտագործել, որտեղ դուք ապրել կամ աշխատել եք: Որ չհամընկնի այլ pulp-ագիրների գրածի հետ: Հաճախ ավելորդ ամոթանքից փրկում է տեղանքի մասին խմբագրի չափ կամ նրան խաբելու համար բավականաչափ իմանալը:
Ահա մի հնարք, որը հաճախ կիրառվում է տեղային երանգները կեղծելու համար: Ասենք, Եգիպտոսում տեղի ունեցող պատմվածքի համար հեղինակը գտնում է «Խոսակցական եգիպտերենի հեշտ ուսուցում» կամ այլ նման վերնագրով դասագիրք: Նա ցանկանում է, որ հերոսը եգիպտերեն հարցնի. «Ի՞նչ է պատահել»: Նայում է գրքի մեջ ու գտնում. «Էլ խաբար, է՞յ»: Որպեսզի ընթերցողի գլուխը չպտտվի, խելացի կլինի ինչ-որ կերպ հասկացնել ընթերցողին, թե դա ինչ է նշանակում: Որոշ դեպքերում տեքստը կխոսի ինքն իր փոխարեն, կամ ինչ-որ մեկն այն կկրկնի անգլերենով: Բայց կանգ առնելն ու ընթերցողի համար այդքան բառերով թարգմանելը կասկածելի քայլ կլինի:
Հեղինակը կարդում է, որ Եգիպտոսում արմավենիներ կան: Նա նայում է գրքի մեջ, տեսնում է, թե ինչպես է «արմավենի» բառը եգիպտերեն, ու օգտագործում է այն: Սա խաբում է խմբագիրներին ու ընթերցողներին, ստիպում նրանց մտածել, որ հեղինակը քաջատեղյակ է եգիպտոսից:
Ահա սյուժեի ուրվագծի երկրորդ մասը: Բաժանեք ձեր 6000 բառանոց հեքիաթը 1500 բառանոց չորս մասերի: Ամեն 1500 բառանոց մասում տեղադրեք հետևյալը.
ԱՌԱՋԻՆ 1500 ԲԱՌԵՐԸ
Առաջին տողում, կամ որքան հնարավոր է՝ առաջին տողին մոտ, ներկայացրեք հերոսին ու ոտքից գլուխ ողողեք խնդիրներով: Հուշեք հանելուկի, աղետի կամ լուծելու խնդրի մասին՝ մի բան, որի դեմ հերոսը պետք է պայքարի:
Հերոսը գլխով նետվում է խնդիրների դեմ պայքարելու (փորձում է պարզել հանելուկը, հաղթահարել աղետը կամ լուծել խնդիրը):
Ներկայացրեք մնացած ԲՈԼՈՐ հերոսներին որքան կարելի է՝ շուտ: Նրանց գործողության մեջ դրեք:
Հերոսի գործողությունները նրան բերում են իրական ֆիզիկական կոնֆլիկտի առաջին 1500 բառերի վերջին մոտ:
Առաջին 1500 բառերի ավարտի մոտ սյուժեի զարգացման մեջ լրիվ անակնկալ շրջադարձ է տեղի ունենում:
ԴԵՌԵՎՍ. Կա՞ լարվածություն: Հերոսին ԱՂԵՏ սպառնու՞մ է: Ամեն ինչ տրամաբանակա՞ն է տեղի ունենում:
Այս պահին է, որ օգտակար կլինի հիշեցնել, որ գործողությունը, բացի հերոսին տարածքով առաջ տանելուց, պետք է ուրիշ բաներ էլ անի: Ենթադրենք՝ հերոսն իմացել է, որ վախկոտ սրիկաները գերի են վերցրել ինչ-որ Էլոիզ անունով մեկին, ով կարող է բացատրել, թե ինչ է կանգնած չարագուշակ իրադարձությունների ետևում: Հերոսը սրիկաներին փակուղի է գցում, նրանք կռվում են, սրիկաներին հաջողվում է փախչել: Այնքան էլ հետաքրքիր չի:
Հերոսը պետք է իր ոռ ճղելով ինչ-որ բանի հասնի, նույնիսկ եթե փրկի Էլոիզին ու՝ անակնկալ, Էլոիզը զոլավոր պոչով կապիկ է: Հերոսը հաշվում է Էլոիզի պոչի զոլերը, եթե ոչ մի ավելի լավ բան մտքով չի անցնում: Նրանք իսկական չեն: Զոլերը նկարված են: Ինչու՞:
ԵՐԿՐՈՐԴ 1500 ԲԱՌԵՐԸ
- Հերոսի գլխին ավելի շատ վիշտ լցրեք:
- Հերոսը, հերոսական լինելով, պայքարում է, ու նրա պայքարները բերում են.
