Showing posts with label կինո. Show all posts
Showing posts with label կինո. Show all posts

Friday, January 31, 2014

Հրաչ Քեշիշյանի ֆեյսբուքյան ասուլիսի մասին՝ մի քիչ լուրջ

Ազատություն ռադիոկայանն այսօր ֆեյսբուքյան ասուլիս էր կազմակերպել Հրաչ Քեշիշյանի հետ:

Եկեք հասկանանք, թե ինչ է ֆեյսբուքյան ասուլիսն ու ինչով է տարբերվում սովորական հարցազրույցից: Ֆեյսբուքյան ասուլիսում կոնկրետ հասարակական անձի իրենց հարցերն են ուղղում հասարակության ներկայացուցիչները, որոնք օգտվում են Ֆեյսբուք հասարակական ցանցից: Բնական է, որ կախված նրանից, թե իրականում ինչ հեղինակություն ունի այդ անձը, մարդկանց հարցերն ու ռեակցիաները կարող են տարբեր լինել: Օրինակ, Շառլ Ազնավուրի հետ ասուլիսն, ընդհանուր առմամբ, հարգալից տոնով կանցնի, Սերժ Թանգյանի հետ ասուլիսը թաթախված կլինի երկրպագուների լոզերով:

Լոկալ հասարակական անձանց հետ խնդիրը բարդանում է: Նրանց մի մասը ժողովրդին արդեն հոգնեցրել են: Մի մասը՝ բարկացրել: Մի մասը՝ ձանձրացրել: Ու քչերն են, որ արժանացել են հարգանքի և սիրո:

Անդրադառնանք Հրաչ Քեշիշյանին: Ասում են, որ Քեշիշյանի շնորհիվ է, որ Հայաստանում կա կոմերցիոն կինո: Փորձեմ ապացուցել, որ չկա: «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որը համընդհանուր քննադատության արժանացավ, ըստ պաշտոնական տեսանկյունի ունեցել է 7 մլն դոլար բյուջե: Այդ բյուջեն Հայաստանում հնարավոր չի լրացնել ցուցադրությունների ու վարձույթի միջոցով (պարզ պատճառով՝ հայաստանի բոլոր կինոդիտողները միասին կինոյի վրա ծախսելու 7 մլն դոլար չունեն): Հետևաբար, ֆիլմը կարող է իրեն արդարացնել միայն էքսպորտի դեպքում: Ինչևէ, ֆիլմի քննադատությունը ցույց է տալիս, որ այն մրցունակ չի արտասահմանյան շուկայում: Դուրս է գալիս, որ ֆիլմը նպատակ էլ չուներ կոմերցիոն հաջողության հասնել՝ այն կամ փողը ջուրը գցելու, կամ փող լվանալու միջոց էր: Այնինչ մենք ունենք ազատամարտիկների սոված ընտանիքներ, աղետի գոտում դոմիկներում ապրող մարդիկ և այլն: 7 միլիոն դոլար ջուրը գցելը սոված երկրում բարոյական չի, ուտելն՝ առավել ևս:

Բայց, անկախ ամեն ինչից, մենք տեսնում ենք, որ Քեշիշյանը չի նկարահանել հաջող կոմերցիոն կինո: Պնդումը, թե նա ներդրում ունի այդ ոլորտում, սխալ է:

Իմ շատ սիրելի Դարրեն Արոնոֆսկու «Ռեքվիեմ Երազի Համար» ֆիլմն ունեցել է ընդամենը 4,5 միլիոն դոլար բյուջե: Թե՛ ռեժիսուրայով, թե՛ դերասանական խաղով, թե՛ մոնտաժով, թե՛ սաունդտրեկով այն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան Քեշիշյանի ցանկացած ֆիլմ: Հեղինակի նախորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Պի» ֆիլմը, ունեցել է ընդամենը 60 հազար դոլար բյուջե: Երկուսն էլ, չլինելով կոմերցիոն ֆիլմեր, արդարացրել են իրենց բյուջեն ու մրցանակների արժանացել:

