Showing posts with label ինքնասպանություն. Show all posts
Showing posts with label ինքնասպանություն. Show all posts

Friday, December 20, 2013

Ուշացած օրագրային գրառում

Սամոյի մահանալու գիշերը (դեռ չգիտեի) չէի կարողանում քնել: Դուրս եկա ծխելու 3-ի կողմերը, տակի հարկից շան ձայն լսեցի: Մտել էր միջանցք, պառկել հարևանի դռան փալասին, որ չսառեր քնի մեջ: Ես էլ, որ փողոցում էի ապրում, երբեմն այդպես էի անում:

Վերադարձա տուն, մի երկու դոլմա վերցրեցի, փաթաթեցի անձեռոցիկի մեջ, իջեցրի մոտը: Սկզբում հենց ինձ նկատեց՝ փորձեց փախնել, հետո տեսավ, որ չեմ գոռում, հարվածում, հետապնդում, դոլմայի հոտն էլ զգաց, հասկացավ, որ իրեն կերակրելու եմ եկել:

Կերավ՝ անձեռոցիկն էլ հետը:

Ծխեցի, հետո բարձրացա վերև: 5-ի կողմերը նորից դուրս եկա, երկրորդ անգամ չկերակրեցի, որ սովորություն չդարձնի. իմ ոչ բոլոր հարևաններն այդքան հանդուրժող կլինեին: Միջանցքում կեղտոտել էր՝ ավել-սավոկ կար, մաքրեցի, լցրեցի աղբը: Ո՞ր փոքրոգի ապուշը կարող էր նման մանրուքի համար շան վրա բարկանալ, քշել:

Աշխարհն անարդար է: Մենք փափուկ անկողին ունենք, տաք թիթիզ ուտելիքներ, տրանսպորտի միջոցներ: Իսկ լիքը կատուներ, շներ ու մարդիկ մի կտոր հացի համար կռիվ են տալիս: Մարդիկ դեռ ոչինչ, իրենք հավասար հնարավորություն ունեին մեզ հետ: Բայց կատուներն ու շները, որոնց համար հասարակ փողոց անցնելը մահացու վտանգ է: Ու ինչ-որ մարդիկ հավատում են, որ իրենց վերացնելը խնդրի լուծում է:

Բայց ոչ ոք չի հասկանում, որ երկիրը **ի է հենց այն պատճառով, որ իրենց նման ******ներ գոյություն ունեն՝ հեշտ, դաժան, սառը լուծումներ կայացնող, ու իրենց լավ մարդ զգացող: Ու տարբերություն չկա այդ համբալների ու իրենց հայհոյած օլիգարխների միջև. պարզապես իրենք օլիգարխի աչքերում նույն փողոցի շունն են:

...

Մեկը կա՝ իր օրագիրը կարդում եմ, որ տեսնեմ հո իմ մասին հերթական կեղտոտությունը չի գրել :D Զվարճանքի համար, իհարկե: Անցյալից կտրվի, ջանե, դու վաղուց արդեն իմ բանջարաբոստանին չես: Ի նկատի ունեմ, իմ կյանքում եթե ինչ-որ դեր ունես էլ, ապա այն կոչվում է «կենցաղային անախորժություն»:

...


...

Մի հատ էլ կոֆե, ու հաշիվը:

Sunday, October 21, 2012

Ամանդա Տոդդի պատմությունը

Youtube-ի այս տեսահոլովակում 15-ամյա կանադացի դպրոցական Ամանդա Տոդդը պատմում է իր պատմությունը. ինչպես ինտերնետային շփումը վերածվեց շանտաժի, հալածանքի, հոգեբանական բռնության:

Տեսահոլովակը Youtube-ում հրապարակվել է սեպտեմբերի յոթին: Ուղիղ մեկ ամիս և երեք օր հետո Ամանդան ինքնասպանություն է գործել:

Ինձ թվում է՝ բավականին ծանոթ պատմություն է: Ու անիմաստ է հուսալ, որ այն կազդի պատմության մեղավորի կարգի մարդկանց խղճի վրա: Այն, որ մենք գործնականում չունենք ներքին, հասարակական պաշտպանական մեխանիզմներ նման դեպքերի համար, որ պատրաստ ենք ասել՝ «ապուշ է, ինքն է մեղավոր», ստեղծում է հանդուրժողականության կոնտեքստ նրա համար, որ մարդիկ չարաշահեն երեխաների դյուրահավատությունը:

Ցանկացած դեպքում, միգուցե ժամանակն է, որ մարդիկ դադարեն դատել հոգեբանական բռնության զոհին ու փոխարենը փորձեն օգնել նրան: Որովհետև այն, ինչ ձեզ արհեստական մելոդրամա է թվում, երբեմն ընդամենը արտահայտչամիջոց է իսկական ողբերգության համար:

