Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
- Ինքնաթիռներում գրելու համար մատիտ վերցրու` գրիչները հոսելու սովորություն ունեն: Բայց եթե մատիտդ ջարդվի, չես կարողանա այն սրել ինքնաթիռի վրա, քանի որ հետդ չես կարող դանակ վերցնել: Դրա համար էլ երկու մատիտ վերցրու:
- Եթե երկու մատիտներդ էլ ջարդվեն, կարող ես թեթևակի սրել եղունգի ապակե կամ մետաղե խարտոցով:
- Ինչ-որ բան վերցրու, որ գրես վրան: Թուղթը լավ է: Ծայրահեղ դեպքում՝ փայտի կտորները կամ քո ձեռքն էլ յոլա կտանեն:
- Եթե համակարգչից ես օգտվում, միշտ պահպանիր նոր տեքստը հիշող սարքի վրա:
- Մեջքի մարզանք արա: Ցավը շեղում է:
- Պահիր ընթերցողիդ ուշադրությունը (սա ավելի լավ կաշխատի, եթե սեփական ուշադրությունդ կարողանաս պահես): Բայց դու չգիտես, թե ով է քո ընթերցողը, այնպես որ, դա նման է մթության մեջ պարսատիկով ձուկ խփելուն: Ինչը կհիացնի Ա-ին, մահացու ձանձրալի կլինի Բ-ի համար:
- Քեզ, ամենայն հավանականությամբ, պետք կլինի հանրագիտարան, քերականության թեթև գիրք ու կապ իրականության հետ: Վերջինը նշանակում է. ձրի նախաճաշ չի լինելու: Գրելն աշխատանք է: Այն նաև մոլախաղ է: Քեզ կենսաթոշակային պլան չեն տալիս: Ուրիշ մարդիկ կարող են քեզ մի փոքր օգնել, բայց հիմնականում դու ինքդ քո հույսին ես: Ոչ ոք քեզ չի ստիպում սա անել, ինքդ ես որոշել՝ ուրեմն մի նվնվա:
- Երբեք չես կարող սեփական գիրքդ կարդալ անմեղ ակնկալիքներով, որոնք լինում են նոր գրքի առաջին էջը կարդալիս, քանի որ դա դու ես գրել: Եղել ես բեմի հետևում: Տեսել ես, թե ինչպես են ճագարներին թաքցնում գլխարկի մեջ: Այդ պատճառով էլ սիրող ընկերներիցդ մեկին (կամ երկուսին) խնդրիր կարդալ այն նախքան կտաս տպագրական բիզնեսից ինչ-որ մեկին: Այս ընկերը չպետք է քեզ հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ լինի, եթե, իհարկե, չես ուզում բաժանվել:
- Մի նստիր անտառի մեջտեղում: Եթե կորել կամ լռվել ես սյուժեի մեջ, քայլերով հետ գնա, մինչև գտնես, թե որտեղ ես սխալվել: Հետո այլ ճանապարհ ընտրիր: Եվ/կամ փոխիր գործող անձին: Ժամանակաձևը: Փոխիր բացող էջը:
- Աղոթքը կարող է օգնել: Կամ ուրիշ բան կարդալը: Կամ Սուրբ Գրաալն անընդհատ պատկերացնելը, որը քո հիասքանչ գրքի տպագրված տարբերակն է:
No comments:
Post a Comment