Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
- Համեստ եղիր: Տարիքով/ավելի փորձված/ավելի համոզիչ գրողները կարող են կանոններ ու խորհրդի ընտրանի առաջարկել: Հաշվի առ այն ամենն, ինչ նրանք կասեն: Ինչևէ, պետք չի միանգամից ուղեղը դրանով լիցքավորել՝ նրանք կարող են դառնացած, ծուռմիտ, սպառված, մանիպուլյատիվ լինել, կամ էլ պարզապես քեզ ոչ այնքան նման:
- Ավելի համեստ եղիր: Հիշիր, որ չգիտես քո ունակությունների սահմանները: Հաջողակ, թե ոչ՝ քանի դեռ դու շարունակում ես ինքդ քո սահմաններն անցնել, կհարստացնես սեփական կյանքդ, ու միգուցե մի քանի անծանոթների ուրախացնես:
- Պաշտպանիր ուրիշներին: Իհարկե, կարող ես պատմություններ ու հատկանիշներ գողանալ ընտանիքից ու ընկերներից, թղթե քարտեր լրացնել սիրով զբաղվելուց հետո և այլն: Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես (ու սերն ինքը), գրելով այնպես, որ բոլորի գաղտնիքներն ու արժանապատվությունն անվնաս մնա:
- Պաշտպանիր աշխատանքդ: Կազմակերպությունները, հաստատություններն ու անհատները հաճախ կկարծեն, թե ավելի լավ գիտեն աշխատանքդ, նամանավանդ եթե նրանք քեզ վճարում են: Երբ դու անկեղծորեն կարծում ես, որ նրանց որոշումները կվնասեին քո աշխատանքին, գնա: Փախիր: Փողն այդքան նշանակություն չունի:
- Պաշտպանիր ինքդ քեզ: Պարզիր, թե ինչն է քեզ երջանիկ, տրամադրված ու ստեղծագործող պահում:
- Գրիր: Ինքդ քեզ պատճառած ոչ մի տառապանք, փոփոխված վիճակների, սև պուլովերների ու հասարակայնորեն անտանելի լինելու ոչ մի քանակ քեզ ավելի գրող չի դարձնի: Գրողները գրում են: Գործի անցիր:
- Կարդա: Որքան կարող ես: Այնքան խորը, լայն, կլանված ու գրգռված, որքան կարող ես: Ու լավ բաները կստիպեն քեզ հիշել իրենց, ինչի շնորհիվ կարիք չես ունենա նշումներ կատարել:
- Անվախ եղիր: Դա անհնարին է, բայց թող փոքր վախերը մղեն քեզ արտագրելու ու մի կողմ դիր մեծերը, մինչև իրենց պահել չսովորեն՝ հետո օգտագործիր, կարող ես նույնիսկ գրել նրանց: Չափազանց շատ վախ՝ ու միակ բանը, որ կունենաս, կլինի լռությունը:
- Հիշիր, որ սիրում ես գրել: Իմաստ չէր ունենա, եթե չսիրեիր: Եթե սերը հանգի, արա անհրաժեշտ ամեն ինչ ու հետ բեր այն:
- Հիշիր, որ գրելը քեզ չի սիրում: Այն անտարբեր է: Ինչևէ, այն կարող է նկատելիորեն շռայլ պահել իրեն: Լավ խոսիր նրա մասին, քաջալերիր ուրիշներին, փոխանցիր այն մնացածին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը
No comments:
Post a Comment