Կարդացի «Հրապարակի» հոդվածը «Մեկ Ազգի» դեմ մեր դատավարության թեմայով: Հետաքրքիր տեսակետ էր, փորձեմ արձագանքել, թե ինչքանով և ինչպես կարող է սա անդրադառնալ մարդու խոսքի ազատության վրա:
Ես չեմ սիրում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, իրոք չեմ սիրում: Չեմ սիրում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և առավել ևս չեմ սիրում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տանել չեմ կարողանում նաև նրանց նախորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Արդյո՞ք սա ինձ իրավունք է տալիս թեկուզ ինտերնետում նրանց նկատմամբ տարբեր, հաճախ սեռական բնույթ կրող հայհոյանքներ կիրառել ու հույս ունենալ, որ նրանք չեն նկատի, չնկատելու կտան, իսկ եթե նկատեն էլ՝ դա կներկայացվի որպես իշխանության չարաշահում (հակված եմ կարծել՝ բավականին արդարացի), քաղաքական ռեպրեսիա և այլն: Չեմ կարծում:
Հրապարակային հայհոյանքներ, սպառնալիքներ և այլ տհաճ բաներ ինտերնետում լիքն են: Դրանք հիմնականում կիրառվում են հետևյալ խմբերի կողմից.
- ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ ծայրահեղական ներկայացուցիչներ ու անդամներ՝ իշխող կուսակցության ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հասցեին
- «քյառթու» և պահպանողական մասսան՝ լիբերալների, LGBT-ի, սեռական ազատության կողմնակիցների, ենթամշակույթների և նման մարդկանց հասցեին
- անձնական կոնֆլիկտներում՝ անհատների կողմից:
Երկրորդ կետն այնպիսի աղետալի մակարդակի է հասել (ինչպես կարող եք տեսնել D.I.Y.-ի հրկիզման ու Բազմազանության երթի վրա հարձակման դեպքերից), ու թե՛ հանրային, թե՛ իրավական դաշտերն այնքան թմրած են այս ամենին արձագանքում՝ փորձելով միաժամանակ կոմպրոմիսի գնալ թե՛ մեծամասնության կարծիքի, թե՛ միջազգային հանրության հետ, որ քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ պետք է մի փոքր հրեն անիվը, որպեսզի չհասնենք կատաղի ու անպատժելի ամբոխի կողմից ինքնադատաստանի դեպքերի: Երկու անհատ կամ երկու խումբ կարող են տարբեր տեսակետներ ունենալ հարցի շուրջ, ու այդ տեսակետները կարող են բախվել: Բայց կա մի կետ, որից հետո երկխոսությունն ու բանավեճն անհնարին են դառնում: