«Դուք ծխում եք, որ վայելեք: Ես ծխում եմ, որ մահանամ»:
Ջոն Գրին, «Ալյասկային փնտրելիս»
Ընդհանուր առմամբ, ես միշտ ցանկացել եմ, որ մեկը կողքիս լինի, ում հետ կկարողանամ մինչև վերջ ազնիվ լինել: Այնպես չի, որ կյանքումս ինչ-որ իրոք սարսափելի բան արած լինեմ, բայց շատ ավելի տհաճ է, երբ քեզ սխալ են հասկանում: Պատկերացրու՝ սիրահարվես մտավոր հետամնացությամբ տառապող աղջկա, ով նաև հարուստ ծնողներ ունի: Իրոք անկեղծ սիրահարվես: Փոխադարձ: Պատկերացրու, թե ինչ ահավոր են քո ապրումները կապված նրա վիճակի հետ: Գիտակցումը, որ նա երբեք քեզ չի հասկանա: Գիտակցումը, որ չես կարող նրա հետ մնալ մինչև վերջ, նրա հետ երբեք երեխաներ չես ունենա՝ վախից, որ դա կարող է փոխանցվել ժառանգաբար: Գիտակցումը, թե նա ինչ է ապրելու, երբ դու գնաս: Որովհետև դու տվել ես նրան այն, ինչ ոչ ոք երբեք չի տվել ու այլևս չի տա: Պատկերացրու օտարումը: Իսկ հիմա պատկերացրու, թե ինչպես դա կմեկնաբանեն: Կարող ես ասել, որ ուրիշների կարծիքի վրա թքած ունես, թեև դա այդպես չի: Պարզապես երբեմն դու այնքան ուժեղ ես, որ կարծիքները մոծակի խայթոցի նման են: Բայց երբ դու թույլ լինես, այդ խայթոցները կկոտրեն քո ողնաշարը:
Դրա համար էլ, չնայած չես խաբում, բայց խտացնում ես գույները, որ մարդիկ նայեն այն ուղղությամբ, որով դու ես ուզում, հետո հոգնում ես ու զգում, որ էլ ոչ մեկին ասելու բան չունես: