Պրովոկացիոն վերնագիր է, ու հուսով եմ՝ վայրենասերները գրառումս կշրջանցեն. ի վերջո, այս հարցում ես դեռ ոչ մի ադեկվատ առարկություն չեմ լսել: Միտքը գլուխս եկավ Արտակի բլոգի մի գրառում կարդալիս, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ խմորվում է:
Ասույթներին կամ դրանք ասողներին կպնել չեմ պատրաստվում. հեղինակներից առնվազն մեկին դրական եմ վերաբերվում, ու մարդու տեղ չեմ դնում միայն մեկին: Խնդիրն ուրիշ բանում է:
Լավ, սկսենք սկզբից: Հայերենը մեռնում է: Այո, հայերենը կայուն կերպով մահանում է: Պատճառները շատ են: Նախ՝
Այնինչ, ասենք, մի գեղեցիկ օր ԿԳՆ-ն որոշում է, որ հայերենում հոլովները չափազանց շատ են ու որոշում պակասեցնել նրանց քանակը: Հաշվի առնելով, որ հոլովները նախնական տարբերակում տրամաբանական նշանակություն ունեին ու ինտուիտիվ հասկանալի էին, իսկ նոր համակարգի սեռական ու տրական հոլովները համատեղելու միակ բացատրությունը, որ միտքս է գալիս, տրականի՝ սեռականի որոշյալ առմանը նման հնչելն է, «նոր» համակարգին անձամբ ես այդպես էլ չկարողացա անցնել, ու նույն կերպ էլ իմ սերնդի շատ մարդիկ: Ասում են՝ հետո էլի են փոխել, բայց դա արդեն անձամբ ինձ հետաքրքիր չի: Էական է այն, որ փոխանակ ուսումնասիրելու լեզվի տվյալ ասպեկտի կիրառումը գործնականում ու քերականության կանոններն ու օրենքները դրան համապատասխանեցնելու, մեր լեզվաբանները համոզված են, որ ամեն ինչ հակառակն է. իրենք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի հայերենը:
Եթե ֆիզիկոսները մի օր որոշեն, որ ֆիզիկայի օրենքներով ազատ անկման արագացումը ոչ թե 9,8 մետր/վայրկյան-քառակուսի է, այլ, ասենք, 25 մետր/վայրկյան-քառակուսի, դրանից առարկաները չեն սկսելու այդ արագացմամբ ընկնել: Նույնն էլ լեզվի մեջ է: Արդյունքում, դպրոցում սովորած հայերենը մնում է ստուգողականների ու քննությունների համար: Ու վերջ:
Գումարած՝ հասուն մարդը պարտավոր չի դրած հետևել, թե երբ և ինչ հաճախականությամբ են լեզվաբանները հոլովներ փոփոխում: Ու այդպես հայոց լեզուն, ի դեմս հոլովների, ստանում է առաջին «տանձիս»-ը:
2. Ինչ էլ ասեք, հայերենի կետադրությունն արխաիկ է: Այն հաճախ բացատրվում է ոչ թե նախադասության տրամաբանությամբ (նկարագրություն, բացատրություն և այլն) այլ դոգմատիկ կանոններով (դերբայական դարձվածի կետադրություն և այլն): Արդյունքում շատ դժվար է դառնում ոչ ակադեմիկ միջավայրում բացատրել, թե ինչու է նախադասության տվյալ հատվածի կետադրությունը տվյալ ձևի: Իսկ լեզուն, չլինելով ակադեմիկ միջավայրի մենաշնորհը, դրանից դառնում է անհասկանալի լեզվի ակադեմիկ ընկալումից հեռու մարդկանց: Ու, ի դեմս կետադրության, ստանում է երկրորդ «տանձիս»-ը: Ազատ կետադրության ներմուծումն, անգլերենի օրինակով, կփրկեր իրավիճակը, բայց մեր պինդ բռունցք ու որոշակի բաներ սիրող հետսովետական ազգին «կետադրիր ինչպես ցանկանում ես»-ն ավելի սարսափ է պատճառում, քան դերբայական դարձվածների կետադրությունը:
3. Մեզ մեջ նստած է համոզվածությունը, որ հայերենն աշխարհի ամենալավ ու ամենահին լեզուն է, ու դա տարածվում է նաև մեր գրական ժառանգության վրա: Այս համոզմունքն էլ ամենակործանարարներից է. այն բերում է կոնսերվատիզմի:
