Tuesday, August 2, 2011

Սիլո և Ռոյ

Wild Kitty-ի բլոգում կարդացի այս գրառումն ու որոշեցի ևս մեկ անգամ անդրադառնալ հոմոսեքսուալիզմի թեմային, բայց այս անգամ, հոմոֆոբներին տապոռելու փոխարեն, ավելի թեթև մոտեցում ցույց կտամ:
Լուսանկարը՝ Նիկոլ Բենջիվենո,
The New York Times
Այսպիսով, սկսենք պատմությունից: Պատմություն՝ Ռոյի և Սիլոյի մասին:
Ռոյն ու Սիլոն անտարկտիկական պինգվիններ են: Նրանք ապրում են Մանհետտենի Կենտրոնական զբոսայգու գազանանոցում:
Իրենց կյանքի վեց տարին Ռոյն ու Սիլոն միասին են եղել: Իհարկե, դա ոչ մի առումով անոմալ չի՝ պինգվինների տևական ու մոնոգամ հարաբերությունները բազմիցս են նկարագրվել: Խնդիրը նրանում է, որ թե՛ Ռոյը, թե՛ Սիլոն... արուներ են: Մարդկային չափանիշներով դատելով, Ռոյն ու Սիլոն հոմոսեքսուալ զույգ էին: Նրանք վզերով իրար են փաթաթվում, համբուրվում, կանչում իրար, սեքսով զբաղվում:
Հարաբերությունների մի պահից սկսած նրանց մոտ սկսեց բուռն արտահայտվել ցեղը շարունակելու մղումը. պինգվին-սիրեկանները փորձում էին ձու գողանալ այլ զույգերից, թուխս էին նստում կլոր քարերի վրա: Գազանանոցի գլխավոր հսկիչ Ռոբ Գրեմզին նրանց տվեց բեղմնավորված ձու, որին խնամք էր անհրաժեշտ (պինգվինները կարող են թուխս նստել միայն մեկ-երկու ձվերի վրա, ու եթե երրորդ ձու է լինում, այն սովորաբար ջերմություն չի ստանում ու նրանից ճուտ դուրս չի գալիս): Լրիվ կանոնավոր կերպով թուխս նստելուց հետո Ռոյի ու Սիլոյի ձվից առողջ ճուտ դուրս եկավ, որին գազանանոցի աշխատողներն անվանեցին Տանգո:
Սիլոյի, Ռոյի ու Տանգոյի մասին է գրվել հեղինակներ Ջաստին Ռիչարդսոնի ու Պիտեր Փեմլի «Տանգոն էլ հետը՝ երեք» մանկական գիրքը:
Լուսանկարը՝ Չեն Լի,
The New York Times
Ցավոք, Սիլոյի և Ռոյի պատմությունը ավելի մարդկանց հատուկ ավարտ ունեցավ. Սիլոն Ռոյին թողեց հանուն էգ պինգվին Սքրեփիի: Ռոյն այժմ միայնակ է, նա չի փորձում նոր կապ սկսել, լինի այն հետերոսեքսուալ թե հոմոսեքսուալ: Նա ու Սիլոն երբեմն շփվում են իրար հետ, բայց սեռական կամ սիրային բնույթի վարք իրար նկատմամբ չեն ցուցաբերում:
Հուսով եմ՝ այս պատմությունը գոնե ինչ-որ չափով ստիպեց ձեզ մտածել: Այն լրիվ հակասում է տարածված պատկերացումներին, թե հոմոսեքսուալիզմը հատուկ է միայն մարդկանց, թե այն ցմահ է, թե հոմոսեքսուալները չեն կարող ծնողներ լինել և այլն:
Մյուս կողմից, մի քննարկման ժամանակ նույն մարդու կողմից շոշափվեցին երկու դրույթներ հոմոսեքսուալների դեմ. առաջինը՝ նրանք աննորմալ են, քանի որ չեն կարող սերունդ տալ, երկրորդ՝ հոմոսեքսուալիզմը տարածվում է գենետիկորեն:
Եթե այդպես լիներ, ապա հոմոսեքսուալիզմի ենթադրյալ գենետիկ բնույթն իր առաջացման պահից կապրեր... ընդամենը մեկ սերունդ: Երկու դրույթներն, ինչպես տեսնում եք, լիովին ժխտում են իրար: Իհարկե, երբեմն կարիք է լինում օգտագործել հոմոսեքսուալիզմի գենետիկ բնույթի մասին կեղծ տեսությունը հոմոսեքսուալների հարկադրական բուժման ժամանակ առ ժամանակ ձայնները բարձրացնող ֆանատիկներին լռեցնելու համար:
Եվ խնդրում եմ խուսափել «համասեռամոլ» ու «արվամոլ» վիրավորական տերմիններից՝ չեմ կարծում, որ «տարասեռամոլ» ու «իգամոլ» կոչվելը ձեզ դուր գար:
Թեմային ես դեռ կշարունակեմ անդրադառնալ: Շնորհակալություն ուշադրության համար:

Աղբյուրներ.

No comments:

Post a Comment