Monday, September 19, 2011

Սատանիզմ. մի վերլուծություն

Այստեղ մենք գոնե
ազատ կլինենք. Ամենազորն այստեղ
Իր խանդից չի կառուցել, ու այստեղից մեզ չի վտարի.
Այստեղ մենք կիշխենք վստահ, ու իմ ընտրությամբ
իշխելն արժանի մղում է, թեկուզ Դժոխքում.
Լավ է իշխել Դժոխքում, քան ծառայել Դրախտում:
Ջոն Միլտոն, «Կորուսյալ Դրախտ», տողեր 258-63

Ստորև բերվածը կլինի Անտոն Շանդոր ԼաՎեյի սատանիզմի առաջին ինձ հայտնի լուրջ հայալեզու վերլուծությունը: Մի կողմից այն կարող է շատ ամբողջական չլինել ժամանակային ու ծավալային սահմանափակումների պատճառով: Այն ի մի կբերի իմ մինչ այժմ իրականացրած այլ ուսումնասիրություններ ու գրած այլ հոդվածներ, բայց նույնիսկ դրանց ուշադիր հետևած մարդիկ նոր մտքեր և ուսումնասիրություններ կտեսնեն: Նույնիսկ օպոնենտների հետ բանավեճերն, ըստ իս, օգնել են ինձ այս աշխատանքի պատրաստման հարցում. խմորվել ու ձևակերպվել են գաղափարներ, որոնք մինչ այդ գիտակցման ինտուիտիվ մակարդակի վրա էին, գիտակցվել են հիմնական հարցերն ու անտիթեզիսները, որ մարդիկ բերում են սատանիզմի շուրջ: Իհարկե, այս աշխատանքը նախատեսված չի հիմար մարդկանց համար, ու ես չեմ պատրաստվում անդրադառնալ «սատանիստները երեխանե՞ր են զոհաբերում»-ի կարգի հիմար հարցերին:
Գնացինք:


Սատանիզմը կրո՞ն է
Որպեսզի պատասխանենք այս հարցին, նախ հասկանանք, թե ինչ է կրոնն ու ինչով է տարբերվում հավատալիքային ու փիլիսոփայական այլ համակարգերին: Ցանկացած կրոնի գաղափարական հիմքը բաժանվում է երկու մասի՝ դոգմա և ռիտուալ: Այդ առումով ընթերցողը կարող է որոշել, որ սատանիզմը նույնպես կրոն է. այն նույնպես ունի իր դոգման ու ռիտուալը (խնդրում եմ դոգման չհասկանալ ներկայումս տարածված ծայրահեղական իմաստով): Բայց դոգմա և ռիտուալ ունի գրեթե ցանկացած հավատալիքային-փիլիսոփայական համակարգ, խոշոր հաշվով՝ նաև ցանկացած գիտություն. ձեզ ավելի ծանոթ կհնչեն այս հասկացությունների մյուս անունները՝ տեսություն ու պրակտիկա: Միջուկային ֆիզիկան նույնպես ունի իր դոգման ու ռիտուալը, որոնք, իրականացվելով ոչ թե կրոնական, այլ գիտական մեթոդով ու կոնտեքստով, այլ նշանակություն են ստանում:
Կրոնական դոգմայի պարտադիր մասեր են կոսմոգենեզիսն (ուսմունք աշխարհի ստեղծման մասին) ու անթրոպոգենեզիսը (ուսմունք մարդու ստեղծման մասին): Կրոնական ռիտուալի պարտադիր մասն է պաշտանմունքը: Այս ամենը բացակայում է սատանիզմում, հետևաբար՝ սատանիզմը կրոն չի կարող լինել:


