Tuesday, May 15, 2012

Ելիր, դաշնակ Արծվիկ

Այս բլոգում սովորաբար ոչ նորմատիվային լեքսիկա չի կիրառվում, բայց այս գրառումը բացառություն կլինի, քանի որ խոսքը գնում է, կներեք արտահայտությանս համար, դաշնակների մասին:

Դաշնակներն այն կուսակցությունն են, որոնց գոյությունն անգամ ինձ մոտ տարակուսանք է առաջացնում. միլիտարիստ նացիոնալ-սոցիալիստներ, որոնց, հնարավոր է, միայն քաղաքական իշխանություն չունենալն է տարբերում Հիտլերի կուսակցությունից: Որ կողմ նայում ես՝ կոմպրոմատ է:

Ի միջի այլոց, դաշնակների ու Հիտլերի մասին. Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ դրանք որոշում են ետ գրավել Առաջին Հանրապետության տարածքն ու վերականգնել այն նացիստական Գերմանիայի ստեղծած «նոր աշխարհի» կազմում: 1941 թ. գերմանական բանակի կազմում ստեղծվում է «Վերմախտի 812-րդ հայկական բատալիոնը»՝ 18,000 զինվոր ուժով, հրամանատարը՝ Դրաստամատ Կանայան, նույն ինքը՝ Դաշնակ Դրո: Ֆրանսիացի գիտնական Իվես Տերնոնը գրում է, որ հայերի մեջ ընդհանրապես զգալի ֆաշիստական հակումներ չկային, բայց Դրոն բացառություն էր՝ «շեղված» էր ֆաշիզմի ուղղությամբ (Յաիր Աուրոն, «Ժխտման տափակությունը. Իսրայելն ու Հայոց ցեղասպանությունը», էջ 261):

Եկեք չմոռանանք, որ դաշնակցությունը գրեթե ուղղակիորեն ծագել Բակունինի գաղափարախոսությունից, ու սեփական նպատակներին հասնելու համար բռնությունն ու տեռորիզմը նրանց բնավ խորթ չեն (Պոլս-1896, Կայսերական օսմանյան բանկ, որտեղ հերթական անգամ մեծ-մեծ դուրս տվեցին ու չկարողացան տակից դուրս գալ): Ընդհանրապես, ինչքան էլ իռացիոնալ թվա բանկ գրավելը, պատանդներ վերցնելն ու այդ հիմքերով անկախ հայկական պետություն պահանջելը, սա բավականաչափ լավ է որակում դաշնակների գործունեությունն ընդհանրապես:

Իսկ ո՞վ էր վճարում JCAG-ի տեռորիստների իրավաբանական սպասարկման վարձերն ու ցույցեր անում մարդասպան ու տեռորիստ Հարրի Սասունյանի ձերբակալության դեմ: Իհարկե, դաշնակները: Սասունյանն էլ «նահատակ» է ու «հերոս»: Նրա համար, որ փողոցի մեջ տեղում թուրք է սպանել: Եղեռնի հետ ընդհանրապես կապ չունեցած ու չունեցող թուրք՝ միայն ազգային պատկանելության համար:

Հեռու չգնանք՝ Թաթուլ Հարությունյանն էր, որ «Ազատ Գոտու» տաղավարից իր փախուստից հետո բազմաթիվ վկաների ներկայությամբ գլուխ էր գովում, թե իր «Եհովայի վկաներ» կրոնական աղանդի անդամ ազգականին «սատկացրել» է:

Դաշնակներին կարելի է քլնգել հավերժ ու գրեթե ցանկացած ոլորտում: Իմաստ չունի՝ this parrot is definitely dead, որպես քաղաքական ուժ այն վաղուց մեռած է ու միայն նոստալգիայի ու ֆանատիկ-էնտուզիաստների հաշվին է, որ այդ քաղաքական դիակը չի նեխում: Պարզապես դաշնակցության զոմբին երբեմն դագաղից դուրս է գալիս ու իր ֆաշիստական-տեռորիստական ջահելությունը հիշում:

Երբ մորս տատիկի անվանակից Արծվիկ Մինասյանը D.I.Y.-ում տեռորիստական հարձակում կազմակերպելու մեջ մեղադրվող Արամե ու Համբիկ եղբայրների համար գրավ է վճարում ու ոչ թե պնդում, որ նրանք անմեղ են, այլ թե «դեռ քննությունը կպարզի, որքանով է իրավախախտումը համապատասխանում հասարակության վտանգավորության աստիճանին» (հաստատելով իրավախախտման փաստը)/«այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով» (արդարացնելով արարքը)/«նրա (Ծոմակի) տեսակը, կոպիտ բառ չեմ ուզում ասել, ոչնչացնում է հայ հասարակությանը» (փաստորեն, ֆիքսելով, որ Արծվիկն ընդունելի է հասնում քաղաքական նպատակների հասնելու համար տեռորիստական եղանակների կիրառումը), նա երևի չի գիտակցում, թե ինչի մեջ է խրվում ու ինչ է իրեն սպասում: Պատասխանատվություն. բան, որից դաշնակները միշտ փորձել են փախչել, ու երբեմն դա նրանց հաջողվել է: Բայց ոչ այս դեպքում:

No comments:

Post a Comment