Ու մեկ էլ, ժող: Ես ձեզ հաճախ չեմ սա ասում, բայց ես ձեզ իրականում սիրում եմ: Լավ եղեք ու մի տխրեք:

Sunday, July 1, 2012

Ինքնասպանությունների թվի աճի ու դրա շուրջ տեսակետներից մեկի մասին

ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի ինքնասպանությունների թվի աճի շուրջ կարծիքը կարդալուց հետո մազերս բիզ-բիզ կանգնեցին: Անձամբ ես պարոն Հովհաննիսյանին չեմ ճանաչում ու մինչ այժմ լրջորեն քննարկում էի ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետ դիմելու հավանականությունը: Բայց ամբիոնի դեկանի կողմից արտահայտված նման կարծիք կարդալուց հետո հասկացա, որ պետք չի: Տեսանկյունը, որն արտահայտված է հոդվածում, իմ կարծիքով, ոչ պրոֆեսիոնալ, պոպուլիստական, մակերեսային, մոդայիկ բնույթ է կրում: Մարդկանց դուր է գալիս ամերիկյան ամսագրերի ոճով ու պարունակությամբ արդարացումներ կարդալը երևույթների վերաբերյալ, որոնց մեղավորն իրականում իրենք են:

Միգուցե ինքնասպանությունների քանակական-ժամանակային դինամիկան հասկանալու համար վերլուծենք մեր ֆոլկլյորն ու ֆոլկլյորի մշակումները (օրինակ՝ Հ. Թումանյան, «Մարո»), ու ոչ միայն ինքնասպանության, այլ նաև հասարակական օտարման թեմայով, քանի որ ինքնասպանությունն ու օտարումը գրեթե միշտ իրարից անբաժան են: Միգուցե տեսնենք, թե ինչպես է մարդկանց մեջ ձևավորվել ինքնաոչնչացման մեխանիզմն ու ինչ ազդակներից է ակտիվանում: Բերնի խաղերի տեսության մոդելները կիրառենք:

Օտարման մեխանիզմների մասին, չմոռանանք, որ ապրում ենք հասարակությունում, որն ինքն է պատրաստ հասարակական որոշ տաբուների խախտման համար անհատին հասարակությունից օտարելու ծայրահեղ քայլերի գնալ: Մեր հասարակությունը չի՞, որ, իբր թե անհանգստանալով ինքնասպանությունների քանակի վիճակագրական աճից, հանգիստ շունչ կքաշի, եթե ինքնասպան լինի նույնասեռականը, մարմնավաճառը, եհովայի վկան, ոչ կույս աղջիկն, ինչու ոչ՝ նաև սատանիստը: Մեր հասարակությունը չի՞, որ շարունակում է կիրառել «գաղութային» հասկացություններ, տաբուներ, որոնք խախտելու դեպքում մարդը դադարում է գոյություն ունենալ հասարակության ներսում: Բանակում ծառայած մարդիկ կհասկանան ասածս:

Մեր հասարակությունը չի՞, որ իր մեջ պարունակում է մեծամասնություն կազմող մի խումբ, ովքեր պատրաստ են կասկածի տակ դնել մարդկանց փոքրամասնություն կազմող տարբեր խմբերի սահմանադրական/քաղաքացիական իրավունքները:

Դոգմատիկ օտարումը, հասարակական տաբուն խախտած՝ «սխալված» մարդուն պիտակավորելն ու հասարակությունից տարանջատելն ընդամենը ատրճանակի ձգանն է: Իսկ ինքնասպանությամբ պայքարը փոխարինելը մեր մտածելակերպի մեջ մտցված ինքնաոչնչացման մեխանիզմ է: Ինքնաոչնչացման մեխանիզմի ուժը որոշում է, թե քանի անգամ պետք է աշխատի ձգանի մեխանիզմը, որպեսզի գործի ինքնաոչնչացման մեխանիզմը: Ձգանի մեխանիզմի բնույցը ցույց է տալիս, թե ինչ դեպքերում ու ինչ հաճախությամբ է գործում ձգանի մեխանիզմը: Ընդհանուր առմամբ, ինքնաոչնչացման մեխանիզմը պակաս հակված է փոփոխվել, քան ձգանինը: Ինքնասպանության թվերի աճն, իմ կարծիքով, մեծ մասամբ կապված է նրա հետ, որ հասարակությունը չափազանց հաճախ է քաշում մարդկանց ձգանի մեխանիզմը. փոփոխության շրջան է, շատ մարդիկ են խախտում հասարակության տաբուն, բայց քչերն են ի վիճակի իրենց ներսում դրված մեղքի ու ինքնախարազանման, ինքնաոչնչացման մեքենայի աշխատանքը գիտակցել ու կասեցնել:

