Wednesday, February 1, 2012

«Հոքու», «թանաքա» ու այլ տապոռ բաներ

Մի փոքր վիրավորական է, իհարկե, երբ բավականաչափ խոշոր հոդված ես գրում ճապոնական պոեզիայի արտահայտման մասին, որն է հոկկուն կամ հայկուն, ու մեկ էլ, տադադամ, այ, այսպիսի ճապոնական գրականություն են ներկայացնում գրանիշցիները:

Հիմա կասեք՝ ով ինչ անում է, քլնգում ես: Այո, քլնգում եմ ամեն բան, որ արվում է բառադի ու հիմար ձևով:

Նախ և առաջ, ինչու՞ «հոքու»: Ո՞ր տրամաբանությամբ: Այդ կարգի անտիռուսիզմները ցանկացած տեքստում հանդիպելիս այլևս կարդալու տրամադրություն չի լինում: Նույն կերպ էլ՝ «թանաքա»:

Ես հասկանում եմ, որ մեր չսիրած Խորհրդային Միության տարիներին k-ն էլ էր «կ», c-ն էլ, q-ն էլ, բայց միմա էլ բոլորը, չգիտես ինչու, «ք» են դարձել: Կարելի է ամբողջ հոդված գրել «Խորհրդային Միության դեմ ուղղված կոնֆլիկտը հայ թարգմանության ուղղագրության մեջ» թեմայով: Բայց չե՞ք նկատում, թե ինչ կոպիտ ու բռի են հնչում ձեր «հոքուները», «թանաքաները», «քոմփյութերները»:

Ինձ մոտ հոկկուն մնում է հոկկու, ու տանձիս, թե լեզվի տեսչությունն ու այլ նման բաներն այդ մասին ինչ են մտածում:

Լավ, անցնենք շարունակությանը: Գրառման մեջ Նաիրի Զարյանի թարգմանած հոկկուներ են: Ենթադրում եմ՝ ռուսերենից: Վերևում նշածս հոդվածը  կարդացած մարդիկ կհասկանան, որ հոկկուն պարզապես եռատող անհանգ ոտանավոր չի՝ անորոշ իմաստով: Այն ունի չափ (դասական դեպքում՝ 5+7+5=17 օնձի) ու կառուցվածք (կիգո-ազատ տող-կիրեձի), ինչպես նաև ձեն-բուդդիստական մտածելակերպին հատուկ լեզվական-բանաստեղծական հասկացություն՝ կիրեձի, որի թարգմանությունը հայերեն գործնականում անհնարին է:

Սահմանափակվենք դիտարկելով առաջին թարգմանությունը.
Ամառային խոտեր:
Ահա նրանք, ընկած զինվորի
Փառքի երազանքները:
«Ու՞ր է»: «Ի՞նչը»: «Էքսպրե՛սսիան»: (c) Ու՞ր է հոկկուն: Իհարկե, այստեղ կիգո հիշեցնող ինչ-որ բան կա, բայց երեք օնձի տևողությամբ առաջին տողն ու կիրեձիի բացակայությունը հուշում են, որ մենք ինչ-որ երեք տողանոց բան ենք կարդում, բայց ոչ մի դեպքում ոչ հոկկու:

Իսկ ու՞մ է սա պետք: Հայ կիսաբոհեմային-կիսասնոբ մասսային, որը կկարդա սա խորիմաստ բան տեսած հայացքով, կզբաղվի մտավոր օնանիզմով ու իրեն մնացածից բարձր կզգա: Միգուցե մի քանի նման «հոքու» էլ ինքը գրի, ասենք՝
Ձմռան ցրտին
Մերկ աղջիկները քաղաքում
Հոքու ու թանաքա էին գրում:
Դիսկլեյմեր. մեղա, մեղա, կյանքումս մի անգամ ես էլ եմ ստիպված եղել Մացուո Բասյո թարգմանել՝ պատմվածքիս համար պետք էր, բայց գոնե խոստովանում եմ, որ այնտեղ այն չունի նույն նշանակությունն ու իմաստը, որը պետք է ունենար որպես հոկկու: Հետո՝ պատմվածքը դեռ սևագրային-կիսատ տեսքով է:

Լրացում. հղումներից մեկը սխալ էի տեղադրել, ուղղել եմ:) Շնորհակալություն Հասմիկին՝ նկատելու համար:

No comments:

Post a Comment