Ինչ-որ այսօր բլոգս շատ բողոքական է, բայց ոչինչ, խոստանում եմ՝ այսօրվա վերջին քննադատական գրառումս է: Խոսքը կրկին անդրադառնում է մեր ինտերնետ լրատվամիջոցներին:
Նախ, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ.
Իհարկե, այստեղ բավականին մանրամասն ու լիարժեք ներկայացված են լրագրողի էթիկայի ստանդարտները, բայց ես արագ ներկայացնեմ երեք ամենատարրական պահանջները, որոնք պետք բավարարի լրատվական նյութը.
- ամբողջականություն
- հուսալիություն
- անկողմնակալություն
- հասկանալիություն
Այսինքն՝ նյութը պետք է լիարժեք նկարագրի թեման (օրինակ՝ եթե գրում եք, ասենք, ատոմակայանի աշխատողների ցույցի մասին, ապա լավագույն դեպքում պետք է ներկայացնեք, թե երբ է եղել ցույցը, ովքեր են մասնակցել, ինչ պահանջներ են ունեցել, ումից, ինչ ընթացք է ունեցել, ինչ միջադեպեր են ունեցել, ներառել հարցազրույցներ և այլն), այն պետք է գա ստուգված ու հեղինակավոր աղբյուրից (իսկ քանի որ աղբյուրի հեղինակությունը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր լինել, պետք է այն նշել, որ ընթերցողը հնարավորություն ունենա սեփական հետաքննություն իրականացնել), ու այն պետք է լինի անկողմնակալ (ինչի մեջ մտնում է համոզված կերպով առաջին դեմքով արված արտահայտություններից հնարավորինս զերծ մնալն), ու վերջապես՝ նյութը պետք է ներկայացված լինի բավականաչափ հասկանալի ձևակերպմամբ ու բառապաշարով, տերմիններն անհրաժեշտության դեպքում պետք է բացատրվեն, և այլն:
Ու, ի վերջո, կարևոր պայման՝ եթե նյութը վերցվում, փոխադրվում է, ադապտացվում, թարգմանվում այլ աղբյուրից, ամենատարրական էթիկան պահանջում է նշել աղբյուրը: Առավել նորմալ դեպքերում դա կարգավորվում է լիցենզիայի միջոցով: Օրինակ՝ այս բլոգի նյութերի օգտագործման լիցենզավորումը հասանելի է բլոգի վերևի մենյուի հղմամբ:
Իսկ այժմ անցնենք բուն թեմային: Սուսի Միսակյանի հղումը ֆեյսում բերեց ինձ Ամսագիր.am-ի «Երաժշտությունը համարել են այլընտրանքային սեքս» հոդվածին: Եթե վերնագիրն արդեն մի փոքր արտառոց չի հնչում (կրիմինալ քրոնիկա հիշեցնող ձևակերպմամբ, օրինակ), ապա անցնենք պարունակությանը: Հոդվածում գրված է, որ գիտնականները (ո՞ր գիտնականները, մի՞թե բրիտանացի) սիրելի երաժշտությունը համարել են «այլընտրանքային սեքս» (միգուցե «այլընտրանք սեքսին», ի վերջո, սեքսն, անկախ ամեն ինչից, ենթադրում է սեռական կապ, ինչը երաժշտության դեպքում քիչ հավանական է): Պատճառաբանումը՝ լավ երաժշտությունից ստացած դրական էմոցիաները կարելի է համեմատել մի գիշեր սեքսի հետ: Առաջանում է հարցերի շարք. իսկ որքա՞ն երաժշտությունը, իսկ արդյո՞ք սեքսից ստացված միակ բանը դրական էմոցիաներն են, և այլն: Հոդվածը պնդում է, որ հետազոտողները (ո՞ր հետազոտողները, միգուցե Pedobear-ը, Черный Властелин-ն ու մի խումբ անոնիմուսնե՞ր) վերլուծել են հաճելի երաժշտություն լսելիս օրգանիզմում առաջացող հորմոնները: Բաց թողնենք հորմոնները վերլուծելու անհրաժեշտության ու երաժշտություն լսելիս հորմոններ առաջանալու կասկածելի բնույթն ու անցնենք առաջ: Պարզվել է, պատկերացրեք, որ դոպամինի հորմոնների մակարդակը նույնն է, ինչպիսին լինում է սեքսից հետո: Փաստորեն, նեյրոմեդիատոր (նյարդային բջիջների՝ նեյրոնների միջև ինֆորմացիայի փոխանցմանը նպաստող քիմիական նյութ) հանդիսացող դոպամինը սեփական հորմոններ ունի: Հետո հնչում է «երջանկության հորմոն» արտահայտությունը: Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է դոպամինն ու ինչ նշանակություն ունի ուղեղում, կարող եք կարդալ սա:
Վերջին նախադասության մեջ նշվում է, որ կարևորն այն է, որ երաժշտությունը ձեզ դուր գա:
Ուրեմն, ի մի բերեմ հոդվածի ասելիքը մի նախադասության տեսքով. երաժշտություն լսելիս ձեր ուղեղում կարտադրվի մի նյութ, որը արտադրվում է ցանկացած հաճույք զգալիս, այդ թվում՝ նաև սեքսի ընթացքում: Կարող եք հեղինակից ետ պահանջել հոդվածը կարդալու վրա ձեր կյանքից ծախսած ժամանակը:
Սուսի Միսակյանը, որն, իր ֆեյսի պրոֆիլից դատելով, լրագրող է Ամսագիր.am-ում, արդեն ոչ առաջին անգամ ինձ նյութ ուղարկելով ու քննադատության արժանակալով (նախորդ անգամ նա պատասխանեց, որ չի կարծում, թե հոդվածը թույլ է), այս անգամ էլ ինչ-որ հեգնական արձագանքեց: Բերում եմ երկխոսությունն ամբողջությամբ.
Bayandur Pogosyan Դոպամինը հորմոն չի, ու ընդհանրապես, սեքսի ժամանակ զգացողությունները քիչ կապ ունեն հորմոնների հետ))) ու մեկ էլ՝ ո՞ր գիտնականները, ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա. հավերժական հարց է:
Սուսի Միսակյան Սա իրողություն է, որը վաղուց է պարզաբանվում, թե որ գիտնականը անձամբ չեմ ճանաչում, համենայդպս ես չեմ
Bayandur Pogosyan Սուսի Միսակյան ինչո՞վ է հիմնավորվում այդ իրողությունը))) կամ ինչպե՞ս է ստացվում, որ նեյրոմեդիատոր դոպամինը հանկարծ հորմոն է դառնում: Կամ, ի վերջո, եթե չեք ճանաչում գիտնականին, միգուցե կարելի էր հղում տեղադրել սկզբնաղբյուրի վրա:
Սուսի Միսակյան շնորհակություն խորհրդի համար: Գուցե թարգմանիչին ասեմ, որ պեղի գտնի քո խաթր նաև գիտնականի ձեռի համարը: Մնացած հարցերը քննարկեք մասնագետնիերի հետ...
Այնպես որ, ով է ճիշտ, ու ով սխալ՝ թողնում եմ ձեր դատին: Ցանկացած դեպքում, այս աղբյուրն ու նրա հոդվածները հիմք դարձան, որ ես անդրադառնամ հայ ինտերնետային լրատվության աղբյուրների, այդ թվում՝ նաև բլոգների մեծ մասի խնդիրներից մեկին: Ու հուսով եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր այս հոդվածից ինչ-որ օգտակար բան քաղեցին: Ոչ թե սովորեցին, որ երաժշտությունից հաճույք ստանալը նույնն է, ինչ ուրիշ բաներից հաճույք ստանալը:
No comments:
Post a Comment