Երկար ժամանակ ձեր նորությունների բաժանորդը (և քննադատը) լինելուց հետո ես որոշել եմ դադարեցնել բաժանորդագրությունս ու մնացած ընթերցողներիս էլ խորհուրդ եմ տալիս հետևել օրինակիս:
Նախապատմություն. ինչու՞ էի բաժանորդագրվել հայկական լրատվական կայքերի, եթե արտասահմանյան տեղեկատվությունը թե անաչառության, թե՛ տեղեկատվության որակի առումով գերազանցում է հայկականին, իսկ լեզվի հետ էլ, կարծես թե, խնդիր չունեմ:
Հիմնական պատճառը հայալեզու տեղեկատվությանն աջակցություն ցույց տալն էր: Մղում, որը խոշոր հաշվով իրեն չարդարացրեց:
Նախապատմություն. լրագրողի էթիկայի մասին ես էլի էի գրել, երբ անդրադարձել էի Ամսագիր.am-ին իմ «Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը» հոդվածում, որին, ինչպես նաև դրան հաջորդած իրավական տերմիններ չարաշահող ինչ-որ մարդկանց սպառնալիքներն ու պորտը տեղը դնելը դեռ կենդանի են բլոգում: Արդյո՞ք այդքան կոնֆլիկտն ինչ-որ բան փոխեց: Մտնում եմ նրանց կայք, առաջին էջից պատահական հոդված ընտրում, ու ասես ինքնածաղր լինի. բառացիորեն՝ բրիտանացի գիտնականների հերթական հայտնագործությունը:
Նախապատմություն. հայկական լրատվականների պիառ-մենեջերները երևի ռուսական աղբյուրներից էին իրենց մասնագիտությունն ուսումնասիրել, որովհետև տենդենցները դրա մասին են վկայում: Այլ կերպ ասած, կիրառվում էին (ու դեռ շարունակում են կիրառվել) առնվազն էթիկ առումով կասկածելի ստրատեգիաներ, որոնք առավել հատուկ են ռուսական բաններային ցանցերին: Օրինակ՝ աչքի ընկնող, ոչ այդքան ցնցող տեղեկատվությունն առավել նկատելի դարձնող վերնագրեր: Ֆեյսում ընկերներ ավելացնել նրա համար, որ շեյրը ավելի շատ մարդիկ տեսնեն: Կարճ ասած՝ նյութի որակի վրա ուշադրություն քիչ էր դարձնում: Իսկ նյութի որակը, ներեցեք արտահայտությանս համար, ոռի է: Եթե նյութը չի պատճենահանված, այն առնվազն շարադրված է հակիրճ ու դպրոցականի շարադրություն հիշեցնող ոճով: Ինչու՞: Քանի որ գրողներն իրենք նյութին չեն տիրապետում, ոչ մի լրացուցիչ ուսումնասիրություն անց չեն կացնում, միայն կոնսպեկտում, գուգլած նկար են կպցնում ու տեղադրում:
Նախապատմություն. Թերթ.am ու 1ին.am կայքերը սնկերի պես աճող լրատվականների մեջ աչքի էին ընկնում առավել խելքը գլխին տեղեկատվությամբ: Իհարկե, քոփի-փեյստը շատ էր, բայց գոնե նորմալ, ոչ ռուսական-բաններային կայքերից, ու հեղինակն էլ թեև ոչ միշտ, բայց բավականին հաճախ նշվում էր:
Բայց նախորդ կետում նշված էթիկ սխալները տարածվեցին նաև նրանց վրա: Ես պարտքս համարեցի մի քանի անգամ զգուշացնել ձեզ: Ու բնավ միակը չէի այդ հարցում:
Բայց արի ու տես՝ մեկ Սոս Սարգսյանն է սպառնում դատավորին (որտեղ պարզվում է, որ խոսքը ոչ թե դերասանի, այլ ինչ-որ անհայտ Սոս Սարգսյանի մասին է, որի ազգանունն ըստ էության չպետք է շոշափվեր վերնագրում, ու նյութն էլ այնքան բանալ ու անհիշարժան է՝ հերթական դատավարություն ոչ այնքան հազվադեպ գործով, որ առանձին հոդվածի չպետք է արժանանար), մեկ էլ աղետ է գալակտիկայում (որտեղ էլ պարզվում է, որ ոչ մի աղետ էլ չկա, ինչ-որ չնշված աստղագետներ չնշված միջոցներով հայտնաբերել են չնշված գազային միգամածություն, որը գալակտիկայի կենտրոնի աստղադիտակներով դեռ չգրանցված սև անցքը կուլ է տվել միլիոնավոր տարիներ առաջ ու դրա արձագանքը մեզ հիմա է սկսել հասնել, ու այդ մասին հրատարակել է Nature ամսագրի չնշված համարն՝ իր չնշված հոդվածում. երևի արդեն գուշակեցիք՝ հոդվածի հեղինակը նույնպես չի նշված):
Ու սա ընդամենը երկու օրինակ են, երբ «նրանց անունն է Լեգիոն»:
Եթե դուք պարզապես փորձում եք փող աշխատել միամիտ ինտերնետցիների վրա, խնդրում եմ զգուշացնել, ու ես պարզապես ժամանակ չեմ վատնի: Եթե դուք նպատակ ունեիք լուրջ տեղեկատվական պլատֆորմներ ստեղծել, ապա, ցավոք, պետք է ասեմ՝ դա ձեզ չի հաջողվում: Ու, դատելով ընթերցողի քննադատությանը ձեր արձագանքից, չի էլ հաջողվի:
Բ. Պողոսյան:
No comments:
Post a Comment