Իհարկե, շատ դժվար է ազգային մշակույթի կամ, մասնավորապես, գրականության գնահատման համակարգ ներմուծել, բայց եթե վերցնենք ու դիտարկենք այն համաշխարհային գրականության մակարդակով, ապա կտեսնենք, որ հայերը միջազգային մասշտաբի գրական ժառանգություն գրեթե չունեն: Ու ինչքան որ ունեն, գրեթե լրիվ ոչ հայալեզու է: Ու եթե հայալեզու էլ չի, ապա ստեղծվել է կոնկրետ ժամանակաշրջանի մշակութային կենտրոնում՝ մեծ մասամբ ոչ Հայաստանում (Պոլիս, Բաքու, Թիֆլիս և այլն): Կոպիտ ասած, հայ գրականությունը միջազգային մակարդակով կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ, ու դա ոչ մի էական բան չէր փոխի: Բայց արի ու բացատրիր դա հայոց լեզվի ու հայ գրականության մեր ուսուցչուհիներին, որոնք ցանկացած կրոնականի նախանձին արժանի ֆանատիզմով նետվում են ի պաշտպանություն մեր Թումանյանին, Չարենցին, Տերյանին: Հետո՝ Քուչակին, Ֆրիկին, Նարեկացուն են մեջբերում: Ես, իհարկե, տանել չեմ կարողանում Թումանյանին ու Չարենցին, Քուչակի ու Նարեկացու արդի ոչ գեղական արժեքը չեմ տեսնում, Ֆրիկին էլ, Սայաթ Նովայի հետ միասին, համարում եմ արդի հայկական ռաբիսի հայրերից, բայց այս ամենն ընդամենը իմ կարծիքն է: Խնդիրն ուրիշ բանում է. հայոց լեզվի բազում մասնագետներ պնդում են, որ Չարենցը միջազգային մակարդակի գրող է: Գեղեցիկ խոսքեր են, բայց ես չեմ նկատել, որ Չարենցն ակտիվորեն թարգմանվի այլ լեզուներ ու, ինչն ավելի կարևոր է, ընթերցվի: Իսկ այդ հարցում ես ակնհայտորեն ավելի լավ եմ տեղեկացված, քան լեզվի մասնագետների մեծ մասը:
Ու, չգիտես ինչու, երբ Թումանյանին որոշեցին Թումո ասել, ոչ մի հայոց լեզվի ուսուցչուհի ձայն չհանեց:
Իհարկե, սա ընդամենը «միջազգային մակարդակի համապատասխան ժառանգություն չունենալ» է: Իսկ այ, արդի հայ գրականությունն իսկական աղետ է: Մենք, որ այդքան թույլ գրական ժառանգություն ունենք, պետք է որ ակտիվորեն սկսեինք կլանել, թարգմանել, յուրացնել արտասահմանյանը: Բայց փոխարենը մենք հայտարարում ենք, որ մերից լավը չկա ու ականջները փակում ցանկացած քննադատության նկատմամբ:
Այո, հասկանում եմ, որ սովետի ժամանակ արտասահմանյան գրականությունը ֆիլտրվում էր՝ նախընտրությունը տրվում էր պրո-պրոլետարական ու արկածային գրականությանը + 60-ականներից ու «երկաթյա վարագույրի» շրջանից ուշ հրատարակված գրեթե ոչ մի բան սովետ չէր մտնում, ու մեր կրթական համակարգի համար արտասահմանյան գրականությունը գրեթե միջնադարյան Բալզակն է, Ֆլոբերն ու առավել «ազատամիտների» համար՝ Դանթեն ու Բոկաչչոն: Արդյունքում՝ Կարեն Անտաշյան, Տաթև Չախչախյան, Վահրամ Մարտիրոսյան՝ գրողներ, որոնք հանդիսանում են մեր ժամանակակից գրականության հեղինակները, գրողներ, որոնց ես չեմ վախենում անվանել ամոթալի: Ու, փոխանակ աղետալի վիճակից դաս քաղելու ու վիճակն ուղղելու փորձեր կատարելու, բազմաթիվ հայեր հաստաճակատ կերպով շարունակում են պնդել՝ Քուչակից վերև բան չկա, Նարեկացուց վերև բան չկա: Անհամեստ հարց. իսկ դուք ի՞նչ եք կարդացել:
Ընթերցողն էլ այդ պատճառով հայ գրականություն չի կարդում: Ու հայերենը ստանում է երրորդ «տանձիս»-ը:
«Տանձիս»-ների ցուցակը կարելի է հավերժ շարունակել՝ ցույց տալով, թե ինչպես հայերենի այս կամ այն ասպեկտը լրիվ ադեկվատ մարդկանց տանձին չի: Հարցն ուրիշ բանում է. երբ մի լեզվով խոսացող մարդիկ հեռանում են լեզվի ակադեմիկ տարբերակից, երբ կորում է երկխոսությունը, լեզուն սկսում է մեռնել ու մուտացիայի ենթարկվել: Առավել մեծաքանակ ու անգրագետ մասսան սկսում է որոշել լեզվի իրական ստանդարտներն ու հայտնվում է մեր ժարգոնն ու խոսակցական հայերենի մնացած զուգարանաբույր ասպեկտները: Հայտնվում են ռուսախոս մարդիկ, որոնք դրանով փորձում են իրենց պատնեշել ժարգոնից ու ժարգոնախոսներից: Հայտնվում են սկզբունքայնորեն գրական հայերենով խոսացող մարդիկ, որոնք մեծ մասամբ արհեստական-ռեզինե-помпезный լեզվով արտահայտվող ֆանատիկներ են: Հայտնվում են քարի դար մաշտոցյան քերականության վերադառնալու կողմնակիցներ (որոնք նամանավանդ ակտիվանում են, երբ միանում է քաղաքական կոնտեքստը): Այլ կերպ ասած, լեզվի էնտրոպիա՝ իր բոլոր արտահայտումներով ու հետևանքներով: Իսկ ժարգոնախոսների տանձին չի, նրանք մեծ հաճույքով կանցնեն ռուսերենի կովկասյան «дэвушка, дарагой, что дэлаэш?» տարբերակին (ինչպես, ասենք, Ռուսաստան «խոպան» գնալն են մեծ պատիվ համարում): Իսկ ռուսախոսներին հայախոսներն իրենց վայրենասիրական զեղումներով այն աստիճանի են «էն բանից արած» պահել, որ լեզվի վարի գնալուց ոչ միայն ցավ չեն զգա, այլ միգուցե նույնիսկ չարախնդան, ու ես լրիվ հասկանում եմ այդ մարդկանց: Նրանց տանձին չի լինի: Իսկ գրականախոս ֆանատիկներն, ինչպես և ռեստորատոր-մաշտոցադասականները, իրենք առանձնապես ոչ մեկի տանձին չեն: Բացի, իհարկե, իրենք իրենցից: Իսկ կրթության և գիտության նախարարության տանձին, ներկայիս դրությամբ, ոչ մեկն էլ չի: Փաստորեն, մի խուրձ տանձ, ու ոչ մեկը ոչ մեկի տանձին չի:
Ու ինչն է ամենացավալին. բոլորը պատրաստ են սադրանքով թե համոզմունքով գնալ օտարալեզու դպրոցների դեմ պայքարելու: Բայց եթե օտարալեզու դպրոցները ճնշում, նեղացնում են լեզվի տարածումը (ենթադրենք թե, նույնիսկ դրանում դժվար է համոզված լինել), ապա իմ նշած պատճառները լեզուն սպանում են: Ցավոք, «վառե՛լ վհուկներին» (կամ դպրոցները) լոզունգը միշտ ավելի հասանելի ու ոգեշնչող է եղել, քան, ասենք, «պայքարենք հանուն լեզվական ու գրական բարեփոխումների»: Քանի որ վերոհիշյալ բարեփոխումները նախ պետք է պատկերացնել, հետո ֆորմալիզացնել, հետո պարտադրել մեր ակադեմիկ միջավայրին ու իրականացնել: Ու, ինչն առավել կարևոր է, դրա մեջ ներգրավել բոլոր միջավայրերի, խավերի ու տարիքների մարդկանց, որպեսզի նրանք ոչ միայն հասկանան, թե ինչի համար են պայքարում, այլ նաև պատրաստակամ լինեն ընդունել փոփոխությունները, որոնց համար պայքարել են, որ նույն «տանձիս» վիճակը չշարունակվի: Ինչը, ցավոք, այս քյառթու, բութ, ֆանատիզմի ու կոնսերվատիզմի հակված ժողովրդի մեջ չափազանց, անիրականանալի ուտոպիկ է հնչում:
Ներեցեք, եթե ձանձրացրեցի երկար ու բարկացած տեքստով, պարզապես ներսումս կուտակվել էր:
Ներեցեք, եթե ձանձրացրեցի երկար ու բարկացած տեքստով, պարզապես ներսումս կուտակվել էր:
No comments:
Post a Comment