- Եվս մեկ ֆիզիկական կոնֆլիկտի:
- Սյուժեի անակնկալ շրջադարձի, որոնք ավարտում են 1500 բառերը:
ԱՅԺՄ. Երկրորդ մասում ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ կա՞: ԱՂԵՏՆ աճու՞մ է սև ամպի նման: Հերոսը վզին ստանու՞մ է: Երկրորդ մասն է՞լ է տրամաբանական:
ՄԻ՛ ՊԱՏՄԵՔ ԴՐԱ ՄԱՍԻՆ: Ցու՛յց տվեք, թե այդ բանն ինչ տեսք ունի: Սա գրելու գաղտնիքներից մեկն է. երբեք մի պատմեք ընթերցողին՝ ցույց տվեք նրան (նա դողում է, թափառող աչքեր, կախված ծնոտ ու նման բաներ): Ստիպեք ընթերցողին, որ տեսնի նրան:
Երբ գրում եք, օգտակար բան է մի տպագիր էջին (մոտ 250 բառ ծ.թ.) գոնե մեկ փոքր անակնկալ տրամադրել: Խելքին մոտ է սպասել, որ այս փոքր անակնկալները կգայթակղեն ընթերցողին շարունակել կարդալ: Կարիք չկա խորը ջանքեր թափել: Ժամանակ առ ժամանակ նման բան ստանալու եղանակներից մեկը նրբորեն ապակողմնորոշելն է: Հերոսը զննում է սենյակը, որտեղ կատարվել է սպանությունը: Նրա հետևի դուռը դանդաղ սկսում է բացվել: Նա դա չի տեսնում: Երանության մեջ՝ շարունակում է իր զննումը: Դուռն ավելի ու ավելի լայն է բացվում, մինչև... անակնկա՛լ: Սենյակի հակառակ կողմի մեծ պատուհանի ապակին ընկնում է շրջանակից: Այն պետք է որ դանդաղ իր տեղից դուրս սահած լինի, ու սենյակ փչող քամին էր դռան բացվելու պատճառը: Ուրեմն ո՞ր մի գրողս է պատճառ դարձել, որ ապակին այդքան երկար ժամանակ ընկնի: Հանելուկներ, հանելուկներ:
Պատմության գործող անձին բնութագրելն իրենից ներկայացնում է հետևյալը. նրան բաներ եք տալիս, որոնք կստիպեն նրան մնալ ընթերցողի մտքում: ՊԻՏԱԿԱՎՈՐԵՔ ՆՐԱՆ:
ԿԱՌՈՒՑԵՔ ՁԵՐ ՍՅՈՒԺԵՆ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՆԱ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԼԻՆԵԼ:
ԵՐՐՈՐԴ 1500 ԲԱՌԵՐԸ
Թող վիշտն անձրևի հերոսի գլխին:
Հերոսը որոշակի առաջընթաց է ունենում ու սրիկային/ինչ-որ մեկին փակուղի է գցում ու մղում.
Ֆիզիկական կոնֆլիկտի:
Սյուժեի անակնկալ շրջադարձի, որտեղ ցանկալի է, որ հերոսը կարգին վզին ստանա, ինչով ավարտվում են 1500 բառերը:
Հերոսը որոշակի առաջընթաց է ունենում ու սրիկային/ինչ-որ մեկին փակուղի է գցում ու մղում.