Կարող եք ասել, որ Հրաչ Քեշիշյանն Արոնոֆսկի չի: Ես կավելացնեմ, որ նա պարզապես չստացված ռեժիսոր է, որին տրվում են ոչ նպատակահարմար գումարներ՝ արդյունքում իրենց չարդարացնող ֆիլմեր նկարահանելու համար: Արդյո՞ք դուք ցանկանում եք պնդել, որ Հայաստանում չկան պոտենցիալ ուժեղ ռեժիսորներ: Ես նախընտրում եմ հավատալ, որ կան:

Եթե սրան գումարենք Քեշիշյանի ու նրա գլխավոր դերակատարի լիակատար մեծամիտ ու անհարգալից վերաբերմունքը «Գարեգին Նժդեհ» ֆիլմի քննադատության նկատմամբ, երբ էժանագին քայլ արվեց քննադատողների դեմ շրջել հասարակական սենտիմենտը՝ ֆիլմի քննադատությունը հավասարեցնելով հենց Նժդեհի անձի քննադատության հետ: Եթե սրան գումարենք քաղաքական իշխող ռեժիմի նկատմամբ հասարակության առավել հասուն խավի վերաբերմունքն ու Քեշիշյանի բարի-դրացիական, մեղմ ասած, հարաբերություններն իշխող քրեաօլիգարխական ռեժիմի հետ: Եթե սրան գումարենք շրջանառով պոռնոգրաֆիկ նյութը, որը վերագրվում է հենց Քեշիշյանին ու նրա «ժը տեմ, ժը տեմ, կյանքս, հասկանու՞մ ես, ժը տեմ» ընկերուհուն (ու եթե դա իրոք Քեշիշյանն է, ապա չափսերից պարզ է դառնում, թե ինչու է նա աշխարհի վրա չարացած): Ի միջի այլոց, վերջինն ընկնում է ՀՀ Քրեական Օրենսգրքի 263-րդ հոդվածի տակ:

Պատկերն այնքան էլ մխիթարիչ չի դառնում: Ակնհայտ է, որ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր սիրում են Հրաչ Քեշիշյանին: Ակնհայտ է, որ Հրաչ Քեշիշյանը չի պատրաստվում առողջ ընկալել իրեն քննադատող մարդկանց ռեակցիան: Նա, օրինակ, ասելու է՝ «էդքան խոսում ես, դե մի բան էլ դու նկարի, որ խոսելու տեղ ունենաս»: Չընկալելով, որ աշխատանքը քննադատում է հանդիսատեսը, ոչ թե կոլլեգաները: Հանդիսատեսն էլ իր հերթին կարող է կինոգետ-քննադատ էլ լինել, սովորական կինոդիտող էլ: Ակնհայտ է, որ անիմաստ է Հրաչ Քեշիշյանի հետ կոնստրուկտիվ ասուլիսի փորձ անել. նախորդ փորձը տեսած մարդիկ չեն ցանկանում երկրորդ անգամ ծաղրված լինել բուն ասուլիսի պահին, քանի որ այլևս պատասխանելու հնարավորություն չեն ունենա:

Մնում է միայն մի եղանակ՝ ծաղրել: Սարկազմով հիշեցնել նրան, որ ինքը ցանկալի, սիրված վարպետ չի, այլ մեկն, ում հայրենական կինոինդուստրիային ու կինոդիտողին պարտադրել է ռեժիմը:

Բնական է, որ այս երևույթը ոչ կազմակերպված էր, ոչ էլ ցանկալի էր Ազատություն ռադիոկայանի համար: Բայց եկեք նայենք, թե ինչպես արձագանքեց Քեշիշյանը.

Եվ այսպես, վաղը ես հրավիրված եմ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ապրում են ողջախոհ ու դաստիարակված մարդիկ։ Ես միշտ համարել եմ Ազատություն ռադիոկայանը առաջադեմ ԶԼՄ։ Բայց երեւի Ազատությունը եւս էժանագին մոդայի ետեւից ընկնելով, փորձում է վարակնիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով։ Երեւի Ազատությունը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը, իսկ որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դիֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի այսպես ասած օգտատերերի ակտիվության վրա։ Իմացեք ձեր տեղն ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ։

Ես, իհարկե, մի կողմից քննադատում եմ Ազատություն ռադիոկայանի կողմից առավել սուր արձագանքները ջնջելու փաստը, մյուս կողմից՝ հասկանում, որ որոշ հարցեր ոչ մի լրագրող իրեն թույլ չէր տա հնչեցնել եթերում: Բայց Հրաչ Քեշիշյանը, փաստորեն, ցանկանում էր ավելին. որ տրվեն միայն այն հարցերը, որոնք գովաբանում են իր աշխատանքը, կամ գոնե չեն քննադատում: Ու համարում էր դա Ազատություն ռադիոկայանի պարտավորությունը: Նրա «հորդորում եմ, բոյկոտում եմ, ընկերներիս կասեմ բոյկոտեն»-ը իրականում մեծ-մեծ բառերով արտահայտված բավականին խղճուկ բան է, որը մի կողմից սահմանակցում է նվնվոցի հետ, մյուս կողմից՝ շանտաժի հետ:

Հուսով եմ՝ Ազատություն ռադիոկայանը հասկանում է, որ կոնֆլիկտը ելնում էր ոչ թե ռադիոկայանի ու նրա ունկնդիրների խնդիրներից, այլ հենց հրավիրվածի անձնական հատկանիշներից: Հավատացնում եմ, սա տեղի կունենար ցանկացած փոքրիշատե իրեն հարգող ու մարդկանց կողմից հարգված լրատվականի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի դեպքում:

Ներողություն եմ խնդրում, եթե անձամբ իմ արած նկատողությունները բարկացրել կամ նեղություն են պատճառել ռադիոկայանի աշխատակիցներին ու ղեկավարությանը, ֆիքսելով իմ դրական վերաբերմունքն Ազատություն ռադիոկայանի ու հայկական պրեսսայում նրա գրաված դիրքի նկատմամբ:

Friday, August 9, 2013

The Birth of a Nation/Ազգի Ծնունդը, 1915

Nihil novi sub sole, ու մեր նացիոնանիստներն էլ այդ հարցում բացառություն չեն:

Որպես ուսումնասիրության նյութ ներկայացնում եմ Դևիդ Լլևելին Գրիֆֆիթի «Ազգի Ծնունդը» ֆիլմը: Այո, այն ռասիստական է, հերոսական տոներով է ներկայցնում Կու Կլուքս Կլան կազմակերպությունը, սևամորթներն այս ֆիլմում «երկիրը քանդող, ազգը պղծող» տականքներ են: Գրեթե հարյուր տարի անց ֆիլմի պնդումները ծիծաղելի են թվում: Իսկ ժամանակին այս տեսանկյունին հակված մարդիկ մեծամասնություն էին կազմում: Առնվազն մինչև 60-ականները ռասիստ լինելը նորմալ էր ԱՄՆ-ում:

Մեր հոմոֆոբ-ռասիստ-նեոնացիստ մասսան իրականում գրեթե նույնությամբ կրկնում է ամերիկյան ռասիստների ուղին, իր բռի պրիմիտիվիզմով, դավադրությունների տեսություններով, փաստերի ու պատմության նկատմամբ կամայական ու անգրագետ վերաբերմունքով ու մարդկանցով, ովքեր իրենց ակտիվորեն կօգտագործեն սեփական շահերի համար:

Թիրախները փոխվում են, հիմարները մնում են նույնը: Մեզ մնում է միայն նվազեցնել նրանց հասցրած վնասը:

Friday, April 19, 2013

Ֆիլմեր, որոնք պատրաստվում եմ դիտել մոտ օրերս

Երբ ձեռքս երկու շատ լավ ֆիլմ է ընկնում, որոնք երկուսն էլ երկար ժամանակ է՝ փորձում էի գտնել, ես շատ երջանիկ պանդա եմ դառնում.
(if you know what i mean)

Այս անգամ ֆիլմերը գեղարվեստական չեն:


"Dont Look Back"-ը 1967 թ. նկարահանված cinéma vérité է Բոբ Դիլանի 1965 թ. համերգային շրջագայությունների մասին (այդ շրջանը նաև իր ու Ջոան Բաեզի հարաբերությունների ավարտն էր):


"The Swell Season" (2011) ֆիլմն իր հերթին պատմում է Գլեն Հանսարդի ու Մարկետա Իրգլովայի "Once" (2006) ֆիլմի թողարկմանն ու հաջողությանը հաջորդած գրեթե երկու տարի տևած համերգային շրջագայությունների, լարվածության, սիրո ու դրամայի մասին:


Ինչպես հասկանում եք, ես շատ սեփականատեր չեմ, ու եթե ինչ-որ մեկը ցանկանում է ֆիլմերը հետս դիտել, ես միայն ուրախ կլինեմ կիսվել:

Friday, April 5, 2013

R.I.P. Ռոջեր Էբերտ


Հենց նոր իմացա, որ մահացել է հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը :( Էբերտին կհիշեն որպես քննադատ՝ պոետի հոգով:

Thursday, April 4, 2013

Ծնունդդ շնորհավոր, Հիթ Լեդջեր

Այսօր Հիթ Լեդջերը 34 տարեկան կդառնար: Ծնունդդ շնորհավոր:




Sunday, December 23, 2012

The Hobbit: An Unexpected Journey

Կինոն նայեցի, մեղմ ասած, հետույքային էր: Անցնեմ վրայով կետ առ կետ:

Մակարդակը
Պատկերացրեք Spy Kids-ը՝ Տոլկիենի տարրերով: Տեխնոլոգիական դեմոնստրացիա, մեծ բյուջե՝ ընկած անճաշակ ու չտես ստեղծագործական խմբի ձեռքը: Համակարգչային անիմացիան նույն չափի տգեղ էր, ինչ «Մատանիների Տիրակալում»: 3D-ի միակ իմաստը 3D-ի պատճառած անհարմարությունները հաղթահարելով ֆիլմը նայելն էր: Գնոմների պարկուրն ու «Մատանիների Տիրակալից» գրեթե կադր առ կադր կրկնօրինակած տեսարանները (Թորինի ու Ազոգի կռիվը համեմատեք Իսիլդուրի ու Սաուրոնի կռվի հետ), արհեստական կերպով մտցված էքշն-տեսարաններն ու կրճատած ոչ էքշն տեսարանները խոսում էին ծույլ, կոմերցիոն, պոպսա աշխատանքի մասին: Գազանիկները լրիվ Դիսնեյի «Սպիտակաձյունիկին» էին արժանի:

Սյուժեն
Խեղճ վիպակը (այո, այս եռագրության համար հիմք հանդիսացած աշխատանքը՝ Տոլկիենի «Հոբբիտը» փոքրիկ վիպակ է, իսկ «Մատանիների Տիրակալը»՝ երեք վեպ) ձգձգել էին այնքան, որ նախնական նյութն ու ավելացվածը երևի նույն քանակի էին: Միևնույն ժամանակ՝ գրքից վերցրածը սարսափելի փոփոխված էր. Ազոգը գրքում գոբլին է, որը սպանվում է Դաինի, ոչ թե Թորինի կողմից, ու որի տղան՝ Բոլգը, փոխարինում է նրան Մորիայում: «Քարե հսկաների» մասին հիշատակումը գրքում ընդամենը գնոմների լեգենդն է որոտի բնույթի մասին: Ռադագաստը Տոլկիենի որևէ ինձ հայտնի ստեղծագործության մեջ էական դեր չի խաղում, որովհետև թքած ունի մարդկանց, էլֆերի ու մնացած բոլորի պատերազմների վրա: Դոլ-Գուլդուրի կոնֆլիկտն իրականում թեև տեղի է ունենում, բայց ոչ «Հոբբիտում» ու առանձնապես չի նկարագրվում: Տրոլլների հետ հանդիպման ժամանակ ոչ թե Բիլբոյով քիթ են սրբում, ինչից հետո նա սկսում է խոսել աղիքային ճիճիուների մասին, այլ Գենդալֆը անընդհատ խորհուրդներ է տալիս տրոլլներին՝ տրոլլի ձայնով, մինչև արևը բացվում է: Ֆիլմ խցկած հոլիվուդյան հումորդը պարզապես զուգարանային էր: Կլիշեներն անտանելի շատ էին («Ո՜չ», «Համոզված եմ, ամենավատն արդեն անցյալում է» և այլն): Ֆիլմն այնպես էր հանված, որ պամպերսավոր հանդիսատեսին հուզի, բայց չտխրեցնի: Զզվում եմ տրագիկ տեսարան -> հեփփի էնդ բանաձևից, որն այս ֆիլմում չարաշահված էր, բռնաբարված, սպանված, թաղված, գերեզմանից հանված ու նորից բռնաբարված:

Հերոսները
Հերոսներին հնարավորինս զրկել էին իրենց բնորոշիչ գրական գծերից ու բերել վերջին շրջանի հոլիվուդյան շաբլոնին՝ սրամիտ, սրալեզու, բռի կատակներ սիրող: Փոխարենը ամեն մեկին տվել էին բնութագրիչ one-liner/catchphrase խոսքեր, որոնք մակերեսային ու բութ հանդիսատեսի մոտ կտպավորվեին ու հնարավորություն կտային տեսնել հերոսների տարբերությունները: Բալինն ասում է՝ «Ես մեր երկուսի չափ խելք ունեմ», վերջ, Բալինը խելոք է, Դվալինն՝ ուժեղ: Պրծավ: Շատ դժվար էր էական տարբերություն տեսնել, ասենք, որոշ գնոմների ու գոբլինների թագավորի անհատականությունների միջև: Գնոմները գրքում քաղաքավարի, բայց ագահ ու չոր-ցամաք տպեր են, իսկ ֆիլմում՝ բարեհոգի տրոլլինգի սիրահարներ, համառ, բայց հերոսական ու «տղավարի», Բիլբոն ոչ թե պահպանողական հոբբիտ-ջենտլմեն է, որին ձգում-տանում է արկածների նկատմամբ հետաքրքրությունը, այլ վախկոտ դեռահաս, Գանդալֆը ոչ թե գրեթե ամենազոր մայար է, որը մարդկային մոգի կերպարանք է ընդունել, այլ լավ ինֆորմացված բոմժ, մյուս իստարին՝ Ռադագաստը, նույնպես բոմժ է, այն էլ շիզոֆրենիկ: Բիլբոյի հերոս, որպես այդպիսին, գոյություն չուներ. Բիլբոն ֆիլմում խաղում էր գրեթե նույն դերը, ինչ Ֆրոդոն, Սեմը, Մերին ու Պինը «Մատանիների Տիրակալում» միաժամանակ: Արդյունքում ստացվել էր ֆրանկենշտեյնի հրեշ՝ հերոս, որը մի քիչ Ֆրոդո էր, մի քիչ՝ Սեմ, մի քիչ՝ Մերի, մի քիչ՝ Պին:

Գնահատականը՝ կարդացեք գիրքը: Նույնիսկ մեկ անգամ նայելն անիմաստ է:

Tuesday, December 4, 2012

Ֆիլմ. «La Science des reves» («Երազների արվեստը»)

Ռեժիսոր, սցենարիստ՝ Միշել Գոնդրի, հայտնի է իր «Eternal Sunshine of the Spotless Mind» («Անբիծ Մտքի Հավերժական Փայլատակումը») ֆիլմով

Երկիրը՝ Ֆրանսիա/Իտալիա

Ժանրը՝ դժվարանում եմ ասել, ռոմանտիկ կատակերգություն, դրամա, հոգեբանական, սյուրռեալիզմ, աբսուրդ, մոգական ռեալիզմ

Գլխավոր դերերում՝ Գաել Գարսիա Բերնալ («Amores perros»), Շառլոտ Գինսբուրգ (Սերժ Գինսբուրգի աղջիկը, «21 Grams»)

Կոմպոզիտոր՝ Ժան Միշել Բերնար

Թողարկման ամսաթիվը՝ 16 օգոստոսի 2006

Բյուջեն՝ մոտ 6 մլն. ԱՄՆ դոլլար

Եկամուտ կինոթատրոններից՝ մոտ 15 մլն. դոլլար


Saturday, September 8, 2012

Suckablood

Հայկական «Ցասում» պսևդոսարսափ/պսևդոֆիլմ խայտառակությունից հետո երևի քչերն են հավատում, որ հնարավոր է հանել որակյալ փոքրաբյուջե սարսափ-ֆիլմ: Հատուկ նման մարդկանց համար՝ փոքրաբյուջե սարսափ-հեքիաթ BloodyCuts ստուդիայից. «Suckablood»:

Հաճելի Գեյմանական բան կա մեջը, բանաստեղծական շարադրանքը հիանալի է, հատուկ էֆեկտներն էլ դժվար չի ստանալ (ամենայն հավանականությամբ արված են After Effects կամ Nuke ծրագրերով):

Alone in her room, the candles grew dim,
The wind howled and roamed and the monsters looked in. 

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»:
Ծննդոց 3:24

Ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկի
Սցենար Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել
Պրոդյուսերներ Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ
Երաժշտություն Կլինտ Մանսել
Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish)
Իզզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy)

Այս ֆիլմ-հանելուկն, իմ կարծիքով, կատարյալ է ամեն տեսանկյունից. դերասանների ընտրությունը, դերասանական խաղը, Կլինտ Մանսելի անզուգական երաժշտությունը, որն ինձ հիացրել էր դեռ Արոնոֆսկու նախորդ՝ «Requiem for a Dream» ֆիլմում, օպերատորական աշխատանքը, մոնտաժը՝ ամեն ինչ արված է վերին աստիճանի լավ:

Իրականում "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին աշխատանքը, երբ ֆիլմի նկարահանման իրավունքը 2002 թ. գնել էր Warner Bros ընկերությունը: Թոմի դերը պետք է իրականացներ Բրեդ Պիտը, իսկ Իզզիինը՝ Կեյտ Բլանշետը: Ճիշտն ասած, ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել Պիտին Թոմի դերում: Դրա համար էլ ինչ-որ տեղ ուրախ եմ, որ նրա հետ տարաձայնություններ առաջացան ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով:

2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին նկարահանեց ու թողարկեց ֆիլմը կես բյուջեով: Համակարգչային էֆֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երեք զուգահեռ իրականություններում. Իզզիի գրքի մեջ Իսպանիայի Թագուհին Կոնկիստադորին ուղարկում է Կենտրոնական Ամերիկա՝ այնտեղ Կենաց Ծառը գտնելու ու Իսպանիան այն զավթող Ինկվիզիտորից փրկելու համար: Երկրորդ իրականությունը Թոմի գլխում է. մտասևեռված ու առանձնացված ամբողջ Տիեզերքից՝ նա փորձում է մահացող Ծառը հասցնել Շիբալբա, որտեղ այն նորից կծաղկի: Երրորդ իրականությունը մեր ժամանակներում կամ մոտիկ ապագայում է. հանճարեղ բժիշկ Տոմ Կլեոն փորձում է քաղցկեղի դեղ գտնել, որպեսզի փրկի իր կնոջն՝ Իզզիին:

Շատերի համար հաճելի կլինի իմանալ, որ Կլինտ Մանսելի գրած սաունդտրեկը կատարել են Սան Ֆրանցիսկոյի Կրոնոս կվարտետն ու շոտլանդական Mogwai պոստ-ռոք խումբը:

Այն մարդկանց, ովքեր ֆիլմը դեռ չեն դիտել, խորհուրդ չի տրվում կարդալ հոդվածի շարունակությունը:

Sunday, June 24, 2012

Սերիալների օր. Californication

Գրող, ստեղծագործական ճգնաժամ, բարդ հարաբերություններ ընկերուհու ու դստեր հետ: Ու այս ամենը մարմնավորող հերոսի դերը խաղում է Դևիդ Դուխովնին (X-Files սերիալում գործակալ Մալդերի դերակատարը):

Californication-ը dramedy (դրամա+կոմեդիա) ժանրի սերիալ է: Հերոսի միջին տարիք ճգնաժամն ու անկանոն սեքսից, թմրադեղերից ու ալկոհոլից հրաժարվելու անկարողությունը կոնֆլիկտի մեջ են մտնում հայր լինելու պատասխանատվության հետ ու վտանգի տակ դնում սիրելի կնոջ հետ հարաբերությունները: Գրող, որը գրելու փոխարեն հարբում է, սխալներ, որոնց համար պետք է վճարել, երեխա, որն աստիճանաբար ավելի է նմանվում իր հորը, կրկնում նրա սխալները:

Ցանկացած դեպքում, խորհուրդ եմ տալիս դիտել:


Ու մեկ էլ, չեմ կարող չտեղադրել երկրպագուների կողմից պատրաստված տեսահոլովակը, որի երաժշտությունը The Frames խմբի «Finally» երգն է.

Սերիալների օր. How I Met Your Mother

«Դե, ընթերցողներ, հիմա ես կպատմեմ, թե ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին»՝ միտք կար HIMYM-ի մասին գրառումը սկսել այս նախադասությամբ, ինչպես սկսում է սերիալի ամեն էպիզոդը, բայց Հայաստանում, կարծում եմ, այդ կատակը չեն գնահատի: Իհարկե, ես դա հենց նոր արեցի, կարծում եմ՝ առանց ինչ-որ մեկին վիրավորելու:

Տեոդոր Մոսբին՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն ու գրեթե բոլոր էպիզոդների նարատորը, կանչել է իր երկու երեխաներին իր աշխատասենյակ ու պատմում է, թե ինչպես է հանդիպել նրանց մայրիկին: Բավականին մանրամասն: Քնարական շեղումներով: Արդեն 7 եթերաշրջան շարունակ:

How I Met Your Mother-ը սիտկոմ է (situational comedy՝ իրավիճակային կատակերգություն): Ու, ինչպես հաճախ լինում են սիտկոմները, կենցաղային սովորական ու ոչ այնքան սովորական իրավիճակների վրա է հիմնված (ու «ոչ սովորական» ասելով ես ի նկատի ունեմ ոչ միայն թռչող առնետ-խավարասերին այնքան էլ չնվիրված էպիզոդը): HIMYM-ը պարունակում է անկեղծ ու կոնկրետ իմ սրտին կպնող կատակերգության ու դրամայի դոզա ու լիքը մոդելներ, որոնք արդեն օգտագործում ենք մեր կենցաղի իրավիճակները ներկայացնելու համար («...but she's not Robin»՝ «Բայց նա Ռոբինը չի» արտահայտությունը դրա օրինակ է):

Սերիալների օր. Pioneer One

Այսօր հայտարարում եմ սերիալների օր:) ոչ, «Երջանիկ Դժբախտություն», «Ցածր Աշխատավարձ» և այլ նմանատիպ «հրաշքների» մասին չի խոսքը: Սերիալներ, որոնք ես ինքս նայում եմ ու կարող եմ ձեզ էլ խորհուրդ տալ:

Pioneer One-ի մասին ես առաջ էլ եմ գրել: Այս սերիալը ֆենոմենալ երևույթ է. տարածվում է անվճար (տորրենտներով), ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով (եթե մարդիկ ցանկանում են հաջորդ էպիզոդը տեսնել, պետք է իրենք կտոր-կտոր ֆինանսավորեն այն): Փաստորեն, Pioneer One-ը կարող է դառնալ ինդի-կինոյի նոր մոդելի առաջին խոշոր ներկայացուցիչներից:

Սերիալը գիտաֆանտաստիկ է. անհայտ տիեզերանավ է ընկնում Մոնտանա նահանգի կենտրոնում՝ ռադիացիա տարածելով տարածքով մեկ: Միաժամանակ տիեզերանավի մի մասը հայտնաբերվում է Կանադայում, ինչպես նաև տիեզերանավի ենթադրյալ ուղևորը՝ սովետական սկաֆանդրով մարդ, ով սուր քաղցկեղ ունի: Մարդու մոտ գրություն կա, որը պնդում է, թե նա Մարսի վրա ապրող տիեզերագնացների երեխան է:

Արդեն պատրաստ են սերիալի 6 էպիզոդներ (նախատեսված 4 եթերաշրջաններից առաջինը), որոնք կարող եք քաշել այստեղից: Նույն էջում էլ կարող եք «տոմսեր» առնելու միջոցով օգնել ֆինանսավորել սերիալը, տեսնել, թե ինչպես է օգտագործվում ձեր նվիրաբերած գումարը և այլն:

Saturday, June 23, 2012

«Ոսպնյակի մութ կողմը»


«Dark Side of the Lens», կարճամետրաժ ֆիլմ լուսանկարչության շատ յուրահատուկ ձևի մասին:

Մրցանակներ.
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, Rhode Island International Film Festival, 2011
  • Ակտիվ մարզաձևերի կատեգորիա, Vimeo Awards 2012
  • Պրոֆեսիոնալ կատեգորիա, G-Raid Driven Creativity award
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, 5Point Film Festival 2011
  • Գրան պրի, Chamonix Film Festival 2011
  • Լավագույն կարճամետրաժ, New York Surf Film Festival 2011
  • Տարվա լավագույն թվային կարճամետրաժ, Surfer Poll
  • Relentless Short Stories 2011
  • «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակ, Amstel Surf Film Festibal
  • Լավագույն կարճամետրաժ, Sheffield Adventure Film Festival
  • Լավագույն միջազգային կարճամետրաժ, Canadian Surf Film Festival
  • Լավագույն կարճամետրաժ, Waimea Ocean Film Festival

Saturday, May 26, 2012

«Գարուն ա»

Նրանց համար, ովքեր այսօր բաց թողեցին Մաշտոցի այգու պայքարին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը ՆՓԱԿ-ի «Մէկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին:

Friday, May 25, 2012

Crow Moon

Ֆիլմ՝ ագռավների, արևի, գիշերվա, լուսնի ու աստղերի մասին: Գեղեցիկ անիմացիա էր, դուրս եկավ: Մեջը ֆոլկլյորային, վայրի բան կար, տեղ-տեղ նույնիսկ վախենալի էր: Ապրեն հեղինակները:

Tuesday, May 22, 2012

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Գրեթե մոռացել էի: Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը:

Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն):

Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Sunday, June 26, 2011

Game of Thrones

Իսկ այժմ՝ «Game of Thrones»-ի մասին: «Game of Thrones»-ը Ջորջ Մարտինի «A Song of Ice and Fire» ֆենտեզի-շարքի առաջին վեպի՝ «A Game of Thrones»-ի էկրանավորումն է սերիալի տեսքով:
Վեստերոսում ամեն ազնվական տուն ունի իր նշանաբառը, որը մարմնավորում է տան փիլիսոփայությունը: «Բարձր, ինչպես պատիվը», ասում է Արրին տունը: Բարաթեոնը՝ «Մերն է ցասումը»:
Ստարկերի տունն առանձնահատուկ է: Նրանց նշանաբառն է՝ «Ձմեռը գալիս է»:
Այս աշխարհում ամառները տևում են տարիներ: Ձմեռները՝ սերունդներ: Ձմեռներ, երբ թագավորներն իրենց պալատներում սառում են նույն կերպ, ինչպես հովիվներն իրենց հյուղակներում: Երբ մայրերը նախընտրում են խեղդել սեփական երեխաներինք, քան թույլ տալ, որ նրանք սովից մահանան:
Այդ ձմեռներից մեկին էր, որ Ուրիշները եկան՝ հեծած իրենց մեռյալ ձիերին:

Thursday, June 9, 2011

«Ցասում». սարսափն իրականություն է դառնում

Երկարատև բացակայությունից հետո)))
Եթե հիշում եք, ժամանակին ես անդրադարձել էի «Ասա ինձ» վերնագրով ջրի երես դուրս եկած «հայկական առաջին սարսափ-ֆիլմի» :
Ֆիլմը, պարզվում է, արդեն ավարտված է, նույնիսկ հասցրել է վերնագիրը փոխել. «Ցասում»: Մոսկվա կինոթատրոնում նրա ցուցադրվելն ազդարարող պլակատներն արդեն փողոցներում կպցված են, et cetera, et cetera)))
Ահա և ֆիլմի պաշտոնական տրեյլերը.

Thursday, March 3, 2011

Հայկական սարսափ. «Ասա ինձ»

Եթե կարծում էիք, թե խեղճուկրակիս (մեղա, մեղա) գլխին եկած «հայ առաջին ֆենտեզիով» ամեն ինչ սահմանափակվելու է, ապա պատասխանեմ մեկ այլ խեղճուկրակի խոսքերով՝
«Գարուն էր. չեկած ամառ՝
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի պես»:
Դիմավորեք: «Ասա ինձ»: Հայ առաջին սարսափ ֆիլմը: Բոլոր աղբյուրները նշում են, որ այն ներկայացվում է «New Style Production» ընկերության կողմից, բուն տրեյլերում նշվում է «New Star Production»: Երկու անուններն էլ ոչինչ չեն ասում: Այնինչ տրեյլերը... ինչպես Անինայի դեպքում էր՝ «սրան գիրք ասողը...», այնպես էլ «Ասա ինձը»: Ասես «Ֆիայի» սիքուել լինի: