Wednesday, February 29, 2012

Անդրադարձ անդրադարձներին. «Հայելի» ակումբ


Watch live streaming video from a1plus at livestream.com
Տեքստային տարբերակն՝ այստեղ: Իսկ հիմա տեսնենք, թե որքանով են ազնիվ իմ օպոնենտները: Մասնավորապես՝ «Առավոտը»: Եթե կարդաք սա, ապա կտեսնեք.
  • Նյութի տեքստն էական կերպով չի փոխված՝ միայն վերաձևակերպված է այնպես, որ ընթերցողի ուշադրությունը չկենտրոնանա առանձին տարրերի ու անհամապատասխանությունների վրա՝ փոխարենը կանգ առնելով «վերլուծության» վրա:
  •  Նյութը լրագրողի էթիկայի բռնաբարություն է, քանի որ լրագրողի վերաբերմունքն իրավունք չունի վերապահ լինել, իսկ հոդվածում անկողմնապահության նշույլ անգամ չկա:
  • Նյութի մեջ արված արտահայտությունները կամայականորեն վերադասավորված են, որպեսզի համապատասխանեն հոդվածի հեղինակի տեսանկյունին (օրինակ, Վարդան Դևրիկյանին անգրագետ ես անվանում եմ երկու անգամ լրիվ անհիմն կերպով «ձեր ասածն անգրագիտություն է» արտահայտությունը լսելուց հետո):
  • Բանավեճի էական ու բեկումնային կետերը չեն ներկայացված:
Այժմ անդրադառնանք բուն բանավեճին: Ես ոչ էթիկ համարեցի բանավեճի ժամանակ փորձել վարկաբեկել օպոնենտին, թեև կարող էի դա անել՝ նույնպես փաստերը մասնակի ներկայացնելով: Բայց հիմա ազնվորեն կներկայացնեմ, թե ինչ գիտեմ իմ օպոնենտի՝ Վարդան Դևրիկյանի մասին:

Պարոն Դևրիկյանը նախանձելի քաջության մարդ է: Չնայած բավականին ուժեղ ծանոթություններին, պատերազմի տարիներին նա պահանջեց, որ իրեն տեղափոխեն ռազմաճակատ: Որտեղ նրան տեղավորեցին ոմն գեներալի շտաբում՝ որպես գրագիր: Ի պատիվ Վարդան Դևրիկյանի հաստատեմ, որ նա փորձեց, ի հակառակ հրամանների, մասնակցել ռազմական գործողություններին: Չհաջողվեց:

Այս պատմությունն էլ իր մութ կողմն ունի: Պատերազմից հետո Դևրիկյանին (կարծես թե մխիթարելու համար) պարգևատրեցին ոմն շքանշանով: «Тот самый Мюнхгаузен» ֆիլմի հերոսի իրավիճակում հայտնվելով հանդերձ՝  նա չշպրտեց շքանշանն աղբարկղն, այլ շնորհակալությամբ ընդունեց այն: Իսկ չվաստակած շքանշան կրելը թեև հանցանք չի, բայց առնվազն կասկածելի հաճույք է: Ու նման իլյուզիվ արժեքներով առաջնորդվող մարդը դժվար թե իրավունք ունի ինձ մոլորյալ անվանել: Չխոսենք Վարդան Դևրիկյանի «Երկու Պատերազմների Հերոսը» գրքի մասին, որը նվիրված է գեներալ-լեյտենանտ Իվանյանին, որին Դևրիկյանը չէր ճանաչում, ու գրել է մարդկանց խոսքերով, որոնց Իվանյանը, մեղմ ասած, չէր սիրում (այդ մասին մի խելոք մարդ ժամանակին հենց Իվանյանին ասել էր՝ «Христофор Иванич, когда вас не будет, вам поставят золотой памятник и будут говорить о том, как вы их любили»).

Փաստորեն պատմությունը երկու կողմ ունի, ու այս ամենը մանիպուլյացիա անելով կարելի է Դևրիկյանին ներկայացնել թե՛ որպես պատերազմի հերոս ու Իվանյանի ամենահեղինակավոր կենսագիր, թե՛ որպես փառք յուրացրած ու փաստերը խեղաթյուրող մեկը: Այնինչ Վարդան Դևրիկյանը երկուսից ոչ մեկն էլ չի:

Քանի որ Դևրիկյանն անդրադարձավ համաշխարհային գրականության մեջ սատանայի դերին՝ ասելով, որ ոչ մի տեղ նա ոչ մի դրական բան չի պարունակում, ապա ես էլ իմ տեսանկյունն արտահայտեմ, որովհետև ինչպես չլինի՝ երևի ավելի տեղյակ եմ համաշխարհային գրականությանը, քան Դևրիկյանը (աշխատանքս է այդպիսին):

Սատանայի պատմությունը Ծննդոցում գրեթե նույնն է, ինչ Պրոմեթևսի պատմությունն Էսխիլուսի «Պրոմեթևսը կապանքներում» ողբերգության մեջ՝ ներկայացված տարբեր տեսանկյուններից: Պրոմեթևսի պատմությունը հիշում եք երևի. Զևսի՝ Դեուսի դեմ պայքարած տիտանյան ցեղից մեկը գողանում է աստվածային կրակն ու փոխանցում այն մարդկանց, ապստամբում աստվածների դեմ: Քրիստոնեական Սատանան հրաժարվում է խոնարհվել աստծո առաջ, պատերազմում է նրա դեմ, պարտվում, Մարդուն փոխանցում Գիտության ծառի պտուղը, ու, նույնիսկ ըստ աստվածաշնչի, չի ստում Մարդուն (Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»:Ծննդոց 3:22-23): Իսկ այժմ փորձեք ուսումնասիրել Պրոմեթևսի կերպարն ըստ Հեսիոդի «Թեոգոնիայի»: Ո՞վ է Պրոմեթևսը: Խղճուկ ընդվզող մեծն Զևս-Դեուսի հեղինակության դեմ: Երկնային կրակի գողը: Պանդորայի արկղիկի ու մարդկության բոլոր դժբախտությունների պատճառը: Ձեզ կցնցի այն, թե ինչքան ընդհանրություններ ունի աստվածաշնչում ներկայացված Սատանայի հետ:

Ա՞յլ օրինակներ: Ջոն Միլտոն, «Կորուսյան Դրախտ»: Նույնիսկ առաջին քրիստոնեական էպոսում Սատանայի կերպարը պրոմեթեիկ, հերոսական է: «Լյուցիֆեր» բառը թարգմանվում է որպես «լույս բերող, լույս կրող»: Ուիլիամ Բլեյքի «Ամուսնություն Դրախտի և Դժոխքի»: Իտալացի պոետ Ջիոսե Կարդուցին 1865 թ. գրել է իր «Հիմն Սատանային» բանաստեղծությունը, որտեղ Սատանային ներկայացնում է որպես ըմբոստության ոգի ու մարդկային դատողության հաղթանակ աստվածավախ ու խավար մտքի նկատմամբ: Իսկ տասնիններորդ դարի վերջից/քսաներորդ դարի սկզբից, մոդեռնիզմի շարժմանը զուգընթաց, ամեն ինչ լրիվ գլխիվայր է շուռ գալիս: Հանճարեղ իռլանդացի գրող Յեյտսն անդամակցում է Golden Dawn-ին, որտեղ նրան, իր սեփական խոսքերով, հետաքրքրում է... «դիաբոլիզմը»: Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»՝ էլի դասական օրինակ: Ժամանակակիցներից. Արտուրո Պերես-Ռևերտե, «Դյումա Ակումբը»՝ գիրք, որտեղ բավականաչափ ոչ բացասական հերոս է Սատանան: Միկ Քերիի «Լյուցիֆերում» Սատանան ընդհանրապես պրոտագոնիստն է: Ֆիլիպ Փուլման, «His Dark Materials»՝ նույնպես հենվում է Միլտոնի վրա, Սատանան նորից հերոս է ու գրողը նորից ջարդ է տալիս եկեղեցուն ու կրոնին: Ոչ քրիստոնեական սատանա-պրոտագոնիստի օրինակ. Ահմեդ Սալման Ռուշդի, «Սատանայական Տաղեր»: Խեղճ Ռուշդիին Սատանային դրական, համակրելի պատկերելու ու կրոնը ծաղրելու համար հեռակա կարգով մահապատժի դատապարտեցին: Ի՞նչ եք կարծում, պարոն Դևրիկյանը, լինելով գրականագետ, չգիտե՞ր այս ամենի մասին: Թե՞ գիտեր, բայց ներկայացնում էր միայն այն մասնավոր դեպքերը, որոնք իր տեսանկյունն են արդարացնում: Ցանկացած դեպքում՝ իմ օգտին է, թե՛ Դևրիկյանի՝ բանավեճի նյութին չտիրապետելը, թե՛ փաստերը թաքցնելը: Ու չի փրկի նույնիսկ իմ մեջբերած ամեն թեոլոգիական պարադոքսին ի պատասխան առանց հիմնավորման «ձեր ասածն անգրագիտություն է» բացականչել:

Ազնիվ մոլորյալ: Հովիվներիս աշեք: Վարդան Դևրիկյանին ես, իհարկե, կեղծարարության մեջ չեմ մեղադրում՝ մեր կարճատև շփման արդյունքում ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա ազնիվ մոլորյալ է: Իսկ Անժելա Շահումյանին՝ «Առավոտի» հոդվածի հեղինակին, հետաքրքիր կլիներ հարցնել. եթե նա ներկա էր ասուլիսին, ապա ինչպե՞ս էր նայում իմ աչքերի մեջ, եթե պատրաստվում էր նման հոդված գրել: Հետևությունները թողնում եմ ձեզ:

No comments:

Post a Comment