Saturday, January 28, 2012

«Մեկ Ազգի» պլակատների ռունիկ մառազմը

Եթե ծանոթ եք գերմանո-սկանդինավյան ռունաներին, ապա պետք է որ ճանաչեք «ՀԱՅ» բառի աջ և ձախ կողմերի սիմվոլները: Եթե ոչ, ապա իմ «Ռունաներ. ծագումն ու Առաջին Աեթը» հոդվածում կհանդիպեք աջ կողմի «ֆեհու» ռունան: Ձախինը «սովիլլո» ռունան է:

Իհարկե, անվանումները, որոնք ես բերեցի, սկանդինավյան Ֆութարկինն են ու, հավանաբար, ձեզ ոչինչ չեն ասի:
Սկսենք հետաքննել, թե ինչպես են, ըստ տարբեր աղբյուրներից եկող վկայությունների՝ Հիտլերին նմանակող ու իր կառույցն Անեներբեի օրինակով կառուցած մարդու առաքելական եկեղեցին պաշտպանող պլակատի վրա հայտնվել սկանդինավյան ռունաները:

Սկսենք սկզբից:

1902 թվականին ավստրիացի միստիկ ու օկուլտիստ Գվիդո ֆոն Լիստը հայտնություն է ունենում, որի ժամանակ նրան երևում է 18 ռունաների շարք: Ռունաների արտաքին տեսքը (գոնե մասամբ) հիմնված էր Կրտսեր Ֆութարկի վրա: Ֆոն Լիստն այս այբուբենն անվանում է «Արմանեն Ֆութարկ»:

Ահա Արմանեն այբուբենը: Մեզ անհրաժեշտ ռունաներն են, ինչպես տեսնում եք, 1-ն ու 11-ը, որոնք այստեղ կոչվում են Ֆա ու Զիգ:
Գվիդո ֆոն Լիստը, ազդված մադամ Բլավացկայայի թեոսոֆիայից, ստեղծեց ուղղություն, որն անվանում էին Արմանիզմ կամ Արիոսոֆիա:

Գվիդոն, ինչպես բազմաթիվ այլ թեոսոֆիայից ազդված անձինք, զերծ չէր հակասեմիտիզմից: Նա նույնիսկ տարածեց քրիստոնեությունից՝ որպես սեմիտական կրոն, հրաժարվելու կոնցեպցիան:

Գվիդո ֆոն Լիստի գաղափարները սուր ազդեցություն ունեցան Թուլ հասարակության վրա, որը Հիտլերի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության հիմքն էր: Ահա թե ինչ երդում էր տալիս Թուլ հասարակություն ընդունվողը.
«Սույն փաստաթուղթը ստորագրողը հաստատում է, որ, իր իմացության սահմաններում ու հավատով, իր կամ իր կնոջ երակներում հրեական կամ գունավոր արյուն չի հոսում, ու որ իր նախնիների մեջ գունավոր ռասսաների ներկայացուցիչներ չկան»:
Թուլ հասարակությունը զբաղվում էր... արիական ռասսայի ուսումնասիրությամբ: Հասարակության անդամների մեջ մեծ տարածում ուներ Լիստի մարգարեությունը, թե Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Գերմանացի Մեսսիան» կփրկի գերմանիան: Երբ Թուլ հասարակության անդամները 1919 թվականին հանդիպեցին Հիտլերին (իրականում, իհարկե, Հիտլերն ավստրիացի էր), նրանցից շատերը հավատացին, որ Հիտլերն այդ մեսսիան է:

Ահա թե ինչպես Արմանեն Ֆութարկը կիրառում ստացավ ֆաշիստական Գերմանիայում: Օրինակ՝ աջում կարող եք տեսնել ՍՍ-ի (Schutzstaffel) սիմվոլը, որն իրենից ներկայացնում է կրկնակի «սիգ» ռունան:

Այսպիսով, հիմա պարզ է, թե ինչպես է գերմանո-սկանդինավական ծագման ռունան հայտնվել պլակատի վրա: Հանելուկային է մնում միայն մի բան. ինչու՞ է եկեղեցին կապ պահպանում նացիստական դպրոցի օկուլտային արվեստներն իր խիստ համեստ ունակությունների չափով ուսումնասիրող ու կիրառել փորձող մարդու հետ, երբ դա այդքան հակասում է իր սեփական դոկտրինային:

Ու մեկ էլ, երբ ես պատկերացնում եմ, որ Գոռ Թամազյանը փորձում է օկուլտային արվեստներ կիրառել իր «միսիայի» իրականացման համար, քիչ է մնում՝ մեռնեմ ծիծաղի նոպայից:

Հետևություններ կարող եք անել ինքներդ:

No comments:

Post a Comment