Ֆիզիկական կոնֆլիկտի:
Սյուժեի անակնկալ շրջադարձի, որտեղ ցանկալի է, որ հերոսը կարգին վզին ստանա, ինչով ավարտվում են 1500 բառերը:
ԱՐԴՅՈ՞Ք. դեռ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ կա: ԱՂԵՏՆ ավելի՞ է մթագնել: Հերոսն անելանելի վիճակու՞մ է հայտնվել: Այդ ամենը տրամաբանական կերպո՞վ է կատարվել:
Այս ուրվապատկերներն ու ընդհանուր բանաձևերը միայն մի նպատակ ունեն. ձեզ ստիպել, որ դուք ֆիզիկական կոնֆլիկտ, սյուժեի իսկական շրջադարձներ մտցնեք՝ մի փոքր լարվածությամբ ու աղետով համեմված: Դրանք չկան՝ ուրեմն pulp-պատմվածք էլ չկա:
Այս ֆիզիկական կոնֆլիկտներն ամեն մասում կարող են ՏԱՐԲԵՐ էլ լինել: Եթե հերոսը բռունցքներով է կռվում, դա կարող է բավարարել ձեռնամարտի կարիքը մինչև հաջորդ հեքիաթը: Նույնը վերաբերում է թունավոր գազին ու թրերին: Իհարկե, կարող են բացառություններ էլ լինել՝ դա բնական է: Հատուկ հարվածի կամ զենքն արագ մերկացնելու արվեստին տիրապետող հերոսը կարող է դրանք մեկ անվամից ավել էլ օգտագործել:
Ամբողջ միտքը նրանում է կայանում, որ խուսափեք միապաղաղությունից:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Կենդանի, արագ, առանց վատնված բառերի: Ստեղծեք լարվածություն, ստիպեք ընթերցողին, որ տեսնի ու զգա գործողությունը:
ՄԹՆՈԼՈՐՏ. Լսել, տեսնել, շոշափել, զգալ հոտն ու համը:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ծառեր, քամի, տեսարան ու ջուր:
ԳՐԵԼՈՒ ԱՄԲՈՂՋ ԳԱՂՏՆԻՔՆ ԱՄԵՆ ԲԱՌԻ ՀԱՇԻՎՆ ՈՒՆԵՆԱԼՆ Է:
ՉՈՐՐՈՐԴ 1500 ԲԱՌԵՐԸ
- Դժվարություններն ավելի խիտ լցրեք հերոսի գլխին:
- Այնպես արեք, որ հերոսը գրեթե թաղված լինի պրոբլեմների մեջ (օրինակ՝ սրիկան նրան բանտարկել է, նրա վրա գցել սպանության մեղադրանքը, աղջիկն ամեն ինչից դատելով մահացել է, ամեն ինչ կորած է ու տառապող պրոտագոնիստը շուտով ՈՒՐԻՇ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿԻ զոհը կդառնա):
- Հերոսն ինքն իրեն ազատում է ՍԵՓԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ շնորհիվ՝ սովորած կամ ուժային:
- Մնացած հանելուկները (մի մեծ հանելուկը, որը պահել եք մինչև այս պահը, կօգնի ձգել հետաքրքրությունը) պարզվում են վերջնական կոնֆլիկտի ընթացքում, երբ հերոսն իրավիճակն իր ձեռքն է առնում:
- Սյուժեի վերջին շրջադարձ, մեծ անակնկալ (տարբերակներ՝ սրիկան անսպասելի անձ է դուրս գալիս, «գանձը» կեղծիք է և այլն):
- Կտրող նախադասությունը, որն ավարտում է պատմվածքը:
ԱՐԴՅՈ՞Ք. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ պահել եք մինչև վերջին տողը: ԱՂԵՏԸ մինչև վերջ դիմացե՞լ է: Ամեն ինչ բացատրվե՞լ է: Ամեն ինչ տրամաբանական կերպո՞վ է կատարվել: Կտրող նախադասությունը բավականաչա՞փ է՝ ընթերցողին ջերմ զգացողություններով թողնելու համար: Աստվա՞ծ է սպանել սրիկային, թե՞ հերոսը:
Թարգմանեց Բ. Պողոսյանը
Թարգմանեց Բ. Պողոսյանը
No comments:
Post a Comment