Սատանիզմը հավատու՞մ է Սատանային
Այո և ոչ: Սատանայի գաղափարը կենտրոնական է սատանիզմում, բայց ոչ որպես պատմական, կրոնական կամ առասպելաբանական անձ: Սատանան գաղափար է, արքետիպ, որի հետ իրեն ասոցացնում է ամեն սատանիստ: Ինչու՞մ է կայանում այդ արքետիպը: Թեև թեմային դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք, կրճատ ասած, սատանան մեկն է, ով հրաժարվել է ենթարկվել կանխորոշված հեղինակությանն ու ճակատագրին: Սատանան դեմ է կանգնել «սա այսպես է, քանի որ Աստված այսպես է ասել» գաղափարին: Պետք չի դրանից շտապ հետևություններ անել, թե սատանիստն ընդամենը գնում է հակառակ ծայրահեղությանը. գաղափարական ժառանգականությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական («արա այն, ինչ կարելի է, ու մի արա այն, ինչ չի կարելի» vs «մի արա այն, ինչ կարելի է, ու արա այն, ինչ չի կարելի»), ու մարդը, որն առաջնորդվում է բացասական գաղափարական ժառանգականությամբ, ազատ չի վերին հեղինակությունից: Սատանիստը ջարդում է վերին հեղինակության գաղափարական ժառանգականությունն ու ինքն է իր համար որոշում, թե ինչ է կարելի ու ինչ չի կարելի:
Շատ կարևոր է հասկանալ, որ սատանիզմը սատանայապաշտություն չի, ու տարբեր սատանայապաշտական ուղղություններից ոչ մեկն իրականում սատանիզմ չի: ԼաՎեյն ինքն արտահայտել է այն միտքը, որ փաստացի սատանայապաշտական ուղղությունները քրիստոնեությունից հեռու չեն գնում. քրիստոնեությունը տարբեր ժամանակներում ու վայրերում ամենատարբեր արտահայտումներ է ունեցել՝ նույնիսկ մարդկային զոհաբերությունները լրիվ քրիստոնեական պրակտիկա են (վհուկների ու քրիստոնյա դառնալ հրաժարվող մարդկանց սպանությունները «հանուն Քրիստոսի» դրա օրինակ են):
Այստեղ մենք աստիճանաբար գալիս ենք շատ կարևոր հարցի պատասխանին, որի մասին կխոսվի հաջորդ ենթավերնագրում.


Սատանիզմը որպես համամարդկային գաղափարախոսություն
Եթե ձևակերպվի հարց, արդյոք կարիք կա, որ սատանիզմը համաշխարհային տարածում ստանա ու դոմինանտ ուղղություն դառնա, ցանկացած բավականաչափ լուրջ սատանիստ, ես էլ ներառյալ, կասեմ, որ հարցը հիմար է: Սատանիզմը ձևավորվել է քրիստոնեական կոնտեքստում ու, ասենք, բուդդիստը կամ սինտոիստը երբևէ չի կարող անկեղծորեն զգալ ոչ սատանիզմի էությունը, ոչ էլ կարիքը: Մի բան, որ ինձ սովորեցրել է սատանիզմը, ու դա քրիստոնեության ընկալմանն առավել հակադրվող գաղափարներից է, այն է, որ եթե մի հարցի (նամանավանդ փիլիսոփայական հարցի) շուրջ կա երկու կամ ավելի կարծիք, ապա դա բնավ չի նշանակում, որ կարծիքներից մեկը ճիշտ է բոլորի համար, ու մնացածները՝ սխալ: Այո, նույն հարցն, իմ նկատմամբ, կարող է ունենալ բազմաթիվ ճիշտ պատասխաններ. ի վերջո, դա սովորաբար կախված է տեսանկյունից: Հիշելով Կանտին ու Դեկարտին, կարող ենք նկատել, որ ամեն մարդ ապրում է իրականության իր սուբյեկտիվ ընկալման մեջ ու ոչ մի իրական պատկերացում չունի օբյեկտիվ իրականության մասին (որը, տեսականորեն, կարող է ընդհանրապես գոյություն չունենալ): Խնդիրն առաջանում է, երբ մի մարդ կամ մարդկանց մի խումբ իրականության իր սուբյեկտիվ ընկալումը հայտարարում է բացարձակ ճշմարտություն/աբսոլյուտ:
Ոչ, ոչ մեկը պարտավոր չի սատանիստ կամ այլ գաղափարների կրող լինել, ու ինչ-որ առումով ընտրության նման ազատությունը սատանիզմի էությունն ու նպատակն է: ԼաՎեյն ինքն ասել է, որ սատանիզմի կենտրոնական գաղափարները նոր չեն ու ինչ-որ ժամանակ հետո նրանք այլ կիրառում, նշանակություն ու անվանում ստանան:


Also sprach Zarathustra. պրոտո-սատանիզմ
Սատանիզմի գաղափարների նախադրյալները հանդիպում են շատ ավելի վաղուց, քան գրվել է ԼաՎեյի գիրքը, բայց այդ գաղափարները դեռ հասուն սատանիզմ չեն: Թվարկենք դրա մի քանի օրինակներ:
Շումերական Գիլգամեշը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) որոշում է, ի հակառակ աստվածների կամքի, անմահություն ստանալ: Նույնիսկ ամենավաղ մեզ հասած գրական աշխատանքներից մեկում առկա է  վերին հեղինակությանն ու կրոնական դոգմային հակադրվելու գաղափարը:
Մարգարե Զարաթուստրան (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) զրադաշտականության մեջ. գտնելով, որ հնդկական աստվածները՝ Դևաները, պատճառ են ու կողմնակից պատերազմներին ու մարդկանց դժբախտություններին, ու դառնում է հնդկական սատանաներին՝ Ասուրաներին/Ահուրաներին (ի դեմս, մասնավորապես, Ահուրա Մազդայի): Իհարկե, Զարաթուստրան ներմուծեց նաև ժամանակակից սատանիզմին կտրուկ հակասող գաղափարներ՝ չար ու բարի ու դրանց մշտական պայքար, մոնոթեիզմ և այլն:
Տիտան Պրոմեթևսը, որն առաջին անգամ հիշատակվում է Հեսիոդի «Թեոգոնիայում» (մ.թ.ա. 8-րդ դար), որի պատկերն առավել հարազատ է սատանիզմին, նույնպես դեմ է գնում աստվածային հեղինակությանը, գողանում աստվածային կրակն ու պարգևում այն մարդկանց:
Քրիստոնեական շրջանում սատանան հայտնվում է որպես «քավության նոխազ». քանի որ աստված ու նրանից ծագած ամեն ինչ ի սկզբանե ճիշտ է ու կատարյալ, նրանով են բացատրում աշխարհում տեղի ունեցող ամեն չար բան: Իհարկե, այն, որ, ըստ քրիստոնեության, սատանան նույնպես բխում է աստծուց, քրիստոնեական կանոնում չի քննարկվում, ու կաթարների աղանդը, որը քննարկում է դա ու առաջ բերում գնոստիկ դրույթն այն մասին, որ իրականում կան երկու, ոչ թե մեկ նախասկզբեր, 13-րդ դարում արժանանում է խաչակրաց արշավանքի ու խեղդվում արյան մեջ: Ինչն իր հերթին նպաստում է Domini Canes օրդենի ու ինկվիզիցիայի ձևավորմանը:
Իհարկե, սատանայի այդպիսի միաչափ ընկալումը չէր կարող բավարարել բոլորին: Սատանայով մարդկանց վախեցնելը բերել էր կրոնին այնպիսի դրության, որ հնարավոր է՝ սատանային ավելի մեծ ժամանակ էր հատկացվում, քան աստծուն: Ֆոլկլյորի հաճախակի հերոս է դառնում սատանան. երբեմն նա կղերական գայթակղիչի բացասական կերպարն է, երբեմն՝ զավեշտալի, երբեմն՝ գրեթե մարդկային. մի շոտլանդական ժողովրդական երգում նա գալիս է ֆերմերի կռվարար կնոջը դժոխք տանելու, բայց տեսնելով, թե ինչ սարսափելի է դարձել կյանքը դժոխքում այդ կնոջ կռվարարության պատճառով, կնոջը հետ է ուղարկում ֆերմերի մոտ: Ռոբերտ Բըրնսի «Ես կին առա մի չար ժամի...» բանաստեղծության մեջ նույնպես թեթևակի հիշատակվում է սատանան, որը «... վայ թե ահից նրան [կնոջը] դժոխք չառավ»: Նույնիսկ 3-րդ դարից սատանային վերագրվող Լյուցիֆեր անունը նշանակում է... «Լույս Բերող»:
1667 թվականին Ջոն Միլտոնը հրատարակում է իր «Կորուսյալ Դրախտը»՝ առաջին քրիստոնեական էպոսը: Էպոսի կենտրոնական հերոսն, ավելի շուտ՝ հակահերոսն է սատանան: Այստեղ սատանան, չնայած քրիստոնեական կանոնին բավականին համապատասխան լինելուն, ներկայացվում է որպես կամային, ուժեղ անձ. միայն դժոխքից նրա բարձրանալը երևի գրականության մեջ հանդիպվող ամենաուժեղ ու հերոսական արարքներից է:
1793 թվականին առաջին գրողը, որին կարելի է լիարժեք պրոտո-սատանիստ անվանել՝ Վիլլիամ Բլեյքն, ավարտում է իր «Ամուսնություն Դրախտի ու Դժոխքի» աշխատությունը, որտեղ տիեզերքի, Դրախտի ու Դժոխքի քրիստոնեական պատկերացումներին հակադրում է իր ռոմանտիկ-միստիկ-հեղափոխական պատկերացումը, որտեղ ժխտում է սև ու սպիտակ բարոյականության մոդելն ու Դժոխքը ներկայացնում է որպես դիոնիսյան, քաոտիկ նախասկիզբ, իսկ Դրախտը՝ որպես ապոլլոնյան, կարգավորված նախասկիզբ: Նա նաև ասում է, որ Միլտոնը «Դժոխքի պոետն էր, նույնիսկ դա չգիտակցելով»:
1883-1885 թվականներին Ֆրիդրիխ Նիցշեն գրում է իր «Այսպես խոսեց Զրադաշտը». անդրադառնալով մեկին, որ ստեղծել էր, ինչպես ինքն է ասում իր «Ecce Homo. ինչպես է մեկը դառնում այն, ինչ նա է» գրքի վերջին գլխի՝ «Ինչու եմ ես ճակատագիր», երրորդ պարագրաֆում, «Զարաթուստրան է ստեղծել այս ամենաաղետալի սխալը՝ բարոյականությունը, հետևաբար, հենց նա էլ պետք է դա առաջինը գիտակցի»: Այո, Նիցշեինը լրիվ ուրիշ Զրադաշտ էր. մեկն, ով բարոյականության ընկալումը գլխի վրա շուռ տվեց: Նիցշեն սև ու սպիտակ բարոյականության դեմ իր պայքարը շարունակեց «Չարից և բարուց անդին. նախերգ գալիքի փիլիսոփայության» գրքով:
1875 թվականին ծնվում է Ալիստեր Կրոուլին, ով լրիվ շրջում է կրոնի մասին մարդկանց պատկերացումները: «Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ Օրենքը», գրում է Կրոուլին իր «Liber Al vel Legis» գրքում:


Ընդհանրապես, գործնականում անհնարին ու գաղափարական տեսանկյունից չարդարացված կլիներ պայքարել քրիստոնեության դեմ իր բոլոր արտահայտումներով: Ի վերջո, դա նախ կխախտեր մարդու սեփական ընտրությունը կատարելու իրավունքը, հետո՝ քրիստոնեությունն ունի տարբեր արտահայտումներ, ու, ինչպես ես ինքս հաճախ ասել եմ, շատ մարդիկ իրենց Քրիստոսն ունեն: Ու հաճախ այդ Քրիստոսներն իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Իմ քրիստոնյա ընկերներից մեկի համար քրիստոնեությունը սիրո կրոն է: Չպարտադրող, թեթև, գրեթե հիպպիական: Մարդուն այն աննորմալ չի դարձնում: Ի՞նչ իմաստ ունի պայքարել նման հավատի դեմ: Սատանիզմի հիմնական պայքարը քրիստոնեության կղերական կողմի ու երեք ասպեկտների դեմ է. սև ու սպիտակ բարոյականության, մեղքի գաղափարի ու ճշմարտության սինգուլյարիզմի: Ճշմարտության սինգուլյարիզմի մասին խոսվել է «Սատանիզմի նշանակությունը» ենթավերնագրի տակ, այնպես որ այժմ կխոսենք մյուս երկուսի մասին:


Ընդդեմ սև ու սպիտակ բարոյականության
Սատանիզմի առանցքային դրույթներից հեկը քրիստոնեական սև ու սպիտակ բարոյականության ժխտումն է:
Իրոք, ընդամենը ժամանակի հարց էր, թե երբ մարդիկ, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, կկապեին Միլտոնի սատանային նրա ոգեշնչման հնարավոր աղբյուրի՝ Պրոմեթևսի հետ: Ու իրոք, տեսեք, թե ինչքան ընդհանրություններ ունեն. բարձրանալով Դժոխքից, սատանան դեմ է գնում աստվածային կամքին ու մարդկանց է տալիս Գիտության Պտուղը, խոստանալով, որ նրանք կնմանվեն ու կհավասարվեն աստծուն: Աստված ինքը, Ծննդոցում ասում է, որ վտարում է Ադամին ու Եվային դժոխքից, քանի դեռ նրանք չեն համտեսել Կենաց Ծառի պտուղը՝ դրանով անմահություն ձեռք բերելով.
Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»:Ծննդոց 3:22-23
Փաստորեն, նույնիսկ քրիստոնեական կանոնով սատանայի արարքի բացասական լինելը ոչ թե նրանում էր, որ նա խաբել է մարդուն՝ աստված ինքը հաստատում է, որ սատանան չէր ստել, այլ նրանում, որ դա մեղք էր, քանի որ դեմ էր աստվածային/վերին հեղինակության կամքին, այլ կերպ ասած՝ տաբու էր:
Եթե կրոնական կանոնը դիտարկենք որպես թեկուզ առասպելաբանական պատմագրություն, ապա այստեղ էլ է գործում այն կանոնը, որ պատմությունը գրում են հաղթողները: Գրեթե ցանկացած արարքի դրական կամ բացասական ընկալումը կախված է կոնտեքստից, իսկ կոնտեքստը խիստ կախված է մոտիվացիայից: Մոտիվացիան էլ իրականում գրողի մեկնաբանությունն ու ներկայացրած տեսանկյունն է: Ի՞նչ եք կարծում, քրիստոնեական աստվածաշունչը գրողն արդյոք դրական մոտիվացիա կտա՞ր թշնամու՝ սատանայի արարքներին:
Մոտիվացիաների ու արարքների մասին. այստեղ կարող եք տեսնել մարդկանց ցուցակը, որոնց, ըստ աստվածաշնչի, սպանել է աստվածն այն դեպքում, երբ ուղղակիորեն սատանային են վերագրվում միայն Հոբի երեխաներն, ունեցվածքն ու առողջությունը խլելը: Այս օրինակը ես բերում եմ ոչ թե որպեսզի ծաղրեմ ինչ-որ բան, այլ որ անդրադառնամ քրիստոնեության մի կարևոր դրույթի. նույնիսկ այս ամենով հանդերձ, աստված բարի է համարվում, իսկ սատանան՝ չար, հենվելով միայն աստծո անսխալականության նախադրույթի վրա:
Աստված բարի է: Սատանան՝ չար: Ինչու՞: Քանի որ աստվածաշունչն այդպես է ասում: Իսկ արդյո՞ք ամեն բան, որ ասում է աստվածաշունչը, ճիշտ է: Այո, քանի որ այն գրվել է աստծո կողմից: Ցիկլիկ տրամաբանություն:
Ընդհանուր առմամբ, ամեն կենդանի արարած ունի բարու ու չարի ներքին գիտակցություն: Բարին այն է, ինչ հաճույք է պատճառում, չարն այն է, ինչ ցավ կամ այլ տհաճ զգացողություններ է պատճառում: Եթե կրոնը ցանկանում է իր հետևորդներին բարու ու չարի իր սեփական ընկալումը պարտադրել, պետք է կոորդինատների առանցք ստեղծի (որով կծավալվի սույն կրոնի բարոյական պարադիգման): Քրիստոնեության մեջ այդ առանցքը մեկն է, ու արարքների որակավորումը բերվում է ըստ աստվածահաճո - սատանայական դասակարգման: Հաշվի առեք, այն նույնիսկ հարթ չի: Միաչափ: Ու, որպեսզի մարդկանց մոտ չառաջանա հարց, թե ինչու է ակնհայտորեն բարի թվացող արարքն իրականում չար: Դրա համար մտցվում է նոր հասկացություն. մեղք:

Ընդդեմ մեղքի
Սատանիզմի կարևորագույն դրույթներից է նաև մեղքի հասկացության ժխտումը: Մեղքը պարադոքսալ երևույթ է. այն մի կողմից մեդիատոր է, որն օգնում է արարքներն ու մտքերը դասակարգել ըսկ կրոնի բարոյական պարադիգմայի՝ անկախ նրանից, թե ինպես են նրանք ընկալվում մարդու անհատական պարադիգմայով: Սեքսը հաճելի է մարդկանց: Մաստուրբացիան՝ նույնպես: Պահպանակները սեքսի հետ կապված ավելորդ պատասխանատվության մեծ մասը հանում են: Ազատ մարդն իր էությամբ չի հասկանում, թե ինչ վատ բան կա վերոհիշյալ երեք երևույթների մեջ: Համապատասխան տաբու ստեղծելու համար անհրաժեշտ է մարդկանց համոզել, որ դա մեղք է աստծո աչքերում: Իսկ ինչը մեղք է, գալիս է սատանայից: Իսկ ինչը գալիս է սատանայից, չար է:
Ու՞մ է պետք մեղքն առաջին հերթին: Ի վերջո, բուդդիզմի օրինակից գիտենք, որ Բուդդային սիրելու համար նրա հետևորդները կարիք չունեն ամեն արարքի համար իրենց մեղավոր զգալ: Քրիստոսի դեպքում էլ դա կարող էր գործել:
Իհարկե՝ եկեղեցուն: Քրիստոնյան իրենով եկեղեցու համար արժեք չի ներկայացնում, հակառակ դեպքում չէր լինի այս ամբողջ եկեղեցի-եկեղեցի կամ եկեղեցի-աղանդ կոնֆլիկտը: Եկեղեցու համար արժեքավոր է իր հոտի ներկայացուցիչը: Իսկ հոտի ներկայացուցչին պետք է համոզել, որ նա թույլ է, մեղսավոր ու որպես միջնորդ եկեղեցու կարիքն ունի: Ավելին, մարդը մեղսավոր է ի ծնե: Նա իր վրա է կրում իր նախնիների մեղքերի բեռը: Դրա հիման վրա էլ ոչ քրիստոնյա մարդը, որքան էլ քրիստոնեական չափանիշներով մեղք չգործի, եթե չի փրկվել Քրիստոսի միջոցով (ասել է թե՝ մտել համապատասխան եկեղեցու հոտի մեջ), նա դժոխք է ընկնելու: Եթե նրա նախնիներն էլ են նույն կյանքով ապրել, ապա դա էլ փրկություն չի. Ադամի մեղքը ծանրանում է բոլոր մարդկանց վրա: Բոլոր մարդիկ պարտավոր են եկեղեցական հոտի անդամներ լինել: Այլապես՝ դժոխք:
Սատանիզմը ջարդում է այդ շղթան: Չկա մեղք: Ամեն մարդ պատասխանատու է իր արարքների համար: Առաջին հերթին՝ ինքն իր առաջ:

«Արա, ինչ Կամենում ես, կլինի ողջ Օրենքը: - Սերն է Օրենքը, Սեր՝ Կամքի ներքո»:
A.C., "Liber Al vel Legis"

No comments:

Post a Comment