Tuesday, April 19, 2011

Տարօրինակ օր

Ահամ, վերնագիրն ամեն ինչ ասում է ու ոչ մի բան չի ասում: Բաներ, որոնք կարող էին տեղի չունենալ ու տեղի ունեցան միայն իմ «take it easy»-ի հետևանքով:
Աշխատանքի գնալիս փողը տվեցի երթուղայինի վարորդին: Սովոր եմ, որ երբ կանգառի մոտ եմ տալիս, վարորդն առանց իմ ասելու էլ հասկանում է, որ պետք է կանգնի:
Ինչ-որ ավտոբուս և այլ մեքենաներ խանգարում էին վարորդին, ինքն էլ ջղայնացավ, մոռացավ իմ չզգուշացրած կանգառի մասին ու շարունակեց քշել: Ես էլ, ինչպես միշտ, նշանակություն չտվեցի դրան՝ մի կանգառ Բաղրամյանով քայլելը դժվար թե ինձ սպանի:
Իջա հաջորդ կանգառում: Ճանապարհին մի մարդ սայթաքեց, մի կերպ պահեց հավասարակշռությունն ու մնաց նույն դիրքում:
Մի քանի աղջիկներ անցան նրա մոտով, հետաքրքրությամբ նայեցին ու անցան:
Մոտեցա:
- Վա՞տ եք զգում:
Գլխով արեց:
- Ի՞նչ անեմ: Օգնե՞մ: Ուզու՞մ եք՝ շտապ օգնություն կանչեմ:
- Պատին հասնեմ...
Օգնեցի. հենվեց պատին:
- Սրտի հիվանդություն ունե՞ք: Հիմա կվազեմ դեղատուն:
- Չէ... ոնց ասեմ... աշխատանք էի ման գալիս...
Չորս օր է՝ հաց չէր կերել: Չորս օր է՝ երեխաներն էլ հաց չէին կերել: «Պապա, հաց ենք ուզում»,- խնդրում էին նրանք: Պապան էլ դուրս էր եկել աշխատանք գտնելու:
- Որբանոցում եմ մեծացել, որ սովի՞ց մեռնեմ...
Մոտս չորս հարյուր դրամ կար՝ վերադարձի տրանսպորտի փողն էլ հաշված: Սեփական խիղճը հանգստացնելու ողորմելի փորձ, թե սեփական անզորության խոստովանություն՝ չգիտեմ: Հրաժարվեց վերցնել: «Մուրացկանի փող չեմ տալիս»,- ասացի ես:- «Պարզապես ես էլ եմ փողոցում եղել: Ես էլ եմ սոված եղել: Երեխաներիդ հաց առ»:
Ավելի ուշ դուրս եկա սիգարետ գնելու: Թոմը դիմացս դուրս եկավ.
- Ինչի՞ Գևորգ Չաուշի մոտից չես առնում:
Էհ, ու նորից գնացի, ինչպես ստացվեց: Ու մոտակա բուքմեյքերական գրասենյակի մոտ՝ ուշագնաց մարդ: Ուրիշ մարդ՝ ավելի լավ հագնված: Ու նորից իմ փրկարար-կամավորականի ռեֆլեքսը. պուլս չափել, անվտանգ դիրքի բերել, ուղեղի ցնցման սիմպտոմներ ստուգել, սպասել բժշկի գալուն, խորհրդակցել վերջինիս հետ:
Տուն վերադառնալիս տեղի ունեցածը վերջին կաթիլն էր: Մի աղջիկ ճանապարհս կտրեց: Մտածեցի՝ ծանոթ է, միանգամից ամաչեցի, որ չեմ ճանաչում, մեղավոր ժպտացի ու փլեերի ականջակալները հանեցի:
- Ներեցեք, դուք հա՞յ եք:
- Այո:
- Չէ, դուք հայ չեք:
- Հայ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Հայաստանում ապրող:
- Բայց ինչ-որ ակցենտ ունեք:
- Երևի նրանից է, որ ռուսախոս եմ:
- Լավ, կներեք:
- Ինչ-որ բա՞ն էր պետք:
- Չէ, պարզապես հետաքրքիր կլիներ զրուցել ոչ հայ մարդու հետ:
(հնարավոր ամենախորհրդավոր հայացքով) Դե, ես այնքան հայ չեմ, որ իմ հետ հնարավոր չլինի զրուցել:
Բայց դե չստացվեց, մեղա քեզ Ջորդանո Բրունո: Չնայած եթե ես չնախընտրեի խուսափել «навязчивость»-ից ու գոնե մի նախադասություն ավել համառեի, միգուցե և... եթե, իհարկե, աղջիկը լրագրող չէր (լրագրողն ընդդեմ լրագրողի. դիտեք Մոսկվա կինոթատրոնում՝ «Տիտանների Բախումը-2»:D:D:D):

No comments:

Post a Comment