Sunday, September 11, 2011

Նյուէյջոլոգիա, մաս երրորդ. խտացած վելոցիռապտորներ

(նախորդ մասն՝ այստեղ)

Մեր հին ծանոթ Սամբիտբաբան հերթական անգամ ինձ ուրախացրեց իր «Մատեան երանության»-ում: Եթե ինչ-որ մեկը ծանոթ չի, ապա ասեմ, որ սույն «մատեանում» սույն նյուէյջերը տիեզերական ու աստվածաբանական մասշտաբի գաղտնիքներ է բացահայտում ու իմաստուն մտքեր տալիս մարդկանց: Մարդիկ, չգիտես ինչու, խելոք-խելոք լսում են նրան ու գլխով անում: Ինչն, իհարկե, խոսում է նրա մասին, որ ես Ակումբին ճիշտ ժամանակին եմ «գուդբայ ամերիկա» արել:
Զգացմունքը՝
էներգիան է շարժման մեջ:
Շարժելով էներգիան,
ստեղծում ես որոշակի էֆֆեկտ:
Եթե ունես բավարար էներգիա,
ստեղծում ես մատերիա:
Մատերիան ոչ այլ ինչ է,
քան խտացած էներգիա:
Գիտությունը միշտ էլ շրջապատված է եղել գեղեցիկ հնչող պսևդոգիտական տեսություններով: Ա-լյա «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» կամ «մարդկանց ստեղծել են այլմոլորակայինները»: Urban legend-ի կարգի հասկացություններ են: Ու քանի որ հիմնված են մարդկային երևակայության վրա, ոչ թե փաստերի, այս տեսություններն արտակարգ ճկուն են: Ու ասվում են դեմքի համոզված արտահայտությամբ:
«Մատերիան ոչ այլ ինչ է, քան խտացած էներգիա»: Սառույցն էլ երևի խտացած ջուր է, իսկ եթե վելոցիռապտորներին խտացնենք, ապա երևի սինխրոֆազատրոն կստանանք:
Հեղինակը երևի շատ մակերեսային է պատկերացնում էներգիայի տարբեր սահմանումները նյուտոնյան ու քվանտային մեխանիկաներում, ու չի տեսել պոտենցիալ էներգիայի անհետանալու ֆոկուսը (որը ես շատ եմ սիրում ցույց տալ էներգոֆիլներին): Այլ կերպ ասած, էներգիան հաճախ պայմանական հասկացություն է: Իսկ մեր վելոցիռապտորը Սամբիտբաբան երևի արդեն ինքն իրեն հանճարեղ ֆիզիկոս է պատկերացնում:
Քո նմանները խայտառակում են Ռեսպուբլիկան: Ամո՛թ:

No comments:

Post a Comment