Իրականում պրոցեսը շատ ավելի բարդ է, գործոններն էլ են տարբեր: Բայց այս ամենը բռնել ու բարդել հեռուստատեսությամբ կամ այլ կերպ ցուցադրվող բռնության տեսարանների վրա, ըստ իս, էթիկ առումով կասկածելի քայլ է: + չգիտես ինչու՝ հեռուստատեսությամբ բռնության ցուցադրման հասարակայնորեն ընկալված քանակն ուղիղ համեմատական է դրա շուրջ բարձրացված աղմուկին: Ավելի պարզ լեզվով ասած, 80-ականների վերջին/90-ականների առաջին կեսին հեռուստաեթերը գրեթե ամբողջությամբ  կազմված էր Չակ Նորիսի, Առնոլդ Շվարցնեգերի, Ժան Կլոդ Վանդամի, Բրյուս Լիի և այլոց մասնակցությամբ մարտաֆիլմերից, ու լրիվ նորմալ տեսարաններ էին երկաթե կեռիկով մարդու աչք հանելն ու ինչ-որ մեկին կենդանի-կենդանի այրելը: Կցանկանայի տեսնել հեռուստաեթերի ծրագրերի արխիվների վրա հիմնված վիճակագրական վերլուծություն (բաց տվյալներով և աղբյուրներով), որը կպնդեր, թե հեռուստաեթերի բռնության քանակը ներկայումս աճել է՝ համեմատած այդ ժամանակաշրջանի: Չկա այդպիսի վիճակագրություն: Իսկ առանց մարդկանց ցուցադրվող բռնության տեսարանների վիճակագրության, ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից օգտվող խմբերի մոտ ինքնասպանության դինամիկայի ուսումնասիրությունների և այլ լուրջ բաների նման հետևություններ անելը, ներեցեք, ընթերցողի ու սեփական ժամանակի անիմաստ վատնում եմ համարում:

Sunday, May 13, 2012

The Peaceful Pill Handbook. գրառում էֆտանազիայի ու ինքնասպանության մասին

The Peaceful Pill Handbook
Ֆիլիպ Նիչկե, Ֆիոնա Ստյուարտ

Զգում էի, որ ինչ-որ պահից սկսած պետք է լինելու այս թեմաներին էլ անդրադառնալ: Նամանավանդ Սիրարփիի մոտ քննարկումից հետո:

Խնդիրը նրանում է, որ այս հարցում մարդկանց կարծիքները բաժանվում են բոլոր հնարավոր տարբերակներին, որոնցից հիմնականներն այս երկուսն են.
  • էֆտանազիան անթույլատրելի է + ոչ ոք իրավունք չունի որոշել, ինքը պետք է ապրի, թե ոչ
  • էֆտանազիան ու անբուժելի հիվանդների ինքնասպանությունները թույլատրելի են, բայց ինքնասպանությունն ընդհանուր դեպքում դատապարտելի է
Իմ անձնական կարծիքն այս երկուսից էլ տարբեր է:

Թեև Սիրարփիի մոտ իմ տեսանկյունը բավականաչափ պարզ արտահայտել եմ, որոշ կետերի այստեղ էլ անդրադառնամ:

Monday, July 7, 2008

Վերջին օրերի քրոնիկները

Վերջերս աչքերիս առաջ մարդ մահացավ: Նստած էի երթուղայինի մեջ, ու երբ այն անցնում էր Կիևյան կամուրջը, մի սև հագուստով աղջիկ (ակնհայտորեն ՈՉ էմո) անցավ կամրջի բազրիքը: Աչքերս թարթեցի, ու նա արդեն այնտեղ չէր: Երթուղայինի մեջ էլ ոչ մեկը դա չնկատեց: Հասանք մոտակա կանգառին, մարդիկ հրմշտում էին իրար ու գզվռտվում, ինչպես միշտ, նրանք էլ թքած ունեին: Կարծում եմ՝ աղջիկն էլ արդեն թքած ուներ ամեն ինչի մեջ: Իսկ ես սառած նստած էի, փորձում էի հիշողությանս մեջ պահել նրա պատկերը:
....
Մի քանի անգամ իրար հետևից երազում տեսնում եմ, որ հագիս խիստ տարօրինակ ակնոցներ են, որոնք խիստ տարօրինակ կերպով ջարդվում են:

Մի անգամ էլ երազում Ավագյանին եմ տեսել, ուզում էի հետը հաշտվել (որպես ընկերներ), բայց նա պարզապես լուռ հեռացավ:

Շարունակում եմ վիպակը: Երկարոտ գլուխ է, բայց շուտով կավարտեմ: