Showing posts with label ֆենտեզի. Show all posts
Showing posts with label ֆենտեզի. Show all posts

Saturday, December 1, 2012

Գրական բլից-մրցույթ. ARMCON at World's End

Գիտեմ, նորից կորել եմ, բայց պարապ չէի մնում:) ARMCON ֆանտաստիկ և գիտաֆանտաստիկ գրականության մրցույթի կազմակերպման ընթացքում որոշեցինք բլից-մրցույթ կազմակերպել՝ մոտակա  աշխարհի վերջի չգալու կապակցությամբ: Այնպես որ, բոլորդ հրավիրված եք մասնակցելու:

Մրցույթի կանոնները կարող եք կարդալ այստեղ: Ընդունվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն աշխատանքներ: Գրանցվելու ու մանրամասների համար զանգահարեք (+374) 91 07 13 42 հեռախոսահամարով, կամ կարդացեք Armcon.am ֆորումում:

Thursday, September 8, 2011

Philip Pullman, "The Golden Compass"

Into this wild abyss,
The womb of nature and perhaps her grave,
Of neither sea, nor shore, nor air, nor fire,
But all these in their pregnant causes mixed
Confusedly, and which thus must ever fight,
Unless the almightly maker them ordain
His dark materials to create more worlds,
Into this wild abyss the wary fiend
Stood on the brink of Hell and looked a while,
Pondering his voyage...
― John Milton, Paradise Lost, Book II

Մի փոքր գրքի մասին, որը կարդում եմ հենց հիմա. Ֆիլիպ Փուլլմեն, «The Golden Compass» (հյուսիսամերիկյան վերնագիրն է, նախնական տարբերակում՝ «Northern Lights»)՝ «His Dark Materials» եռագրության առաջին մասը:
Նախ՝ զգուշացնեմ, որ խորհուրդ չեմ տալիս հարցնել կամ որևէ այլ կերպ հետաքրքրվել, թե ինչի մասին է գիրքը, ինչ թեմաներ է շոշափում և այլն: Ես նախապես բզբզել էի, ու այժմ դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում ու ինչ-որ չափով պակասեցնում ընթերցանությունից ստացված հաճույքը:

Sunday, June 26, 2011

Game of Thrones

Իսկ այժմ՝ «Game of Thrones»-ի մասին: «Game of Thrones»-ը Ջորջ Մարտինի «A Song of Ice and Fire» ֆենտեզի-շարքի առաջին վեպի՝ «A Game of Thrones»-ի էկրանավորումն է սերիալի տեսքով:
Վեստերոսում ամեն ազնվական տուն ունի իր նշանաբառը, որը մարմնավորում է տան փիլիսոփայությունը: «Բարձր, ինչպես պատիվը», ասում է Արրին տունը: Բարաթեոնը՝ «Մերն է ցասումը»:
Ստարկերի տունն առանձնահատուկ է: Նրանց նշանաբառն է՝ «Ձմեռը գալիս է»:
Այս աշխարհում ամառները տևում են տարիներ: Ձմեռները՝ սերունդներ: Ձմեռներ, երբ թագավորներն իրենց պալատներում սառում են նույն կերպ, ինչպես հովիվներն իրենց հյուղակներում: Երբ մայրերը նախընտրում են խեղդել սեփական երեխաներինք, քան թույլ տալ, որ նրանք սովից մահանան:
Այդ ձմեռներից մեկին էր, որ Ուրիշները եկան՝ հեծած իրենց մեռյալ ձիերին:

Կոնֆերենցիան

Այսօր Վահեն ֆանտաստիկ ու գիտաֆանտաստիկ գրականությանը նվիրված կոնֆերենցիա էր կազմակերպել, ես էլ չկարողացա առիթը բաց թողնել: Այս անգամ, բազմազանության համար, ընդհանուր առմամբ «народ против Ларри Флинта» վիճակ չէր: Հաճելի անակնկալ էր, վիճեցինք, բայց հաճելի վեճ էր: Լիքը լավ-լավ բաներ քննարկեցինք, մասնավորապես՝ բարդ հարց, ինչպիսին է գիտական ֆանտաստիկայի ու ֆենտեզիի կայացումը Հայաստանում (ոչ, Ադելայի արկածները գաղութում սրա հետ կապ չունեն): Այն, ինչ ունենք, ինչպես կարելի է ֆենտեզի գրել այստեղ՝ չկորցնելով հայկականությունը, բայց նաև չընկնելով բարոյահայրենասիրական ֆետիշիզմի մեջ (c) Ֆրունզ և ես, հեղինակների քննարկեցինք:

Thursday, June 9, 2011

Neverwhere

Այսօր ավարտեցի Նիլ Գեյմանի «Neverwhere»-ը: Չնայած Աննա Կոմորինեցի հույժ սարսափելի թարգմանության, տպավորություններն ավելի, քան լավ են:
Նույնիսկ սերիալի նովելիզացիա լինելով, աշխատանքն արդեն իր մեջ պարունակում է հեղինակի ավելի ուշ ու բարդ գրական աշխատանքների արմատները. «Ամերիկյան աստվածները» կարդացած մարդիկ կհասկանան:
Հետո՝ Ժելյազնու ազդեցությունն է զգացվում))) ու զգացվում է հաճելի կերպով:
Այնպիսի տպավորություն է, որ վերջին քսան տարվա ֆիլմերի կեսից շատն իր կոնցեպցիաների ու հնարքների բավականին մեծ մասը փոխառել է հենց «Neverwhere»-ից:
Ինչի՞ մասին է գիրքը. լրիվ աննշան, թուլակամ մի մարդ, որի կյանքն ասես կանխորոշված է իր փոխարեն, ապրում է Լոնդոնում: Վերին Լոնդոնում, ինչպես պարզում է նա, երբ նրա կյանքը փոխվում է՝ Դուռ տարօրինակ անունով աղջկան հանդիպելուց հետո:

Friday, April 15, 2011

39 աստիճան ջերմություն, չբլոգվել ու D&D

Մի քանի օր է՝ չէի կարողանում բլոգվել: Պատճառը՝ 38-39 աստիճան ջերմություն: Ահամ: Նորից: Չեմ հասցնում առողջանալ:
Լավ նորություն. ես ու Ֆրունզը որոշել ենք D&D խումբ սկսել: Եթե չգիտեք, թե ինչի մասին է խոսքը, հուշեմ. Baldur's Gate, Icewind Dale, Neverwinter Nights, Planescape: Torment խաղերը D&D-ի խաղային համակարգի համակարգչային տարբերակներն են: Եթե վերևում նշված անուններն էլ ձեզ ոչինչ չասեցին, բաց թողեք այս գրառումը:
Իսկ եթե ուզում եք միանալ, կապվեք իմ հետ (թեկուզ գրառմանը կոմմենտելով): Սա էլ մեր խումբը Facebook-ում:
"The beauty lies in the eye of the Beholder.
The question is - which one?"

Wednesday, February 16, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. ընդլայնում
Ժանրը ձնահոսքի պես էր զարգանում՝ հերթական կիլոմետրանոց նշանասյուները կանգնեցնելով, ու Փառքի Սրահն արագ լցվում էր հեղինակների դիմանկարներով:
1961 թվականին լույս տեսան Մայքլ Մուրկոկի «Էլրիկ» ու «Լուսնային Բազե» ասքերը: 1963-ին՝ Անդրե Նորտոնի առաջին «Կախարդական Աշխարհը»: Վերսկսվեց Ֆրից Լեյբերի «Ֆաֆհրն ու Մոխրագույն Մկնորսը»: Վերջապես, 1968 թվականին մեծ աղմուկով թողարկվում են Ուրսուլա Լե Գյուինի «Երկրածովի Կախարդն» ու Պիտեր Ս. Բիգլի «Վերջին Միաեղջյուրը»՝ բացարձակապես պաշտանմունքային մակարդակի գրքեր: Ալիքի պես վրա տվեցին յոթանասունականները՝ հայտնվում են ու վաճառքի բոլոր ռեկորդներն են խփում Սթիվեն Քինգի գրքերը: Իհարկե, նրանց մեջ ավելի շատ սարսափ է, քան ֆենտեզի, բայց դա գրեթե առաջին դեպքն է, երբ «գետտոյից» դուրս եկած գրողը բեսթսելլերների բոլոր հնարավոր ցուցակներից դուրս է մղում «մեյնսթրիմցիներին»: Շուտով նրան հետևեց Սթիվեն Ռ. Դոնալդսոնի «Թոմաս Նվիրյալ Անհավատի Քրոնիկները», Ռ. Ժելյազնու «Ամբերը», Պիրս Էնտոնիի «Քսանթը», Քեթրին Կուրտցի «Դերինին», Տանիթ Լիի «Ծննդյան Գերեզմանը», Մերիոն Զիմմեր Բրեդլիի «Ավալոնի Մշուշները», Դևիդ Էդդինգսի «Բելգարիադը»: Եվ այդպես շարունակ... Կապակցումը չի թուլանում:

Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

Բ. Պողոսյանի թարգմանությամբ

ԳԼՈՒԽ II
Բայց հետո, օրերից մի օր, թագավորի աղջիկն՝ արքայադուստրը, պետք է նշեր իր ծննդյան օրն, ու թագավորը ցանկանում էր այն յուրահատուկ ձևով նշել:
«Ես հրավառությու՛ն եմ ցանկանում»,- ասաց նա:
«Այո, տիրակալ: Լավ գաղափար է»,- ասաց առաջին խորհրդականը:
«Այո, իսկապե՛ս, տիրակա՛լ: Շա՛տ լավ գաղափար է»,- ասաց երկրորդ խորհրդականը:
«Օ, այո՛, մեծն տիրակալ: Շատ, շատ լավ գաղափար է»,- ասաց երրորդ խորհրդականը:
«Հմմ, իսկ որտեղի՞ց գտնենք հրավառություններ, տիրակալ»,- հարցրեց չորրորդ խորհրդականը, որին պալատում երբեք էլ առանձնապես չէին սիրել (բայց քանի որ նրա այրի մորաքույրը թագուհու մտերիմներից էր, թագավորը նրան պահում էր այդ պաշտոնում՝ չնայած անհարմար հարցեր տալու սովորությանը):
«Մարդն, ով հրավառություններ էր պատրաստում, մոտ տաս տարի առաջ մահացել է»,- բացատրեց նա,- «ու ոչ ոքի չի սովորեցրել իր արհեստը: Ահա թե ինչու վերջին տարիներին հրավառություններ չեն եղել»:
«Մենք պարզապես պետք է դրանք ձեռք բերենք»,- ասաց թագավորը,- «քանի որ ես այդպես եմ ցանկանում»:
«Այո»,- ասաց առաջին խորհրդականը:

Tuesday, February 15, 2011

Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

ՌՈՋԵՐ ԺԵԼՅԱԶՆԻ
Այստեղ վիշապներ են ապրում
Բ. Պողոսյանի թարգմանությամբ

ԳԼՈՒԽ I
Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որը թագավորում էր մի շատ փոքր թագավորությունում: Իրոք, նրա թագավորությունն այնքան փոքր էր, որ շատ մարդիկ անգամ չգիտեին, որ այն գոյություն ունի: Թագավորն, ինչևէ, կարծում էր, որ իր թագավորությունը բավականաչափ մեծ է թագավորության համար: Դրա պատճառն այն էր, որ տեղանքը շրջապատված էր դժվարանցանելի լեռներով: Այդ լեռների պատճառով ճանապարհորդները թագավորությունով անցնելուն նախընտրում էին շրջանցել այն: Ու չափազանց քիչ մարդիկ էին երբևէ լքում թագավորությունը, որ վերադառնային ու պատմեին ուրիշ երկրների մասին: Մարդիկ շատ էին վախենում դա անել: Նրանք վախենում էին վիշապներից:
Հաշվի առեք՝ նրանք երբեք վիշապներ չէին տեսել, բայց վախենում էին նրանցից: Պատճառն այն էր, որ, թագավորության բոլոր քարտեզներից դատելով, նրանք շրջապատված էին վիշապներով. այստեղ վիշապներ են, այնտեղ վիշապներ են, ամենուրեք վիշապներ են, ու այդ ամենը՝ պարոն Գիբբերլինգի պատճառով:

Friday, February 11, 2011

The Hunt For Gollum. ոչ կոմմերցիոն ֆիլմ «Մատանիների Տիրակալի» երկրպագուներից՝ «Մատանիների Տիրակալի» երկրպագուների համար

Մոտ 40 րոպե տևող այս ֆիլմի գործողությունները տեղի են ունենում «Մատանիների Տիրակալից» առաջ՝ «Հոբբիթից» մի քանի տարի անց: Այն կարող եք դիտել օնլայն ու անվճար:
Ավելի շատ ֆիլմի մասին կպատմեմ հետո, երբ ժամանակ լինի:
Պայտոնական կայքը՝ http://www.thehuntforgollum.com/

Monday, January 31, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. մեծ պայթյուն
Հովարդի մահվանից մի փոքր անց՝ 1937 թվականին, հայտնիությամբ աչքի չընկնող քառասունհինգամյա պարոն Տոլկիենն Անգլիայում «Հոբբիթ» վերնագրով մանկական գրքույկ է հրատարակում:Տոլկիենական Միջերկրի գաղափարը ծնվել է մեր հարյուրամյակի քսանական թվականներին, բայց միայն 1954 թվականին է, որ «Allen & Unwin» հրատարակությունը թողարկում է «Մատանիների Տիրակալը»: Ստեղծագործությունը, աշխարհը ցնցած այդ եռագրությունը ստեղծելու համար հեղինակին պահանջվեց տասներկու տարի: Ք. Ս. Լյուիսն իր «Նարնիայով» նրանից առաջ ընկավ. վերջինս լույս տեսավ 1950 թվականին: Բայց աշխարհը ծնկի իջեցրեց հենց Տոլկիենը: Ինչևէ, քանի որ, ինչպես հայտնի է, չկա մարգարե սեփական հայրենիքում, փառքը գտավ նրան միայն 1965-1966 թվականներին՝ այն բանից հետո, ինչ այդ գրքերը փափուկ կազմով թողարկվեցին ԱՄՆ-ում: Եռագրության հրատարակումն ըստ ժամանակի համընկնում է «Կոնանների» Սպրեգ Դե Կեմպի կողմից շռայլորեն լրացված ամբողջ շարքի վերահրատարակության հետ: Ուշադրություն դարձրեք. երկու հեղինակ ու երկու ստեղծագործություն՝ այնքան տարբեր, որքան տարբեր են նրանց հեղինակները: Երիտասարդ նևրոտիկ ու հասուն, հարգարժան պրոֆեսսոր: Կիմմերիացի Կոնանն ու Հոբբիտանիացի Ֆրոդոն: Երկու այդքան տարբեր երկրներ: Ու ընդհանուր հաջողություն: Ու ստեղծված ժանր: Սկսած կուլտ ու խելագարություն: Երբ ետ նայեցին, իհարկե, տեսան Լյուիս Քերոլի «Ալիսան...», նույնիսկ 1900 թվականին Ֆրենկ Բաումի գրած «Օզ Երկրի Կախարդին»: Բայց եթե այդ մակարդակի լայնացնենք չափանիշներն, ապա ու՞ր է «Պիտեր Պենի» ու «Վիննի Թուխի» տեղը: Չէ՞ որ դա էլ է ֆանտազիա, ֆենտեզի: Դրա համար էլ թափով ծեփեցին տերմին՝ հասուն ֆանտաստիկա, ֆանտաստիկա մեծահասակների համար: Ով գիտի՝ որ փակեն Վիննի Թուխի ճանապարհը ֆանտաստիկ բեսթսելլերների ցուցակ:

Sunday, January 30, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզիի հետ կապված հետաքրքրության վերակենդանանալուն զուգահեռ որոշեցի ես էլ վերանայել ու ավարտել այդ ժանրի հետ կապված հոդվածներս, մշակումներս ու թարգմանություններս:
Քանի որ Դավիթն (Rounin) ու Նոր Հայաստանի մի շարք անդամներ ներկայումս աշխատում են հայկական մոտիվներով ֆենտեզիի վրա, իմ պարտքն եմ համարում քննադատության առողջ նշույլ մտցնել գործի մեջ ու ծանոթացնել նրանց Վարենիկ/Վարենիկիադա տերմինների հետ:
Անդժեյ Սապկովսկուն, կարծում եմ, ներկայացնելու կարիք այնքան էլ չկա: Հեղինակը «երրորդ աշխարհի երկրից» դուրս եկած ամենահայտնի ոչ անգլալեզու ֆենտեզի հեղինակներից է: Լեհաստանում սեփական երկրի ֆենտեզիի առաջացումը տեսած ու անմիջականորեն դրան մասնակցած մարդու կարծիքը, կարծում եմ, իմաստ ունի լսել: Այն կարող է օգնել զուգահեռներ տանել ու խուսափել ավելորդություններից ու սխալներից, որոնք նման դեպքերում հատուկ են սկսնակներին: Ինչևէ, կտրականապես հրաժարվում եմ սույն օպուսը տեղադրել միայն հայերեն թարգմությամբ՝ հենց թեկուզ «սլավոնիզմն» ու «վարենիկիզմը» պահպանելու համար: Նյութը տեղադրվում է հետևյալ աղբյուրից: Գնացինք: